Կիրակի, 08. 06. 2025

Ամերիաբանկը ՓՄՁ-ների և հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկով է հանդես գալիս

0

Ամերիաբանկը ՓՄՁ-ների և ֆիզիկական անձանց համար մինչև տարեվերջ գործող վարկավորման հատուկ առաջարկներով է հանդես գալիս: Լրագրողների հետ հանդիպմանը Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրեց վարկային նոր արշավի մանրամասները: Նրա խոսքով` 2017-ի առաջին ինն ամիսներին մակրոտնտեսական երկու հիմնական պարամետրերի` փոխարժեքի (համեմատաբար կայուն ժամանակաշրջան)  ու տոկոսադրույքի (նվազման միտում) հետ կապված իրավիճակը նախադրյալներ է ստեղծել ակտիվ տնտեսական գործունեության ու տնտեսական աճի համար: «Այդ համատեքստում մենք վերանայել ենք վարկային մեր տոկոսադրույքները մի փոքր այլ մոտեցմամբ: Ոչ թե գնացել ենք տոկոսադրույքների պարզ նվազեցման ճանապարհով, այլ դրանց մակարդակը կապել ենք հաճախորդի ռիսկայնության հետ: Եվ երկու արշավները, մի դեպքում ՓՄՁ-ների, մյուս դեպքում հիփոթեքային վարկերը ֆիզիկական անձանց համար, ներկայում ուժի մեջ են ու մինչև տարեվերջ ուժի մեջ են լինելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արման Բարսեղյանը: 

Ինչպես տեղեկացրեց բանկի ներկայացուցիչը, իրենք առանձնացրել են երեք պարամետր (եկամտի չափ, վարկ/գրավ հարաբերակցություն և վարկավորման ժամկետ), որի հիման, գնահատելով ռիսկը, դուրս է բերվում համապատասխան տոկոսադրույքը:  Հետևաբար, այն հաճախորդները, որոնք այդ երեք պարամետրերով կհամարվեն ցածր ռիսկային, կստանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր: Բարձր ռիսկայնությանն էլ կհամապատասխանեն ավելի բարձր տոկոսադրույքով վարկեր: «Այս մոտեցման ամենակարևոր հանգամանքն այն է, որ պահպանում ենք արդարության, իսկ բանկի տեսանկյունից` ռիսկի և հատույցի համարժեքության սկզբունքը»,-նշեց Արման Բարսեղյանը:

 Վարկային առաջարկները գործում են երեք արժույթների դեպքում էլ: Սակայն, ինչպես Արման Բարսեղյանն ասաց, իրենք խրախուսում են հայրենական արժույթով վարկավորումը: «Արշավի շրջանակներում համադրելով ներկայացված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել ՀՀ դրամի դեպքում անգամ 10.5 տոկոսով, ԱՄՆ դոլարի դեպքում` 6.5, եվրոյի դեպքում`5 տոկոսով: Ֆիզիկական անձանց դեպքում ՀՀ դրամով վարկերը կարող են սկսվել ընդհուպ մինչև 10 տոկոսից, ԱՄՆ դոլարով` 7 տոկոսից, եվրոյի դեպքում` 5 տոկոսից»,-նշեց Ամերիաբանկի ներկայացուցիչը: 

Ինչ վերաբերում է վարկերի առավելագույն չափին, ապա Արման Բարսեղյանի խոսքով, եթե հաճախորդի վարկունակությունն ու վճարունակությունը բավարար է, իրենք պատրաստ են դիտարկել ցանկացած արժողության վարկի տրամադրման հարցը: «Բայց օրինակ բոլորս էլ հասկանում ենք, որ ՓՄՁ վարկերի դեպքում մեր բանկի պարագայում խոսքը գնում է ոչ ավելի, քան 300 հազար դոլար արժողությամբ վարկերի մասին»,-ավելացրեց նա:

Հաշվի առնելով հանրության շրջանում վարկային նոր առաջարկների նկատմամբ հետաքրքրությունն ու կարևորությունը` Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 26-ին`ժամը 20:00-21:00-ը, կկազմակերպվի հարց ու պատասխան: Այս թեմային վերաբերող բոլոր հարցերին կպատասխանի Ամերիաբանկի Մանրածախ վարկավորման վարչության ղեկավար Իրինա Աբրահամյանը:

 

Տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ՏԻՄ-երի աշխատանքի թափանցիկությանը

0

Տեղական ինքնակառավարման համակարգում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ՏԻՄ-երի թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացմանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երևանում մեկնարկել է «Նորարարությունները և տարածքային զարգացումը որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը համաժողովի ընթացքում շնորհակալություն հայտնելով գործընկերներին արդեն երկու իրար հաջորդող տարիներին CORLEAP-ի կոնֆերանսը  Հայաստանում կազմակերպելու համար՝ նշեց, որ  այն լուրջ ոգևորություն է առաջ բերում Հայաստանի համայնքներում:

«Կարծում եմ, Արևելյան գործընկերության լավագույն ձևաչափերից մեկն է, որը շատ ինտենսիվ նպաստում է մեր երկրում տարածքային և համայնքային գործընթացին: Մենք Հայաստանի Հանրապետությունում տեղական և տարածքային մարմիններում իրականացնում ենք խոշորածավալ բարեփոխումներ և այդ բարեփոխումներում մեր կողքին կանգնած են Եվրամիության մեր գործընկերները: Մենք այսօր խոշորածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Արդեն 1 շաբաթից մեր երկրում շուրջ 350  համայնքում ընթանալու են ընտրություններ, որի արդյունքում կառավարման օպտիմալացման փոփոխություն ենք իրականացնելու համայնքներում և ունենալու ենք միավորված համայնքներ: Դրանք իրենց գործառույթները կանոնակարգելու են, օպտիմալացնելու եկամուտներն ու ծախսերը, բերելու են այնպիսի վիճակի, որը ծառայությունների մատուցման նոր հնարավորություն է  ապահովելու բնակիչների համար»,- ընդգծեց Լոքյանը և նշեց, որ այս պրոցեսում, բացի Եվրամիությունից, իրենց կողքին է նաև ԱՄՆ ՄԶԳ-ն, որն, իր կարծիքով, ամենակարևոր, ամենալուրջ դերակատարումն  ունի այս բարեփոխումների ողջ ընթացքում:

Նախարարի խոսքով՝ այս կոնֆերանսով սկիզբ է դրվում մի շատ կարևոր պրոցեսի, որը Եվրամիության շատ երկրներ անցել են, բայց ժամանակն է, որ Հայաստանը նույնպես իր տեղական իշխանություններում ունենա էլեկտրոնային կառավարում:

«Բոլորիս համար հասկանալի է, որ այն ձևով, որով մենք մինչ այժմ աշխատել ենք, դրանք փոքր արդյունավետություն ունեն, և ինֆորմացիայի ցանկացած բլոկ դժվար  հասանելի է և՛ բարձրագույն իշխանությունների, և՛ հասարակության համար,  և՛ համայնքի բնակիչների համար: Էլեկտրոնային կառավարումն այսօր դառնում է մեր կառավարության հիմնական նպատակներից մեկը: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք տեղական ինքնակառավարման համակարգում ունենանք ժամանակակից տեխնոլոգիայով ապահովված կենտրոններ, որոնք առցանց կհեռարձակեն ամբողջ ինֆորմացիան, որը կա համայնքում՝ սկսած ավագանու նիստերից, ընդունված որոշումներից և վերջացրած նրանով, թե տվյալ պահին համայնքում ինչպիսի իրավիճակ է տիրում: Այժմ մենք որոշում ենք ընդունել, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում պետք է հասնենք շատ բարձր մակարդակի՝ մեր համայնքներում ունենալով լավ համակարգեր»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Նա նշեց մի ուրախացնող հանգամանք՝ իրենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, սկսել են մի գործընթաց, որով համայնքներում ստեղծվելու են սոցիալական ծառայությունների օղակներ: Դրանք իրենցից ենթադրում են ամբողջական օղակներ, որոնք շատ կարճ ժամանակից հետո փոխանցվելու են համայնքներին, որպեսզի համայնքն ինքը կառավարի և ինքը  աշխատի:

«Շուրջ երկու տասնյակի չափով այդպիսի կենտրոնների աշխատանքները սկսված են, վերջին մի քանի օրում մենք լրացուցիչ ևս 23 այդպիսի կենտրոններ ստեղծելու խնդիր ենք լուծել երկրում: Կարծում եմ, որ այդ կենտրոնները փոխանցվելով համայնքներին, միանալու են մեր համայնքային ինֆորմացիոն կենտրոններին, և այս պրոցեսը դառնալու է մեկ ամբողջություն տեղական և տարածքային խնդիրների լուծումը հեշտացնելու համար»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր  Սվիտալսկին իր հերթին շեշտեց, որ համաժողովը վկայում է այն մասին, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ մասնակցություն ունի:

«Հայաստանում նման համաժողովների անցկացումը շատ կարևոր է: Մենք հավատում ենք, որ Արևելյան գործընկերությունը  Բրյուսելում կայանալիք հաջորդ գագաթնաժողովի ժամանակ նոր որակների կարող է հասնել: Գործիքներից մեկը, որը կօգնի արևելյան գործընկերությանը նոր թեմատիկայով լցվել մինչև 2020 թվականը արդյունքների հասնելու երևույթն է: Դրանք ներառում են գործողությունների լայն շրջանակ` արևելյան գործընկերության 4 հիմնական հենասյուները: Բոլոր այս նպատակները ենթադրում են բոլոր շահառուների ակտիվ մասնակցություն` ներառյալ տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, քանի որ ռեգիոնալ և տեղական իշխանությունները ամենամոտն են կանգնած մարդկանց առօրյա խնդիրներին: Մենք հավատում ենք , որ Բրյուսելում կայանալիք հաջորդ գագաթնաժողովին CORLEAP-ի դերն անչափ կարևոր կլինի: Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների առումով մի շարք կարևոր քայլեր են արվել՝ տարածքային զարգացման ռազմավարությունն է մշակվել, համայնքային կենտրոնների բացման գործընթացն է իրականացվում, ինչպես նաև տեղական զարգացման ռազմավարություններ են մշակվում և ընդունվում»,- ասաց Սվիտալսկին:

Նրա պնդմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանում կարող են ավելի հզոր լինել, ավելի շատ պատասխանատվություն ունենալ ու ավելի շատ ռեսուրսներ կառավարել: ԵՄ-ն փորձում է հնարավորինս աջակցել ՏԻՄ  հզորացմանը տարբեր միջոցներով, դրանցից մեկը, իհարկե, փորձի փոխանակումն է:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը, որը ներառում է մի քանի տեղական համայնքներ, կոնկրետ գաղափարներ և ծրագրեր  է ներառում: Արդեն սկսվել է պիլոտային ծրագիրը: Ես բավականին լավատես եմ : Մենք Շատ կարևոր հարցեր ենք այստեղ քննարկելու, որոնք կապված են տեղական ինքնակառավարման մարմինների  դերի տնտեսական զարգացման խթանման գործի հետ: Սա շատ կարևոր հարց է արևելյան ընկերակցության բոլոր երկրների համար:  ԵՄ–ում մենք կարող ենք հպարտորեն նշել, որ երկու կարևոր նախաձեռնություն դարձել են հաջողության պատմություններ.  քաղաքապետերի կոնվենցիան և հիմա արդեն Արևելյան գործընկերությունում երեք քաղաքներից մեկը ներառված է դրանում: Հայաստանում 17 մասնակից ունենք այս նախաձեռնությանը, որը կապված է  կայուն էներգետիկայի գործողություններին, որի մեջ ընդգրկված են կես միլիոն ՀՀ քաղաքացի: Տարածաշրջաններում հաջող կերպով իրականացվում են էներգետիկայի կայուն ծրագրեր: Դեռևս մենք առաջարկներ ընդունում ենք 10-միլիոնանոց  ծրագրի համար: Այս առաջարկների հրավերը նպաստում է էներգետիկայի արդյունավետության հետ կապված 20 նպատակներին»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Գդանսկի քաղաքապետՌեգիոնների եվրոպական կոմիտեի և CORLEAP-ի անդամ Պավել Ադամովիչը հետաքրքիր քննարկման ակնկալիքով տեղեկացրեց, որ CORLEAP-ի մեսիջն է տեղական ժողովրդավարության ու բնակչության և տեղական իշխանությունների համագործակցության մակարդակի բարձրացումը և ապակենտրոնացման օրակարգի ձևավորումը:

Ապօրինի ծառահատումների և պաշտոնեական անփութության փաստով ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել

0

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ  է հարուցվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում հայտնաբերել են ինքնությունը չպարզված անձի/անձանց կողմից թվով 332 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք: Նույն օրը կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին: 

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ինքնությունը չպարզված անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել են թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր, որը, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն, առաջացրել է առանձնապես խոշոր՝ 25.444.500 ՀՀ դրամի վնաս: 

Պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումների հետևանքով բնությանը և պետությանը խոշոր վնասը պատճառվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց վրա դրված անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում անտառների պահպանության և պաշտպանության վիճակը պարբերաբար հսկելու, իրենց իրավասության սահմաններում անտառային օրենսդրության խախտումները կանխելու, նմանատիպ խախտումների մասին արձանագրություններ կազմելու և այլ պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով:   

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծառերի ապօրինի հատմամբ առանձնապես խոշոր վնաս առաջացնելու և պաշտոնեական անփութության հատկանիշներ՝ փաստի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: 

Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու համար. Նալբանդյան

0

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին և նրա թիմին այս համաժողովի կազմակերպման համար։

Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի և Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, և վերջին զարգացումները կրկին անգամ ապացուցում են այս իրողությունը։ Միգրանտների և փախստականների աննախադեպ մեծ արտահոսքը Միջերկրածովյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից, հատկապես Սիրիայից և Իրաքից, տարածաշրջանային սերտ համագործակցության անհրաժեշտություն են առաջացնում՝ ուղղված անվտանգության հետ կապված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են, ի թիվս այլոց, ահաբեկչության դեմ պայքարը, թրաֆիքինգի կանխարգելումը, փախստականների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը և այլն։

Միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 փախստականների` այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա մի շարք խնդիրների առջև կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։ Սիրիահայ փախստականներից շատերը ժառանգներ են նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան էին գտել Սիրիայում: Հարյուր տարի անց նրանք կրկին ստիպված են թողնել իրենց բնակության վայրերը: Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների:

Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Փախստականներին տրամադրվում է լայն աջակցություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կացության իրավունքի ստացման արագացված գործընթացը, քաղաքացիության ընդունման դյուրացումը, բուժօգնությունը, կեցության հասանելիությունը, կրթաթոշակները, պարզեցված ընդունելությունը կրթական հաստատություններում և մուտքը աշխատաշուկա, ճկուն հարկման մեխանիզմները և գրավիչ գործարար միջավայրը: Շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված որոշակի միջազգային աջակցության համար և ակնկալում ենք այս առումով շարունակական համագործակցություն:

Հայաստանը նաև փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը, չնայած բարդ պայմաններին, երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը:

Անկասկած, միգրանտների և փախստականների մեծ հոսքերին համապարփակ արձագանքելու համար անհրաժեշտ է պայքարել այս երևույթի սկզբնաղբյուրների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը և ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունները: Հայաստանը ԵԱՀԿ-ում առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց այս հարցը և հանդես եկավ այս առնչությամբ ԵԱՀԿ հանձնառություններն ամրապնդելու նախաձեռնությամբ: Ահաբեկչության վերաբերյալ Համբուրգի նախարարական հռչակագրում ամրագրված ԵԱՀԿ հանձնառություններից են անհատների և համայնքների, ներառյալ կրոնական հողի վրա իրականացվող, հալածանքների դատապարտումը, ահաբեկչական գործողությունների մասնակիցներին պատասխանատվության ենթարկելը, օտար վարձկանների, զենքերի և ահաբեկչական գործունեության հետ կապված ֆինանսների անդրսահմանային տեղաշարժի կանխարգելումը: Համոզված ենք, որ այս ուղղությամբ ԵԱՀԿ ջանքերը պետք է շարունակվեն:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ ս.թ. նոյեմբերի 22-ին Երևանում կայանալու է «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը: Միջերկրածովյան մեր գործընկերներին ենք հրավիրում նաև մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Միջերկրական ծովը պատմականորեն հանդիսացել է ոչ թե Եվրոպան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը բաժանող բնական պատնեշ, այլ իր հյուրընկալ ափերին ծաղկող բազմաթիվ քաղաքակրթությունները, այդ թվում՝ հայկականը, միմյանց կապող կամուրջ: Մեր խորին համոզմունքն է, որ այս ավանդույթները պետք է առավել ամրապնդվեն»: 

Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարները փորձարկեցին Երեւան- Գյումրի էլեկտրագնացքը

0

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարներ Մաքսիմ Սոկոլովն ու Վահան Մարտիրոսյանը փորձարկեցին Ռուսաստանից բերված նոր էլեկտրագնացքը, որը նախատեսված է շահագործման Երեւան-Գյումրի ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գնացքը փորձարկման փուլում է, որպեսզի հասկանալի լինի, թե ռելիեֆային պայմաններում ինչ խնդիրներ կառաջանան եւ արդյոք գնացքի մոդեռնիզացման կարիք կլինի՞:

«Շնորհավորում եմ բոլորիս նման էլեկտրագնացք ունենալու կապակցությամբ: Իհարկե, ընտրված է Երեւան-Գյումրի ուղղությունը, որովհետեւ ուղեւորափոխադրումների մեծ մասն այսօր իրականացվում է դեպի Գյումրի:  Բացի դրանից, Կառավարությունը ծրագիր ունի՝ կապված Գյումրիում զբոսաշրջության զարգացման հետ: Մենք հայտարարել էինք, որ այն կսկսի գործել փետրվարին, սակայն հուսանք, որ դա տեղի կունենա ավելի շուտ»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Անդրադառնալով գնային քաղաքականությանը՝ նախարարը նշեց, որ այն լինելու է  ճկուն:

«Ինչպես տեսնում ենք, երկու վագոններում տարբեր կարգեր են, այսինքն՝ համապատասխանաբար տարբեր գներ կլինեն»-ընդգծեց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կրճատվելու է նաեւ երթևեկության տեւողությունը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն իր հերթին ասաց, որ գնացքը բավականին հարմարավետ է, համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին:

«Այս տարվա ամռանը, Հայաստան այց էր կատարել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը: Այդ այցի շրջանակում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել էր «Հարավկովկասյան երկաթուղու» շարժակազմի արդիականացման հարցը: Դրանից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը զանգահարեց ինձ եւ խնդրեց արագացնել խնդրի լուծման գործընթացը: Ինչպես տեսնում եք, էլեկտրագնացքը Հայաստանում է, այդ կապակցությամբ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկաթուղայիններին: Շնորհակալություն եմ հայտնում թիմային աշխատանքի համար: Նշեմ, որ կոնսեսիոն կառավարման տարիների ընթացքում ներդրումների հիմնական մասը կատարվել է երկաթգծերի վերակառուցման, կայարանների արդիականացման, նոր շարժակազմի ձեռք բերման ուղղությամբ»,-նշեց նա:

Ռուսաստանից բերված նոր գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, կահավորված է հարմարավետ աթոռներով: Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղեւորների համար։

 

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրգործի նախաքննությունը

0

Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն հիմնարկի դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, վերջինիս հարազատներից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Բացի այդ, Վ. Ախոյանը դատապարտյալի հարազատներին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին, ինչպես նաև փորձել է խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակել, սակայն նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հրազդան» ՔԿՀ օպերատիվ խմբի ղեկավար Վ. Ախոյանը խարդախության համար 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` նույն հիմնարկում պատիժ կրող Ալեն Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքեր ստեղծելու, մասնավորապես, չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու համար դատապարտյալի կնոջից ու մորից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք: Կաշառքի գումարը ստանալուց հետո Վ. Ախոյանի միջնորդությամբ Ա. Մանուկյանը ներգրավվել է «Հրազդան»  քրեակատարողական հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում:

Բացի այդ, Վ. Ախոյանը նույն դատապարտյալին, իբր, 2015 թվականին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կեղծ խոստումներ տալով, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Մանուկյանի հարազատներին դրդել է իր միջոցով 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր հետ անհրաժեշտ կապեր ունեցող պաշտոնատար անձին: Կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո դատապարտյալի մայրն իր ծանոթի միջոցով Վ. Ախոյանին է փոխանցել նրա պահանջած 50.000 ԱՄՆ դոլար գումարից 700 ԱՄՆ դոլարը, որը, սակայն, ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը որևէ պաշտոնատար անձի չի տվել, այլ խաբեությամբ հափշտակել է այն: Վ. Ախոյանի պահանջած գումարի մնացած մասը դատապարտյալի մայրը հետագայում հրաժարվել է տալ, ուստի Վ. Ախոյանի` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վահե Ախոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ  նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված  կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված Վարշավայում ծառատունկ է անցկացվել

0

Վարշավայի քաղաքապետարանը և Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծ արքայի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի առթիվ Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմակերպել էին ծառատունկ, որի ժամանակ տնկվեց 650 ծառ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման պաշտոնական մասում ողջույնի խոսքով հանդես եկան Վարշավայի քաղաքապետի տեղակալ Միխալ Օլշչևսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Վարշավայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության տնօրեն Լեշչեկ Դրոգոշչը:

Իր խոսքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վարշավայի քաղաքապետարանին ամեն տարի իրականացվող խոշոր բնապահպանական այս նախաձեռնությանը մասնակցության հնարավորության համար: Էդգար Ղազարյանը նշեց, որ Լեհաստանի պատմության ընթացքում հայերը միշտ էլ ունեցել են դրական դերակատարություն, ինչն արձանագրվեց նաև հոկտեմբերի 19-ին ԼՀ Սենատի հատուկ բանաձևով: Դեսպանի խոսքով, ապրելով Լեհաստանում, հայերն այս հասարակության մասն են կազմում և ներքին պարտավորություն են զգում մասնակից լինելու տարբեր սոցիալական ծրագրերին և նախաձեռնություններին:

Ծառատունկին մասնակցում էին նաև Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վարշավայի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Վարշավայում բնակվող մեծ թվով հայեր:

Ծառատունկի ավարտն ազդարարվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ վարդապետ Ծատուրյանի կողմից հնչեցված աղոթքով և օրհնությամբ: 

Թվայնացման շնորհիվ Մխիթարյան միաբանության ժառանգությունն ավելի լավ կպահպանվի և կուսումնասիրվի

0

Մխիթարյան միաբանությունում տեղի են ունենում մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքներ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ին «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Թվայնացման աշխատանքներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Կարծում եմ` թվայնացնելով դրանք, կարելի է փրկել խունացումից, նաև ավելի հեշտությամբ տեղափոխել Հայաստան` Մատենադարան և կատարել աշխատանքներ»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Մխիթարյան միաբանությունում կուտակված է մեծ ժառանգություն՝  հատկապես ձեռագիր մատյանների տեսքով: Նախարարի կարծիքով՝ մոտ 5000 օրինակ ձեռագիր մատյանների ուսումնասիրությունն ու տպագրությունը ներկայումս շատ կարևոր է: Ամեն օր միաբանություն են այցելում զբոսաշրջիկներ, ծանոթանում նյութերին: Իսկ այնտեղ հավաքված նյութերը ոչ միայն հայկական, այլ նաև համամարդկային նշանակություն ունեցող արժեքներ են:

Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարին և ԺՀՄԻԳ տնօրենին

0

Աշխատանքային այցով Պալերմո ժամանած Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նախագահող Ավստրիայի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ գլխավոր քարտուղար Միքայել Լինհարտին և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքնեի գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։

Զրուցակիցները քննարկեցին նոյեմբերին Երևանում կայանալիք «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հանցանքների կանխարգելում ու հակազդեցություն» խորագրով ԵԱՀԿ համաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր։

Օրակարգում էին նաև դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովին առնչվող հարցեր։  

Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված գիտաժողովում կվերլուծեն սուրբ Ղազար կղզում ստեղծված հսկայածավալ ժառանգությունը

0

«Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովում ըստ ուղղությունների կվերլուծեն միաբանության թողած հսկայածավալ ժառանգությունը:  «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում  հոկտեմբերի 24-ին կայացած երկօրյա գիտաժողովի բացմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մխիթարյան միաբանությունում կուտակված են գիտական, կրթական, մշակութային հսկայածավալ նյութեր: Գումարելով այս համաժողովը` մենք փորձելու ենք ըստ ուղղությունների որոշակիորեն վերլուծել այն գիտական ժառանգությունը, որ թողել են Մխիթարյան հայրերը: Ուղղություններից առաջինը լեզվագիտության, բանասիրության ոլորտն է: Ամենաանաղարտ արևմտահայերենը պահպանել և զարգացրել են Մխիթարյան հայրերը»,-ասաց նախարարը:

Երկրորդ ուղղությունը պատմությունն է: Պատմական խոր վերլուծություններ են կատարել Մխիթարյանները:

Երրորդ ուղղությունը մշակույթն է: Մշակույթը եղել է Մխիթարյանների գլխավոր զենքը, որի միջոցով նրանք ներթափանցել են Եվրոպա:

«Կարևոր են նաև տասնյակ հատորներ թողած հետազոտողների ուսումնասիրությունները: Ունենք բազմաթիվ նյութեր, որոնք դեռ չի ուսումնասիրել ոչ մի գիտնական»,-նկատեց Հրանուշ Հակոբյանն ու ընդգծեց` անհրաժեշտ է տասնյակ նման գիտաժողովներ գումարել:

«Սուրբ Ղազար կղզին հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունի Մխիթարյան միաբանության շնորհիվ: Միաբանությունն իր գործունեությունը ծավալում է գրեթե բոլոր հայկական գաղթօջախներում: Երջանիկ և երախտապարտ եմ, որ Մայրավանքի հիմնադրման տարելիցի արարողությունը մեծ շուքով տոնվում է Հայաստանում պետական լայն մասնակցությամբ»,-ասաց Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքԶեքիյանն ու հավելեց՝ հոբելյանական տարում իրենց առաքելությունը մեծ ժառանգությունն ըստ արժանվույն պահպանելն է:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Մխիթարյան միաբանությունը սխրանք է գործել և սերունդներին փոխանցել է հայ ժողովրդի մշակույթի, պատմության արդյունքները, ինչպես նաև հարստացրել դրանք:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շեշտեց այն հանգամանքը, որ չկա մի ոլորտ, որտեղ Մխիթարյաններն իրենց խոսքն ասած չլինեն:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան գիտական կառույցների ներկայացուցիչներ: