Կիրակի, 08. 06. 2025

Դիլիջանի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին

0

Մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ժամանակավորապես դադարեցված Դիլիջան քաղաքի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին ժամը 13:00-ից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Խնդրում ենք բոլոր բաժանորդներին պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ:

Վահրամ Բաղդասարյանն ակնկալում է միջազգային հանրության հասցեական գնահատականներն Ադրբեջանի գործելաոճին

0

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո շփման գծում լարվածությունը սրելու Ադրբեջանի գործելոճին և հասցեական գնահատականներ հնչեցնի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բաղդասայանն ընդգծեց, որ իր հողից դուրս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «շատ բարի է», բայց երբ ոտքը դնում է իր հողի վրա, դառնում է ագրեսոր: «Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս իրադարձություններին: Մենք արդեն իսկ հորդորել ենք և» Մինսկի խմբին, և» միջազգային հանրությանը, որ տրվեն հասցեական գնահատականներ: Մենք այլ ակնկալիքներ չունեինք էլ, որովհետև մեր թշնամին անկանխատեսելի է: Սա էլ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները: Միշտ էլ խախտել է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով հարցին, թե միջազգային հանրության կողմից հասցեական գնահատականներ չկան, իսկ Ադրբեջանն էլ պայմանավորվածությունները չի կատարում, ելքը ո՞րն է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք պետք է կարողանանք հասնել այն բանին, որ  միջազգային կառույցները դեմքով շրջվեն դեպի  իրադարձությունները և կարողանան ճիշտ գնահատական տալ»:

Բաղդասարյանը նաև բացառեց լայնածավալ պատերազմի հնարավորությունը: Նրա խոսքով` Ադրբեջանը գնահատում է իր հնարավորություններն ու ուժերը. ապրիլյան պատերազմը նրանց համար դաս եղավ: Պատգամավորն ընդգծեց, որ  դանդաղ պատերազմն էլ մեզ ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաև Ադրբեջանի ժողովրդին: «Այդտեղ կա զուտ իշխանական շահը, Ալիևի իշխանության շահը, որի համար որևէ գրոշի արժեք չունեն իր զինվորների կորուստները»,- եզրափակեց պատգամավորը:

 

Արամ Հարությունյանը հերքում է Հայաստանից արտագաղթելու մասին խոսակցություևները

0

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը հերքում է տարածված խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է արտագաղթել Հայաստանից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արամ Հարությունյանը հերքեց մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե վաճառում է իր բիզնեսները և պատրաստվում է արտագաղթել:

«Այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց պատգամավորը:

Մամուլում խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախին մարզպետ Արամ Հարությունյանը վաճառում է իրեն պատկանող բիզնեսները և պատրաստվում է լքել Հայաստանը:

Ալիկ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախադրյալներ չի տեսնում

0

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորՀՀ նախին ոստիկանապետ Ալիկ  Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի համար նախադրյալներ չի տեսնում: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բավականին խիստ ելույթը արդյոք չի՞ խոսում այն մասին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է հրաժարական տա, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, ես դրա համար նախադրյալներ չեմ տեսնում և չեմ կարծում, որ Նախագահի ելույթը վերաբերում էր Վլադիմիր Գասպարյանի հրաժարականին»:

ՀՀ նախկին ոստիկանապետն ընդգծեց, որ  ՀՀ նախագահն այդ ելույթում ի ցույց է դրել առկա թերությունները, նախազգուշացրել, որպեսզի ոստիկանությունը իր հետագա գործունեության ընթացքում հաշվի առնի դիտողությունները և այդ թերությունները հասցնի գոնե նվազագույնի:

Անդրադառնալով զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ ոստիկանության պայքարի արդյունավետության վերաբերյալ ՀՀ նախագահի դիտողություններին՝ Ալիկ Սարգսյանն ընդգծեց, որ այդ հարցում ոստիկանության լիազորությունները սահմանափակ են: «Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պետք է ավելի արդյունավետ պայքար տանել, և այս զգուշավորությամբ, որն ունի ոստիկանությունը, պայքարելը արդյունավետ չէ։ Ոստիկանությանը բերել են այն վիճակին, որ չի կարելի ստուգել, չի կարելի ինֆորմացիա ստանալուց հետո ստուգել։ Ուստի ոստիկանությունը, կամա թե ակամա, որդեգրել է զգուշավորության քաղաքականություն, որովհետև եթե ստուգեն ու զենք չհայտնաբերեն, շատ ոստիկաններ կազատվեն աշխատանքից կամ նրանց նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի: Ես կարծում եմ, որ այս հարցում ոստիկանության լիազորությունները պետք է ավելացվեն», – հավելեց Ալիկ Սարգսյանը։

Ալիկ Սարգսյանը խնդրեց վերհիշել, թե երբ է վերջին անգամ ոստիկանությունը գիշերային ստուգայց իրականացրել ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու համար՝ շեշտելով, որ բավականին երկար ժամանակ չի եղել նման դեպք, ուստի նման պայմաններում պայքարը չի կարող արդյունավետ լինել:

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, սպասվում են տեղումներ

0

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հղում կատարելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, և հոկտեմբերի 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հոկտեմբերի 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպել

0

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի Պոտսդամ քաղաքի իշխանությունների նախաձեռնությամբ Ռեֆորմացիայի 500-ամյակի շրջանակներում Պոտսդամի Սուրբ Նիկոլայ եկեղեցում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որտեղ հոգևոր և աշխարհիկ երգացանկով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Բրանդենբուրգ երկրամասի մշակութային նախաձեռնությունների խորհրդի փոխնախագահ Թ. Յանսը: Ներկաներին ողջունեցին Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ ընդգծելով դրանց դերը հայ հոգևոր-մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհում տարածելու գործում:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀԱԵ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը, հոգևոր հայրեր, հայ համայնքի, քաղաքային իշխանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Գեղարդ» երգչախմբի երգացանկը ներառում էր 5-15-րդ դարերի հայկական հոգևոր և աշխարհիկ  երգեր, ինչպես նաև հայ և եվրոպական դասական ու ժամանակակից երգահանների  ստեղծագործություններ: 

Պրոֆեսոր Քիլաջյանը ցանկություն է հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը

0

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Փարիզի Saint Louis հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների, ամերիկյան, ֆրանսիական ու եվրոպական արյունաբանների ասոցիացիայի միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ղեկավար, պրոֆեսոր Ժան Ժակ Քիլաջյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Պրոֆեսոր Քիլաջյանը հակիրճ ներկայացրել է մասնագիտական իր մոտեցումները և ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը, աջակցելու արյունաբանական կենտրոնում Փարիզի Saint Louis հիվանդանոցում կիրառվող չափորոշիչների ներդրման հարցում:

Նախարարը ողջունել է առաջարկը և դրական գնահատել հայ անվանի մասնագետների ներգրավումը ոլորտի զարգացման գործում:

Արցախի Մարտունի քաղաքը կհամախմբի նռան սիրահարներին. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ կանցկացվի Նռան փառատոն

0

Արցախի Մարտունի քաղաքում առաջին անգամ կանցկացվի Նռան փառատոն: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, 25 առանձին տաղավարներով նռան այգիներ ունեցող գյուղատնտեսները կներկայացնեն իրենց արտադրանքը: Առանձին տաղավարներով կմասնակցեն նաև մոտակա համայնքների գյուղացիները` ներկայացնելով իրենց բերքն ու բարիքը:

«Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է նռան, ինչպես նաև նռան օշարակի, գինու, հյութի ներկայացում և վաճառք: Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավորություն կընձեռվի նռան մշակմամբ և վերամշակմամբ զբաղվողներին կազմակերպել իրենց արտադրության իրացումը, կատարել փորձի փոխանակում»,-ասաց Մհեր Խաչատրյանը: Նռան մշակմամբ զբաղվողներին աջակցելուց բացի, այս փառատոնը զբոսաշրջային նշանակություն ունի: Քաղաքապետի խոսքով, այս միջոցառմամբ առիթ կստեղծվի ոչ միայն գալ մասնակցել փառատոնին, համտեսել արցախյան բերքն ու բարիքը, այլև այցելել մոտակա գեղատեսիլ վայրերը:

Փառատոնն ուղեկցվելու է մշակութային միջոցառմամբ: Նախատեսված է համերգ, կլինեն ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Մհեր Խաչատրյանը, չբացելով փակագծերը, նշեց, որ լինելու են բազմաթիվ անակնկալներ:

Մարտունու քաղաքապետն ընդգծեց, որ նպատակ ունեն այս փառատոնը դարձնել ամենամյա: Առաջիկայում նախատեսում են ակտիվ աշխատել զբոսաշրջային կազմակերպությունների հետ:

Մանվել Գրիգորյանին չի զարմացրել նախագահների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի պահվածքը

0

 

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին չի զարմացրել Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծում լարվածություն առաջացնելու գործելաոճը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշեց, որ առաջին անգամը չէ, երբ նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Նախագահները բազմաթիվ անգամներ հանդիպել են, բայց տեսել ենք, որ այդ հանդիպումներից  հետո անընդհատ նույն բանն է կրկնվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գրիգորյանը:

ԵԿՄ նախագահը լավատեսորեն չի տրամադրված Ադրբեջանի կողմից ապակառուցողական գործելաոճը փոխելու հարցում: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շարունակելու է գնալ շփման գծում լարվածությունը սրելու ճանապարհով:

 

ԱԺ-ն մերժեց մեղադրյալի և կասկածյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու մասին նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը

0

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց քրեական գործով անցնող կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու մասին օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստերի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու մասին հարցին կողմ քվեարկեց 34, դեմ՝ 51, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ մեղադրյալի և կասկածյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու դրույթը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է: «Ես հիշեցնեմ նաև, որ Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ խոշտանգումների կանխարգելման և արդար դատավարություն իրականացնելու որոշում է կայացրել, որտեղ հստակ արձանագրվում է, որ կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունները տեղի են ունենում կոպտագույն խախտումներով: Հիմա ի՞նչն է խանգարում, որ մենք քննարկման առարկա դարձնենք այս հարցը: Խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ չենթարկվել կառավարության մոտեցմանը»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ընդգծեց Զոհրաբյանը:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը նշեց, որ հասկանում է նախագծի նպատակը՝ մեղադրյալի և կասկածյալի հարցաքննության տեսաձայնագրությունն է: «Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ միայն մեղադրյալի և կասկածյալի: Ապացուցողական բազայի 90 տոկոսը ձևավորում են վկաներն ու տուժողները: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ պատշաճ ապացուցողական բազա ձևավորվի առանց խոշտանգումների կամ այլ միջամտությունների, թող տեսաձայնագրվեն և՛ տուժողների, և՛ վկաների, և՛ կասկածյալների և՛ մեղադրյալների հարցաքննությունները: Խնդիրն այն է, որ տեսաձայնագրությունը, որպես ապացույց, օգտագործելն ինքնին կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին: Այսինքն՝ այն սուբյեկտը, ով նախաքննության սկզբնական փուլում տեսաձայնագրությամբ ցուցմունք է տվել, նախաքննության հետագա փուլերում կաշկանդված է լինելու սկզբնական փուլում իր իսկ տված ցուցմունքներով»,- ասաց Կոստանյանը:

Նա հավելեց, որ շատ երկրներ սկսել են հրաժարվել ցուցմունքների տեսաձայնագրություններից, քանի որ այդ նույն ճնշումները, որոնք գործադրվում են ցուցմունք վերցնելու համար, մինչև տեսաձայնագրությունն են կիրառվում: «Ցուցմունքը տեսաձայնագրելը քրեադատավարական տեսանկյունից չի համարվում արդյունավետ միջոց»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը: