Երկուշաբթի, 09. 06. 2025

«Նուբարաշեն» ՔԿ-ում դատապարտյալին այցելած մոր մոտից արգելված նյութեր են հայտնաբերվել

0

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, կալանավորված  Ա. Ն.-ին տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերվել են նշագրիչներ, որոնց միջից  հայտնաբերել և առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված և 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր` 7,2 գրամ ընդհանուր քաշով: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Սպաները հնարավորություն կունենան օգտվել մատչելի պայմաններով հիփոթեքային ծրագրից

0

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով հայկական զինված ուժերում ծառայող սպաները ծառայության ընթացքում մեկ անգամ կկարողանան օգտվել Հայաստանում գործող հիփոթեքային բոլոր առաջարկներից շատ ավելի լավ պայմաններով հիփոթեքային ծրագրից: Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այստեղ հաշվարկն այնպիսին է, որ սպան ծրագրից օգտվելու դեպքում միայն մայր գումարն է մարելու, որովհետև տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից և եկամտահարկի վերադարձի միջոցով: Սպան 20 տարվա ընթացքում մարելու է միայն մայր գումարը, ընդ որում՝ մայր գումարի միայն 90 տոկոսը, որովհետև 10 տոկոս կանխավճարը հատուցելու է պաշտպանության նախարարությունը՝ իր ելքային նպաստի հաշվին»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ պարզաբանեց նախարարը:

Նա հավելեց, որ սա մինչև հիմա ամենամատչելի հիփոթեքային ծրագիրն է, որը երաշխավորելու է, որ ծրագրին միանալու երրորդ-չորրորդ տարում սպան արդեն ունենալու է բնակարան և կարողանալու է այն լիարժեք տնօրինել: «Եթե սպան այլ վայրում է ծառայում, կարող է այդ բնակարանը վարձով տրամադրել և այդ գումարով մարել վարկի մայր գումարը: Իսկապես, շատ գրավիչ պայմաններ ենք առաջարկում»,- ասաց նախարարը:

Թուրքիայի իշխանությունները հետաքրքրված են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններով. Ստամբուլի նահանգապետ

0

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Նահանգապետը ներկաների հետ մտքեր է փոխանակել պատրիարքական ընտրության կապակցությամբ վերջին զարգացումների շուրջ, լսել հայկական համայնքի ներկայացուցիչներին և փոխանցել պետության նկատառումները պատրիարքական ընտրությունների վերաբերյալ:

Վասիփ Շահինը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են պատրիարքական ընտրություններով՝ խնդրելով փոխանցել համայնքին, որ այդ ուղղությամբ մտահոգվելու կարիք չկա:

 

Դահուկորդներն ուսումնամարզական հավաքի են մեկնել Ֆինլանդիա

0

Հայաստանի դահուկասահքի հավաքականի անդամները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ֆինլանդիայում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը սկսված է: 5 մարզիկ մեկնել են ուսումնամարզական հավաքի Ֆինլանդիա, որից հետո արդեն կսկսենք մասնակցել վարկանիշային մրցաշարերի»,-ասաց Սարգսյանը:

Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը: Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանի անձնական նախաձեռնությամբ և միջոցներով հավաքին մասնակցում է նաև Մարիամ Միքայելյանը: 

Խորհրդարանը քննարկում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համար իրավական հիմք ապահովող օրենքի նախագիծը

0

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս նախագծի ընդունումը հետապնդում է երեք հիմնական նպատակ` սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական հիմքի ապահովում, ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացում և նոր քաղաքականությունների ներդրում, այդ թվում` «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի իրականացումն ապահովելու իրավական դաշտի ստեղծում: «Այս օրենքի նախագիծը իր մեջ ներառում է պաշտպանության ոլորտի քաղաքականության այսօր գործող երեք օրենքներ` «Զինապարտության մասին» օրենքը, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովման մասին» օրենքը և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքը: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու, սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստականության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամարտահայտման դրսևորումը, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Անդրադառնալով օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությանը` Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով սահմանվում են զինվորական ծառայության տեսակները` պայմանագրային, պարտադիր և պահեստազորային, սակայն հիմնական կարգավորում տրվում է պայմանագրային զինծառայություն անցնելու հարաբերություններին, իսկ զորակոչի միջոցով իրականացվող պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորում ծառայության հետ կապված հարաբերությունները գրեթե կարգավորված չեն: Գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանվող հարաբերություններն ընդգրկում են զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, որոնք առանձին օրենքի տեսքով կարգավորման անհրաժեշտությունն արդեն իսկ արդիական չէ: Արդյունքում, ժամանակի հրամայական է դարձել վերը նշված օրենքներով կարգավորվող հարաբերությունները սահմանել նորովի և մեկ միասնական օրենքի տեսքով:

 

 

Լեհաստանի սենատն իր բանաձևով ընդգծված վերաբերմունք է արտահայտում հայ համայնքի նկատմամբ

0

 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան կարևոր էր մի շարք առումներով: Առաջին հերթին այն նոր թափ է հաղորդում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Մյուս կողմից՝ այն կարևոր էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը, իսկ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության հետ համագործակցության զարգացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ Լեհաստան կատարած այցին:

– Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Լեհաստան: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:

Երկու երկրների միջև հարաբերություններում բարձր մակարդակի փոխայցելություններն, առհասարակ, շատ կարևոր նշանակություն ունեն: Դրանք ոչ միայն ամրապնդում են երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունը և հարստացնում մեր դիվանագիտական հարաբերությունների պատմությունը, այլև հրաշալի հնարավորություն են հանդիսանում տարբեր հարցերի վերաբերյալ միմյանց տեսակետներին ծանոթանալու և հնարավոր համագործակցություն զարգացնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Լեհաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը մշտապես բարձր մակարդակ է ունեցել, այնուամենայնիվ, պետք է նշել, որ խորհրդարանների ղեկավարների մակարդակով վերջին այցելությունը տեղի էր ունեցել վաղուց՝ 2009 թվականին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան կարևոր էր մի շարք առումներով: Առաջին հերթին այն նոր թափ է հաղորդում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Մյուս կողմից՝ այն կարևոր էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը, իսկ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրի շրջանակում Եվրոպական Միության հետ համագործակցության զարգացմանը: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահը Լեհաստան է այցելում հոբելյանական տարում, երբ մեծ շուքով նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայերին շնորհված բացառիկ արտոնության 650-ամյակը:

 Այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ի՞նչպայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության համար: Ո՞ր ոլորտներում կան նախանշված անելիքներ:

– Նախ պետք է նշել, որ այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ունեցել է բազմաթիվ կարևոր հանդիպումներ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ԼՀ սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու, ԼՀ սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկու, ԼՀ փոխվարչապետ, ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պյոտր Գլինսկու, Լեհաստանի սեյմի և սենատի բազմաթիվ պատգամավորների, ազդեցիկ քաղաքական գործիչների հետ: Այդ հանդիպումներին ընթացքին մանրամասն կարելի է ծանոթանալ ՀՀ ազգային ժողովի կայքում հրապարակված տեղեկատվությունից։ Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր հանդիպումների առանցքում եղել են երկու երկրների միջև լայն առումով համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման խնդիրներ: Մեծ կարևորություն է տրվել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի, խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործող խորհրդարանական վեհաժողովներում մեր պատվիրակությունների արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերին: ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները աշխարհաքաղական տարբեր զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել են Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների հստակ մոտեցումներն ու ձեռնարկվող ջանքերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին նշելու է Լեհաստանի Անկախության և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանները` կողմերը միմյանց տեղեկացրել և հրավիրել են հոբելյանական ծրագրերի շրջանակներում հաջորդ տարի սպասվող բազմաթիվ (այդ թվում՝ քաղաքական)  միջոցառումներին:

 Լեհաստանի Նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Ի՞նչնշանակություն ունի Արա Բաբլոյանի այցելությունը Բրյուսելում նոյեմբերին կայանալիք Արևելյան գագաթնաժողովին ընդառաջ:

– ՀՀ ԱԺ նախագահի՝ Լեհաստան կատարած այցը կազմակերպվել էր երկկողմ ձևաչափում և ուղղակիորեն կապված չէր Բրյուսելում կայանալիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, սակայն դա հավելյալ առիթ էր խոսելու Հայաստանի և Եվրոպական Միության համագործակցության զարգացման հեռանկարների մասին: Լեհաստանը մշտապես հանդես է գալիս Եվրոպական Միության և այլ պետությունների հետ բաց և ակտիվ քաղաքականության դիրքերից: Այդ տեսանկյունից կարևոր է համարվել ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի կողմից համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստվելու և դրա հետ կապված ներպետական ընթացակարգերը ժամանակին ավարտելու հարցը:

 ԼՀ սենատը, ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի, ընդունել է բանաձեւ: Ի՞նչ նշանակություն ունի այս բանաձևը, ի՞նչ է այն ենթադրում:

– Լեհաստանի Սենատի կողմից 2017 թվական հոկտեմբերի 19-ին ընդունված բանաձևն ունի չափազանց կարևոր, պատմական նշանակություն: Սա, թերևս, եթե ոչ առաջին, ապա բացառիկ դեպքերից մեկն է, երբ երկրի խորհրդարանը հատուկ բանաձևով ընդգծված վերաբերմունք է արտահայտում իր տարածքում ապրող հայ համայնքի նկատմամբ` լավագույնս գնահատելով հայերի վաստակը և դերակատարումը պետության կյանքում: Կարծում ենք, որ տեղի ունեցածը նշանակալի իրադարձություն է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի, այլև հայ ժողովրդի կյանքում, ընդհանրապես։ Մինչ այդ մենք ականատես ենք եղել տարբեր պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի, խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի ընդունմանը։ Լեհաստանի խորհրդարանի կողմից ընդունված այս վերջին բանաձևի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն վերաբերում է մեր ժողովրդի պատմության փառավոր էջերին՝ պաշտոնական և իրավական գնահատական տալով Լեհաստանում ապրող մեր հայրենակիցների մի քանի հարյուրամյակների նշանակալի գործունեությանը։ Սա, ըստ էության, մի բանաձև է, որը գալիս է լրացնելու միջին դարերից սկսած Լեհաստանի իշխանությունների կողմից հայերի հանդեպ դրսևորած դրական, բարյացակամ վերաբերմունքն արտահայտող բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերի շարքը՝ իր հերթին հանդիսանալով պատմական կարևոր փաստաթուղթ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանի սենատը բանաձևն ընդունեց միաձայն քվեարկության արդյունքում։ Սա այն ոչ հաճախ հանդիպող դեպքերից է, երբ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները միասնական վերաբերմունք ու կարծիք են արտահայտում, ինչը վկայում է հայերի հանդեպ դրական վերաբերմունքի հարցում լեհ հասարակության կատարյալ համերաշխության մասին։ Մեզ համար խորհրդանշական էր բանաձևի ընդունման ժամկետը։ Դրան նախորդել էր Լեհաստանի սենատի ճեմասրահում «Հայերը՝ Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ։ Իսկ բանաձևի քննարկման և ընդունման նիստին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները։ Կարծում եմ, որ այդ բանաձևի ընդունումը մի կողմից ամրագրում, մյուս կողմից նոր թափ է հաղորդում հայ և լեհ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը՝ արտահայտելով փոխադարձ հարգանքն ու համակրանքը միմյանց հանդեպ։

                                                                                                                  

Հարցազրույցը վարեց Աննա ԳԶԻՐՅԱՆԸ

Հայկ Քոթանջյանն արգասաբեր է գնահատել ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գործունեությունը

0

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը զեկուցում է ունեցել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական գործունեության մեկնարկը ազդանշող հանդիսավոր նիստում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից, նիստին մասնակցում էին ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ և ՀՀ Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Ներկայացնում ենք զեկուցումն ամբողջությամբ:

«Մեծարգո´ պարոն Նախագահ,

Հարգելի´ պարոն նախարար,

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, հյուրեր

2016 թ. հունվարի 28-ին այս դահլիճում կայացավ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հանդիսավոր բացումը՝ հանրապետության Նախագահի առաջնորդությամբ: Դրան մասնակցում էին պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի ղեկավարության ներկայացուցիչներ, մեր ամերիկյան ու ռուսաստանյան խորհրդատուներ և դեսպաններ: Այն ժամանակ գործում էր միայն համալսարանի գիտահետազոտական բաղադրիչը՝ ի դեմս ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի: Այսօր կայանում է համալսարանի կրթական բաղադրիչի հանդիսավոր մեկնարկը:

Հանրապետության անվտանգային քաղաքագիտության համար սույն կարևոր իրադարձությունը հնարավոր է դարձել շնորհիվ նախկին Պաշտպանության նախարար, գործող Նախագահ պարոն Սարգսյանի, որի հովանավորությամբ 2003 – 2004 թվականներին մշակվեց և փուլայնորեն իրագործվում է Հայաստանի պետական «խելացի ուժի» այս գործիքի կայացումը:

Համալսարանի բացումից անցած ժամանակահատվածը կարելի է գնահատել որպես արգասաբեր:

Ավելի են սերտացել և ոլորտների առումով ընդլայնվել մեր կապերը գերազանցության գլխավոր կենտրոնների, առաջին հերթին ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի ու Հարվարդի համալսարանի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ: Այդ համագործակցությունը դրսևորվել է ինչպես նրանց մեթոդաբանական աջակցությամբ, այնպես էլ մեր երիտասարդ գիտնականների տարաժամկետ ստաժավորումների ձևով:

Դրա արդյունք է Հայաստանի կիբեռռեսուրսների կառավարման համակարգի երկու անկյունաքարային փաստաթղթերի մշակումն ու փորձաքննությունը: Դրանցից առաջինը կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծն է, որը պաշտոնապես ներկայացվել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Մյուսը Հայաստանի կիբեռռեսուրսների կառավարման ազգային համակարգի նախագիծն է: Դրանում առաջարկվում է միջգերա­տեսչական խորհրդատվական մարմնի` տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների խորհրդի ձևավորում: Խորհրդի կազմում նախատեսվում է ներգրավել գերատեսչությունների ղեկավարների պրոֆիլային տեղակալներին և ոլորտի մաս­նավոր հատ­վածի առավել հեղինակավոր ներկայացու­ցիչ­ների: Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի վերսկսման մեծ հավանականության պայմաններում առաջնային խնդիր է տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների և կիբեռռեսուրսների միջգերատեսչական կառավար­ման համա­կարգում որպես գլխամասային գերատեսչություն պաշտոնապես ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների խորհրդի նախագահությունը հանձնելով պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Տվյալ ուղղությամբ մեր համալսարանի հետագա զարգացման տրամաբանական քայլ կլինի գործող կենտրոնի կերպա­փոխ­մամբ Ազգային կիբեռ­ռե­սուրս­ների կառավարման ռազմավարության ինստիտու­տի ստեղծումը: Այն կդառնա Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ կիբեռոլորտում հաշվեկշռված հարաբերությունների պահպանման, ինչպես նաև ԱՄՆ-ի գերազան­ցութ­յան պետական գլխավոր և մասնավոր կենտ­րոն­ների հետ արգասաբեր առնչութ­յուն­ների զարգաց­ման միակ հնարավոր պետական հար­թա­կը:

Գիտահետազոտական ոլորտում առանձնանում է «Ազգ–բանակ» հայեցա­կար­­գի մշակումը: Կարևոր արգասիքներից են նաև տարածաշրջանային անվտանգության դինամիկայի ռազմավարական գնահատումները և դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվող առաջարկությունները: 22 վերլուծական զեկուցագրերում Հայաստանի անվտանգային շահերի տեսանկյունից ուսումնասիրվել են Հարավային Կովկասում ու հարակից տարածաշրջաններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Վրաստանի ու Ադրբեջանի դերակատարությունը, ինչպես նաև քրդական գործոնը և Սիրիական ճգնաժամը: Առանձնակի ուշադրության է արժանի տիեզերական հեռադիտական միջոցների` որպես քաղաքական-դիվանագիտական զսպման գործիքարանի կիրառման վերաբերյալ առաջարկությունը: Հրապարակվել են նաև քրդական գործոնի և Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերլուծություն բովանդակող կոլեկտիվ մենագրությունները:

ՊԱՀՀ-ի կրթական գործառույթներն իրականացնում է Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտը: Դրա գործունեությունը կազմակերպված է արևմտյան մոդելով` գիտելիքի ստեղծում և տեղափոխում լսարան: Ինստիտուտը մշակել է գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» ծրագիրը: Այն ստեղծվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հաշվառմամբ իրագործվող պաշտպանական բարեփոխումների ամբողջ ծավալն ընդգրկող, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի ավելի քան քսան համարներում հրապարակված փորձագիտական-վերլուծական նյութերի հիման վրա: Դրանց մի մասը ամփոփվել է ԱՌՀԻ-ի հրատարակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային համակարգի բարեփոխման ուղենիշները» երկհատոր գիտափորձագիտական–ուսումնական ձեռնարկում:

Նախատեսվում է այս դասընթացի արդյունքների հաշվառմամբ 2018 թ. իրականացնել միջգերատեսչական ձևաչափով վերապատրաստման ծրագիր, ինչպես նաև՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծել միջգերատեսչական ձևաչափով մեկամյա մագիստրոսական ծրագրերի իրականացման համար»:

Լևոն Մնացականյանը Կասպշիկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» հրթիռների կիրառման ապացույցները

0

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:

ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է «Թվինինգ» ծրագրի արդյունքները

0

 Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Ֆինլանդիայի Հանրապետություն: Ֆինլանդիայի մաքսային ծառայության պաշտոնակիցների հետ հանդիպմանը քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի արդյունքները: Վերջինը Ֆինլանդիան և Լիտվան համատեղ Հայաստանում սկսել են իրականացնել 2012 թվականից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դիտարկվել են նաև մաքսային ոլորտում երկու երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, մասնավորապես՝ համատեղ ուսումնական ծրագրերի, իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքները: Ուսումնասիրվել են Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանային անցման կետում գործառնական ընթացակարգերը և աշխատանքների կազմակերպման տեխնոլոգիական սխեման՝ ՀՀ սահմանային անցման կետերում միջազգային լավագույն փորձը ներդնելու նպատակով: Սկանդինավյան այս երկիրը սահմանային հսկողության իրականացման և հսկողության բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքի կազմակերպման մեծ փորձ ունի, ուստի Հայաստանի և Ֆինլանդիայի գործընկերները պայմանավորվել են շարունակական դարձնել հետագա համագործակցությունը: 

Նախարարությունը բուժհաստատություններին է հատկացրել մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

0

 ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Մասնավորապես`!

Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող, թերլիպիդարյունային, հակաագրեգատային և ռիթմակարգավորիչ

  • Պրոպրանոլոլ հքլ դհտ 10մգ N1000
  • Բենազեպրիլ հքլ դհտ 10մգ N 100
  • Բենազեպրիլ հքլ դհտ 20մգ N 100
  • Կաումադին (վարֆարին նատրիում) դհտ 2մգ N 100
  • Հիդրոքլորոթիազիդ դպճ 12.5մգ N 100
  • Ամլոդիպին բեսիլատ դհտ 10մգ N 1000
  • Ամլոդիպին/Բենազեպրիլ հքլ դպճ 5/10մգ N 100
  • Ամլոդիպին/Բենազեպրիլ հքլ դպճ 5/20մգ N 100
  • Պրավաստատին նատրիում դհտ 40մգ N 1000

Ցավազերծող, ոչստերոիդային հակաբորբոքային

  • Դիկլոֆենակ նատրիում ԴՁ դհտ 75մգ N 1000
  • Ռիսեդրոնատ նատրիում ԴՁ դհտ 35մգ N4
  • Լիդոկային/պրիլոկային նրբաքսուք 2,5%/2,5% 30գ

Հակամանրէային

  • Դոքսիցիկլին հիկլատ ԴՁ դհտ 75մգ N 60
  • Վանկոմիցին հքլ դպճ 125մգ N 50
  • Ցեֆիքսիմ դփշ դկխթ 200մգ/5մլ 75մլ

Հակախոցային

  • Օմեպրազոլ ԴՁ դպճ 20մգ N 30

Հակաէպիլեպսային, նեյրոլեպտիկ և հակադեպրեսանտ

  • Լամոտրիջին դհտ 100մգ N100
  • Տոպիրամատ 50մգ N60
  • Լևետիրացետամ 750մգ N500
  • Սաֆրիս (ազենապին) 5մգ N100
  • Պարոքսետին դհտ 10մգ N30
  • Պարոքսետին դհտ 10մգ N500
  • Պարոքսետին դհտ 30մգ N1000
  • Պարոքսետին դհտ 30մգ N30
  • Պարոքսետին դհտ 30մգ N500
  • Պարոքսետին դհտ 10մգ N90
  • Պարոքսետին դհտ 40մգ N30

Շագանակագեղձի

  • Ալֆուզոսին հքլ ԵԱ դհտ 10մգ N 100

Բրոնխիալ ասթմայի

  • Կոմբիվենտ ռեսպիմատ (իպրատրոպիում բրոմիդ/ալբուտերոլ) ց-ցիր շնչ 20/100մկգ 4գ 60 դեղաչափ

Հակասնկային

  • Նիստատին ցանափոշի 100000ԱՄ/գ 60գ
  • Նիստատին/Տրիամցինոլոն ացետոնիդ ն-քս 6000000ԱՄ/60մգ 60գ

Շաքարախտի

  • Գլիմեպիրիդ դհտ 1մգ N 100
  • Գլիմեպիրիդ դհտ 2մգ N 100

Հակավիրուսային և վիտամիններ

  • Ռելենզա (զանամիվիր) ց-ցիր շնչ 5մգ N 20
  • էմերջեն-C (վիտ C 1000մգ+վիտ E+վիտ B6+Ցինկ) դհտ ծամ N 100

Կոնտրաստ նյութեր

  • Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 100մլ
  • Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 150մլ
  • Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 200մլ
  • Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 500մլ
  • Իզովյու-370 (իոպամիդոլ) լ-թ նրկ 76% 100մլ
  • Իզովյու-370 (իոպամիդոլ) լ-թ նրկ 76% 500մլ

 

Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: