Կիրակի, 08. 06. 2025

Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր

0

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կհայտարարի հանրապետության ողջ տարածքում միասնական երթուղային ցանց ձևավորելու պիլոտային ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության լրատվական վարչության «Հրապարակում» հեռուստանախագծին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Ես հայտարարեցի, որ մենք մոտակա 2-3 ամսվա ընթացքում կհայտարարենք պիլոտային ծրագրի մասին, կանենք պիլոտային ծրագիր որևէ մարզում, որից հետո, գնահատելով դրական և բացասական կողմերը, կշարունակենք մնացած մարզերում իրականացնել»,- ասել է Մարտիրոսյանը;

Նախարարը հավելել է, որ իրենք պլանավորել էին այդ ծրագրի մեկնարկը տալ 2018թ. սակայն վարչապետի կողմից եղել է հանձնարարական ավելի շուտ` մոտակա եռամսյակի ընթացքում տալ մեկնարկը: Վահան Մարտիրոսյանի խոսքով` իրենց համար դա բարդ կլինի, սակայն ձգտելու են դրան:

 

Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել. պարզվում են դեպքի պատճառները

0

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը:  Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գ.Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Տ.Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:

Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ հոկտեմբերի 23-ին պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:

Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար

0

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցություններին:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»ը, ՀՀ կառավարության լրատվական վարչության «Հրապարակում» հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդպիսի իրավական ոչ մի ակտ դեռ ստորագրած չկա, նման որոշում չկա: «Խնդիրը միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքների իրավունքները չեն ոտնահարվի, և ոչ ոք իրեն այդ որոշումից վատ չի զգա»,- ասել է նախարարը:

Կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցել վարորդներին եթե, այնուամենայնիվ, աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու որոշում կայացվի:  Վահան Մարտիրոսյանն այս հարցին պատասխանել է. «Փոխհատուցելու բան չի լինի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»:

Հստակեցնող հարցին, թե կարո՞ղ ենք որոշակիորեն նշել, որ աջ ղեկով մեքենաները Հայաստանում չեն արգելվելու, նախարարը պատասխանել է. «Ինչ-որ փոփոխություն կկատարվի, բայց վարորդները կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները»:

Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել. Վիգեն Սարգսյան

0

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Պատիվ ունեմ» ծրագրով ակադեմիական կրթության համար տարկետումը վերացնելու մասին խոսակցություններին և քննադատություններին: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ կրթության համար տարկետում տրամադրելու համար կա երկու մոտեցում. կամ պետությունը որոշում է, որ ցանկացած քաղաքացի, ով ուզում է ստանալ բարձրագույն կրթություն, պետք է ունենա տարկետում մինչև ուսման ավարտը, կամ  որևէ մեկը տարկետում չի ստանում, որովհետև դրա արանքում ընկած ամեն ինչը սուբյեկտիվիզմի և մասնակի լուծումների մեթոդ է:

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչի համար, օրինակ, որևէ պետական բուհ ընդունվողը կարող է ունենալ տարկետում, իսկ ամբողջ Ամերիկյան համալսարանը` այդպիսի տարկետումների սահմանափակ քանակ, եթե չեմ սխալվում, ընդամենը 10 տեղ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի համար նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորող մի քանի քաղաքացի պետք է ունենան հնարավորություն ավարտել ուսումը և միայն հետո կատարել պարտքը հայրենիքի նկատմամբ կամ չկատարել, իսկ մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալու պահին զորակոչվի, որովհետև ընդունելության քննության ժամանակ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կես միավոր պակաս է հավաքել: Այսինքն` խնդիրը շատ ավելի լայն է: Եթե մենք լուծում ենք տարեկան 8 հարյուր մարդու հարց, որպեսզի իրենք կարողանան հաջողությամբ սովորել և ավարտել, դա մի մոտեցում է, եթե մենք գիտության և կրթության հարց ենք լուծում, այդ դեպքում բոլորը պիտի հավասար տարկետում ստանան: Եվ, վերջապես, եթե մենք լուծում ենք մեր երկրի պաշտպանության խնդիրը, մենք նայում ենք նման խնդիրներ ունեցող երկրների փորձը և  իրենց տված լուծումները»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ` պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ իրենք այդ ծրագրով տարկետումը չեն վերացնում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկում են զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատուրայում, իսկ հետո` նաև մագիստրատուրայում: «Աշխարհում կրթության անընդհատություն` բակալավրիատուրայից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա, ոչ մի տեղ չկա: Եթե լիներ, իմաստ չուներ 5-ամյա կրթությունը դարձնել 4+2: Դրա ամբողջ իմաստը այդ արանքի գումարածի ժամկետն է, որի ժամանակ մարդ պետք է աշխատի, փորձ կուտակի, ծառայի, ընկերներ ձեռք բերի, կամավոր աշխատի, հետո գա շարունակի մագիստրատուրայում իր նախընտրած մասնագիտությամբ: Մարդիկ կան ասում են` եթե մինչև 30 տարեկան մարդը թեկնածուական չի պաշտպանել, էլ ի՞նչ թեկնածու, բայց չեն ասում, թե այդ պաշտպանածներից քանի՞սն են հետո գոնե մեկ գիտական հոդված գրել կամ գիտության համար որևէ օգտակար բան արել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ իրենց համար «Պատիվ ունեմ» ծրագրի իրականացումը որոշակի բեռ է, քանի որ պետք է հսկայական ջանքեր գործադրեն ծրագրի ընձեռած հնարավորություններից օգտվել ցանկացող երիտասարդներին պատրաստելու ուղղությամբ:  «Ուսմանը զուգահեռ նրանք պետք է գան և սպայական պատրաստություն անցնեն, մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք նրանց ներգրավելու մեր սպայական անձնակազմի մեջ:Բայց ես  վստահ եմ, որ դրա արդյունքը լինելու է դրական, վստահ եմ, որ դա ամրապնդելու է բանակ-հասարակություն կապը և ամրապնդելու է մեր բանակի նկատմամբ վստահության մեխանիզմները»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ

0

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ:

Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են. ԽԱՊԿ-ը ներկայացրել է վերջին զեկույցը

0

Լրագրողների հանդեպ ճնշումների դեպքերը վերջին երեք ամիսների ընթացքում նվազել են, սակայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դրանց առկայությունը, այնուամենայնիվ, մտահոգիչ է համարում: Ներկայացնելով ԽԱՊԿ 2017 թվականի  երրորդ եռամսյակի տվյալները Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին՝ նա նշեց, որ վերջին երեք ամիսները համեմատաբար ավելի հանգիստ են եղել:

«Հիմնականում հետընտրական ժամանակահատվածն էր,  երբ կարծես հասարակական-քաղաքական լարվածություն չէր նկատվում, բայց ցավոք նույնիսկ այս ժամանակահատվածում տեղի են ունենում շատ ցավալի իրադարձություններ՝ կապված լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության, գործունեության խոչընդոտման հետ: Այս եռամսյակում եւս  արձանագրեցինք ֆիզիկական բռնության 2, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման  16 դեպք եւ տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 39 փաստ»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աշոտ Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր ցուցանիշները միասին ավելի փոքր թիվ են կազմում, քան նախորդ եռամսյակում՝ 72-ից հասնելով 57-ի:

Նա նկատեց, որ թեպետ ճնշումների թիվը զգալիորեն նվազել է, սակայն տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերն ավելացել են, ինչը վկայում է այն մասին, որ այդ հարցում լուրջ խնդիրներ կան:

«Ֆիզիկական բռնությունները 5-ից նվազել են 2-ի, մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը՝ 57-ից 16-ի, սակայն տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերն աճել են մոտ չորս անգամ»,-ընդգծեց ԽԱՊԿ նախագահը՝ որպես նման ցուցանիշների հիմնական պատճառ առանձնացնելով իրավապահ, դատական մարմինների ոչ համարժեք գործողություններն ու վճիռները տեղի ունեցած միջադեպերին:

«Այստեղ մենք պետք է հիշատակենք, թե ինչ խախտումներ արձանագրեցինք խորհրդարանական ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ. տարատեսակ ճնշումների ավելի քան 20 դեպք, որոնցից միայն 6-ի առնչությամբ հարուցվեցին քրեական գործեր, 4-ն էլ կարճվեցին:  Մեր գնահատմամբ՝ սա կանաչ լույս է վառում այն անձանց համար, ովքեր հանգիստ կարող են խոչընդոտել լրագրողների աշխատանքը եւ թույլ չտալ մասնագիտական պարտականությունների կատարումը»,-ասաց կոմիտեի նախագահը:  

Նա տեղեկացրեց, որ կոմիտեն իր ուշադրության կենտրոնում է պահել նաեւ  երկու կարեւորագույն քրեական գործեր՝ կապված 2016 թվականի հուլիսյան իրադարձություների, ինչպես  «Էլեկտրիկ Երեւան»-ի հետ:

«Փաստորեն, երկու տարվա նախաքննությամբ  «Էլեկտրիկ Երեւան»-ի գործով կա 4 մեղադրյալ, իսկ հուլիսյան դեպքերի առնչությամբ 9 մեղադրանք է առաջադրվել: Նախորդ եռամսյակի ընթացքում այդ գործերում որեւէ նոր բան չի եղել, ինչը բավականին մտահոգիչ է»,-ասաց Աշոտ Մելիքյանը եւ հավելեց, որ հետեւել են նաեւ  օրենսդրական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ տեղեկատվության ազատության մասին նոր օրենքի նախագծին, որտեղ նրա դիտարկմամբ՝ կան մոտեցումներ, որոնք  անհամատեղելի են խոսքի ազատության գաղափարի հետ:  

Երևանում նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ

0

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը և դրանք ավարտել սահմանված ժամկետում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և «Ջրային կառույցներ»  ընկերությանն էլ հանձնարարվել է ձմռանն ընդառաջ սահմանված կարգով կոնսերվացնել մայրաքաղաքում գործող  ցայտաղբյուրներն ու շատրվանները՝ մինչև վերագործարկան հաջորդ տարեշրջանի մեկնարկը:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են ընդհանուր օգտագործման կանաչ և ծաղկապատ տարածքների, ծառերի և թփերի խնամքի ու պահպանման աշխատանքները։ Վարչական շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ընթացքում են նաև չորացած ծառերի հատման և սանիտարական էտի աշխատանքները։ Պատասխանատուներին հանձնարարվել է նաև ակտիվացնելով աշնանային տերևաթափով պայմանավորված ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման աշխատանքները։

Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի  11-ին համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին:

FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին

0

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է  կրթաթոշակային ծրագիր` աջակցելու  ասպիրանտներին եւ հայցորդներին բնական գիտությունների կամ ճարտարագիտության ոլորտներում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում հետազոտական աշխատանք կատարելու համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի  գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր   տնօրեն   Արմեն  Օրուջյանը նշեց, որ կրթաթոշակի ծրագիրը ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի եւ ճարտարագիտության ոլորտներում սովորողների լավագույն 10%-ի համար է լինելու: «Մենք այս քայլով ցանկանում ենք, որ երիտասարդները կենտրոնանան գիտական հետազոտությունների վրա եւ ստիպված չլինեն աշխատանք փնտրել»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում գիտության մակարդակը պետք է հասցնել համաշխարհայինի:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խոսքով` Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցությունը նպաստավոր պայմաններ կստեղծի երիտասարդների համար: «Մենք առաջիկայում երիտասարդների մոտ լուրջ գիտությամբ զբաղվելու մետիվացիա կձեւավորենք, որովհետեւ ՀՀ-ն այլընտրանք չունի»,-ասաց նա:

Նախարարը համոզմունք հայտնեց, որ բարձրագույն կրթական համակարգը պետք է արմատապես փոխել եւ ձեւավորել գիտական համակարգի ցանցը: «Լավ որակ ունենալու համար երկիրը պետք է ապահովի միջին եվրոպական կարգի բարձրագույն կրթություն»,-ասաց Լեւան Մկրտչյանը:

 Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի կենսաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերի 19-ին: 2018-2019 թվականների ուսումնական տարվա համար հիմնադրամը  հայտարարելու է հինգ ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և 25 մասնակի կրթաթոշակ` 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաեւ կին ասպիրանտների եւ հայցորդների համար` 10 ամբողջական  կրթաթոշակ`   յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով:

 

 

Հանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները

0

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 23-ին մեկնակել են աշնանային արձակուրդները։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով` 2017-2018 ուսումնական տարում աշնանային արձակուրդները դպրոցներում կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.

2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:
Ուսպլանի համաձայն՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017 թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների  ձմեռային արձակուրդը կտևի  մինչև 2018 թ. հունվարի 7-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդներն ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017 թ. դեկտեմբերի 25-ից 2018 թ. հունվարի 21-ը ներառյալ:

Սեւան քաղաքում կազմակերպվեց աշխատանքի հերթական տոնավաճառը

0

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում կազմակերպվեց աշխատանքի հերթական տոնավաճառը, որին մասնակցեցին 28 գործատու եւ բազմաթիվ աշխատանք փնտրողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Սեւան քաղաքում 1180 է, գործազուրկների թիվը` 962: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 91 աշխատանք փնտրող: Աշխատանքի տոնավաճառի ընթացքում 350 աշխատանք փնտրող ծանոթացան տարբեր ընկերությունների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կողմից առաջարկվող 55 թափուր եւ 24 սպասվելիք աշխատատեղերի ցանկին: Շինարարությամբ եւ գովազդային վահանակների պատրաստմամբ զբաղվող «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ն մեկն էր այն ընկերություններից, որոնք աշխատանքի տոնավաճառում ներկայացնում էին գործունեության շրջանակները` առաջարկելով թափուր աշխատատեղեր:

«Սեւան քաղաքի եւ տարածաշրջանի, Գավառի, Ճամբարակի գործատուներն սպասում էին թափուր աշխատատեղերը լրացնող մարդկանց, իսկ աշխատանք փնտրողներն էլ աշխատաշուկան մասամբ ուսումնասիրելու լավ հնարավորություն ունեին: «Ծովագյուղի հացի գործարան» ՍՊԸ-ն ներկայացել էր ոչ միայն իր առկա թափուր եւ սպասվելիք աշխատատեղերի ցանկով` խմորեղենի մասնագետ, վաճառող, տնտեսագետ, հաշվապահ, հավաքարար, այլ նաեւ կազմակերպել էր իր համեղ ու բազմազան արտադրանքի ցուցադրություն: Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրինությունն էլ կարիք ունի միանգամից 5 հոգեբույժի: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը միանգամից 8 թափուր հաստիք էր ներկայացրել` բուսաբանի, կենդանաբանի, անտառագետի, խեցեգործի, գնումների գծով մասնագետի, անվտանգության աշխատողի:

«Լիհնիտիս» ՍՊԸ-ն, որն զբաղվում է նաեւ գարեջրի արտադրությամբ, փնտրում էր գարեջրագործի: «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ տնօրինությունը կարիք ուներ բետոնագործի, իսկ «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ի տնօրենը ոչ միայն փնտրում էր, այլ նաեւ գտավ էլեկտրաեռակցողի, որին առաջարկվեցին աշխատանքային նպաստավոր պայմաններ եւ բարձր աշխատավարձ:

Եվս երկու աշխատանք փնտրող հենց տոնավաճառի ընթացքում գտան իրենց աշխատանքային հասցեն: Զբաղվածության պետական գործակալության Սեւանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Մելիք Ներսիսյանի հավաստմամբ՝ 72 աշխատանք փնտրող էլ լրացրել են հայտեր, որոնք կուսումնասիրվեն, կխմբավորվեն»,-մանրամասնեց Արմինե Ղուկասյանը: Աշխատանքի տոնավաճառի ընթացքում մի շարք գործատուներ ԶՊԾ-ի կողմից արժանացան շնորհակալագրերի` զբաղվածության տարածքային կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության համար: