Կիրակի, 08. 06. 2025

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման արարողություն

0

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին եւ «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծելով, որ նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացվում է մեր հանրությանն ու աշխարհին, այլեւ պահպանվում ու զարգանում է:

Երկրի ղեկավարի խոսքով՝ այս գեղեցիկ գորգերի պատրաստումը քրտնաջան աշխատանք է, որում ներգրավված է մեծ, համախմբված եւ հայրենասեր թիմ:

Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքը մնայուն է եւ ծառայելու է մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ՝ որպես ազգային պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս:   

Նույն օրը նախագահը հյուրերի հետ քննարկել է Արցախում գորգագործության զարգացմանը վերաբերող հարցեր եւ այս գործում կարեւորել «Մեգերյան Կարպետ»-ի պես հայտնի ընկերությունների հետ փոխգործակցությունը:

Միջոցառմանը եւ հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 2017 թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, նաև լրագրողները:  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը: Արթուր ՊԵտրոսյանի քվեարկության մեջ լավագույն ֆուտբոլիստների եռյակն այսպիսին է. 1.Կրիշտիանու Ռոնալդու, 2. Ջանլուիջի Բուֆոն, 3. Նեյմար: Լավագույն մարզիչ. 1. Զինեդին Զիդան, 2.Դիեգո Սիմեոնե, 3.Լեոնարդո Ժարդիմ: Ըստ Հենրիխ Մխիթարյանի.  լավագույն ֆուտբոլիստ. 1.Կրիշտիանու Ռոնալդու, 2. Ջանլուիջի Բուֆոն, 3. Նեյմար: Լավագույն մարզիչ. 1. Զինեդին Զիդան, 2.Մասիմիլիանո Ալեգրի, 3.Լեոնարդո Ժարդիմ:

 

Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը պարգևատրվել է «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով

0

 ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երկարամյա աշխատանքի, մասնագիտական բացառիկ կարողությունների և փաստաբանական ինստիտուտում ներդրած ավանդի համար «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով է պարգևատրել փաստաբան Գառնիկ Թուխտարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամները, փաստաբանի ընտանիքի անդամները և փաստաբան գործընկերները: Արա Զոհրաբյանը, շնորհավորելով փաստաբան Գառնիկ Թուխտարյանին շեշտել է, որ Գառնիկ Թուխտարյանը փաստաբանի օրինակելի կերպար է իր զսպվածությամբ, համարձակությամբ, արհեստավարժությամբ և եզակի հռետոր է։ Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը նշել է, որ իր համար պարգևատրումը մեծ պատիվ և միևնույն ժամանակ պատասխանատվություն ներշնչող անակնալ է:

Վերջին չորս տարվա ընթացքում «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով պարգևատրվել է միայն փաստաբան Ռուբեն Սահակյանը։

«JUNWEX Moscow» էքսպոյից ստացված արտահանման պատվերները գերազանցեցին 1 միլիարդ դրամը

0

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի մասնակցությունից հետո Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերությունը կնքել է նոր՝ 480 միլիոն դրամի արտահանման պայմանագիր։ Արտահանումն իրականացվելու է դեպի Ռուսաստան։ Պայմանագրի կնքմամբ, փաստորեն, ոսկերչական ցուցահանդեսի արդյունքում ստացված պատվերների ծավալը գերազանցեց 1 միլիարդ դրամը։ Միայն ցուցահանդեսի օրերին ստորագրվել էին ավելի քան 580 միլիոն դրամի հայկական ոսկերչական իրերի ու զարդերի արտահանման գործարքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Համոզված եմ, հարգորոշման կարգի միասնականացման արդյունքում Ռուսաստանից և ԵԱՏՄ երկրներից հայաստանյան ոսկերչական արտադրանքի պատվերներն էականորեն կմեծանան»,- նշել է ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը համակարգող Վահե Սաֆարյանը։ 

Այս պահին դեպի Ռուսաստան և Ղազախստան ևս 24 միլիոն դրամի ոսկերչական ապրանքների արտահանման բանակցություններ են ընթանում։

Մեքսիկացի պատգամավորներն այցելել են Արցախ

0

 Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների: 

Հայաստանում սկսված վարժանքների ընթացքում գնահատվելու Է ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտունակությունը

0

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է մի շարք ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումը մարտավարական զորավարժությունների ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային, հետախուզական, ինժեներային, կապի ստորաբաժանումների վարժանքները, անօդաչու եւ բանակային օդուժի աջակցությամբ, անցկացվում են «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:

Մարտավարական վարժանքները տեղի են ունենալու ցերեկային ու գիշերային ժամերին՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ: Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա փորձարկվելու Է հետախուզական-կրակային եւ հետախուզական-հարվածային կոնտուրների կիրառման նոր մեթոդիկան:

Զինծառայողները զորավարժությունների ընթացքում նորմատիվներ կհանձնեն մարտավարական պատրաստությունից, մարտական մեքենաների վարումից, հրաձգությունից: Զորամիավորման վաշտային մարտավարական խումբը նաեւ համալիր փորձարկում կանցնի մարտական պատրաստության հիմնական առարկաների գծով, այդ թվում՝ կիրականացնի պայմանական հակառակորդի օբյեկտների հետախուզում եւ հրետանու ու օդուժի կրակի շտկում:

Ընդամենը ստուգմանը ներգրավված են 500-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա, այդ թվում՝ Մի-24Պ, Մի-8Մտ ուղղաթիռներ եւ ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ:

ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

0

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դեռևս 2017թ. օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք՝ իրացնելու նպատակով 0.44 գրամ «Հաշիշի յուղ» և 0.032 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի առթիվ: 

Նախաքննության ընթացքում փաստական որոշ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործությունն առերևույթ կատարվել է նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի կողմից: 

 Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև ելնելով քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝  ՀՀ գլխավոր դատախազի կողմից  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցվել է վերոնշյալ քրեական գործը և հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: 

Նախաքննությունը շարունակվում է:  

Հայաստանի ներկայացուցիչ Միշան «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին կներկայացնի «Բումերանգ» երգը

0

Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան): Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: Երգը կրում է «Բումերանգ» խորագիրը: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ`Միշան մրցութային երգով ևս մեկ անգամ կփորձի բարություն տարածել համայն աշխարհում: Նա վստահ է՝ բումերանգի նման բարությունն ունի մի հատկություն, որը ուշ թե շուտ վերադառնում է մարդուն: «Շատ եմ սիրում այս երգը: Երաժշտությունը մեծ էներգիա ունի, իսկ խոսքերը կարեւոր հաղորդագրություն են պարունակում. այն ինչ անում ենք կյանքում, անպայման վերադառնում է: Ես կոչ եմ անում բոլորին հավատալ իրենց երազանքներին եւ բարի լինել միմյանց նկատմամբ»,-նշում է երգիչը:

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: «Փոքրիկ Ղարաբաղցին» 2016 թվականին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

ԵԱՀԿ-ն Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ դիտարկում կիրականացնի

0

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին,  Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆառելին (Իռլանդիա)։

 Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը

0

Ազգային ժողովը մերժեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 35, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները: «Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելք ու մուտք ունենալ քրեակատարողական հիմնարկ` պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխանցմամբ` ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։ Օրենքի ընդունման արդյունքում ԱԺ պատգամավորների գործունեության առաջ վերոնշյալ ձևով հարուցվող խոչընդոտը կվերացվի, իրավակիրառ պրակտիկայում կվերանա օրենքի տարաբնույթ մեկնաբանության հնարավորությունը, ձերբակալված կամ կալանավորված անձինք իրենց իրավունքները առավել արդյունավետ պաշտպանելու հնարավորություն կունենան։  

Հարակից զեկուցող, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործող պատգամավորի պարտականությունն է տեսնել և ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց սանիտարա-հիգիենիկ պայմանները, դեղորայքի ժամկետայնության, սննդի որակի և այլ խնդիրներ: Նա հավելեց, որ քրեակատարողական հիմնարկում պատգամավորը կկարողանա հաղորդակցվել անձանց հետ, ովքեր կարող են իրենց դժգոհությունները փոխանցել պատգամավորներին, իսկ նրանք, օգտվելով իրենց սահմանադրա-իրավական մոտեցումից, ձեռնամուխ կլինեն նրանց խնդիրները լուծելուն: «Այս նախագծով հիմնական խնդիրը հետևյալն է: Դիցուք, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվում է 1000 կալանավոր և դատապարտյալ: Նրանց մեջ պայմանականորեն կարող են լինել 20-ը, որոնց մասով քննիչն ունի բոլոր տեսակի տեսակցությունները սահմանափակող որոշում: Պարոն Փաշինյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պատգամավորներին թույլ տալ նաև տեսակցել այն անձանց հետ, որոնց մասով քննիչն ունի որոշում»,- ընդգծեց Մախմուդյանը:

Նա հավելեց, որ կիսում  Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը, երբ քրեակատարողական հիմնարկների ղեկավարներն ընդհանրապես արգելում են պատգամավորների մուտքը քրեակատարողական հիմնարկի տարածք միայն նրա համար, որ այնտեղ պահվում են մի քանի կալանավորներ կամ դատապարտյալներ, որոնց նկատմամբ քննիչը տեսակցությունները սահմանափակելու որոշում ունի: Մախմուդյանն ընդգծեց, որ այդ խնդիրը լուծելու համար կարելի է տեսակցությունների սահմանափակում ունեցող անձանց տեղափոխել մի առանձին խուց և պատգամավորին թույլ տալ անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկի տարածք: