Կիրակի, 08. 06. 2025

Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

0

Հայաստանի  վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի25-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին,  որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  (ԵԱՏՀ)  կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգում ընդգրկված են  ներքին շուկաների գործունեությանը, առևտրին,  ագրոարդյունաբերությանը,  էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը,  ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների  վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը(ճանապարհային քարտեզը)։

Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։ Օրակարգային թեմաներից  է  նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն նաև ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020 թվականներին նախատեսվում է անցկացնել  ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։

Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում  նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։ 

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի

0

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայկական բանակում սպորտային վաշտի առկայությունը մեծ խնդիր է համարում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին` ընդգծեց, որ այդ վաշտում այն քաղաքացիներն են, ովքեր զորակոչվում են զինվորական ծառայության, պետությունը ծախսում է միջոցներ այդ վաշտը պահելու համար, իսկ այդ ծախսերն արդարացված չեն:

«Խոսքը մոտավորապես 100 մարդու մասին է, նրանց սպասարկող սպայական, ենթասպայական հաստիքների քանակը ևս 100 է, ինչը պահանջում է հսկայական ծավալի ծախս և» աշխատավարձի, և» կերակրման, և» կեցության և» հանդերձավորման: Բայց այդ մարդիկ իրենց սպորտային առաջընթացի համար պարբերաբար մարզումների մեջ են` ֆեդերացիաների տրամադրության տակ: Իրենք զորամասում գրեթե չեն լինում ու դա հսկայական ծախս է` բացառապես չարդարացված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ իրենք  հարցը քննարկել ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որոնք հիմնական շահառուներն են այդ սպորտային վաշտ հասկացության և եկել են եզրակացության: «Կառավարության կողմից սահմանված սանդղակով Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, պատանեկան առաջնություններում առաջինից չորրորդ տեղ գրաված անձինք ստանում են տարկետում` 3 կամ 4 տարի ժամկետով: Այդ ընթացքում արդյունքը կրկնելու դեպքում նորից են ստանում տարկետում, չկրկնելու դեպքում` զորակոչվում ժամկետային զինվորական ծառայության: Կարծում եմ, որ արդար լուծում է: Հույս ունեմ, որ սա կստիպի մեր մարզիկներին ավելի բարձր ցատկել և ավելի արագ վազել»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

 

 

ԿԳ նախարարը կողմ է փոփոխություններին ակադեմիական տարկետման տրամադրման կարգում

0

 Յուրաքանչյուր տարի  3000-4000 ուսանող է զորակոչվում: ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է կատարեն իրենց պարտականությունը հայրենիքի առջեւ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն, անդրադառնալով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությանը, որպես օրինակ նշեց Իսրայելին, որտեղ այս փոփոխությունները  բավական բարձր արդյունքներ են ցույց տվել կրթական բնագավառում: «Որպես այլընտրանք գոյություն ունի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երեխաներին ավարտել ուսումը, ստանալ սպայի աստիճան եւ ապա զորակոչվել: Իբրեւ սպա եւ մասնագետ նրանք շատ ավելի օգտակար կլինեն մեր զինված ուժերին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այն ուսանողներն, ովքեր սովորում են առաջին, երկրորդ կուրսերում, հնարավորություն ունեն երկու տարի վեց ամսով անցնել «Պատիվ ունեմ»-ի ձեւաչափով եւ սպայական աստիճան ստանալ: «Մեզ համար դեռեւս խնդիր է երրորդ եւ չորրորդ կուրսերում սովորող ուսանողների հարցը»,-հավելեց Լեւոն Մկրտչյանը:

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով ակադեմիական տարկետման տրամադրման կարգում փոփոխություններ են նախատեսվում: Նախագիծը քննարկվում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բարձր գնահատականի է արժանացել Իսրայելում

0

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից, որտեղ մասնակցել է խմբերգային արվեստի Աբու-Գոշ փառատոնին։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշքաղաքներում: Փառատոնի մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և  գլխավոր  դիրիժորխմբավար Տիգրան Հեքեքյանը:

«Փառատոնի կազմակերպիչները շատ խստապահանջ են մասնակիցներ ընտրելու հարցում: Առաջին անգամ փառատոնի ողջ պատմության ընթացքում նրանք մանկական երգչախմբի էին հրավիրել: Մեր կենդանի կատարումը լսելով` հիացած էին»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց  Հեքեքյանը:

Նրա խոսքով` իրենք այս շրջագայությունը անվանել են «Ուխտագնացություն», քանի որ ելույթներ են ունեցել կարևորագույն վայրերում: «Մեզ տրվեց հնարավորություն պատարագ երգել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում և Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում»,-շեշտեց խմբավարը:

Ավետյաց երկրում համերգային շրջագայություն ունենալու հրավերը Տիգրան Հեքեքյանը ստացել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության, Իսրայելի Երգչախմբային Ֆեդերացիայի Աբու-Գոշ միջազգային փառատոնի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի բարեկամ, իսրայելական հայտնի «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթից։

Սույն թվականի հոկտեմբերի 5-15-ը տևած շրջագայության ընթացքում «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ հնչած դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները բուռն ծափողջյունների են արժանացել: Յուրաքանչյուր ելույթ եզրափակվել  է Մայա Շավիթի ոգեշունչ խոսքերով հայ ժողովրդի, Ցեղասպանության մասին նրա հիշողության, շուրջ 100 տարի մղվող պայքարի մասին: Նա հույս է հայտնել, որ իսրայելական կառավարությունը պաշտոնապես կընդունի հայոց ցեղասպանության փաստը:

30 տարուց ավել Աբու-Գոշ փառատոնն  անց է կացվում իսրայելական գեղատեսիլ վայրում գտնվող Աբու-Գոշ գյուղի եկեղեցում։ Երաժշտական յուրօրինակ մի տոնախմբություն, որը վայելելու համար շատ երաժշտասերներ կտրում են հարյուրավոր կիլոմետրեր։ Մասնակից երգչախմբերը, վոկալ անսամբլներն ու մենակատարները կազմակերպիչների կողմից ընտրվում են գերագույն բծախնդրությամբ։ Հրավեր է ուղարկվում միայն աշխարհում իսկապես հեղինակություն վայելող և բարձր գեղարվեստական որակ ունեցող արտիստներին։

Համերգին ներկա են եղել նաև  Երուսաղեմի երաժշտական կրթության գլխավոր տեսուչ Բեզալել Կուպերվասսերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի խմբավարական ֆակուլտետի ղեկավար պրոֆեսոր Սթենլի Սփերբերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի վոկալ ֆակուլտետի ղեկավար Անատ Էֆրատին:

Ազատ օրերին երգչախմբի 13 անդամները մկրտվել են Երուսաղեմի  հայկական եկեղեցում:

ԱԺ-ում քննարկվում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման իրավական հիմքերն ապահովող նախագիծը

0

 Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ինչպես «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի դեպքում, այս նախագծի ընդունումն էլ հետապնդում է երեք հիմնական նպատակ` սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական հիմքի ապահովում, ոլորը կարգավորող օրենքների կոնսոլիդացում և նոր քաղաքականությունների ներդրում, այդ թվում` «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի իրականացումն ապահովելու իրավական դաշտի ստեղծում:

«Այս օրենքի նախագիծը իր մեջ ներառում է պաշտպանության ոլորտի քաղաքականության այսօր գործող երեք օրենքներ` «Զինապարտության մասին» օրենքը, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովման մասին» օրենքը և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքը: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու, սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստականության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամարտահայտման դրսևորումը, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Անդրադառնալով օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությանը` Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ Գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով սահմանվում են զինվորական ծառայության տեսակները` պայմանագրային, պարտադիր և պահեստազորային, սակայն հիմնական կարգավորում տրվում է պայմանագրային զինծառայություն անցնելու հարաբերություններին, իսկ զորակոչի միջոցով իրականացվող պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորում ծառայության հետ կապված հարաբերությունները գրեթե կարգավորված չեն: Գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանվող հարաբերություններն ընդգրկում են զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, որոնք առանձին օրենքի տեսքով կարգավորման անհրաժեշտությունն արդեն իսկ արդիական չէ: Արդյունքում, ժամանակի հրամայական է դարձել վերը նշված օրենքներով կարգավորվող հարաբերությունները սահմանել նորովի և մեկ միասնական օրենքի տեսքով:

Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին

0

 Best of British Education կրթական ցուցահանդեսը Հայաստանում հնարավորություն կընձեռի ծանոթանալու բրիտանական որակյալ կրթություն ստանալու հնարավորություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին կազմակերպիչները:

«Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շատ ուրախ է Բրիտանական խորհրդի հետ համատեղ կազմակերպելու ցուցահանդես, որի շրջանակում կներկայացվեն Մեծ Բրիտանիայում  և Հայաստանում բրիտանական որակյալ կրթություն ստանալու և զարգացնելու հնարավորությունները: Այն հիանալի հնարավորություն է ինչպես Հայաստանի դպրոցականների և երիտասարդների, այնպես էլ տարբեր ոլորտների մասնագետների համար»,-ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ու առանձնացրեց ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելիք երկու ՝  Chevening կրթաթոշակի և John Smith Fellowship ծրագրերը:

 Chevening կրթաթոշակի ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանցի ուսանողներին իրենց մագիստրոսական կրթությունն անվճար ստանալ բրիտանական լավագույն համալսարաններում: Կրթաթոշակի շրջանակներում ֆինանսավորվելու է ուսանողների ինչպես կրթության ողջ վճարը, այնպես էլ կեցության և ուղևորության ծախսերը: Իսկ John Smith Fellowship ծրագրով նախատեսված կրթաթոշակն ուղղվում  է սկսնակներին: Այն հնարավորություն է ընձեռում 4 շաբաթ ուսուցում անցնել բրիտանական պետական և մասնավոր կառույցներում: Հայտագրումների փուլն արդեն բաց է:

«Հայաստանում գտնվելու երկու տարիներին նկատել եմ, որ այստեղ բարձր են գնահատում կրթությունը: Եվ բրիտանական բուհերը ևս շահագրգռված են հայկական բուհերի հետ համագործակցությունն ամրապնդելու հարցում: Նաև ուրախ եմ, որ հետաքրքրված է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ օգտագործելու բրիտանական փորձը՝ դպրոցներում անգլերենի ուսուցումը բարելավելու համար»,-ընդգծեց դեսպանը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է մի շարք միջոցառումների շրջանակում, որով տոնում ենք Բրիտանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:  «Պատահական չէ, որ կազմակերպել ենք մի շարք մշակութային և կրթական ծրագրեր: Մենք համոզված են, որ կրթության և մշակույթի միջոցով կարող ենք վստահություն սերմանել երկու երկրներին միջև և խրախուսել համագործակցությունը: Best of British Education-ն այդ ծրագրերից հերթականն է»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են շատ ծրագրեր՝ բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը, անգլերենի իմացության IELS, APTIS թեստերը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Քեմբրիջի միջազգային դպրոցը, Հայաստանում բրիտանական միջազգային դպրոցը և այլն:

Ներկայացված են լինելու տարբեր կազմակերպություններ, որոնք Հայաստանում ներկայացնում են կրթական տարբեր ծրագրեր, թեստեր, որակավորումներ: Կառաջարկվեն տարբեր ռեսուրսներ, որոնք երեխաները կարող են օգտագործել անգլերենը բարելավելու համար: Կլինեն նաև կազմակերպություններ, որոնք կներկայացնեն վերապատրաստման ծրագրեր անգլերենի ուսուցիչների համար:

Բրիտանական կրթական ծրագրերի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

 

 

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը

0

 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ ՊԲ-ն տարածել էր մեկ այլ հայտարարություն, որում ասվում էր. «Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ»:

Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով ևս մեկ անգամ շնորհավորել է Միաբանության 300-ամյակի առթիվ՝ ընդգծելով այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն: Նախագահի խոսքով՝ երեք դար առաջ հայ մտքի հոգևոր հսկա Մխիթար Սեբաստացու հիմնած հաստատությունը Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում, որի վկայություններից են Միաբանության վանական համալիրում պահվող՝ հայ մշակութային ժառանգության մաս կազմող բազմաթիվ ձեռագրերն ու մատյանները, որոնք նաև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ են: 

Սերժ Սարգսյանը նշել է, որ Իտալիա և Ավստրիա իր այցելությունների ընթացքում աշխատում է բաց չթողնել առիթը և մեծագույն հաճույքով այցելում է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հաստատություններ:

Նախագահն անհրաժեշտություն է համարել, որպեսզի Միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ ցանկացած դժվարություն, առաջացող խնդիրներ հնարավոր է լուծել միայն Հայաստան-սփյուռք սերտ համագործակցությամբ, որի պատրաստակամությունը երկուստեք կա: 

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը:
Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ և քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով, որ հայրենիքի ամուր թիկունքը մշտապես զգալը շատ կարևոր է: Նա ջերմությամբ է հիշել Նախագահի այցելությունները Միաբանության հաստատություններ և հույս հայտնել, որ նման առիթներ առաջիկայում ևս կլինեն: «Միասնաբար, ձեռք ձեռքի տված միաբանությունն իր անդամների և նաև բարեկամների հետ Ձեր՝ մեծարգո՛ Նախագահ և Վեհափառ Տիրոջ բարձր հովանու ներքո պետք է ջանա 300-ամյակի հոբելյանական տարին պատշաճ անցկացնել»,- նշել է Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր:

Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է

0

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող տաղավարին, այնուհետև շրջվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր՝ 1996 թ. ծնված Տ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել՝ Եղեգնաձորի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների`զոհվածը զինծառայող էր: