Կիրակի, 08. 06. 2025

Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի

0

«Պաշտպանության մասին» նոր օրենքով զինկոմիսարիատների կառավարումը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբից կփոխանցվի պաշտպանության նախարարությանը խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ` ըստ անհրաժեշտության բացազատելով զինկոմիսարիատների կետեր առանձին համայնքներում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս պահին պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում,դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում, զինվորական հաստիքների պահպանում այն պաշտոններում, որտեղ այդպիսի գիտելիքներն անհրաժեշտ են զինկոմիսարիատի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարզաբանեց նախարարը` պատասխանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին:

Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն:

Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը

0

Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին Երևանում ու հայտնեցին ոլորտում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին: «Քաղաքական հարցերով չունենալով որևէ տարաձայնություն և ունենալով բազմաթիվ ոլորտներում համագործակցություն, ավելի քան համոզված եմ, որ մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը ստացվելու է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ պետք է լինել առավել թափանցիկ ու երկու կողմերի գործարարներին:

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի խոսքով` Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները խորն են ու ռազմավարական, ինչպես նաև առկա է երկուստեք կամք` զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: «Մենք խիստ հետևողական ենք երկու երկրների միջոցով տարանցիկ գործունեության ապահովմամբ, այդ իսկ նպատակով լուրջ աշխատանքներ ենք իրականացնում մաքսային հատվածում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-ասաց Թաղահի Նեժաթը:

Կողմերը քննարկեցին նաև 1998 թվականից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի արդիականացման հարցը: Այս համաձայնագիրը հնարավորություն է տրվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց ազատվել  կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը: «Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը` վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության ու վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ»,-նկատեց Վարդան Հարությունյանը:

Իրանական կողմից առաջարկ հնչեց ստեղծել աշխատանքային խումբ երկու երկրների հարկային ոլորտում հարաբերությունները զարգացնելու նպատակով: «Այն կնպաստի ոչ միայն փորձի փոխանակման ակտիվացմանը, այլև գործարարների միջև կապերի ամրապնդմանը, երկու երկրների ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,-հավելեց իրանցի պաշտոնյան:

Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը կկարգավորվի օրենքով

0

«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագծով կարգավորվում են զինված ուժերի գործողություններին կամավորականների մասնակցության հետ կապված հարցերը: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Զինված ուժերում մասնակցության կամավորությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիների մեր բանակաշինությունը, նաև ապրիլյան գործողությունների փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և պետք է լիարժեք իրավական կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ: Մենք այս նախագծում նման տեղ թողել ենք` նախատեսելով, որ կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել այն քաղաքացիները, ովքեր ենթակա չեն պարտադիր հաշվառման պահեստազորում»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ` նշեց Սարգսյանը:

Նրա գնահատմամբ` կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտականության կատարմանը: «Եթե քաղաքացին զինապարտ է որպես պահեստազորում հաշվառված անձ, նա պետք է առաջնորդվի ոչ թե կամավորականության սկզբունքով, այլ իր զինկոմիսարիատի կողմից իրեն տրված առաջադրանքով ներկայանա նշված վայր նշված օրը: Սակայն մենք ունենք տարիքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները: Մեր դիրքորոշումը մեկն է`  որ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ: Այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է, բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ, տալ իրավական կարգավորում, որպեսզի քաղաքացին լիարժեք օգտվի զինված ուժերի մասնակցի կարգավիճակից և դրանից բխող բոլոր հետևանքներից»,- պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով

0

Հանրապետության տարածքում  hոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` ներկայացնելով առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը: Նախարարության փոխանցմամբ, միայն հոկտեմբերի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ 27-ին նույնքան կնվազի:

Երևանում հոկտեմբերի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում հոկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +22-+24  աստիճանի սահմաններում:

ՀՀ-ում կոնսոլիդացվում են պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքները. ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը

0

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: Հիմնական  զեկուցողՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ արդեն առիթ ունեցել է օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ընթացքում` հիշեցնելով, որ այն քննարկվել է նաև ազգային անվտանգության խորհրդի նիստում, այնուհետև` կառավարությունում: «Այս օրենքի նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում: Առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունների, իշխանությունների ճյուղերի փոխհարաբերությունների արտացոլումն է օրենսդրական դաշտում այնպես, որ դրանց կիրառումը հնարավոր դառնա մինչև 2018 թ. ապրիլի սկիզբը: Երկրորդը ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացումն է, որովհետև տարիների ընթացքում ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց հակասող, կրկնող: Այս պարագայում դաշտը վերանայելու անհրաժեշտություն կար: Երրորդը նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ ՀՀ նախագահի 2016 թ. փետրվարի 10-ի հրամանագրով և կառավարության 2016 թ. մարտի 10-ի որոշումով սահմանվել էր որոշակի ժամանակացույց, ըստ որի Սահմանադրությունից բխող փոփոխությունները պետք է տեղայնացվեին օրենսդրական ակտերում և ներկայացվեին կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը: «Պաշտպանության նախարարության մասով կային 9 օրենսդրական ակտ, որոնք վերանայման կարիք ունեին: Որպես ժամկետ սահմանված էր ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, սակայն, հաշվի առնելով այս ոլորտների կարևորությունը և ոլորտում անորոշության անթույլատրելիությունը, պաշտպանության նախարարության պաշտոնը ստանձնելուց հետո սահմանել եմ նոր ժամանակացույց, և պլանավորել էինք, որ արդեն այս տարվա աշնանը նախագծերը պետք է ուղարկվեն Ազգային ժողով: Կան նախագծեր, որոնք դեռևս Ազգային ժողովում չեն քննարկվել, սակայն գտնվում են խորհրդարանում, և այդ առումով մենք ժամանակացույցից առաջ ենք ընկել»,- մանրամասնեց նախարարը:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը իր մեջ ներառում է գործող 4 օրենքների կարգավորումներ, որոնք են «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» օրենքը, «Պաշտպանության մասին» օրենքը, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքը և «Զինապարտության մասին» օրենքի առաջին գլխի դրույթները: «Այս առումով կարող ենք ասել, որ սա բավականին լուրջ կոնսոլիդացնող օրենքի նախագիծ է պաշտպանական ոլորտի քաղաքականությունը համադրելու տեսանկյունից:

Օրենքի նախագիծը ենթադրում է կառավարման համակարգի համապատասխանեցումը Սահմանադրության պահանջներին, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի գործառույթների հստակեցում, հիմնական հասկացությունների հստակեցում և համապատասխանեցում միմյանց և գործող օրենսդրության այլ նորմերին, քաղաքացիների զինապարտության և զինվորական հաշվառման գործընթացը կարգավորող նորմեր, որոնք առաջին անգամ սահմանվում են «Պաշտպանության մասին» օրենքում, ինչը զգալիորեն բարձրացնում է գործընթացի պատշաճ կարգավորման և բոլոր դերակատարների պատասխանատվության մակարդակը: «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձեւից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և  պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները»,- ընդգծեց Սարգսյանը:

Դվինի հնավայրն ավելի ներկայանալի դարձնելու քայլեր են իրականացվում

0

Դվինի հնավայրի համար ծրագիր կազմելու, ֆինանսավորում ստանալու և գիտական մասնագետների միջոցով այն ներկայանալի դարձնելու համար կառավարության ուշադրությունը կհրավիրեն խնդրին: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ Արարատի մարզպետի հետ պայմանավորվել են խնդիրը ներկայացնել առաջիկա մեկ ամսում:

«Կարծում եմ, Դվինի հնավայրի համար պետք է համապետական ծրագիր ստեղծենք: Հատկապես, երբ համայնքների համար գերակայություն ենք հռչակել զբոսաշրջությունը: Մարզերի ռազմավարության հիմնական ուղղություններից գլխավորը, գյուղատնտեսության հետ, նաև տուրիզմն է: Ունենալ այսպիսի պատմական վայր և այն չշահագործել այնպես, որ եկամուտ բերի երկրին և շրջակա բնակչությանը, ցավալի է: Մենք Արարատի մարզպետի հետ պայմանավորվեցինք, որ խնդիրը առաջիկա մեկ ամսում կփոխանցենք կառավարության քննարկման դաշտ»,-ասաց Լոքյանն ու հավելեց՝ կարծում եմ, կառավարության առաջնային ծրագրերից մեկն էլ կարող է սա դառնալ:

Նախարարը նկատեց Դվինի հնավայրը անհրաժեշտ կերպով ներկայանալի դարձնելու խնդիրը: «Հունաստանում կամ Իտալիայում այսպիսի վայրերում միլիոնավոր մարդիկ են այցելում: Մենք առանձնապես բան չունենք անելու, անհրաժեշտ է պարզապես այն ներկայացնել»,-ասաց նախարարն ու հավելեց՝ պետք են համապատասխան ծրագիր, ֆինանսավորում և գիտական մասնագետների աշխատանք:

Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի խոսքով՝ իրենք ևս աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: «Մեկ ամիս առաջ առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հնավայրի տարածքում ցուցանակներ տեղադրելու համար: Այցելուների մեծ հոսք է լինում հնաբերդ, սակայն ոչ մի տեղեկություն չկա գրված, ցուցանակները կօգնեն ծանոթանալ մանրամասներին»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում հատկապես երեկոյան ժամերին, երբ վերադառնում են Խոր Վիրապից:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանի կարծիքով, հնաբերդն առանձնահատուկ է այն առումով, որ մարզում զարկ է տալիս զբոսաշրջությանը: «Այս տարի ասֆալտապատել ենք դեպի հնաբերդ բերող ճանապարհը, որպեսզի հյուրերը հեշտությամբ գան և տեսնեն պատմամշակութային այս կենտրոնը: Կփորձենք հաջորդ տարի ևս ասֆալտապատման աշխատանքներ կատարել»,-եզրափակեց մարզպետը:

«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Շիրակի մարզի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում

0

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ հանրապետության բոլոր մարզերի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում: Այժմ ծրագիրն ընթանում է Շիրակի մարզում: Արթիկում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում շարունակվում են խորացված հետազոտությունները, լազերային միջամտությունները, վիրահատությունները, մարզի դպրոցներում՝ ակնային զննումները եւ աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանիսյանը, ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եւ «Ucom» Հիմնադրամի տնօրեն Նարինե Սուվարյանը:

«Այս տարի մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում շաքարախտային դիաբետով հիվանդներին: Յուրաքանչյուր մարզ այցելելիս մենք հորդորում ենք, որ նրանք անպայման ակնային հետազոտություն անցնեն, քանի որ նրանց մոտ դիաբետիկ ռետինոպաթիայի վտանգը մեծ է: Հայաստան ենք բերել հատուկ սարքավորումներ, որոնցով ակնային զննում են անցնելու շաքարային դիաբետով բոլոր հիվանդները: Առաջին սարքավորումները Գյումրիում են», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանիսյանը:

«Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ 2017թ. ընթացքում արդեն «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում 4.600-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, շուրջ 2200-ը՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, կատարվել է շուրջ 750 վիրահատություն եւ 280 լազերային միջամտություն: Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվում է, եւ այդպիսով աչքի լույս ենք պարգեւում սոցիալապես անապահով մեր հայրենակիցներին», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր մարզերում այս ծրագիրն իրականացնելու ընթացքում մշտապես ոգեշնչվել ենք հազարավոր մարդկանց շնորհակալական խոսքերից: Ucom-ը որպես ծրագրի աջակից խիստ կարևորում է այն, որ սոցիալապես խոցելի անձինք հնարավորություն ունեն անվճար օգտվելու ակնաբուժական ժամանակակից ծառայություններից և արդյունքում՝ վերականգնելու իրենց աչքի լույսը», – ասաց «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Գյումրի այցելությամբ ավարտվեց նաեւ Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շաբաթյակը: Այդ ընթացքում Հայկական ակնաբուժության նախագիծը կազմակերպեց հանրային իրազեկման միջոցառում, որի ժամանակ այցելուներին տրամադրվեցին առավել մեծ տարածում ունեցող ակնային հիվանդությունների մասին տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև բաժանվեցին այդ հիվանդությունների նախանշանները նմանակող հատուկ ակնոցներ՝ որոնք կրելով քաղաքացիները մի փոքր տարածք պետք է անցեին քայլելով։ Իրազեկման միջոցառման մասնակիցները պատասխանեցին տեսողության հետ կապված հարցերի և հնարավորություն ունեցան համտեսելու տեսողության համար օգտակար մթերքներով պատրաստված ուտեստներ։ Հանրապետության մի շարք դպրոցներում ակնային զննումներ եւ տեսողության բաց դասեր անցկացվեցին՝ երեխաներին ծանոթացնելու աչքի խնամքի կանոններին: Դպրոցներում բաժանվեց «Ucom» Հիմնադրամի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի հեղինակած «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական գիրքը, որը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ եւ այսուհետ կտարածվի հանրապետության բազմաթիվ դպրոցներում:

Մարտունի քաղաքում բացվեց եւ վերաօծվեց նորանորոգ Սուրբ Աստվածածին եկեղեցին

0

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բացվեց եւ վերաօծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը Մարտունու քաղաքապետարանի կողմից կատարված ներդրումների եւ 100-ից ավել մարտունեցի բարերարների շնորհիվ արդեն ստացել է իր նորանորոգ եւ երբեմնի ճարտարապետական տեսքը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանօրենի տեսուչ, գերաշնորհ Տեր-Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի եւ հանդիսապետությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի:

Վերաօծման արարողությանը նախորդել էր դռնբացեքի արարողությունը`ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանի, որի ընթացքում ջրով եւ գինով լվացվեց եկեղեցին, եւ օծվելիք սպասքն ու պարագաները:

Հիմնանորոգված եկեղեցու բացմանը եւ վերաօծմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, Հյուսիսարեւելյան զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, բարերարներ, հավատացյալ մարտունեցիներ:

«Այսօր մաքրագործման, վերանորոգման օր է մարտունեցիների համար: Քաղաքն ունեցավ վերակառուցված եկեղեցի, որի անհրաժեշտությունն ամենքս զգում էինք: Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր նվիրյալ մարտունեցուն այս օրվա համար»,-ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։ Ըստ քաղաքապետի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումն ու հիմնանորոգումը իրականացվել է դպրոցականների, ուխտավորների հանգանակությունների, Մարտունու քաղաքապետարանի կողմից կատարված ներդրումների, 100-ից ավելի բարերարների, անհատ քաղաքացիների ջանքերով: Ըստ նախագծի`եկեղեցին վերստին ստացել է իր երբեմնի ճարտարապետական տեսքը:

Այն քաղաքի միակ եկեղեցին է, որը տեւական ժամանակ, սկսած 1930-ական թվականներից, անմխիթար վիճակում է եղել, որը, սակայն նորանորոգ տեսքով այսօր վերադարձվեց հավատացյալ ժողովրդին: Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրվում են 11-13-րդ դարերով: 1886 թվականին եկեղեցին վերակառուցել են հայ ընտանիքները, որոնք Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից Սեւանի ավազան են գաղթել ու Մարտունիում հաստատվել 1830 թվականից: Վերակառուցումը թվագրվում է 1886 թվականով:

Խորհրդային Միության տարիներին եկեղեցին վերածվել է կոլտնտեսության մթերային պահեստի, հոգեւոր հովիվ Տեր-Աշոտն աքսորվել է, իսկ եկեղեցին որպես պահեստ օգտագործվել է մինչեւ 1970-ական թվականները, ապա լքվել եւ վերածվել է ավերակների: 1980-ական թվականներից Մարտունի քաղաքի բնակիչ, բարերար Ավետիք Մոմճյանը սեփական ուժերով մասնակի վերանորոգել է եկեղեցին, տեղադրել երկաթբետոնե սյուներ, ամրաններ, պանելային ծածկ, երկաթյա գմբեթ, կատարել օժանդակ կառուցապատումներ:

Թեեւ նորոգումից հետո եկեղեցին կորցրել է նախկին պատմաճարտարապետական տեսքը, բայց դրականն այն է եղել, որ այն կանգուն է մնացել`ընդունելով իր հավատավորներին եկեղեցական տոների ընթացքում։ Ինչպես հավաստեցին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, նախորդ տարվա ընթացքում բազիլիկ եկեղեցու պատերի հողային մասերը մաքրվել, ամբողջությամբ փոխվել են, փոխվել են նաև դռները, պատուհանները, կատարվել են խորանի, հատակի, հարթեցման, նստարանների տեղադրման եւ այլ կարգի աշխատանքներ: Մի շարք բարերարների միջոցներով կառուցվել է զանգակատունը:

Այս տարվա ընթացքում իրականացվել են եկեղեցու ներքին եւ արտաքին հարդարման, պատերի հարթեցման, գմբեթի վերանորոգման, բեմի սեղանի, երիցատան կառուցման, բակի հարթեցման եւ սալիկապատման աշխատանքները: Խորանի վերեւի նկարազարդման եւ բեմի սրբապատկերները հեղինակել է որմնանկարիչ Աբրահամ Ազարյանը:

Վթարի հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը Դիլիջան քաղաքում

0

Սողանքի հետևանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, վթարավերականգնման աշխատանքների ծավալի ճշգրտումից հետո գազամատակարարման վերականգնման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Հայաստանը ցույց տալ աշխարհին իր ողջ կոլորիտով. Զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացնում է անելիքները

0

Զբոսաշրջության պետական կոմիտեն մի շարք ծրագրեր և ռազմավարություններ է մշակել և մշակում, որոնք կնպաստեն զբոսաշրջության վիճակագրության բարելավմանը։ 
«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական ներդրումների և զարգացման   նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ 
«Մեր առջև լուրջ խնդիր ենք դրել, որպեսզի բարելավենք զբոսաշրջային վիճակագրությունը։ Այսօր մենք ունենք դետալիզացված վիճակագրություն և շարունկում ենք աշխատել այդ ուղղությամբ և, կարծում եմ, մինչև տարեվերջ կամ հունվար ամսվա սկիզբը կունենանք ավելի դետալիզացված վիճակագրություն»,- նշեց Զարմինե Զեյթունցյանը։ 


Նրա խոսքով՝ զբոսաշրջային ապրանքի մասին շատ են խոսում, մինչդեռ բազմաթիվ հուշարձաններ այսօր ընդամենը հուշարձաններ են։ Կոմիտեի նպատակներից է՝ ստեղծել ինտեգրացված զբոսաշրջային ապրանք։ 
«Մենք ունենք 25 000 հուշարձան և 960-ից ավելի համայնք։ Այժմ մշակում ենք մեծ քաղաքների (Գյումրի, Վանաձոր և այլն), ինչպես նաև ամենահայտնի զբոսաշրջային վայրերի (Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Արենի) զբոսաշրջության հայեցակարգերը»,- ընդգծեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։ 
Նա տեղեկացրեց, որ մշակվել և Կառավարությանն է ներկայացվել «Հայաստանը՝ առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը, և հիմա կարող են արդեն մշակել նաև երթուղիներ։ Զեյթունցյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև մասնավորի հետ աշխատելը։ 


Մշակվում է նաև «Ռուսական հետք» ծրագիրը, որն արվում է Տուրիզմի ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանի հետ, քանի որ դա եղել է նրա գաղափարներից։ 
«Շատ շուտով մենք այդ ծրագիրը կներկայացնենք ռուսական շուկային։ Ծրագրում ընդգրկելու ենք ամբողջ Հայաստանի ճարտարապետական այն հուշարձանները, այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել պատմական իրադարձություններ, որոնք կապված են ռուսների հետ, այն եկեղեցիները, պահպանվող այն նյութերը, ինչպիսիք են Գյումրու Սև բերդի արխիվային ձեռագրերի հետաքրքիր հավաքածուն։ Գյումրու Ալեքսանդրի այգում առաջին ծառը տնկել է Ռուսաստանի կայսրը կայսրուհու համար։ Այդ ծառն, իհարկե, այսօր չկա, բայց պարզ է, որ զբոսաշրջությունը հիմնվում է այդպիսի պատմությունների վրա։ Ծրագրում կա նաև Պասկևիչի կամուրջը, ինչպես նաև այն կետը, որտեղ Պուշկինը հանդիպել է այն սայլին, որը բերել է Գրիբոյեդովի դին»,- ներկայացրեց Զարմինե Զեյթունցյանը։ 
Հունվար ամսին Գյումրիում անցկացվելու է շատ հետաքրքիր միջոցառում, որտեղ բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ են գալու և հատուկ հագուստներով լոգանք են ընդունելու սառը ջրի մեջ։ 
ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության և BISEC-ի հետ համատեղ քննարկվել է Հայաստանի ներգրավվածությունը «Մետաքսի ճանապարհ»-ի շրջանակում։ Քննարկման ժամանակ Հայաստանը իր վրա է վերցրել «Գինու զբոսաշրջություն մետաքսի ճանապարհին» զբոսաշրջային արդյունքի ռազմավարությունը և մարքեթինգային քաղաքականությունը մշակելու նախաձեռնությունը։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենք Հայաստանն աշխարհին ցանկանում են ներկայացնել որպես գինու հայրենիք։ 
«Զբոսաշրջային արդյունքի զարգացման առումով շատ կարևոր ենք համարում փառատոնները։ Դրանք աշխարհում լայնորեն հայտնի են որպես զբոսաշրջության լավագույն ձևեր։ Փորձում ենք մեր փառատոնների մակարդակը տարեցտարի ավելի բարձրացնել, որպեսզի ոչ միայն Հայաստանում գտնվող զբոսաշրջիկը ցանկանա ներկա լինել այդ փառատոնին, այլև հատուկ դրա համար գա մեր երկիր։ Նմանատիպ հաջողություն գրանցվել է «Արենու գինու փառատոն»-ի ժամանակ»,- տեղեկացրեց Զեյթունցյանը։ 
Նա նշեց, որ սկսել են ռեգիոնալ զբոսաշրջային ապրանքի ձևավորման համար աշխատանքներ իրականացնել։ Վրաստանի զբոսաշրջության գործակալության հետ մշակել են մի ծրագիր, որի շրջանակում զբոսաշրջային օպերատորների մի խումբ է եկել Հայաստան։ Շուտով Հայաստանից այդպիսի մի խումբ կգնա նրանց երկիր՝ ծանոթանալու Վրաստանի տեսարժան վայրերին և փորձելու ստեղծել սիներգիա՝ այնպիսի ապրանք, որը հիմնված է երկրների տարբերությունների վրա, և դրանք միավորելով ստացվում է մի արդյունք, որի շնորհիվ զբոսաշրջիկը ունենում է անմոռանալի տպավորություններ։ 
«Մենք հստակ աշխատում ենք մի քանի շուկաների՝ Ռուսաստանի, Իրանի, Պարսից ծոցի երկրների, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի այն երկրների հետ, հատկապես որոնց հետ մենք ունենք ուղիղ չվերթներ։ Այստեղ ընդգրկված է նաև մեր ներքին շուկան, ինչպես նաև Գերմանիան, քանի որ այն ամենամեծ զբոսաշրջային շուկան է Եվրոպայում»,- շեշտեց Զարմինե Զեյթունցյանը։ 
Հայաստանի մասին ֆիլմ է նկարահանվել և այժմ նկարվում են դրա տարբեր տարբերակները։ Լինելու է փոքրիկ՝ 45 վայրկյան տևողությամբ ֆիլմաշար, հատուկ զբոսաշրջային ուղղությունների մասին՝ կրոնական թեմայով, էկոզբոսաշրջության, գինու մասին և այլն։ 


«2018 թվականին նախատեսում ենք որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնել տուրապրանքի  համար՝ ստեղծել հատուկ տիպի մարքեթինգային հուշանվերների ցանց, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա ամբողջական տպավորություն ստանա։ Տուրապրանքի մեջ ցանկանում ենք, բացի տեսարժան վայրերից, ընդգրկել նաև հարևան գյուղը, այնտեղի մշակույթը, նիստն ու կացը»,- տեղեկացրեց Կոմիտեի նախագահը։ 
Ստեղծվել է Հայաստանի զբոսաշրջային կայքը՝ armenia.travel, որն այսօր արդեն աշխատանքային փուլից մտել է օգտագործման փուլ։ Նրա խոսքով՝ կայքը կդառնա Հայաստանի հիմնական գործիքը, որի շնորհիվ հնարավոր կլինի հասանելի լինել այն զբոսաշրջիկին, ով դեռ մտածում է որևէ տեղ հանգստանալու մասին։ 
Շուտով կստեղծվեն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ Սուրգուտ և Եկատերինբուրգ քաղաքներում մեր հովանավորների շնորհիվ։ Հայաստանի հիմնական շուկաներում՝ Ռուսաստանում և Իրանում իրականացվում է շատ թիրախավորված մարքեթինգային քաղաքականություն։ 
Զարմինե Զեյթունցյանն առաջիկայում մեկնելու է Գերմանիա՝ Բեռլին և Շտուտգարտ, որտեղ ունենալու է շնորհանդես, հրավիրվել են 200 տուրօպերատոր, Հայաստանից նույնպես կլինեն։ Շնորհանդեսի ժամանակ տեղի կունենա B2B (բիզնեսը բիզնեսի համար) ձևաչափով հանդիպում։ Նոյեմբերի վերջին նա մեկնելու է Հնդկաստան, և անտեղ երեք քաղաքներում նմանատիպ շնորհանդեսներ են իրականացվելու։ 
«Նախատեսվում է ավելի ագրեսիվացնել թվային մարքեթինգի քաղաքականությունը բոլոր այն շուկաներում, որոնց մենք ցանկանում ենք հասնել։ Հաջորդ տարի ցանկանում ենք մեր աչքի առաջ ունենալ Չինական, Հնդկական և Ճապոնական շուկաները, որոնք մեզ համար շատ հետաքրքիր են։ Ես ունեմ մի սկզբունք՝ չմտնել քաոսային շուկա, և մինչ այժմ այդ շուկաներ մտնելը շատ շուտ էր։ Պետք է ուսումնասիրել տվյալ շուկան, հասկանալ այն, հետո մտնել, ինչպես Ռուսաստանի և Իրանի դեպքում է»,- տեղեկացրեց Զարմինե Զեյթունցյանը և, եզրափակելով խոսքը, ասաց, որ նպատակ կա Հայաստանը ցույց տալ աշխարհին իր ողջ կոլորիտով։

Լիլիթ Դեմուրյան