Կիրակի, 08. 06. 2025

Առափիում շահագործման հանձնվեց ջրահեռացման համակարգ

0

 Շիրակի մարզի Առափի համայնքում հոկտեմբերի 22-ին շահագործման հանձնվեց, Ճապոնիայի կառավարության շուրջ 45 մլն դրամի աջակցությամբ կառուցված ջրահեռացման համակարգը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Առափիում սողանքային հատվածների ուսումնասիրության և հորատման աշխատանքները մեկնարկել էին 2013 թվականին` հաշվի առնելով սողանքային հատվածի տեղաշարժման վտանգը: Համայնքի 11 ընտանիքի տրամադրվել են բնակարանների գնման վկայագրեր, վերջիններիս բնակարանները սողանքի հետևանքով դարձել էին 4-րդ աստիճանի վթարային և բնակության համար ոչ պիտանի: 2016 թվականին համայնքի ավագանին որոշեց դիմել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը՝ ներկայացնելով ուսումնասիրությունների և հորատման աշխատանքների ամբողջական փաթեթը:

2017 թվականի մարտին Ճապոնիայի կառավարությունը հաստատեց ջրահեռացման համակարգի կառուցման ծրագիրը: Անցած յոթ ամիսներին «Գուգո Շինարար» ՍՊԸ-ն համայնքում ջրահեռացման երեք համակարգ է կառուցել: Բնակիչներն իրենց շնորհակալական խոսքում նշում էին, որ զգալի փոփոխություն է նկատվել ջրահեռացման համակարգերի կառուցումից հետո, տներում խոնավությունը նվազել է:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և հույս հատնեց, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-ճապոնական բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, իսկ այս տարի էլ նշվեց Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

«Պողիկտոս» օպերան վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ

0

 Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան երկարատև դադարից հետո նոյեմբերի 9-ին վերականգնված տարբերակով կներկայացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս մասին «Արմենպրես»ը զրուցեց ներկայացման վերականգնող ռեժիսոր Ժաննա Թամիզյանի հետ:

«Փորձել ենք հավատարիմ մնալ օպերային ներկայացման նախկին բեմադրությանը, որն արել էր լուսահոգի Տիգրան Լևոնյանը, և փոփոխություններ չենք մտցրել: Ներգրավվել են նոր երգիչներ, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց ելույթներին: Նրանք են Առնոլդ Քոչարյանը, Սարգիս Աղամանյանը,  Անահիտ Մխիթարյանը, Հասմիկ Հացագործյանը, Միքայել Հովակիմյանը և այլոք: Պողիկտոսին կմարմնավորի Օպերային թատրոնի մեներգիչ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը»,-նշեց Թամիզյանը:

Նրա խոսքով`«Պողիկտոս» օպերան ժամանակին մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում:

Ներկայացման դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորը` Տիգրան Լևոնյանը, պարերի բեմադրությունն իրականացրել է Վիլեն Գալստյանը։

Իտալերեն լիբրետոյի հեղինակը Սալվատորե Կամարանոն է, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության։

«Պողիկտոսը» բեմադրվել է 1838 թվականին Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնում, սակայն արգելվել է մինչև առաջնախաղը։

Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսվելու պատմությունը։ Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել հետապնդումների և հենց աներոջ կողմից էլ տանջամահ արվել։

Տիգրան Լևոնյանի ջանքերով «Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնում 1993 թվականի ամռանը: Պարտիտուրը Վատիկանի գրադարանից Հայաստան էբերվել 1970-ականներին՝  Ամենայն հայոց Վազգեն Առաջին կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցություններիարդյունքում։

Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ. բացահայտվել են նոր դեպքեր

0

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը 14.08.2017թ.-ին հաղորդում է տվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նույն հիմնարկի պատասխանատու հերթապահ Աշոտ Մալոյանը և օպերատիվ բաժնի պետ Արման Սարգսյանը ապտակել են իրեն, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին և մարմնի այլ մասերին` պահանջելով խոստովանել չբացահայտված որևէ հանցագործություն կամ հայտնել որևէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում «Արթիկ» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են դատապարտյալի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի` պետական հատուկ ծառայություն իրականացնող վերը նշված պաշտոնատար անձինք առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում չեն կատարել, և դատապարտյալը նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահ Ա. Մալոյանի և օպերատիվ բաժնի պետ Ա. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Իսկ դատապարտյալ Ս. Մխիթարյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ գողության դեպքերի վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Հուսիկ Առաքելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հաղորդում է տվել, որ ինքը գողությունների հետ որևէ կապ չունի, և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Նարեկ Ավագյանն է իրեն համոզել խոստովանել գողությունները, իսկ վերջինիս կողմից լրացված փաստաթղթերն ինքն առանց կարդալու ստորագրել է: Հ. Առաքելյանը հայտնել է նաև,  որ քրեական գործի քննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սահակ Մինասյանը ևս իրեն համոզել է ընդունել իր կողմից չկատարված հանցանքը` խոստանալով, որ դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Հ. Առաքելյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել օպերլիազորի և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Ն. Ավագյանի և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ս. Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:

Սուտ մատնություն կատարելու համար Հ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Սուտ մատնության վերը նշված դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վարդան Հարությունյանն ընդունել է Իրանի ազգային հարկային ծառայության պատվիրակությանը

0

 Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի գլխավորությամբ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ-իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները: Թաղահի Նեժաթի դիտարկմամբ, երկու երկրների միջև խորը և ռազմավարական հարաբերություններ են հաստատված. «Հարկային և մաքսային ոլորտներում երկուստեք գրանցված լուրջ հաջողությունները փորձի փոխանակման լայն հարթակ են ստեղծում: Վստահ եմ, որ հարկային և մաքսային օրենսդրության դյուրացման շնորհիվ կկարողանանք զարգացնել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները»: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն որդեգրել է տեղացի և օտարերկրյա գործարարներին աջակցելու թափանցիկ գործելաոճ. «Հարկային գերատեսչությունների համագործակցության սերտացումը կխթանի հայ և իրանցի գործարարների տնտեսական կապերի ակտիվացումը»: Կողմերը համաձայնվել են ձևավորել աշխատանքային խումբ՝ հարկային ոլորտի խնդիրները և կնքված համաձայնագրերի կիրարկումը խոչընդոտող հանգամանքները պարզելու և կարգավորելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը դիտարկվել է նաև 1998թ.-ից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը: Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի և Իրանի հարկային մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակում է կատարվում: «Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը՝ վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության և վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ»,-նկատել է Վարդան Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակում գերատեսչությունները կավելացնեն հարկային ոլորտում տեղեկատվության փոխանակման ծավալը՝ հետագայում անցնելով միջազգային չափանիշներին համապատասխան ավտոմատ փոխանակման:

ՊԵԿ նախագահի դիտարկմամբ, երկու պետությունների հարկային վարչարարության մեջ զգալի տեղ է հատկացվում նաև կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրմանը. «Միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ, Հայաստանի հարկային մարմնի կառավարման էլեկտրոնային համակարգը շատ առումներով առաջատար է։ Այն ապահովում է երկրի տնտեսությունում թղթային փաստաթղթաշրջանառության կրճատումը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը՝ ընթացիկ տեսչական հսկողությունից էլեկտրոնային հսկողության անցնելու և ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու շնորհիվ»: Իրանի պատվիրակությունը շրջել է նաև ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի փաստացի գործունեությանը, ինչը տպավորել է Թաղահի Նեժաթին:

Հայաստանի և Իրանի պաշտոնակիցները հանդիպումը դիտարկել են որպես հարկային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման հերթական քայլ: Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ Թաղահի Նեժաթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Հանդիպման ավարտին Իրանի և Հայաստանի հարկային ծառայությունների ղեկավարներն արձանագրություն են ստորագրել: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամեն տարի երկկողմանի հանդիպումներ անցկացնել՝ երկրների հարկային վարչակազմերի միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

Իրանահայ պաշտոնյան երկկողմ մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնելու կարիք է տեսնում

0

 Իրանի ազգային հարկային ծառայության նախագահի խորհրդական Ռոբերտ Բեգլարյանը Հայաստան-Իրան տնտեսական խոչընդոտները պայմանավորում է վարչարարական բարդություններով ու գործարարների մշակութային ընկալումների տարբերություններով:

«Արմենպրես»ի հետ զրույցում նա միևնույն ժամանակ նկատեց, որ «ենթահողը պատրաստ է տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար»: «Մինչ այժմ երկու երկրների հարաբերություններն ավելի շատ հիմնվել են պետական մասշտաբի տնտեսական հարցերի վրա, ինչպես օրինակ, գազի, ենթակառուցվածքների, բայց ձեռներեցներն այսուհետև կարող են տեղեկանալ մանրամասներին Իրանում աշխատող առևտրային կցորդից, ինչու չէ նաև Իրան-Հայաստան առևտրի պալատից, որը վերջերս վերակտիվացել է հայ գործընկերների շնորհիվ»,-նշեց իրանահայ պաշտոնյան: Նրա խոսքով`պետք է փորձել մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնել:

Ռոբերտ Բեգլարյանն ասաց, որ Իրանի կողմից առկա է շահագրգռվածություն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ` կապված ԵԱՏՄ-ին վերջինի անդամակցությամբ: Դրա համար, ըստ պաշտոնյայի, իրանցի գործարարները պետք է ավելի զգոն ու լրջորեն վերաբերվեն հայկական շուկային` ուշադրություն դարձնելով ապրանքների ստանդարտացման պահանջներին: «Հայաստանն ավելի բաց ու ազատ շուկա է` անկախ սահմանների փակ լինելուց, ներդրումներ են արվում: Հետևաբար, Հայաստանի սպառողն ունի ապրանքների որակի մասին իր ակնկալիքները, և իրանական կողմը պետք է նման մակարդակի որակյալ ապրանքատեսակներ ներմուծի Հայաստան»,-ավելացրեց Ռոբերտ Բեգլարյանը:

Ռոբերտ Բեգլարյանը Հայաստանում ուղեկցում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթին, ով մեր երկրում էր ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանդիպելու և հարկային ոլորտում երկկողմ կարևորության հարցեր քննարկելու համար:

Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

0

Անթալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տոնեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ:

Հաղթանակ տոնած Տոնի Գալստյանը այսօր առավելության հասավ մոլդովացի Ահմեդ Կեմորտանի նկատմամբ: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն իր մեկնարկային մենամարտում հաղթեց Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Բուտրիմիին: Պարտություն կրեցին 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանը:

Հոկտեմբերի 23-ին  ռինգ դուրս կգա ու քառորդ եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 4 ներկայացուցիչ: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը կմրցի ադրբեջանցի Օրխան Հասանովի հետ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը մրցակիցը կլինի շվեդ Ռոբերտո Բենգտսոնը: 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիան ներկայացնող Ֆենդերո Մորենոյի, իսկ գերծանր քաշային Արման Մնացականյանը՝ խորվաթ Ժոզիպ Բիլետիկիի հետ:

 

Հանրակրթական դպրոցները դրական են աձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին

0

Հանրապետության դպրոցները դրական են արձագանքել  էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացավ, որ արդյունքները շուտով կհրապարակվեն: «Մենք առաջարկել ենք ՀՀ բոլոր դպրոցներին կամ տալ էլեկտրոնային կրթություն, կամ ստանալ»,-ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով` էլեկտրոնային կրթությանն անցելու համար անհրաժեշտ է տեխնիկական ապահովվածություն: «էլեկտրոնային կրթությունն իրենից ենթադրում է նաեւ ուսուցիչների վերապատրաստում: Արդեն 1000-ից ավել ուսուցիչներ վերապատրաստվել են»,-հավելեց նախարարը:

ՀՀ վարչապես Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր ՀՀ դպրոցներում  էլեկտրոնային կրթության անցման գաղափարի մասին:

Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

0

Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների նախատեսված այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի կազմակերպման պատասխանատու, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել ավելի քան 1600 երևանաբնակ զինծառայողների ծնողներ: Զեկուցվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրով այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ ԵՎ ՖՅՈԴՈՐ ՇԱԼՅԱՊԻՆԸ

0

 Այսօր լրանում է ճանաչված գրական, հասարակական, քաղաքական գործչի, խմբագրի, մանկավարժի, Պարսկաստանում նախկին ՀԽՍՀ լիազոր ներկայացուցչի ծննդյան 155-ամյակը։

  Լևոն Սարգսյանը ծնվել է 1862 թվականի հոկտեմբերի 23-ին Գողթն նահանգի Ցղնա գյուղում։ Փայլուն մտավորական այդ այրը բավականին հարուստ և ուսանելի կենսագրություն ունի։ Սովորել է Լազարյան ճեմարանում, ավարտել Մոսկվայի համալսարանի բնագիտության ֆակուլտետը, երեք տարի դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Գայանյան դպրոցներում, եղել է Շուշիի թեմական դպրոցի տեսուչ, հինգ տարի՝ 1895-1900 թվականներին, դասավանդել է Լազարյան ճեմարանում, եղել է «Մուրճ» ամսագրի խմբագիրը։ Նա գործուն մասնակցություն է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադրմանը, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով լքել է այդ կուսակցության շարքերը։ Իր խմբագրած «Մշակ» պարբերականում բազմաթիվ հոդվածներ է տպագրել, որոնցում քննադատել է ՀՅԴ քաղաքականությունը։

  1918 թվականին Լևոն Սարգսյանն ընտրվել է Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ , մասնակցել է թուրք նվաճողների դեմ մղված կռիվներին։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության ժամանակ օգնել է բոլշևիկներին։ Մի քանի ամիս եղել է Ալեքսանդրապոլի հեղկոմի նախագահը։ 1921 թվականի հոկտեմբերին նշանակվել է Պարսկաստանում Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչը։

  Լևոն Սարգսյանը բազմաբեղուն գրիչ ուներ։ Մանկավարժությանը վերաբերող նրա հոդվածները լայն արձագանք էին գտնում մասնագետների շրջանում։ Ճանաչված և հարգված հրապարակախոս էր, ում հոդվածերը, ճամփորդական նոթերը, գրախոսականները և այլ երկեր միշտ սպասելի էին ու սիրով էին ընթերցվում։

   Ես մանկուց լսել եմ նրա մասին։ Լևոն Սարգսյանի այրին՝ Ելիզավետա Սարգսյանը, Թիֆլիսում ապրում էր մեր հարևանությամբ։ Նրա երկու տղաներն էլ բնակություն էին հաստատել Մոսկվայում։ Երբեմն տատիկին հյուր էր գալիս Լևոն Սարգսյանի ավագ որդի Արտավազդի դուստրը՝ Լիլիթը։  Իմ ծնողները չափազանց մտերիմ հարաբերություններ ունեին Ելիզավետա Սարգսյանի հետ։ Նա հաճախ էլ լինում մեր տանը, մանավանդ Հայրենական պատերազմի տարիներին։  Բոլորն այդ տիկնոջը ակնածանքով Ելիզավետա Ղահրամանովնա էին կոչում։ Միայն ես էի նրան Լիզա տատիկ ասում։ Ես հաճախ էի լինում նրա տանը։ Նա առանց հոգնելու ինձ՝ դպրոցական տղայիս, զանազան հետաքրքիր պատմություններ էր պատմում հռչակավոր դերասանների, գրողների կյանքից։ Երբ դպրոցն ավարտեցի և պետք է ինստիտուտ ընդունվեի, նա ինձ հետ ֆրանսերեն էր պարապում։ Օգնեց…

  Տարիներ անց, երբ Լիզա տատիկը չկար, իսկ ես արդեն գործող լրագրող էի, մի ակնարկ գրեցի, որի հերոսներն էին Լիզա և Լևոն Սարգսյանները, Լև Տոլստոյը և Ֆյոդոր Շալյապինը։ Այո, հենց նրանք։ Այդ ակնարկը երկար տարիներ մնում էր իմ դարակում, տպագրել հնարավոր չէր։ Բայց ժամանակները փոխվեցին և «Շալյապինի կոճակը» վերնագրով ակնարկս տպագրվեց իմ գրքերից մեկում։ Օգտվելով առիթից, որ այսօր Լևոն Սարգսյանի ծննդյան օրն է, նպատակահարմար համարեցի տարիներ առաջ գրված ակնարկս  որոշ կրճատումներով ներկայացնել  ընթերցողի դատին…

  Ահա  այդ ակնարկը:

        

                       «Նվիրում եմ Ելիզավետա Սարգսյանի հիշատակին,

                          ումից առաջին անգամ լսել եմ Ադամյանի,

                          Սիրանույշի, Սառա Բեռնարի, Շալյապինի

                          և այլ հանճարների անունները։

 

Ես տատիկ չեմ ունեցել։ Ավելի ճիշտ՝ ունեցել եմ, բայց ճակատագիրն այնպես է ուզել, որ իմ ծնվելուց երկու տասնամյակ առաջ նա զոհ գնար թուրքական յաթաղանին։ Բայց տատիկի գուրգուրանք զգացել եմ։ Նա էր իմ առաջին և միակ տատիկը՝ Ելիզավետա Սարգսյանը, իմ Լիզա տատիկը։ Շատ կրթված էր, աշխարհ տեսած։ Նրա ամուսինը՝ Լևոն Սարգսյանը ճանաչված մտավորական էր, հրատարակիչ։ Մի որոշ ժամանակ զբաղվել է քաղաքականությամբ։ Կարծեմ, եղել էր Հայաստնի լիազոր դեսպանը Պարսկաստանում։ Եվ որտեղ էլ որ գտնել է, նրա կողքին միշտ եղել է գեղեցկուհի կինը։ Ես շատ էի սիրում լինել նրանց մեկսենյականոց բնակարանում, որը գտնվում էր Թբիլիսիի Ձերժինսկու փողոցի թիվ 10 շենքում( մենք ապրում էինք Ձերժինսկու 6 համարում, «Հայարտան» նախկին շենքում)։ Այդ մեկսենյականոց բնակարանը յուրօրինակ մի թանգարան էր։ Մի պատն ամբողջությամբ գրապահարանն էր զբաղեցնում, մյուս պատերին փակցված էին ազդագրեր, աշխարհահռչակ արտիստների մեծ ու փոքր լուսանկարներ՝ կյանքում և դերերում։ Այստեղ էր Սիրանույշը Համլետի դերում, Ադամյանը, որի վրա հանճարեղ ողբերգակը հրաշալի տողեր էր ձոնել Ելիզավետա Սարգսյանին։ Լիզա տատիկից եմ առաջին անգամ լսել ֆրանսիացի հանճարեղ դերասանուհի Սառա Բեռնարի, Ֆյոդոր Շալյապինի անունները, հենց այս տանն եմ տեսել և նրանց լուսանկարները։ Դպրոցից հետո անմիջապես վազում էի նրա մոտ, և նա, որ անտարբեր չէր իմ դպրոցական գործերի նկատմամբ, ամեն անգամ հարցնոմ էր, թե ինչ նոր բան ենք անցել, ի՞նչ գնահատականներ եմ ստացել։ Բոլորից շատ սիրում էի պատմել գրականության ժամերի մասին։ Լավ գիտեի, որ նա գրեթե յուրաքանչյուր հեղինակի կյանքից հետաքրքիր մի բան կպատմի, ինչի մասին ես ոչ մի դասագրքում չէի կարդա։

  Ամեն անգամ Լիզա տատիկի մոտ գնալիս ուշադրությամբ ուսումնասիրում էի պատերին փակցված լուսանկարները, զանազան ներկայացումների աֆիշները, բայց առավել շատ սիրում էի զննել լուսանկարներով պատի տակ դրված սեղան-ցուցափեղկը։ Այստեղ, ապակու տակ, կողք-կողքի դրված էին զանազան իրեր և առարկաներ՝ գրիչ ու գրպանի ժամացույց, թանաքաման ու թուղթ կտրելու դանակ, լուսանկարներ և այլ առարկաներ։ Ցուցափեղկի հենց կենտրոնում, ասել է թե՝ ամենապատվավոր տեղում, դրված էր մի կոճակ, որը հիշեցնում էր մեջտեղից կիսված ֆուտբոլի գնդակ։ Ես մի քանի անգամ խնդրել էի Լիզա տատիկին պատմել այդ կոճակի պատմությունը, բայց նա ամեն անգամ խոսափում էր դրա մասին խոսել, փոխարենը մի ինչ-որ հետաքրքիր միջադեպ էր պատմում այս կամ այն գործչի կյանքից։ Բայց այն օըը, երբ ես նրան ցույց տվեցի իմ հասունության վկայականը, նա նախ համբուրեց ինձ, շնորհավորեց, ապա ասաց.

  -Տղաս, հիմա կարող եմ պատմել այս կոճակի պատմությունը։ Դու արդեն հասունացած մարդ ես և կարող ես ինքնուրույն եզրակացություն անել և գնահատել այն իրադարձությունները, որոնք առնչվում են այս կոճակին։ Սա Շալյապինի կոճակն է։      

   Եվ նա պատմեց այն, ինչը մի քանի տարի ուզում էի թղթին հանձնել։ Ուղղակի ժամանակներն այլ էին, և ամեն ինչի մասին չէր կարելի հրապարակավ ասել։ Այսօր ես դա անում եմ, թեև գիտակցում եմ, որ շատերին, երևի, դուր չգա իմ գրածը։

   -Անցյալ դարի վերջերն էին, սուլթան Համիդի կոտորածի օրերը։ Աշխարհի շատ առաջադեմ մտավորականներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին Թուրքիայում հայերի կոտորածի դեմ։ Մոսկվայի հայկական համայնքի ղեկավարները հանձնարարեցին ամուսնուս՝ Լևոն Սարգսյանին, ով այն ժամանակ այդ համայնքի պատասխանատու քարտուղարն էր, գնալ Յասնայա Պոլյանա՝ Լև Տոլստոյի մոտ և խնդրել, որպեսզի նա ևս իր բողոքի ձայնը բարձրացնի Համիդյան ջարդերի դեմ։ Լևոնը ոգևորված մեկեց Տոլստոյի կալվածքը։ Վերադարձավ չորս օր հետո։ Նա անճանաչելի էր դարձել։ Ես նրան այդպես ընկճված երբեք չէի տեսել։

   -Լևոն ջան, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այդքան մռայլ,-հարցրի ես։

   -Երանի ոտքս կոտրվեր, չգնայի Յասնայա Պոլյանա,- պատասխանեց ամուսինս և արեց հետևյալ պատմությունը.

  -Տոլստոյի կալվածք գալու առաջին օրը նա ինձ չընդունեց։ Չընդունեց նաև երկրորդ, երրորդ օրերը։ Միայն չորրորդ օրն ինձ ասացին, որ կոմսը պատրաստ է ինձ ընդունելու։ Գնացի մոտը։ Իր տնամերձ այգում բահը ձեռքին ինչ-որ գործ էր անում։ Երբ ծառան նրան զեկուցեց, որ Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչը եկել է, նա առանց աշխատանքը ընդհատելու դիմեց ինձ. «Ի՞նչ է ուզածդ, այ հայ»։

   Նրա դիմելու այդ ձևից, տոնից ես քիչ էր մնում կաթվածահար լինեի։ Նման վիրավորանք ինձ երբեք ոչ ոք չէր հասցրել։ Բայց քաջ գիտակցելով, թե ինչի համար եմ եկել, կուլ տվեցի այդ վիրավորանքը և դիմեցի կոմս գրողին։ «Ողորմած պարոն կոմս, Դուք, հավանաբար, գիտեք, որ Թուրքիայում տեղի է ունենում հայերի անողոք ջարդ։ Ամբողջ համաշխարհային հանրությունն իր բողոքի ձայնն է բարձրացրել ի պաշտպանություն անմեղ խաղաղ ժողովրդի։ Մոսկվայի հայկական համայնքը խնդրում է Ձեզ միանալ համաշխարհային հանրության այդ բողոքին»։ «Ես դա անել չեմ կարող։ Երևի, հայերը մեղավոր են, որ նրանց կոտորում են»։

   «Բայց, Լև Նիկոլաևիչ, չէ՞ որ Դուք օգնեցիք մոլոկաններին, երբ նրանց ճնշում էին, Դուք անգամ նյութապես սատարեցիք նրանցից շատերին, ովքեր արտագաղթում էին Ամերիկա»։

  «Այո, բայց նրանք մոլոկաններ էի և ոչ հայեր…»:

  Ես ուղղակի ցնցված էի։ Գրողը, որին ես համարում եմ աշխարհի խոշորագույն գրողներից մեկը, այդքան ազգայնամոլ էր։ Որտեղի՞ց  նրա մեջ այդ հայատյացությունը։ Չգիտեմ։ Ահա այսպես, ես կորցրեցի մի հսկա գրողի։ Երանի ոտքս կոտրվեր…

  -Տիկին Լիզա (ես արդեն  դպրոցն ավարտել էի և  ինձ թույլ տվեցի առաջին անգամ նրան այդպես դիմել), իսկ ի՞նչ կապ ունի Շալյապինի կոճակը Ձեր պատմածի հետ։

   -Անմիջական, տղաս… Այդ կոճակի պատմությունը սերտորեն առնչվում է Տոլստոյի մասին պատմածիս։ Լսիր շարունակությունը։

  Տարիներ անց Մոսկվայի հայկական համայնքը որոշել էր բարեգործական համերգ կազմակերպել Մոսկվայում և դրանից գոյացած գումարը փոխանցել հայ ուսանողների օգնության ֆոնդին։ Արդեն կազմվել էր համերգի ծրագիրը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանաչված շատ երգիչ-երգչուհիների, Վալերի Բրյուսովի և այլոց հետ։ Պայմանավորվել էինք նաև դահլիճի վերաբերյալ։ Համերգից երկու օր առաջ լուրեր տարածվեցին, որ Շալյապինը արտասահմանյան համերգային շրջագայությունից վերադարձել է Մոսկվա։ Համայնքի ղեկավարությունը նորից խնդրեց Լևոն Սարգսյանին փորձել համոզել Ֆյոդոր Շալյապինին իր մասնակցությունը բերել այդ բարեգործական ձեռնարկին։ Լևոնը կտրականապես հրաժարվեց՝ ասելով, որ նա Տոլստոյից ստացած հարվածից դեռ չի ապաքինվել, հիմա էլ պարտադրում են բանակցել մեկ այլ ռուս հանճարի հետ։ Բայց նահանջել չէր կարելի։ Լևոնն էր այդ միջոցառման կազմակերպիչը, նա էլ պետք է գնար Շալյապինի մոտ։ Գնաց և մի երկու ժամ հետո ոգևորված տուն եկավ։ Նա ուղղակի փայլում էր, չէր կարողանում ուրախությունը թաքցնել։

  -Լևոն, պատմիր, ինչպե՞ս ընդունեց քեզ Շալյապինը։

  -Լիզա, սիրելիս, նա մարդ չէ, նա աստված է,- պատասխանեց ամուսինս։- Նա ինձ շատ սիրալիր ընդունեց և հենց զրույցի սկզբում ասաց. «Մեծարգո պարոն Սարգսյան, Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան ուրախ եմ Ձեր այցի համար։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինձ համար հայերն ինչ են արել իմ ստեղծագործական ուղու հենց առաջին օրերից։ Երբ 1892 թվականի գարնանը ես՝ երգչախմբի գործազուրկ երգիչս, հայտնվեցի Թիֆլիսում, ինձ օգնության ձեռք մեկնեցին տեղի հայերը։ Եթե չլիներ Թիֆլիսի առաջին երաժշտական դպրոցի հիմնադիր Կոնստանտին Ալիխանովը, ես չէի կարողանա վոկալի դասեր վերցնել հիանալի մանկավարժ Դմիտրի Ուսատովից։ Բավական չէր, որ Ալիխանովն ինձ իր տանը սենյակ հատկացրեց, նա նաև ինձ ամսական 10 ռուբլի կրթաթոշակ նշանակեց»։

  Իմանալով գալուս նպատակը, Շալյապինը հարցրեց, թե որտե՞ղ ենք մտադիր կազմակերպելու համերգը։ Երբ ես նրան տվեցի  դահլիճի անունը, Շալյապինն ասաց. «Հենց հիմա գնացեք Մոսկվայի ամենամեծ համերգասրահի՝ «Էրմիտաժի» տիրոջ մոտ և վարձակալեք այն»։ «Բայց, Ֆեոդոր Իվանովիչ, նա մեզ  դահլիճ չի տա։ Համ էլ մենք այդքան գումար չունենք նման համերգասրահ վարձակալելու համար»։                «Ասացեք այդ պարոնին, որ այդպես է ցանկանում Շալյապինը։ Ասացեք, որ ես Մոսկվայում այլ համերգ չեմ տալու, թող շտապ աֆիշներ պատվիրի»։

  Ես անմիջապես շտապեցի «Էրմիտաժ»։ Տնօրենը ուրախությունից յոթերորդ երկնքում էր։ Մի խոսքով, Լիզա ջան, մեր համերգն աննախադեպ հաջողություն է ունենալու։

  Նշանակված օրը դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Այնտեղ էր Մոսկվայի ողջ ընտրանին։ Բոլորը եկել էին աշխարհը նվաճած Շալյապինին լսելու, տեսնելու։

  Բնական է, որ Շալյապինն էր եզրափակելու համերգը։ Նրանից առաջ ելույթ ունեցողները կատարեցին մեկ-երկու ստեղծագործություն։ Շալյապինը կատարեց երեքը։ Դահլիճը ցնծում էր և վանկարկում.

   «Բլո՛-խո՛ւ», «Բլո՛-խո՛ւ»…

   «Դուք ուզում եք լսել «Բլոխա» ե՞րգը»…

   «Այո՜, այո»…

   «Հիմա կլինի «Բլոխա»-ն, բայց մինչ այդ»…

   Եվ նա վերցրեց իր մորթյա մեծ գլխարկը, իջավ դահլիճ։ Նա սկսեց փող հավաքել։ Մարդիկ, մեկը մյուսի գլխի վրայից, աշխատում էին բաց չթողնել Շալյապինին «շաբաշ» տալու առիթը։ Քիչ անց նրա գլխարկն արդեն լցված էր թղթադրամներով։ Նա բարձրացավ բեմ, գլխարկի պարունակությունը դատարկեց դաշնամուրի վրա, նորից իջավ դահլիճ։ Այդ արարողությունը կրկնեց ևս երեք անգամ, ապա, դիմելով Լևոն Սարգսյանին, ասաց. «Իսկ սա՝ իմ կողմից»,… Եվ կուտակված փողերի ողջ դեզը իր տարածած հսկա ձեռքերով մղեց դեպի հուզմունքից իրեն կորցրած Լևոն Սարգսյանը։

  Եվ նա երգեց, երգեց մինչև գիշերվա ժամը երեքը՝ կատարելով արտասահմանյան իր համերգաշարի ողջ ծրագիրը։

  Դահլիճը երկար-երկար հոտնկայս ծափահարում էր իր կուռքին, չէր ուզում նրան բաց թողնել։ Բայց ամեն ինչն իր ավարտն ունի։

   Երբ Շալյապինը նստում էր իր կառքը, նրան մոտեցավ Լևոն Սարգսյանը և ներկայացրեց իր տիկնոջը։

   «Ֆյոդոր Իվանովիչ, իմ կինն ուզում է անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ համերգի համար»։ «Ինձ պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ես արեցի այն, ինչ պարտավոր էի անել։ Եթե այս համերգով կարողացա գոնե փոքր-ինչ պարտահատույց լինել հայերին այն լավության և բարության համար, որ նրանք իմ երիտասարդության տարիներին հանդես են բերել իմ նկատմամբ, ես ինձ երջանիկ կզգամ»։

   -Տիկին Լիզա, իսկ կոճակն ինչպե՞ս հայտնվեց Ձեզ մոտ,- անհամբեր հարցրի ես։

   -Շալյապինն ընդունեց իմ շնորհակալությունը, համբուրեց ձեռքս, իսկ երբ մի քիչ ուշքի եկա, դիմեցի նրան. «Ֆյոդոր Իվանովիչ, խնդրում եմ ի հիշատակ այս օրվա ինձ որևէ բան նվիրեք»։ «Ես պատրաստ եմ այս բոլոր ծաղիկները Ձեզ նվիրել։ Բայց դրանք մի քանի օրից կթառամեն, և Դուք դրանք դեն կշպրտեք»։

   Նկատելով իմ աղերսալից հայացքը՝ մեծ երգիչը հանկարծ պոկեց իր մուշտակի կոճակներից մեկն ու մեկնեց ինձ. «Հուսով եմ, այն չի թառամի և Ձեզ երկար-երկար կհիշեցնի մեր հանդիպման և այս հրաշալի երեկոյի մասին»։

    -Տղաս, իմացա՞ր, թե ես այսքան ժամանակ ինչու չէի ուզում քեզ պատմել Շալյապինի կոճակի պատմությունը։ Ես վախենում էի, որ դու կարող էիր հիասթափվել Տոլստոյից և չկարդալ նրա գործերը։ Ես չէի կարող թույլ տալ քեզ զրկելու աշխարհի խոշորագույն գրողներից մեկի գործերին հաղորդակցվելու հնարավորությունից։ Հիմա դու հասուն մարդ ես և ինքդ կարող ես որոշել՝ կարդալ, թե չկարդալ Տոլստոյին։

  -Սիրելի Ելիզավետա Ղահրամանովնա, ես անչափ շնորհակալ եմ Ձեր հոգատարության ու նաև դասի համար։ Տոլստոյին կարդալ ես պարտավոր էի, իսկ որպես անհատի հարգել չեմ կարող։ Բայց ես մինչև կյանքիս վերջ կհիշեմ Ձեզ, իմ սիրելի Լիզա տատիկ։ Եվ իմ այս փոքրիկ պատումը, որը գրական ստեղծագործություն կոչվելու հավակնություն անգամ չունի, թող լինի իմ երախտիքի խոսքն ընդ Ձեզ…»

  Ահա այսքանը Լև Տոլստոյի և Ֆեոդոր Շալյապինի հետ Լևոն Սարգսյանի հանդիպումերի մասին։

 

            Լևոն ԱԶՐՈՅԱՆ     

                                                                                                                                                                      Արմենպրեսի թղթակից                                                                                                                 

Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը

0

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին ընդունել է Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյին, Կառլոս Էռնանդես Միրոնին եւ նրանց ուղեկցող անձանց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը եւ խմբի անդամ Գագիկ Մելիքյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մեքսիկացի պատգամավորների այցն առանձնանում է այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Մեքսիկայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը նոր էջ կբացի եւ նոր՝ առավել բարձր մակարդակի կբարձրացնի առկա հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ այլ ոլորտներում:

Էդուարդ Շարմազանովը մեքսիկացի գործընկերներին ցավակցություն է հայտնել Մեքսիկային վերջերս պատուհասած աղետի՝ երկրաշարժի կապակցությամբ՝ նշելով, որ հայ ժողովուրդը լավ է հասկանում մեքսիկացի ժողովրդի ցավը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Մեր պայքարը հանուն արդարության է եւ հանուն ցեղասպանությունների կանխարգելման: Մենք որեւէ ժողովրդի, այդ թվում նաեւ՝ թուրք ժողովրդին, թշնամի չենք համարում, բայց կարծում ենք, որ առաջինը հենց թուրք ժողովրդի համար է անհրաժեշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հաշտվել ու առերեսվել սեփական պատմության հետ, քանի որ ժխտողականությունը եւ կեղծիքը կարող են ծնել նոր ցեղասպանություններ ու արհավիրքներ»:

Պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ հաջորդ տարի լրանում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 70-րդ տարին, ուստի Հայաստանը այս համատեքստում հանդես է գալու նոր նախաձեռնություններով:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2011 թվականին Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված երկու բանաձեւերին՝ նշելով, որ դրանք ոչ միայն հակահայկական բնույթ ունեին, այլեւ ուղղակիորեն հակասում են միջազգային հանրության գնահատականներին: «ՄԱԿ-ն այս խնդրի լուծման մանդատը տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Միջազգային կառույցներում պետք է անենք քայլեր, որոնք չպետք է հակասեն միջազգային հանրության գնահատականներին: Սա մարդու իրավունքների պաշտպանության հարց է, ոչ թե տարածքային վեճ. Արցախի ժողովուրդն ունի անկախ ապրելու այնքան իրավունք, որքան նախկին ԽՍՀՄ որեւէ սուբյեկտի քաղաքացի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն իրենց խոսքում պաշտպանել են Մեքսիկա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսն ու պատվիրակության անդամ Կառլոս Էռնանդես Միրոնը:

Տիկին Դոմինգեսը վստահություն է հայտնել, որ իրենց այցը նոր խթան կհանդիսանա եւ կզարգացնի երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, ինչի համար իրենք, օգտագործելով խորհրդարանական հարթակը, պատրաստ են անելու առավելագույնը: Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցով, Հայաստանը դիտարկել որպես դարպաս՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ հարեւան այլ երկրների շուկաներ մուտք գործելու տեսանկյունից: