Կիրակի, 08. 06. 2025

Գյումրվա բարբառն ու հումորն իրենց ողջ կոլորիտով կարող են դառնալ քաղաքի բրենդը

0

Գյումրին Հայաստանի կոլորիտային քաղաքներից է՝ իրեն բնորոշ «համ ու հոտով»։ 
Հենց այս կոլորիտը ողջ աշխարհին հայտնի դարձնելու համար մեկնարկել է «Գյումրի քաղաքի բրենդավորում» ծրագիրը, որի մտահղացումը պատկանում է Deem Communications ընկերությանը։ Աշխատանքները սկսվել են մարտ ամսին, և ծրագրի իրականացման նպատակն է զարգացնել Գյումրին։ 
«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրեց Deem Communications ընկերության  ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիպլյանը։ 
Գյումրու կոլորիտը 
Գյումրու հմայքին ծանոթ է ողջ կամ գրեթե ողջ հայությունը։ Հայաստանից դուրս ապրող օտարերկրացիները շատ քիչ պատկերացում ունեն Գյումրու մասին կամ բոլորովին չունեն. Չգիտեն Գյումրու կոլորիտի՝ ֆայտոնի, բարբառի, հումորի, սառնորակ ջրի ու, ամենագլխավորի, որ շատ է կարևորում հենց գյումրեցին, պատվի զգացողության մասին։ Գյումրին ու գյումրեցուն անհնար է պատկերացնել առանց «ի՞նչխ թե», «ծո», «քա, վա՜յ», «հըբը՛» և այլ մի շարք արտահայտությունների և սրամիտ հումորների։ Գյումրին հանրությանն է ներկայանում նաև իր դյուցազուն մարզիկներով, չեմպիոններով՝ Յուրի Վարդանյան, Վարդան Միլիտոսյան, Արթուր Ալեքսանյան, Գոռ Մարտիրոսյան… Նրանց մասին պատմություններն էլ քաղաքի կոլորիտի մաս են կազմում։ Այդ ամենը ամբողջանում է  նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շնորհիվ, որտեղ սովորում են տեղեկատվական տեխնոլոգիաների ապագա մասնագետները։ 

Գյումրու բրենդավորման մտահղացումը 
2014 թվականին, երբ Գյումրիում կազմակերպվել էր Եվրոպայի օր, Deem Communications ընկերությունը քաղաքապետին առաջարկել է զարգացնել քաղաքի բրենդը։ Տարիներ են անցել մինչև այդ միտքը հասունացել և այժմ իրականություն դառնալու ճանապարհին է։ Մարտ ամսին քաղաքապետարանից վերջնական հանձնարարություն են ստացել, որ արդեն կարող են սկսել աշխատել Գյումրու բրենդի ստեղծման ուղղությամբ։ Բրենդը լոգո և կարգախոս չէ, այլ ընդհանուր մի հոգեբանություն՝ մարդկանց պատկերացումները Գյումրու մասին։ 

Բրենդավորման հայեցակարգը 
Գյումրին կունենա իր հայեցակարգը, որը կներկայացվի դեկտեմբեր ամսին։ Հիմա ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ճարտարապետները, մշակութային ոլորտի աշխատողները փորձում են քարտեզավորել, թե որոնք են այն վայրերը, որոնք պետք է ներկայացվեն Գյումրի այցելող յուրաքանչյուրին։ Օրինակ՝ Հայաստան եկող ցանկացած զբոսաշրջիկի առաջարկում են այցելել Գառնի, Գեղարդ, Սևան և այլն, նույն հստակությունը պետք է լինի նաև Գյումրու դեպքում։ Նպատակ կա հստակ ունենալ մի հայեցակարգ, թե Գյումրին ներկայացնելիս ինչ է պետք նախ պատմել, օրինակ՝ ինչպես ընդհանուր Հայաստանի մասին խոսելիս ասվում է, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը, ցեղասպանություն են ապրել և այլն։ «Մի քանի կետեր կան, որոնք կրկնվում են բոլորի մոտ Հայաստանի մասին պատմելիս։ Նույնը պետք է անել նաև Գյումրի քաղաքի համար։ Այս ամենում ներգրավելու ենք փոքր և միջին բիզնեսը, կառավարական մարմինները, զբոսաշրջության կոմիտեն, տեղեկատվական կենտրոնի, քաղաքապետարանի աշխատակիցներին, ում պատմելուց հետո Գյումրու մասին առաջին տեղեկատվությունը հստակ, սպառիչ ու հետաքրքիր կլինի»,- ասաց Րաֆֆի Նիզիպլյանը։ 

Բրենդավորման մեթոդոլոգիան 
Հարցումներ են իրականացվել և կլոր սեղանների շուրջ քննարկումներ են եղել հայտնի մարդկանց հետ։ Եղել են նաև առցանց հարցումներ Հայաստանում և Սփյուռքում, և արդեն կա մոտ 300 պատասխան։ Պատասխաններից պարզ է դարձել, թե ինչն է մարդկանց մոտ ասոցացվում Գյումրու հետ՝ չեմպիոնները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, արհեստը, արվեստը։ Յուրաքանչյուր ոլորտում շատ հետաքրքիր բաներ են ներկայացված։ Բարբառն ու հումորը նույնպես անբաժան մաս են կազմում Գյումրու բրենդավորման աշխատանքներում։ Շուտով աշխատանք է տարվելու նաև դիզայներների հետ։ 

Բրենդավորումից մինչև բիզնեսի զարգացում 
Զուգահեռ գրվում է 2018-2020 թվականների ռազմավարությունը, թե ինչ պետք է անել բրենդավորումից հետո։ Հիմա աշխատանքներ են տարվում Հոլանդիայի մասնագետների հետ, ում հրավիրելու են Գյումրի՝ ԹՈւՄՈ-յի հետ համատեղ սեմինարներ անցկացնելու նպատակով։ Պետք է հասկանալ, թե բրենդն ունենալու դեպքում ինչպես կարելի է բիզնես զարգացնել։ «ՓՄՁ-ները կարող են շապիկների վրա տպել Գյումրու կոլորիտային վայրերը, կամ բարբառից որևէ արտահայտություն, քաղաքի wifi-ի գաղտնաբառը լինի հումորային որևէ խոսք, ռեստորաններում ճաշացանկը բացելիս անեկդոտ գրված լինի և այլն»,- նշեց Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրենը։ Չեմպիոնների վերաբերյալ նրանք պատրաստվում են առաջարկ անել, որպեսզի իրենք ավելի տեսանելի դառնան, այսինքն՝ պետք է նրանց անունները զուգորդել Գյումրու անվանման հետ և ոչ ընդամենը ասել հայազգի չեմպիոն։ Նպատակ կա ստեղծել մի մարզական վայր, որտեղ ցանկացած այցելու կկարողանա ուսումնասիրել չեմպիոնների կենսագրությունները, հաղթանակներն ու մեդալները։ 

«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավն իրականանում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեիՀայաստանի  զբոսաշրջության զարգացմանհիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։ 

Լիլիթ Դեմուրյան

«Հերոսի ծնողները». Աշոտի ազատամարտիկ հայրն առաջ է նայելու կրտսեր որդու թիկունքին կանգնելու համար

0

 Շարունակելով «Հերոսի ծնողները» նախագիծը՝ «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) զոհված  զինծառայող, 24-ամյա ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հորը՝ Կարո Շահբազյանին:

Շիրակի մարզի Ախուրյան գյուղի փոքր տնակներից մեկում մի մեծ անկյուն պատկանում է Աշոտին: Հայրը մեզ նախ եւ առաջ այնտեղ է ուղեկցում, պատմում, որ որդին ոչ այդքան երկար զինվորական գործունեության ընթացքում արդեն հասցրել էր  մեծ հաջողություններ ունենալ, որովհետեւ նվիրված ու աշխատասեր մարդ էր:

Աշոտը ծնվեց 1993 թվականին, երբ Կարո Շահբազյանը հորեղբոր որդիների հետ միասին Արցախում էր: Հայրը ցույց է տալիս հին ու  եղբայրների հետ արված, հավանաբար, եզակի լուսանկարը, քանի որ նրանք զոհվել էին 1994 թվականին, իսկ Կարո Շահբազյանը վիրավորում էր ստացել  ու տեղափոխվել Հայաստան:

«Հունանն ու Աշոտը. նրանց անունով էլ որդիներիս կոչեցի. մեծիս՝ Աշոտ, փոքրիս՝ Հունան: 1988 թվականից մինչեւ 1994 թվականը Արցախում ենք եղել: Դե հիմա, պատկերացրեք՝ որդիս ում էր նմանվելու»,-ասում է նա:

Դպրոցում Աշոտը լավ սովորող աշակերտ էր, ընկերական շրջապատում՝ օգնության շտապող ու կարեկից. «Հենց ընկերներն են պատմում, որ բոլորին խորհուրդ էր տալիս, բացատրում, ներկայացնում այնպիսի բաներ, որ միգուցե լսած չլինեին»:

Հերոսը միանշանակ որոշել էր, որ սովորելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչի համար հայրը շատ ուրախ ու հպարտ էր:

«Հայրենասիրություն չեն ստիպում, դա մարդու սրտի մեջ պետք է լինի: Սա Աշոտիս մասին է: Ես անկեղծորեն այնքան էի ուրախացել,  որ ընտրել էր այդ ճանապարհը, որովհետեւ ես գիտեի՝ դժվարությունները Աշոտի համար չէին: Կյանքում չէր դժգոհում ոչնչից, ինչքան էլ նեղ վիճակում լիներ: Երբ զանգում էր, ասում էի՝ Աշոտ ջան, ամեն քայլդ պիտի կշռադատես, ասում էր՝ պապ ջան, գիտես, հերիք է միայն այն, որ  քո որդին եմ, որ ազգանունս Շահբազյան է: Այդ նախադասությունը, որ լսում էի, չգիտեմ՝ ինչ վիճակի մեջ էի հայտնվում»:

Հայրը պատմում է, որ որդին ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ինքնուրույն ընդունվել էր Երեւանի պետական համալսարան, ցանկանում էր այնտեղ եւս ուսում ստանալ:

«Իրավաբանության ֆակուլտետն էր ընդունվել: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո մի օր եկավ, ասաց՝ պապ, գնում եմ Երեւան, տղաներին հանդիպեմ, գամ, երեկոյան զանգեց՝ բա, աչքդ լույս, ընդունվել եմ համալսարան:  Ընկերներով եկան տուն, նշեցինք առիթը: Ամենահետաքրքիրն այն էր, որ  համալսարան դիմած ընկերներին առաջին կուրս էին նստեցրել, իսկ Աշոտին՝ երկրորդ, ու նույնն էլ՝  ռազմական ինստիտուտում էր. մյուսներին տվել էին լեյտենանտի կոչում, իսկ Աշոտիս՝  ավագ լեյտենանտի:  Տղաներն էլ էին ասում, որ նա միշտ մի քայլ առաջ էր: Շատ-շատ բաներ էր արել իր զինվորների համար, ու ամբողջ Արցախն է այդ մասին  խոսում»,- պատմում է հայրն ու հավելում, որ որդին  նաեւ ոսկրածուծի դոնոր էր, ինչի մասին նա իմացել է միայն որդու զոհվելուց հետո, երբ այցելության են եկել ամերիկացի հյուրերը:

Աշոտին հոգեհարազատ էր հետախույզի մասնագիտությունը, սակայն սեփական փորձը հիշելով՝ հայրը խորհուրդ է տվեց ընտրել մեկ այլ ուղղություն:

«Շատ լավ տիրապետում էր անգլերենի ու թուրքերենի: Նա այս տնից դուրս եկավ գիտելիքներով ու իր նպատակասլացությամբ հասավ իր նպատակին, բայց ես նրան արգելեցի միայն մի հարցում, ուզում էի՝ համեմատաբար ավելի հանգիստ մի բան ընտրի, քանի որ ես էլ եմ հետախույզ եղել, գիտեմ՝ ինչ բան է: Ընտրեց մոտոհրաձգային ուղղությունը»:

Հերոսի եղբայրը՝ Հունանը,  եւս ցանկանում էր դառնալ զինվորական, սակայն կրտսեր որդու դեպքում հայրն արդեն դեմ էր, թույլ չտվեց: Աշոտի հետ պատահածից հետո ցանկանում էր, որ փոքր որդին լինի իր կողքին:

«Ես նրան դուրս հանեցի զինվորական ոլորտից: Աշոտս վերջին կուրսում էր, ավարտեց ու գնաց եղբոր մոտ Ասկերան՝ որպես դասակի հրամանատար: Փոքր որդուս զորացրվելուց հետո նոր Աշոտս գնաց Ջաբրայիլ:  Շատ  մտերիմ եղբայրներ էին, Աշոտս դեռ դպրոցական տարիներից խորհուրդներով օգնում էր եղբորը, օգնում էր պատրաստել դասերը: Դե, Հունանս այդքան էլ չէր սիրում սովորել, իսկ Աշոտը անընդհատ սովորում ու սովորում էր, շատ մեծ կարեւորություն էր տալիս ուսմանը ու գաղափար ուներ տարբեր բնագավառներից: Նույնիսկ երբեմն մեզ էր սովորեցնում, թե որն է ճիշտ, որը՝ սխալ»:

Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել էր մարտի 31-ին, հարցրել սահմանին տիրող իրավիճակի մասին: Երկար տեւած զրույցի ավարտին Աշոտն ասել էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա, իսկ հայրը որդուն ինչպես միշտ՝ հնարավորինս զգույշ եղիր: 

«Ամսի 2-ին լուրերով լսեցի, թե ինչ վիճակ է Արցախում: Սկզբից ասում էին՝ հիմնական հարձակումը Թալիշի վրա է, Ջաբրայիլի անուն չէին տալիս:  Մի կողմից հանգիստ էի, գիտեի՝ Աշոտս փորձառու է, որովհետեւ այս տանից դուրս եկավ արդեն  շատ փորձառու:  Բոլորն էլ մեզ ճանաչում էին ռազմական ինստիտուտում, ասում էին՝ էս էրեխեն պատերազմի դաշտից է ելել: Զինվորները պատմում էին, որ  Աշոտը թույլ չէր տալիս ինչ-որ բան անել, ինքնուրույն պիտի ամեն ինչ աներ: Այդպես էլ վարվեց մարտի դաշտում, զինվորներին նահանջի հրաման տվեց ու նետվեց մարտի, ընկավ հերոսի մահով: Երբեմն լինում էր, որ ասում էր՝ պապ, ես չպետք է  պարզապես զոհվեմ:  Բարկանում էի, չէի ուզում, որ նման բաներ ասի, վատ էի զգում իր այդ խոսքերից, իսկ հիմա բոլոր-բոլորն են ցավում»:

Հերոսի հայրը 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո այլեւս չի մեկնում արտագնա աշխատանքի: Այժմ աշխատում է Ախուրյանի 1-ին դպրոցում որպես տնտեսվար, մեկ ուրիշ դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ: Ասում է՝ առաջ նայել օգնում է փոքր որդին՝ Հունանը, ում աջակցելը նպատակների իրականացման հարցում հոր միակ նպատակն է դարձել:

«Ամեն ինչ արել եմ երեխաներիս համար ու շարունակելու եմ անել: Իմ փոքր որդու համար եմ ապրում: Ինձ նաեւ այցելում են Աշոտիս լավ ընկերները: Որ գալիս են, շատ եմ ուրախանում, նստում, լավ պատմություններ ենք հիշում:  Մի կուրսանտ կա ռազմական ինստիտուտից, այնքան էլ նման է Աշոտիս. որ մեր կողմերում է լինում, անպայման պիտի զանգի, գա ինձ տեսնելու: Ես նրան շատ եմ սիրում, շատ լավ տղա է»:

2017 թվականի հուլիսի 5-ին՝ Աշոտի ծննդյան օրը, Կարո Շահբազյանը կատարեց որդուն նվիրված հուշարձանի բացումը:  Ասում է՝ ամեն ինչ ինքնուրույն է արել, որեւէ աջակցության կարիք էլ չունի:

«Ամեն ինչն էլ մենակ եմ արել: Կարո Շահբազյանն այդպիսի մարդ է: Բոլորն էլ գիտեն՝ ով եմ ես, դրա համար շնորհակալ եմ բոլորից էլ, իրենց գումարից էլ, չեմ ուզում: Ինչ էլ, որ բերել են այս տուն, ուղղվել է եկեղեցուն ու զինվորին: Ես խաղաղություն եմ ուզում, ոչ պատերազմ:  Թող մեր երեխաները ողջ-առողջ վերադառնան իրենց օջախները, իրենց ծնողներին, նրանց բոլորին միայն լավն եմ ցանկանում»: 

Սյուզի Մուրադյան

 

 

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում ընդգրկվել է 39 հարց. ՈՒՂԻՂ

0

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նախօրեին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որտեղ հաստատվել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաեւ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 4 ժամ, իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ տեւողություն:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 15, իսկ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 39 հարց: 

Հայաստանում ՌԴ պայմանագրային զինծառայողն անզգուշությամբ սպանել է ծառայակցին ու ինքնասպան եղել

0

 Ռուսաստանի Դաշնության պայմանագրային զինծառայողը Հայաստանում՝ Ալագյազի հրաձգարանում անվտանգության կանոնների խախտման հետևանքով կրակել է ծառայակցի վրա և սպանել նրան, ինչից հետո ինքնասպան է եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Հոկտեմբերի 23-ին Ալագյազի հրաձգարանում վարժանքներից հետո զենքի հանձնման ժամանակ պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոնները և ոչ կանխամտածված կրակ է արձակել ինքնաձիգից՝ մահացու վիրավորելով այլ պայմանագրային ծառայողի:

Վախենալով կատարվածից և ծառայակցի մահվան պատասխանատվությունից՝ կրակ արձակած զինծառայողն ինքնասպան է եղել:

Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը»,- ասվում է հայտարարության մեջ:

Բռնցքամարտիկներն անհաջող են ելույթ ունեցել Եվրոպայի առաջնությունում

0

Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն կրեցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բռնցքամարտի ֆեդերացիան: Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը: Հոկտեմբերի 24-ին Տոնի Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի իր մենամարտը, իսկ հոկտեմբերի 25-ին կիսաեզրափակչի համար կպայքարի Էրիկ Թոխյանը:

Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներն էլ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

 

Հրապարակի Վրայ Է Երաժշտութիւն Կոչուած Աղբի Մէկ Տեսակ

0

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Երէկ գիշեր խմբագրատան մէջ նստած, մինչ մեր թերթին էջերուն փորձերը կը սպասէի ստուգելու, համակարգիչին դիմաց ժամանակս կ՛անցնէի դիտելով Յարութ Փամպուքճեանի նուիրուած` մէկ բարձրորակ համերգը, որ տեղի ունեցած է՝ ԱՄՆ Տոլպի շքեղ համերգասրահին մէջ: Սրահը բերնէ բերան լեցուն, երաժիշտները գեր-արհեստավարժ, իրենց երէց վարպետը՝ Յարութ Փամպուքճեանը պատուող ժամանակակից երգիչները՝ լաւ ընտրուած, մթնոլորտը՝ աւելի քան գեղեցիկ ու բարձրորակ: Մակարդակը՝ այնքան նուրբ եւ զգացական, որուն պարգեւած վայրկեանները կարելի չէ շուտ մտահան ընել: Երգեր… անմահ երգեր: Երգերու բառեր՝ բանաստեղծութիւններ անզուգական:

Չես գիտեր, սիրելի ընթերցող՝ ուրկէ՜ – ուր համեմատական մը ստեղծուեցաւ մտքիս մէջ նորաբոյս Super Sako-ի ձաբռտուքներուն հետ, որոնց ոմանք երգ անունը կու տան: Զարմանալիօրէն սիրելիս այսօր հրապարակի վրայ է երաժշտութիւն կոչուած աղբի մէկ տեսակ, որուն նոյնիսկ անուն կարելի չէ տալ: Այս երեւոյթը ինչ որ նորութիւն մըն է, որուն իմ «յետամնաց» խելքը չի հասնիր:

Նկարագրով պահպանողական մը չեմ: Ընդհակառակը: Սակայն  երաժշտութիւն կոչուող այս աժան բաները, որ կը լսեմ նորութիւն մըն է, որ մենք կարծեմ չենք գիտեր ի՞նչ է: Նոր կենդանի մը երեւի, որ ունենալով ինչ, որ ֆինասաւորում ստեղծած է այնպիսի վիճակ, որ կարելի չէ բացատրել: Երգեր, որոնք ամէն մեղքիս շատ տարածուած են մրցանիշեր կտրելու աստիճան…:

Սակայն աղբը կը մնայ աղբ, որովհետեւ աղբը շատ արտադրուող բան մըն է, անկէ շատ կարելի է տեսնել ամէն կողմ ի հակասութիւն ադամանդին, որ յատուկ է ու ոչ միշտ գտանելի:

Կարդա՛ սիրելի ընթերցող, թէ այսօր միջազգային մրցանիշեր կտրած եւ տասնեակ լեզուներով երգուող «Մի գնա՛» երգին բառերը ի՞նչ կը հոլովեն.

Մենակ եմ աշխարհում

Առանց քեզ

Տենչում է իմ սիրտը միայն քեզ

Լուռ տանջւում է հոգիս

Արի տես

Արի տես

Արր տես

Ու կը կրկնէ հա կը կրկնէ…:

Հետաքրքրական է, ո՞վ այս բառերը քով քովի դրած է…:

Փոխարէնը կարդայ Փամպուքճեանի երգի բառերը: Ան կ՛երգէ Սիլվա Կապուտիկեանի՝ «Կարօտի Պահին».

Արի՜, արի՜, արի՜,

Թէկուզ վերջի՛ն անգամ,

Թէկուզ քայլով դժկամ,

Միայն արի՜, արի՛։

Թէկուզ բերես դու ինձ

Նոր բաժանման թախիծ,

Անդարձ գնաս նորից

Միայն արի՜, արի՛..

Թէկուզ անսէ՜ր, անսի՜րտ,

Թէկուզ հեգնող ու խիստ,

Թէկուզ խայթող ու բիրտ,

Միայն արի՜, արի՛։

Թէկուզ բերես դու ինձ

Մի նո՛ր դաւի կսկիծ,

Թէկուզ ուրի՜շ գրկից,

Միայն արի՜, արի՛…

 

Սուփըր «Մի գնա»ն  կը շարունակէ եւ ուրիշներ կը կրկնեն.

Քեզ խնդրում եմ մի գնա՛

մի գնա՛ գնա՛ գնա՛

Մնա՛ իմ գրկում մնա՛,

Իմ գրկում մնա՛, մնա՛

Սրտիս սէրը կտամ քեզ

Մենակ կողքիս դու լինես,

Սրտիս սէրը կտամ քեզ

Մենակ կողքիս դու լինես։

 

Մինչ Փամպուքճեան, կ՛երգէ Վահան Տէրեանի «Տարիներ»ը.

Մի խաղաղ երեկոյ է հիմա

Մեղմալոյս, ե՛ւ տխուր, ե՛ւ անուշ.

Քեզ երբեք սիրտըս չի մոռանայ,

Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կը սահեն,

Կը մեռնեն երազները բոլոր

Քո պատկե՛րը անեղծ կը պահեմ

Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛ւ տանջանք, ե՛ւ բեկում, ե՛ւ թախիծ

Սև օրեր ես դեռ շա՜տ կը տեսնեմ.

Անունըդ փարոս թող լինի ինծ

Սուտ կեանքի և դառը մահու դէմ…

 

Ու կը շարունակէ Յարութ Փամպուքճեան Պարոյր Սեւակի «Եռեքնուկ»ը: Կը շարունակէ երգել Կապուտիկեանի «Թէ աչերս քեզ որոնեն»…

Թէ աչերս քեզ որոնեն,

Ես կփակեմ մութ կոպերով,

Որ աշխարհում քեզ չտեսնեն:

Թէ խենթ լեզու՛ս անունդ տա՛,

Ես կսեղմեմ ատամներով,

Որ հնչիւն իսկ չշշնջայ:

Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում

Ձայնել ու քեզ տեսնել իր դէմ

Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,»

Սրտիս աչքերն ինչո՞վ փակեմ:

Հիմա թերեւս ըսես սիրելի ընթերցող, որ լա՛ւ․ ի՞նչ է գաղտնիքը վատորակին տարածումին: Ես իմ կարգիս կրնամ հաստատել, որ ո՛չ այն ամէն ինչը, որ արագ եւ շատ կը տարածուի լաւ է ու պիտանի: Պոռնկագրական ժապաւէն մըն ալ կայծակի արագութեամբ կը տարածուի ու կրնայ շատ դիտող կամ փնտռող ունենալ, սակայն այս մէկը չափանի՞շ է անոր պիտանելիութեան կամ լաւ հանգամանքին…:

Վատորակ երաժշտութեան երեւոյթի տարածումին համար կարելի չէ՛ միշտ քննադատել ունկնդրողը: Զայն տարածողն է մեղաւորը: Հեռուստացոյցը, համացանցը, ձայնասփիւռը շատ արագ ու լայն կերպով կը տարածեն զայն: Տնտեսագիտութեան մէջ կայ այն կանոնը, որ կը հաստատէ, թէ իրապէս կրնաս լաւ դրամ շահիլ, եթէ զանգուածային լրատուութեան միջոցաւ արտադրութեանդ գովազդը տարածես: Սակայն նման բան ընելու համար կայ նաեւ պատասխանատուութիւն, որովհետեւ վատորակ բանի մը գովազդը պիտի խախտէ բարոյական նաեւ մշակութային արժէքներ:

Այն երեւոյթը, թէ ինչո՞ւ վատորակ երաժշտութիւն կը տարածուի ոմանք կ՛արդարանան կամ կ՛արդարացնեն ըսելով, որ պահանջք կայ: Բայց չէ՞ որ պահանջը ծանուցումն է, որ կը ստեղծէ: Եթէ տուեալ կայանը, մենք կամ ուրիշներ վատորակը շրջանառութեան մէջ չդնենք, ժողովուրդը չի լսեր, հետեւաբար չի պահանջեր:

Տարածենք լաւագոյնը սիրելիս: Ես կը հաւատամ, որ եթէ տարածուածը լաւագոյնն է, ժողովուրդը պիտի սիրէ զայն, մինչ անոր ճաշակն ու ականջը պիտի ազնուանան ու փնտռէ լաւը: Պիտի գնահատէ որակը:

Մինչ այդ կարելի է մխիթարուիլ մէկ բանով: Յարութ Փամպուքճեանի երգերը լսած են մեր հայրերը, կը լսենք մենք ու պիտի լսեն մեր զաւակներն ու թոռները: Մի՞ւսը… երեւի քանի մը ամիս եւս հոլովուի… ու մոռցուի…:

 

 

«Սրտին, Լաւ Զգալու Համար Անհրաժեշտ Է՝ Սէր Եւ Բարութիւն, Քիչ Ճնշումներ, Մաքուր Օդ, Առողջ Ապրելակերպ». Սուրիահայ Բժիշկ

0

Զրուցեց՝ ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

            «Ակցիա առողջութիւն՝ Հայաստան – ֆրանսա» կազմակերպութեան նախաձեռնութեամբ, ՀՀ սփիւռքի և առողջապահութեան նախարարութիւններու աջակցութեամբ, Երևանի մէջ տեղի ունեցաւ «Սրտաբանութեան եւրակովկասեան 6-րդ համագումարը», որուն ընթացքին աշխարհի տարբեր ծայրերէն Հայաստան եկած՝ հայ և օտար սրտաբաններ հետաքրքիր ելոյթներ ունեցան, կարծիքներ փոխանցեցին, հանդէս եկան միասին ծրագիրներ իրականացնելու նախաձեռնութեամբ: Ահա, թէ ինչ նիւթով ընթացաւ «Հայերն այսօր»–ի համար կատարուած իմ հարցազրոյցը սրտաբան Ճորճ Բարսեղեանի հետ.

            – Տոքթ. Բարսեղեան, ամէն համագումար նոր ծրագիրներու, նոր մտայղացումներու միջոց կը դառնայ. համամի՞տ էք:

            -Անշու՛շտ, այդպէս է. նման համաժողովներ ինքնանպատակ չեն կրնար ըլլալ, անոնք լուրջ, գիտական հաւաքներ են, որոնց ընթացքին շատ նշանաւոր սրտաբաններ հանդէս կու գան կարեւոր նիւթերով, առաջարկութիւններով, յայտարարութիւններով, որոնք ի յայտ կը բերուին՝ սրտաբանութեան ոլորտի յետագայի ընելիքներուն, որոշակի քայլեր ձեռնարկելու համար: Ըսեմ, որ ներկայիս բժշկութեան համար շատ մեծ դեր կը խաղայ համացանցը, տեղեկատուական միջոցները։ Այսօր շատ դիւրին ու հասկանալի են այդ ոլորտի նորութիւններուն ծանօթանալը, խնդիր չէ: Սակայն նման համագումարներ լաւ են այն առումով, որ ընդհանուր ծանօթութիւն, կենդանի շփում կ՛ըլլայ տարբեր երկիրներէն մէկ տեղ հաւաքուած սրտաբաններու միջև, համագործակցութեան հիմքեր կը դրուին, մէկը միւսին կը ծանօթացնէ տեղեկատուական նոր միջոցներ: Համագումարը լայն տեսադաշտ է այս առումով:

– Տոքթ.Բարսեղեան, հայ սրտաբանները շա՞տ բան ունին սորվելու օտարազգի սրտաբաններէ:

-Անկեղծօրէն պէտք է ըսեմ, որ հայ սրտաբանները լա՛ւ սրտաբաններ են: Հայ սրտաբաններու համբաւը բաւականին բարձր է տարածաշրջանի մէջ, սակայն Ռուսաստանի, եւրոպական այլ երկիրներու սրտաբաններէ ունինք ոչ թէ սորվելու, այլ՝ նորութիւններ ձեռք բերելու՝ կապուած զարգացման (թեքնինի) հետ, մանաւանդ՝ վիճակագրութեան: Այսօր բոլոր գիտութիւնները վիճակագրութեան վրայ հիմնուած են: Առնենք մեր՝ շուրջ 2.5-3 միլիոն բնակչութեան վիճակագրական ցուցանիշները. այդ տուեալներու համաձայն՝ Հայաստանի մէջ այսօր ունինք 240 հազար սրտանոթային հիւանդներ. բնականաբար, այնքան ալ դժուար չէ ունենալ այդքան հիւանդներու տուեալները, անհրաժեշտ տեղեկատւութիւն  քան՝ եւրոպական որեւէ երկրի մէջ:

– Որո՞նք կը դիմեն աւելի շատ սրտաբաններու՝ յարակից հիւանդութիւններով տառապողնե՞րը, օրինակ՝ շաքարախտով, բնածին արատներ ունեցողնե՞րը, թէ՞ սրտային փոքր անհանգստութիւն ունեցողները…

Սրտաբաններուն շատ կը դիմեն ե՛ւ յարակից հիւանդութիւններ ունեցողներ, ե՛ւ բնածին ու ձեռքբերովի թերութիւններով, սրտի կափարիչներու հետ կապուած խնդիրներ ունեցող հիւանդները: Կը դիմեն մարդիկ, որոնք կ՛ուզեն գիտնալ, թէ սրտի անհանգիստ աշխատանքը ինչո՞վ պայմանաւորուած է. ընդհանրապէս սրտաբանը կը յայտնաբերէ բուն հիւանդութիւնը, որու պատճառով սրտի անհանգստութիւն կ՛ունենան: Սրտաբաններու շատ կը դիմեն նաև էնդոկրին ախտանիշերով հիւանդներ:

 

– Տարիքային ո՞ր խումբերը աւելի շատ կը դիմեն սրտաբանին, և որո՞նք կը գերակշռեն դիմողներու շարքը՝ տիկնա՞յք, տղամարդի՞կ…

 

– Սրտաբանին կը դիմեն տարբեր տարիքի, աւելի շատ՝ 50-ը անց մարդիկ, սակայն աւելի՝ տիկնայք, որովհետև անոնք աւելի հետևողական են, աւելի՝ զգոյշ: Տարիքային փոփոխութիւններով պայմանաւորուած՝ աւելի մեծ տարիքի մարդիկ խնդիրներ կ՛ունենան, ըսենք՝ կլիմակտերիկ շրջանին զարկերակային ճնշման տատանումները:

– Տոքթ. Բարսեղեան, մեր օրերուն քիչ չեն ծնիր սրտի զանազան արատներով երեխաներ. ըսէք, խնդրեմ, արդեօք կա՞յ անոնց լիարժէք և կեանքի բնական ընթացք ապահովող բուժում:

– Սրտի զանազան արատներ կան՝ ծանր, միջին ծանրութեան, թեթև. անոնք բոլորն ալ ունին բուժման իրենց որոշակի ընթացքը, պէտք եղած դէպքին՝ վիրահատական միջամտութիւնը: Կան արատներ, որոնք տարիքի հետ աւելի անվտանգ կը դառնան: Եթէ կարիքը կա՞յ, որոշակի արատով նոր ծնած երեխային ալ կը վիրահատեն, և ան կ՛ապրի լիարժէք կեանքով: Սրտաբանութիւնը ամբողջ աշխարհի մէջ շատ զարգացած է, աննախադէպ յաջողութիւններ կը գրանցուին այդ բնագաւառէն, նորարարական արհեստագիտութիւնը մեծապէս կը նպաստէ այդ ոլորտի կատարելագործման:

– Բժի՛շկ, ի՞նչ անհրաժեշտ է սրտին՝ լաւ զգալու համար:

– Սէր ու բարութիւն, հնարաւոր չափով՝ քիչ ճնշումներ, մաքուր օդ, առողջ ապրելակերպ:

– Ինչպէ՞ս կը բաբախէ սրտաբանի  սիրտը:

– Չե՛մ բողոքէր, շնորհակա՛լ եմ սրտիս, սակայն պէտք է խոստովանիմ, որ երբեմն անփոյթ կը գտնուիմ անոր հանդէպ:

 – Շնորհակալութի՛ւն, բժիշկ. յուսանք, որ սրտաբաններու համահայկական յաջորդ համաժողովին կը խօսուի ողջ աշխարհի սրտային հիւանդութիւններու նուազեցման ուրախալի ցուցանիշերու, վիճակագրական առաւել յուսադրող տուեալներու մասին:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի Այցելութիւնը Արեւմտեան Թեմի Հաւատացեալներուն Արեւմտեան Թեմի 90 Ամեակի Փառաշուք Նշում

0

*ԽԱՉԻԿ ՃԱՆՈՅԵԱՆ*
«Զարթօնք»ի աշխատակից

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ
Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 (Շարական)

            Հայ Առաքելական Մայր Եկեղեցւոյ Արեւմտեան թեմի հիմնադրման 90 ամեակի պանծալի տարեդարձին առիթով, բարեջան եւ մեծագործ առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի ղեկավարութեամբ՝ բազմաթիւ, բազմաբնոյթ եւ բազմամակարդակ ձեռնարկներով պիտի նշեն թեմի պատմական այս տարեդարձը:

            Այս օրերուն, թեմի բոլոր պատասխանատուները՝ հոգեւոր, աշխարհիկ, երիտասարդական, աշակերտական, բարերարներ, թեմի 51 ծուխերու եւ եկեղեցիներու, ինչպէս նաեւ՝ Արեւմտեան թեմէն ներս գործող 40-է աւելի մարմիններն ու յանձնախումբերը, միասնականութեան գեղեցկագոյն մթնոլորտի մէջ եւ ժամացոյցի ճշդապահութեամբ լծուած են տենդագին աշխատանքի մը, թեմի 90 ամեակի տօնակատարութիւնը անմոռանալի օրերու վերածելով:

            Հոկտեմբեր 24-Նոյեմբեր 5-ի օրերը, Արեւմտեան Նահանգներու հայութեան համար պատմական բացառիկ օրեր պիտի ըլլան: Այդ օրերուն թեմի 90 ամեակի տօնակատարութեան առիթով կազմակերպուած ձեռնարկները պիտի վայելեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Հայրապետին նախագահութիւնը եւ որոշ ձեռնարկներ ալ՝ օրհնաբեր ներկայութիւնը:

            Արդէն մեր գաղութը, ամիսէ մը ի վեր մեծ սիրով եւ ակնածանքով, անհամբեր կը սպասէ անգամ մը եւս տեսնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անոր Աջը համբուրելով, արժանանալու Հայոց Շնորհազարդ Հայրապետի օրհնութիւններուն:

* * *

            Նոյեմբեր 28, 1927-ին, լուսոյ խորան Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց Հայրապետ, երջանկայիշատակ Գէորգ Ե. Կաթողիկոսի կոնդակով հիմը դրուեցաւ Քալիֆորնիոյ թեմին, որ յետագային անոր քանի մը նահանգներ միանալով վերանուանուեցաւ ԱՄՆ-ի Արեւմտեան թեմ:

            Այդ օրերու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ զաւակներուն ջանքերով կառուցուած էին հինգ եկեղեցիներ՝ Ֆրեզնոյի եւ անոր շրջակայ քաղաքներուն մէջ: Այս հինգ եկեղեցիները օծուած էին եւ ենթակայ էին Արեւելեան թեմի առաջնորդին, որ իր հերթին ենթակայ էր Ս. Էջմիածնի Աթոռին:

            Այդ հինգ եկեղեցիները կորիզը կազմեցին Արեւմտեան թեմին:

            Ամենայն հպարտութեամբ կու գանք յիշելու, թէ Արեւմտեան թեմի գոյառման, հաստատման եւ ձեւաւորման մէջ, իր անփոխարինելի դերը կատարած են ՌԱԿի մեր շարքայինները եւ «Նոր Օր» պաշտօնաթերթը, խորունկ հաւատքով եւ մեծ նուիրումով  անոնք եկեղեցաշինութեան եւ եկեղեցական մարմիններուն մէջ ծառայեցին, այն վստահ հաւատքով որ հայուն համար՝

                        «Եկեղեցին հայկական մէն մի քարին տակ գետնի,

                        Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի…»։

 

            Եւ այսպէս ալ գործեցին մեր սքանչելի նախորդ սերունդները, որոնք այս ափերուն վրայ կրցան պահել իրենց ինքնութիւնը եւ հաւատքը հարիւր տարիէ ի վեր, շնորհիւ կառուցուած Հայաստանեայց Առաքելական եկեղեցիներու:

            Այդ հինգ եկեղեցիներով սկսած,  այսօր 51 ծուխէ եւ եկեղեցիներէ կազմուած հոգեւոր հոյակապ հաստատութիւն մըն է՝ Արեւմտեան Թեմը, որ կը շարունակէ գործել ընդ հովանեաւ մեր Վեհափառին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի։

            Արեւմտեան թեմը իր գոյութեան 90 տարիներուն, ունեցած է ութ առաջնորդներ, որոնք իրենց Աստուածատուր շնորհքներով մեր Եկեղեցւոյ պարծանքն են: Թեմիս առաջին Առաջնորդն է Գերշ. Տ. Գարեգին Արք. Խաչատուրեան (Տրապիզոնցի), որ Առաջնորդ եղաւ Մայիս 26, 1928-ին, յետագային Պոլսոյ Պատրիարք ընտրուեցաւ, իսկ Մայիս 3, 2003-ին Արեւմտեան Թեմի պատգամաւորական ընդհանուր ժողովը ընտրեց ութերորդ Առաջնորդը՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, որ 14 տարիներէ ի վեր արտակարգ ձեռնհասութեամբ կը ղեկավարէ մեր թեմը, անոր ՈՍԿԵԴԱՐԸ ԿԵՐՏԵԼՈՎ:

            Արդարեւ, մեր սիրելի Առաջնորդին կատարած ծառայութիւնները, նոյնիսկ արագ եւ ամփոփ թւումը բազմաթիւ էջերու կը կարօտի:

* * *

            Մեր թեմի կազմակերպումը, ձեւաւորումը եւ ամուր ու անսասան հիմերու վրայ դնողը եղաւ, թեմի 7-րդ շինարար Առաջնորդը՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան, որ արտակարգ նուիրումով 32 տարի՝ 1971-2003 ծառայեց եւ եկեղեցիներուն թիւը 5-էն հասցուց 17-ի, բազմաթիւ եւ բազմաբեղուն ծառայութիւններ կատարելով:

            Նախորդ Առաջնորդներն էին՝

                        Գերշ. Տ. Եղիշէ Եպս. Սիմոնեան:

                        Գերշ. Տ. Թորգոմ Արք. Մանուկեան, որ յետագային Երուսաղէմի Պատրիարք ընտրուեցաւ:

                        Գերշ. Տ. Բաբգէն Արք. Վարժապետեան:

                        Գերշ. Տ. Շնորհք Արք. Գալուստեան, որ յետագային Պոլսոյ Պատրիարք ընտրուեցաւ:

                        Գերշ. Տ. Մամբրէ Եպս. Գալֆայեան:

* * *

            18 տարի առաջ, Ս. Էջմիածնի մէջ տեղի ունեցաւ Հայ Եկեղեցւոյ համաշխարհային ընդհ. պատգամաւորական ժողովը, ընտրելու համար վախճանեալ Գարեգին Ա. Վեհափառի յաջորդ կաթողիկոսը:

            27 Հոկտեմբեր 1999-ին 132-րդ Ամենայն Հայոց Հայրապետ ընտրուեցաւ Արարատեան թեմի կաթողիկոսական փոխանորդ՝ Գերշ. Տ. Գարեգին Արք. Ներսիսեան, որուն օծումը տեղի ունեցաւ 4 Նոյեմբեր 1999-ին, ներկայութեամբ եւ մասնակցութեամբ մեծ թիւով կղերականներու եւ աշխարհականներու:

            Վեհափառ Գարեգին Բ. Հայրապետը ծնած է Էջմիածնի Ոսկեհատ գիւղին մէջ 1951-ին: Աշխարհականի անունն է՝ Կտրիճ: 1972-ին կուսակրօն քահանայ ձեռնադրուելով վերանուանուեցաւ Գարեգին, իսկ Ամենայն Հայոց վեհափառ ընտրուելէ ետք կոչուեցաւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս: Վեհափառը ուսանած է Գէորգեան ճեմարան եւ Վիեննայի համալսարանը, ուսանած եւ ծառայած է Գերմանիոյ Պոնն քաղաքի Աստուածաբանական քոլէճի մէջ, անցած է Զոկորսք, Ռուսաստան, ուսանելու համար: Վերադարձած՝  Ս. Էջմիածին եւ նշանակուած է Արարատեան թեմի փոխանորդի պաշտօնին, ծառայելով Գէորգեան ճեմարանէն ներս: 1989-ին հիմնած է Վազգէնեան դպրեվանքը Սեւանայ լիճի կղզիին վրայ: 1993-ին ձեռնադրուած է եպիսկոպոս, նոյն տարին ալ ձեռնադրուած է Արքեպիսկոպոս, անշուշտ միշտ հոգելոյս Վազգէն Ա. Վեհափառի ձեռամբ:

            Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքր տարիքին եղած է շատ ուշիմ աշակերտ մը, բացառիկ ընդունակութիւններու տէր պատանի մը: 48 տարեկանին Գարեգին Արք. Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտօնին ընտրուեցաւ եւ այդ օրուընէ ի վեր մեր հայրապետը կը գործէ մեծագոյն նուիրումով եւ վճռականութեամբ: Կազմակերպեց Ս. Էջմիածնի վանքը, Գէորգեան ճեմարանը հոգեւոր եւ կրթական աննախընթաց բարձունքի մը հասցնելով: Կրօնականներու հսկայ բանակ մը պատրաստեց ծառայելու համար աշխարհասփիւռ հայութեան, բազմաթիւ եկեղեցիներ նորոգուեցան եւ հիմնուեցան նորեր Գարեգին Բ. շինարար հայրապետի օրերուն, քրիստոնէական դաստիարակութիւնը զարկ առաւ, հոգեւոր եւ գրական բազմաթիւ հրատարակութիւններ լոյս տեսան Էջմիածնի կամ աշխարհատարած թեմերու մէջ։ Հայրենիքի, Արցախի եւ Սփիւռքի հայութեան համար բազմատեսակ օժանդակութիւններ ծրագրած է յատկապէս՝ Իրաքի եւ Սուրիոյ հայութեան նիւթական եւ բարոյական նպաստներ հասցնելով:

            Կրօնական պետերու, նախագահներու եւ քաղաքական գործիչներու հետ ունեցած շփումներուն ատեն վեհափառը միշտ ալ արծարծած է Հայոց Ցեղասպանութեան հարցը: ՄԱԿի ղեկավարներուն, մարդասիրական եւ բարեսիրական բազմաթիւ կազմակերպութիւններու հետ ունեցած շփումներով, կրցած է այս կազմակերպութիւնները հետաքրքրել եւ քաջալերել, որ Հայաստանին եւ հայութեան օգտակար ըլլան:

            Մեր մաղթանքն է, որ բոլոր կենաց եւ տաղանդներու աղբիւր՝ Աստուած միշտ ծաղկած եւ կանգուն պահէ մեր մայրենի եկեղեցին եւ Առաքելական մեր Աթոռը: Մեր սիրելի Վեհափառին հովուապետական եւ կաթողիկոսական Գաւազանը ջահաւորէ եւ հանդարտեցնէ բազմախռով եւ բազմատանջ, բայց իր եկեղեցիով եւ հայրենիքով հպարտ հայութեան կեանքը՝ խաղաղութիւն, բարօրութիւն եւ միասնականութիւն պարգեւելով մեր ժողովուրդին:

            Վեհափառ Տէր, մեր սրտի խորքէն Ձեր Վեհափառութեան բարի եկաք կ՚ըսենք, մաղթելով մեր Շնորհաշատ Հայրապետին կենսառողջ կեանք եւ հովուապետական բազում տարիներ, ի փառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն մեր դարաւոր եկեղեցիին, հայրենիքին եւ ժողովուրդին:

            Մեր թեմի աշխարհիկ եւ հոգեւոր բոլոր պատասխանատուները, հին եւ նոր հոգեւորականները, դպրաց դասի անդամները, վարչական պատասխանատուները, գլխաւորութեամբ մեր սիրեցեալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, սրտանց կը շնորհաւորենք թեմի 90 ամեակին առիթով, մաղթելով նորանոր տարեդարձներ՝ մեր ժողովուրդի հոգեւոր կեանքի հարստացման համար:

 

«Ամէն հայի սրտից բխած
Լսիր այս ձայն, ով Աստուած,
Երկար կեանք տուր հայրապետին,
Երկար օրեր հայոց հօր:
Տէր, անսասա՛ն պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

 

Մեսրոպեանի Մէջ Սկսան Գործել Արուեստի Եւ Մարզանքի 20 Խմբակներ

0

Շաբաթ, 14 Հոկտեմբեր 2017-ին մեկնարկեցին Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի արուեստի եւ մարզանքի խմբակներուն աշխատանքները: Այս տարեշրջանին պիտի գործեն 20 խումբեր՝ արուեստներու եւ մարմնամարզի տարբեր ուղղութիւններով, ինչպէս՝ պասքեթպոլ, ֆութպոլ, քունկ ֆու, ճատրակ, պարախումբեր       (փոքրեր եւ մեծեր),  թատրոն, գեղանկարչութիւն, bande dessinée, տուտուկ, տհոլ, գեղամարմնամարզ (Gymnastique) եւ պարի երեք տեսակներ՝ մանկական զումպա, պալէ եւ լատինական:

          Մեսրոպեանի տնօրէնութիւնը սոյն ծրագիրը կը գործադրէ հաւատալով, որ արտադասարանային խումբերու աշխատանքները մեծապէս կը նպաստեն աշակերտներու հետաքրքրութիւններու կազմաւորման, բազմակողմանի զարգացման, ինչպէս նաեւ կրթական յառաջադիմութեան: Ինչպէս միշտ, մարզամշակութային խումբերը հանրութեան համար պիտի ներկայացնեն եզրափակիչ հանդիսութիւն, որ տեղի պիտի ունենայ յառաջիկայ տարուան կիսուն:

 

 Տեղեկատուական գրասենեակ
Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանի

 

 

 

Նոր Հրատարակութիւն Մը Վահան Թէքէեանէն՝ «Երկու Դրախտները»

0

 

Պոլսոյ` «Ժամանակ» օրաթերթի 100-ամեակի մատենաշարը հարստացաւ նոր հրատարակութեամբ մը։ Վահան Թէքէեանի «Երկու Դրախտները» կու գայ միանալու ցարդ տպագրուած չորս հատորներուն․ Քասիմի՝ «Օրուան Մտածումներ», Ռուբէն Զարդարեանի՝ «Յօդուածներ», Երուխանի՝ «Փոքր Ասիոյ մէջէն» եւ Թէքէեանի՝ «Կեսարիա» հատորներուն։

 «Ժամանակ»ի հրատարակութեան 100-ամեակին առթիւ կը հրատարակուին հաւաքածոներէն պեղուած յօդուածներ, յօդուածաշարքեր կամ ամբողջական երկեր, որոնք նոր լոյս մը կը սփռեն անցեալին եւ ի յայտ կը բերեն արեւմտահայ հեղինակներու գրական ժառանգութենէն նոր գործեր։

Վահան Թէքէեանի անունը սերտօրէն կապուած է «Ժամանակ»ի պատմութեան։ Սահմանադրութեան հռչակումէն ետք, Վահան Թէքէեան սկսած էր աշխատակցիլ Քասիմի նոր հիմնադրած թերթին, նոյնիսկ ապագային դառնալով անոր գլխաւոր խմբագիրներէն մին, երբ թերթը միացած էր «Ժողովուրդի ձայն»ին։ Յիշեալ մատենաշարին նախորդ հրտարակութիւնը անցեալի փոշոտ հաւաքածոներէն դուրս կը հանէր ու առաջին անգամ առանձին հատորով մը կը հրատարակէր Թէքէեանի՝ «Կեսարիա» գործը, իսկ հիմա ընթերցասէրներու սեղանին է արեւմտահայ գրականութեան այս դասական հեղինակին հրապարակագրական, գրական-գեղարուեստական ու յուշագրական յօդուածներէն ու յօդուածաշարքերէն հարուստ ծաղկաքաղ մը, զոր պատրաստած է բանասէր Սեւան Տէյիրմենճեան։

 Նորատիպ հատորին յառաջաբանը գրի առած է Վահան Թէքէեանի կեանքէն ու ստեղծագործութենէն, անուանի մասնագէտներէն՝ դոկտ. Վաչէ Ղազարեան։ Քնալը կղզիի երկուորեակ պատմական ապարանքները ներկայացնող կողքին հեղինակն է երգիծանկարիչ ու գեղանկարիչ՝ Արէտ Կըճըր։

Երեք բաժիններէ բաղկացած հատորին առաջին բաժինը՝ յատկացուած է հեղինակի հրապարակախօսական յօդուածներուն։ «Ժամանակ» եւ «Ժողովուրդի ձայնը» թերթերուն մէջ Թէքէեան իր անունով հրատարակած յօդուածներէն ընտրանի մը կարելի է գտնել այս բաժնին մէջ։ Յօդուածները առհասարակ կը վերաբերին սահմանադրութեան հռչակման անմիջական վաղորդայնի իրադարձութիւններուն՝ օսմանեան քաղաքական ու հայկական հասարակական կեանքի ինչ-ինչ դրուագներուն։

Երկրորդ բաժինը՝ յատկացուած է գրական ու գեղարուեստական յօդուածներուն կամ յօդուածաշարքերուն, որոնք նոյնպէս հրատարակուած են «Ժամանակ»ի, «Ժողովուրդի ձայն»ի կամ Գահիրէի «Արեւ»ին մէջ։ Կարդալով այդ յօդուածները կարելի է գաղափար ունենալ ո՛չ միայն յետեղեռնեան արեւմտահայ գրական ու մշակութային կեանքին մասին, այլ  նաեւ ծանօթանալ Թէքէեանի մօտեցումներուն՝ Խորհրդային Հայաստանի գրականութեան, գրական անցուդարձերուն եւ նոյնիսկ 1922-ի ուղղագրական փոփոխութեան մասին։

Վերջին բաժինը, որ թերեւս ամենահետաքրքրականը կարելի է նկատել, Թէքէեանի յուշերն են։ Գրական աշխարհէն դէմքերու, արեւմտահայ քաղաքական-հասարակական կեանքէն անցուդարձերու մասին Թէքէեանի վկայութիւնները, ինչպէս նաեւ իր անձնական կեանքէն դրուագներու ներկայացումը տարբեր անցքերու ու յայտնի անձերու մասին նոր բացայայտումներ կատարելու առընթեր, հաճելի ընթերցանութիւն մըն ալ կը պարգեւեն կարդացողին։

«Երկու դրախտները» հատորի իւրաքանչիւր բաժնէն ետք տեղադրուած են ծանօթագրութիւններ։ Հոն կարելի է գտնել նաեւ Թէքէեանի՝ ժամանակի մամուլին մէջ հրատարակուած երգիծանկարները, ինչպէս նաեւ հօր՝ Գալուստ Թէքէեանի, Պաղլարպաշըի մէջ գտնուող շիրմին լուսանկարը։ Հատորի աւարտին դրուած յատուկ անուններու ցանկն ալ կը դիւրացնէ պատմաբաններու կամ գրականագէտներու աշխատանքը։