Երկուշաբթի, 09. 06. 2025

ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում. Մասիս Մայիլյան

0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 20-ին «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտգործնախարարության տեղեկատվական եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է մարտահրավերները, որոնց բախվում է Հարավային Կովկասը, նշելով, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի հիմնական աղբյուրներն են միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ժխտողական վերաբերմունքը և Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների և Արցախի Հանրապետության գոյության իսկ իրավունքի անտեսումը։ Առճակատման տրամաբանություն պարտադրելով՝ ադրբեջանական իշխանությունները ցուցադրում են, որ իրենց նպատակը ոչ թե երկխոսության միջոցով խաղաղության հասնելն է, այլ միակողմանի ռազմաքաղաքական առավելություն ստանալը։

Արցախի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա և կդառնա կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում։ Մասիս Մայիլյանը նշել է, որ այդ համագործակցությունը առճակատումն ու մեկուսացումը որպես հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու անթույլատրելիության ազդանշան կդառնա, քանի որ դրանք հղի են ողջ տարածաշրջանի ապակայունացմամբ։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումը չպետք է պատանդ դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությանը, իսկ Արցախի չճանաչված կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի և ԵՄ միջև համագործակցության համար։

Կլոր սեղանին մասնակցել և ելույթով հանդես է  եկել նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը։

 

 

Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում

0

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ Հայաստանում սակագների կարգավորումն իրականացնում է անկախ մարմինը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և սակագների փոփոխության մասին հարցերի սպառիչ պատասխան կարող է տալ միայն հանձնաժողովը, սակայն հավելեց, որ ինքն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում: «Եթե կառավարությունը փորձի միջամտել էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը, մենք կխաթարենք երկրում տնտեսական քաղաքականության հիմքերը: Դա է պատճառը, որ մենք ստեղծել ենք անկախ մարմին: Սակագների կարգավորումն անկախ մարմնի բացառիկ իրավասությունն է, որովհետև միայն անկախ արբիտրը կարող է համակշռել երեք իրարամերժ տեսակետներ` դրամավարկային քաղաքականության, հարկաբյուջետային քաղաքականության և սպառողի տեսակետները: Այսինքն՝ այդ հարցի վերջնական և սպառիչ պատասխանը կարող է տալ միայն հանձնաժողովը: Բայց ես ձեզ իմ տեսակետը կասեմ: Ես առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար նախապայմաններ չեմ տեսնում»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Մանուկյանը:

Աշոտ Մանուկյանն անդրադարձավ նաև էլեկտրական էներգիայի սակագնի նվազման հնարավորություններին: «Մենք էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառքը ցանցերին իրականացնում ենք մեր արտադրողների կողմից: Մեզ մոտ ամենաթանկ էլեկտրաէներգիան տալիս է «Հրազդան» ՋԷԿ-ը, ամենաէժանը` Հայաստանի ատոմակայանը: Մենք անցած տարի սկսել ենք ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որը ենթադրում է 2018 թ. ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կանգառ` 6 ամիս ժամկետով և 2019 թ.` 6 ամիս 15 օր ժամկետով: Իսկ սա նշանակում է, որ 2018 և 2019 թվականներին մենք սակագների վրա հսկայական ճնշում կունենանք: Ատոմակայանը, որը սովորաբար տարվա ընթացքում կանգնում է 40-45 օր, առաջիկա երկու տարիներին կանգնելու է վեց ամիս ժամկետով: Սա այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որպեսզի մենք կարողանանք փոխել կարևոր հանգույցները, արդիականացնել բլոկը և իրականացնել հետագա շահագործումը»,- պարզաբանեց նախարարը:

Նա շեշտեց, որ առաջիկա երկու տարիներին, ունենալով այդ ճնշումը էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ուղղակի հնարավորություն չկա խոսել սակագնի նվազման մասին:

Աշոտ Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին

0

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդգծում է, որ Հայաստանն արևային էներգիայի գրեթե անսպառ պաշարներ ունի, սակայն ոլորտին ամբողջովին զարկ տալն այս պահին շահավետության առումով  նպատակահարմար չէ: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և սպառողների համար արևային էներգիան հասանելի դարձնելու ժամկետներին, Աշոտ Մանուկյանը ներկայացրեց պատճառը, թե ինչու Հայաստանն ամբողջովին զարկ չի տալիս արևային էներգետիկային:

«Այսօրվա գործող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս արևային էներգիա օգտագործել արևային ժամերին: Այսինքն, արևը դուրս եկավ, մենք ունենք էներգիա, արևը մայր մտավ, մենք էներգիա չունենք: Հիմա պատկերացրեք, որ մենք կառուցել ենք 300 մեգավատ հզորությամբ արևային կայան, իսկ դա դժվար չէ և շատ թանկ չի նստում: Հիմա արևային ժամերին մենք ունենք 300 մեգավատ հզորություն, արևը մայր մտավ, սկսվեց գիշերը, ինչո՞վ ենք մենք փոխարինելու այդ էներգիան: Որպեսզի գիշերային ժամերին ունենանք էներգիա, միակ հնարավոր այլընտրանքները գազային կայաններն են: Այսինքն` գազային կայանները` տվյալ պարագայում «Հրազդան» ՋԷԿ-ը, մենք պարտավոր ենք պահել տաք պահուստներում, ինչը նշանակում է այրել գազը և չստանալ էլեկտրաէներգիա: Ցերեկային  ժամերին մենք այրում ենք գազ, չենք ստանում էլեկտրաէներգիա, որպեսզի գիշերային ժամերին արևային կայանը փոխարինենք գազային կայանով: Այս դեպքում ստացվում է, որ արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի գինը հասնում է ոսկու գնին կամ մի փոքր ավելի թանկ: Սա է պատճառը, որ մենք այսօր արևային էներգետիկային զարկ չենք տալիս»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Թե ինչո՞ւ են այլ երկրներ գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը` դեռ ոչ, նախարարն ընդգծեց, որ դրա պատասխանը ևս շատ պարզ է: «Մեր էներգետիկ համակարգը սահմանափակ է, մեր սպառումը կազմում է տարեկան 6.6 միլիարդ կիլովատ/ժամ: Մեր էներգետիկ համակարգն այսօրվա տեխնոլոգիական պայմաններում կարող  է կլանել 70 մեգավատ արևային էլեկտրաէներգիա ` ոչ ավելի: Իսկ դրան, գիտեք, մենք արդեն զարկ տվել ենք` 55 մեգավատ հզորությամբ «Մարսկի -1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթը հայտարարվել է, 10 մեգավատ հզորության կայանի կառուցման  համար լիցենզիան տվել ենք, ևս 5 մեգավատ հզորության կայանի տեղ ունենք, կարող ենք տալ»,- ասաց Մանուկյանը:

Նա հավելեց, որ Ավստրալիայում մի ընկերություն կառուցում է 100 մեգավատ հզորությամբ արևային կայան` կուտակիչ մարտկոցներով: Նրա խոսքով` մեր հիմնական խնդիրը հենց այդ կուտակիչ մարտկոցների բացակայությունն է: «Մենք կարողանում ենք ստանալ արևային էներգիան, սակայն չենք կարողանում այն կուտակել: Այսօր դրա լուծումը, կարծես, տրված է: Ավստրալիայում այդ արևային կայանի շահագործումը նախատեսված է 2017թ. վերջին կամ 2018թ. սկզբին: Եթե այն ունենա հաջողություն, ինչում ես կասկած չունեմ, մենք արդեն կտեսնենք, թե դրա կուտակումն ինչ արժեք կունենա: Ակնհայտ է, որ այս մարտկոցները կլինեն և առաջիկայում կտեղադրվեն, վստահ եմ, որ առաջիկա տարիներին դրանց գինը այնքան կընկնի, որ մեզ համար մատչելի և հասանելի կդառնա, և այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք օգտագործել արևային էներգիան Հայաստանում, իսկ արևային էներգիան Հայաստանում գործնականում անսահմանափակ է: Մենք սկզբունքորեն ունենք գրեթե անսահմանափակ արևային էներգիայի պաշարներ»,- ընդգծեց Աշոտ Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ Հայաստանում արևային էներգիան հասանելի կլինի սպառողների համար, նախարարը մանրամասնեց, որ առաջիկա 4 տարիների ընթացքում կյանքի կկոչվի 70 մեգավատ արևային էներգիա կլանելու ծրագիրը, իսկ կուտակիչ մարտկոցները, նախարարի կարծիքով, գնի առումով Հայաստանի համար հասանելի կլինեն առաջիկա տասնամյակում:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով

0

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 6,5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 12,8 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 041 մլրդ 566.1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 9,9 տոկոսով` կազմելով 582 մլրդ 511 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0,6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.5 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 790 մլրդ 882.8 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 185 միլիարդ 151.2 միլիոն դրամ, 11.9 տոկոսով ավելացել է 2016 թ հունվար-սեպտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,4 տոկոսով (189 հազար 928 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 135 դրամ, մնալով նույնը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 950  դրամ` 2016-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 3,1 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 21,7 տոկոսով (4 մլրդ 367.5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 19.1 տոկոսով (1 միլիարդ 546.7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 23.2 տոկոսով (2 մլրդ 820.8 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբերին եղել է 482.59:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 

Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները

0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկայացնելով ընկերության գործունեությունը և արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև էլեկտրական շարժիչով ավտոբուս` ընկերության գնումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնել է դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։ Նա նախարարին հանգամանորեն ներկայացրել է ընկերության կողմից արտադրվող էլեկտրական շարժիչով ավտոբուսի հնարավորությունները՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է, մեկ լիցքավորումը տևում է մոտ 4 ժամ, ունի մինչև 300 կմ ճանապարհ անցնելու հնարավորություն, հովացման և տաքացման համակարգեր, բարեհաջող շահագործվում է և՛ տաք, և՛ սառը կլիմայական պայմաններում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրական ավտոբուսը Հայաստանի պայմաններում շահագործելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման ավտոբուսի կիրառությունը Հայաստանի բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում:

Եկեղեցու բարեփոխման խնդիրը երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով. Տեր Վահրամը հակադարձել է Հրանտ Բագրատյանին

0

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն արձագանքել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխման պատկերացումների մասին գրառմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Տեր Վահրամ քահանա Մելիքյանի մեկնաբանությունը.

«Ծանոթանալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հերթական «աղմկահարույց» առաջարկներին ու մտորումներին՝ այս անգամ Հայոց Եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ և այս կապակցությամբ արդեն հնչող «փորձագիտական» (օրինակ` Դանիել Իոնիսյանի և այլոց) գնահատականներին` հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից, մասնավորապես Հայ Եկեղեցուն առնչվող պարզագույն հարցերից և, հավանաբար, ի զորու չեն տեսնելու շատ և շատ իրենց արծարծած խնդիրների հստակ պատասխանները: Շաբաթներ առաջ պրն. Բագրատյանին տեսա մեր եկեղեցիներից մեկում, խաչեղբայր էր պսակադրության ժամանակ. սա ենթադրել է տալիս, որ Հայոց Եկեղեցու զավակ է, ծանոթ է թե Հայ Եկեղեցու, թե հայ ժողովրդի պատմությանը, իբրև տնտեսագետ ևս հայտնի է, հետևաբար որոշակիորեն ծանոթ է նաև հայրենի օրենսդրությանը: Մնացյալի մասին ավելորդ է խոսել, այդ ամենի մեջ ինչն է իր համար համոզիչ թվում և բավարարող, ինչը չէ, կամ թե ինչպիսինն են իր պատկերացումները՝ հանդեպ իր Եկեղեցին իր պարտականությունների վերաբերյալ:

Ես ինքս էլ անցյալի վերաբերյալ, և ոչ շատ հեռավոր, շատ հարցեր ունեմ, որոնք այդպես էլ դեռ մնում են անպատասխան: Սակայն ինքնանպատակ չեմ նկատեմ դրանք պարզապես բարձրաձայնելը` որևէ մեկին ինչ-ինչ փաստեր հիշեցնելու, հատկապես, այս կամ այն կերպ արտահայտվելու, ինչպես նաև ակնհայտ հակասական մտքեր հնչեցնելու իրական դրդապատճառները բացահայտելու համար:

Եկեղեցու բարեփոխման խնդիրը միշտ էլ արծարծվել է տարբեր ժամանակներում և առաջին հերթին՝ հենց եկեղեցականների կողմից, այսօր էլ շատ հարցեր Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ քննարկման առարկա են Եկեղեցու տարբեր հարթակներում: Սակայն դա երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով, ինչպես դա ջանում է ցույց տալ պրն. Հրանտ Բագրատյանը: Իր և այլոց կողմից մատնանշված շատ հարցեր վաղուց ունեն իրենց պատասխանները, այլ հարց է` թե կա՞ արդյոք կամք դա բավարար համարելու համար, թե` ոչ: Որոշ հարցերի շուրջ առանձին կետերով շարադրելը, հնարավոր է, իրենից խլել է սոսկ մի քանի րոպե, ինչը զուտ կանխակալ մտադրության արդյունք է, մինչդեռ՝ իրականության մեջ համալիր քննարկումներ են եղել տասնամյակներ շարունակ, նկատի է առնվել Ընդհանրական Եկեղեցու, Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների` մեր ընտանիքի կեցվածքը դրանց շուրջ, իսկ գործադրությունն էլ արվել է փուլային եղանակով և այլն: Հասկանալի պատճառով հարկ չեմ նկատում մանրամասների մեջ մտնել:

Հայ Եկեղեցին, բնականաբար, երբևէ չի ձգտել իր քայլերով որևէ մեկի հաճոյանալ և հետայսու էլ դա չի անելու: Կա առաքելություն, դրա իրականացման հստակ գիտակցում և ճանապարհ, թե ինչպես գործել` առաջնորդված, նախ, սեփական օրենքներով, կանոններով ու կանոնադրություններով, ապա տարբեր երկրների օրենսդրության և տիրող կրոնական միջավայրի թելադրություններով, որոնց պայմաններում իր ծառայությունն է հայությանը բերում Հայոց Եկեղեցին: Ամեն պարագայի Եկեղեցին գործել է օրենքի պահանջները հարգելով ու պահպանելով՝ առանցքում ունենալով հայապահպանության և հոգևոր փրկության գերխնդիրը:

Անտեղյակությունը նշված կետերի շուրջ և կատարված դիտարկումները (որքան էլ որ դա թույլ է տալիս տվյալ անձի ամբարած գիտական փորձառությունը), ինչ խոսք, դեռ չի նշանակում, որ դրանք բացարձակ ճշմարտություն են և հնարավոր է կուրորեն դրանց հետևել և հրճվանքով արտաբերել՝ իբրև նշան խիզախության և համարձակության: Դրանք սոսկ անձնական տեսակետներ են՝ թելադրված վերը նշված հանգամանքներով: Առաջիկա օրերին ես կանդրադառնամ ներկայացրած կետերին, վստահ եմ կհնչեն միանգամայն այլ կարծիքներ:

Եվ քանի որ արձագանք են գտնում դեկլարատիվ արտահայտություններ՝ հարկերի վճարման ու ՀԴՄ կտրոնների տրամադրման և ունեցվածքի ու եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, նշեմ, որ Հայ Եկեղեցին Հայաստանում`

1) ամենախոշոր հարկատուներից է, մատուցում է ամենամեծ շրջանառությամբ սոցիալական ծառայություն, ինչպես նաև ցուցաբերում է տարաբնույթ օժանդակություն ժողովրդին: Եկամտահարկ անխտիր գանձնվում է եկեղեցական կառույցներում ծառայող աշխատավարձ ստացող բոլոր եկեղեցականներից և աշխարհականներից: Ինքս էլ, յուրաքանչյուրիդ նման, հարկատու եմ:

2) ՀԴՄ կտրոն չի կարող տրամադրվել նվիրատվությունների դիմաց, քանի որ ծիսական արարողությունները սակագին չեն ենթադրում, ինչը պրն. Բագրատյանը պիտի որ լավ իմանա, իսկ մնացյալ դեպքերը, երբ Եկեղեցին ազատվում է իր հարկերից բարեգործական ձեռնարկների կամ ծիսական պարագաների, հոգևոր գրականության վաճառքի համար և այլն, կարգավորվում են առանձին օրենքներով: Իսկ գույքահարկ պահանջել բոլոր այն պատմական կառույցների (օրինակ` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, վեհարան) և այլ շինությունների (օրինակ` հայորդյաց տներ, բարեգործական ճաշարաններ, սոց. խնամքի կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, երիտասարդական միություններ, գրադարաններ, թանգարաններ և այլն) համար, որոնք այսօր, ինչպես դարեր առաջ շարունակում են Հայոց Եկեղեցու կողմից ծառայեցվել մեր ժողովրդին, պարզապես անհեթեթություն է և հստակ պատճառներ կան այդպես կարծելու համար:

3) Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է այդ օրենքի գործողության ոլորտը, իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով տրված է «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացության իմաստը: Ուստի որևէ կերպ չկարողացա այդ ցանկերի մեջ գտնել Եկեղեցին՝ իբրև հաստատություն կամ բարձրաստիճան հոգևորականներին:
Իսկ ի պատասխան առաջարկի` թերևս փոխարենը ծանոթանաք այն փաստին, որ Եկեղեցին ինքն իր դարավոր կանոններն ու կարգավորումներն ունի այդ ամենի` օրինակ կուսակրոն եկեղեցականների գույքի, ունեցվածքի և այլնի վերաբերյալ:

Մի փոքր, բայց էական հարցադրում ևս. տարբեր ժամանակներում ակնհայտ ապօրինությունների ճանապարհով բարբարոսաբար ոչնչացվել կամ պետական սեփականությանն են անցել եկեղեցապատկան պատմության հուշարձաններ, ձեռագիր մատյաններ և այլ արժեքներ: Հայ Եկեղեցին առ այսօր չի բարձրացրել դույզն ինչ փոխհատուցում տալու կամ այդ գույքը վերադարձնելու խնդիրը, ուստի պրն. Բագրատյանին չի՞ թվում, որ ոչ էական առանձին արտոնությունները բացարձակապես չեն կարող համեմատության մեջ լինել այն արժեքի հետ, որ օրինական պահանջի դեպքում հանրային իշխանությունը հարկադրված կլիներ փոխհատուցել: Այս է իրականությունը»: 

Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը

0

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքը հոկտեմբերի 20-ին անցկացրել են Հայաստանի,Կիպրոսի և Հունաստանի միջև սփյուռքի հարցերի համակարգման ուղղությամբ առաջին եռակողմ հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև Երևանում՝ 2017թ. հունիսի 19-ին ստորագրված Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման Հուշագրի հիման վրա:

Հանդիպումը հաստատել է պաշտոնական երկխոսություն և նշանավորել հայ, կիպրացի և հույն ժողովուրդների միջև պատմական բարեկամական հարաբերությունները և, համատեղ ծրագրերի միջոցով, միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, նրանց միջև մշակութային, կրոնական և տնտեսական ամուր կապերը որպես երեք երկրների՝ իրենց սփյուռքյան համայնքներին սատարելու պատրաստակամության և նրանց միջև փոխըմբռնման ու սերտ համագործակցության արտահայտություն: Երեք երկրները համաձայնվել են նպաստել ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների,լրատվական խմբերի և գիտական կենտրոների միջև համատեղ տեղեկատվական փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը, որոնք նպատակ ունեն նպաստելու նրանց ընդհանուր արժեքներին և սփյուռքի հետ կապված հարցերին:

 Երեք կողմերը համաձայնվել են նաև արտերկրում իրենց կազմակերպված սփյուռքների միջև համագործակցության առավել սերտացմանը խրախուսելու մասին՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Որոշվելէ հաջորդ տարվա գարնանը Ֆրանսիայում հրավիրել երեք սփյուռքների երիտասարդների եռակողմ հանդիպում, որպեսզի այս կարևորագույն փոխգործակցությունը վերածվի կոնկրետ գործողությունների և իր նպաստը բերի սփյուռքի հարցերի վերաբերյալ լավագույն փորձի և գիտելիքի փոխանակմանը:

Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը

0

Աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը: Ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել ու վերլուծել է 2017 թվականին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները:

«Մենք ուրախությամբ ենք Ucom-ին շնորհում Հայաստանում ամենաարագ շարժական կապի մրցանակը: Սույնով վկայում ենք Ucom-ի բացառիկ կատարողականության ճանաչումը 2017 թվականի երկրորդ ու երրորդ եռամսյակների կտրվածքով, ինչի հիմքում ընկած է հայաստանյան սպառողների կողմից իրականացված արագության չափումների տվյալների ճշգրիտ վերլուծությունը, որն Ookla-ն է արել», – նշել է Ookla ընկերության գործադիր փոխնախագահ Ջեյմի Սթիվենը:

Speedtest-ի կայքում տեղակայված տեղեկատվության հիման վրա տեսանելի է աշխարհի 121 երկրների տեղակայումն ըստ շարժական ինտերնետի արագության։ 2016-ի տվյալները համադրելով 2017թ․ տվյալների հետ՝ տեսնում ենք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքն ավելի, քան 50 հորիզոնականով, ինչն, անշուշտ, Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունք է։

«Հայտնի է, որ Ucom-ի ֆիքսված ցանցը շարունակաբար պահպանում է առաջատար դիրքը՝ մեր բաժանորդների համար հասանելի դարձնելով ամենաարագ ֆիքսված ինտերնետի ծառայությունները: Իսկ Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունքում այսօր արդեն առավել գնահատելի է, երբ միջազգային անկախ ընկերության կողմից արդարացիորեն արժանանում ենք Հայաստանում ամենաարագ օպերատորի կոչմանը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:   

Հատկանշական է, որ ըստ պաշտոնական արդյունքի՝ հաղթող ճանաչված Ucom-ի շարժական ինտերնետի արագության ցուցանիշը երկու անգամ  գերազանցում է 2017 թ. համար մրցակիցների ցուցանիշները։    

Ookla Speedtest-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար շարժական ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:   

Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ

0

 ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը կրթաթոշակներ հանձնեց Երեւանի պետական համալսարանի այն ուսանողներին, ովքեր բուհում ունեն բարձր առաջադիմություն եւ մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին:

«Արմենպրես»ի հետ զրույցում Ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր  Մարկարովը տեղեկացրեց, որ կրթաթոշակների համար ընտրվել են երեք ուսանող: Նրանք են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Էրիկ Ծերունյանը, Ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Սոս Մովսիսյանը եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Կորյուն Սիմոնյանը: Նրանց հանձնվել է 150-հազարական դրամ:

«Ինստիտուտը փորձում է իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են ուսանողությանն ավելի ակտիվորեն օժանդակություն ցուցաբերելուն: Մենք փորձեցինք մի փոքր օժանդակել այն ուսանողներին,  ովքեր ունեն բարձր առաջադիմություն եւ մասնակցել են նախորդ տարվա ռազմական գործողություններին:Դիմեցինք բուհի ղեկավարությանը, որպեսզի մեզ տրամադրեին ցուցակները, եւ ընտրեցինք»,-նշեց Ալեքսանդր Մարկարովը:

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը

0

Նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունների զարգացման նպատակով դեսպան Մադսենն ի սպաս կդնի մասնագիտական կարողություններն ու հարուստ փորձը և մեծ դերակատարում կունենա երկկողմ կապերի աշխուժացման գործում:
Զրուցակիցները երկուստեք նշել են, որ Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում դեռևս չի կարելի վստահորեն պնդել, որ ամբողջությամբ օգտագործվել է երկու երկրների միջև հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ չնայած վերջին շրջանում միջպետական հարաբերություններում արձանագրված որոշակի աշխուժությանը:
Դեսպան Մադսենը, նշելով, որ հայ-դանիական հարաբերությունները շատ ավելի վաղ են ձևավորվել, ընդգծել է, որ պատմականորեն ձևավորված այդ հարաբերությունները երկուստեք պարտավորեցնում են ավելի մեծ ուշադրությամբ և հոգատարությամբ վերաբերվել երկկողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում ջանք ու եռանդ չի խնայի Հայաստանի և Դանիայի միջև կապերի սերտացման և խորացման գործում իր ներդրումն ունենալու համար:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Դեսպան Ռուբեն Մադսենը նշել է, որ ԵՄ-ում Դանիան հանդես է գալիս Միության հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին:
Հանրապետության Նախագահը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևորել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը: 
Նախագահ Սարգսյանը և դեսպան Մադսենը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: