Երկուշաբթի, 09. 06. 2025

Բնապահպանության նախարարությունն անդրադարձել է անազատության մեջ պահվող արջերի վերաբերյալ ահազանգին

0

 Միջազգային International Animal Rescue կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանի ժամանցի վայրերում անազատության մեջ պահվող գորշ արջերի կեցության պայմաններին, ահազանգելով, որ արջերը հիմնականում պահվում են նեղ, կեղտոտ վանդակներում` սոված վիճակում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ խնդրի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Ահազանգը փոխանցվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ նրանք արդեն զբաղվում են այդ խնդրով: Տեսչական մարմինը կպարզի՝ արդյոք համապատասխանում են այդ արջերի պահման պայմանները ընդունված չափանիշներին»,-ասաց նա:

Արմեն Վարդանյանի խոսքով` բնապահպանության նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը հասարակական կազմակերպությունների հետ միասին անցյալ տարվանից «Կենդանական աշխարհի մասին» օրենքում անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիների պահման վերաբերյալ փոփոխություններ է նախաձեռնել: «Օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ օրենքով սահմանված է` մեկ արջի պահման համար նախատեսված տարածքը 25 քառակուսի մետր է: «Սեփականատերը պարտադիր պետք է ունենա արջի պահման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաեւ բժշկի թուղթ` արջի առողջական վիճակի մասին»,-հավելեց Արմեն Վարդանյանը:

 Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը ևս օրերս հոդված է հրապարակել Հայաստանի ժամանցի վայրերից մեկում գորշ արջերի պահման անմխիթար վիճակի մասին:

Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում

0

Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է ելույթները Չիգորինի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը: Կայացել է 4-րդ տուրը: Միքայելյանն այս տուրում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Պայեն Արնաուդին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հովհաննես Հակոբյանը և Հայկ Երիցյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան: Սարգիս Մկրտչյանը, Արթուր Դավթյանը և Վլադիմիր Պողոսյանը հաղթել են:

Միքայելյանը կես միավորով է հետ մնում առաջատարից:

ՊՆ-ն ամբողջությամբ օգտագործելու է նոր օրենքով զինվորական քվեարկության անաչառության ապահովման նախադրյալները

0

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով ստեղծվում են նախադրյալներ զինվորական քվեարկության անաչառության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և բարեվարքության կանոնների ներդրման և ապահովման համար: Պաշտպանության նախարարությունը իր հերթին ամբողջությամբ օգտագործելու է այդ նախադրյալները: Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք ձեռնարկվո՞ւմ են համապատասխան միջոցառումներ օրենքի նախագծում զինվորական քվեարկության անաչառության ապահովման մասին  դրույթն ամբողջական իրացնելու ուղղությամբ:

«Միջոցներ, իհարկե, ձեռնարկվում են: Անցած ընտրությունների ժամանակ ունեցել ենք համապատասխան ծրագրեր մի շարք միջազգային կառույցների հետ՝ իրազեկման, զինվորական քվեարկության անաչառության ապահովման տեսակետից: Այսօր ունենք մեծ ծրագիր Եվրոպայի խորհրդի հետ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ, զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ներդրման տեսանկյունից: Սա մշտական գործընթաց է»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ դրա մեջ մեծ կարևորություն ունի քաղաքացիական կրթությունն առհասարակ, որը դպրոցից սկսած պետք է լինի: «Պետք է ասեմ, որ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ մեր զինծառայողների մեջ ավելի ու ավելի է բարձրանում իրավագիտակցությունը, իրենց իրավունքները պաշտպանելու պատրաստակամությունը, և այդ հարցերին շարունակելու ենք դարձնել լուրջ ուշադրություն: Այս օրենքը ստեղծելու է դրա նախադրյալները, որոնք մենք ամբողջությամբ օգտագործելու ենք:

 

 

Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով

0

 Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում ընթացքում են Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ այս տարվա ապրիլին մեկնարկած Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ընթացքը գտնվում է պատասխանատուների ամենօրյա խիստ հսկողության ներքո: Ճանապարհահատվածում մինչ այժմ կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Անցնելով ճանապարհի ամբողջ երկայնքով` նա իր դիտարկումներն ու դիտողություններն է ներկայացրել պատասխանատուներին: Այժմ այստեղ իրականացվում են ճանապարհի հողային պաստառի, երկմակարդակ հանգույցների հենապատերի և կամուրջների կառուցման, ինչպես նաև հաղորդուղիների` կենսապահովման ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով էականորեն նպաստել է կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհն այս առումով ևս իր կարևոր նշանակությունը կունենա և մաս կկազմի մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի: Ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին»,- նկատել է Վահե Նիկոյանը: 

Անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝  28 մետր լայնությամբ և շուրջ 5,4 կմ երկարությամբ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: 

Ճանապարհը կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին և վստահություն հայտնել, որ Երևանում այսօր կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաև կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է խորհրդի գործունեությունը և շնորհակալություն հայտնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար:

Ընդգծելով, որ ծանոթ է երևանյան նիստի օրակարգին, Նախագահ Սարգսյանը, ի թիվս քննարկման ներկայացված մի շարք հարցերի, նշել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա: Նախագահը հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ օրակարգում ներառված մյուս արդիական հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն և նիստի աշխատանքին մաղթել է հաջողություն:
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև նման ձևաչափով հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփումները, որոնք նպաստում են նիստը հյուրընկալող երկիրն ավելի լավ ճանաչելուն: 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հայաստանում խորհրդի նիստի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծված հրաշալի պայմանների համար և նշել, որ տրամադրված են հանգամանորեն քննարկելու օրակարգում ներառված՝ մասնակից երկրների համար արդիական բոլոր հարցերը, համատեղ լուծումներ գտնելու, շարժվելու առաջ և պահելով տեմպը՝ իրականացնելու այն որոշումները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովներում:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը իրականացվող աշխատանքը կարևորել է նաև տնտեսական կյանքի ժամանակակից միտումներին համապատասխան առաջ ընթանալու տեսանկյունից, որպեսզի միության անդամ երկրների տնտեսությունները կարողանան պահպանել մրցունակությունը՝ ապահովելով իրենց քաղաքացիների համար հարմարավետ կյանք և բարեկեցություն:

Ժամանակակից գրականությունը պարզունակ լինել չի կարող. Հուսիկ Արա

0

«Մարդու որդիները», «Լուսանցքի մարդիկ», «Ազատության հրապարակ», «Տան դուռը», «Երևան քաղաք» և այլ գրքերի հեղինակ, բանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ ժամանակակից գրականությունը բազմաոճ է, բազմաժանր, գրողներն ինքնատիպ են և ունեն իրենց յուրահատուկ ձեռագիրը: Շուտով նա կհրատարակի իր բանաստեղծությունների նոր ժողովածուն, որը բաղկացած է տարբեր շարքերից: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»ի թղթակիցը զրուցել է Հուսիկ Արայի հետ:

– Ինչու՞ ընտրեցիք Հուսիկ Արա գրական անունը:

– Անձնագրով Ֆելիքս Եղիազարյան եմ, սակայն իմ ծննդավայրում՝ Մրգավետ գյուղում, բոլորն ինձ Հուսիկ են ասում: Միայն դպրոցական և ուսանողական ընկերներս են Ֆելիքս անվամբ դիմում: Ի սկզբանե չեմ սիրել Եղիազարյան ազգանունը. չեմ կարող բացատրել, թե ինչու: Արան ինձ շատ է դուր գալիս: Հայ ժողովուրդը ունեցել է Արա Գեղեցիկ, միմյանց արա-ով ենք հաճախ դիմում, ի վերջո Հուսիկ Արան ավելի բանաստեղծական է հնչում, քան Ֆելիքս Եղիազարյանը:

– Ինչու՞ որոշեցիք վերցնել գրիչն ու ստեղծագործել: Ինչու՞ նախապատվությունը հենց բանաստեղծությանը տվեցիք:

– Ես չորոշեցի, գրականությունը որոշեց: Դպրոցում բանաստեղծություններ ընթերցելիս մորս ասում էի, որ եթե հարյուր տարի առաջ ծնված լինեի, անպայման գրող կդառնայի: Մի օր էլ մեծանուն Ավետիք Իսահակյանի «Էյ, ջան հայրենիք» բանաստեղծությունը կարդացի ու ոգեշնչված փորձեցի մի բան գրել: Այդ օրվանից սկսվեց իմ ստեղծագործական կյանքը: 17 տարեկան էի, երբ «Կայծ» բանաստեղծությունս տպագրվեց «Ավանգարդ» թերթում: Հետագայում գործերս լույս են տեսել նաև ժամանակի լավագույն «Գարուն» ամսագրում: Այդ տարիներին լուսահոգի Լևոն Անանյանն էր գլխավոր խմբագիրը, հրաշալի խմբագրակազմ էր: Ասեմ, որ  վեպեր, վիպակներ, անգամ պիեսներ եմ գրել, բայց կրկին վերադարձել եմ բանաստեղծություններին:

– Երբ մուտք գործեցիք գրական դաշտ, ի՞նչ իրավիճակ էր տիրում: Այսօր այդ ոլորտում ինչպիսի՞ առանձնահատկություններ կան:

– Բավականին բարդ է գրական ասպարեզ մտնելը՝ անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում: Երբ ես ոտք դրեցի հայ գրականություն, այն ոչ ոքի պետք չէր (ցավում եմ, որ այսպես եմ ասում): 90-ականներից սկսած գրականությունը նահանջ էր ապրում,  ասես կորցրել էր իր լուրջ դերակատարությունը:

Մեր օրերում, կարծես, դրական շարժ կա, մենք հաճախ գրում ենք, քանի որ չենք կարող լռել: Երբեմն ինքնաբավ ենք, երբեմն՝ ոչ:

– Առհասարակ գրականությունը միտված է վեր հանել անհատի, հասարակության, երկրի խնդիրները, նաև մատնանշել դրանց լուծման ճանապարհները:  Մեր օրերում շատերը, խոսելով հայ ժամանակակից գրականության մասին, պնդում են, որ այն այդ գործառույթը չի իրականացնում, որ այն պարզունակ է, ոչ հեռանկարային: Դուք ի՞նչ կասեք այդ մասին:

– Այդպես ասել են դեռ Հոմերոսի ժամանակներում, Դանտեի, Թումանյանի, Չարենցի ժամանակներում, հիմա էլ են ասում: Դա նորություն չէ: Միշտ էլ թերահավատություն կա ժամանակակից գրողի հանդեպ: Երբ նոր մարդ է մտնում սրահ, սեղանի մոտ նստած մարդիկ նրան չեն վստահում:

Ժամանակակից գրականությունը պարզունակ լինել չի կարող: Փառք Աստծո, ներկայումս չկա գրաքննություն, և այսօրվա գրականությունը բազմաոճ ու բազմաժանր է: Վերջերս հանդիպեցի մի ամերիկացի հրատարակչի: Նա հարցրեց, թե ո՞րն է հայ գրականության ոճը: Պատասխանեցի, որ չկա միասնական ոճ, գրական ոլորտում վառ անհատականություններ են, որոնցից յուրաքանչյուրն ինքնատիպ է և իր ձեռագիրն ունի: Մեկը մյուսին նման չէ: Այսօր կան ուշադրության արժանի լուրջ  գրողներ և՛ արձակում, և՛ պոեզիայում: Պոետներից են Հենրիկ Էդոյանը,  Հակոբ Մովսեսը, Ավագ Եփրեմյանը, Ներսես Աթաբեկյանը, հետաքրքիր ստեղծագործողներ են Էդուարդ Հարենցը, Անի Ամսեյանը: Վերջինիս ոճն ինձ շատ հարազատ է: Արձակագիրներից են Գուրգեն Խանջյանը, երիտասարդ գրողներ Արամ Պաչյանը, Գրիգը: Թող ինձ ներեն այն գրողները, որոնց անուններն այս պահին չեմ նշում: Տաղանդավորները շատ են: Ունենք նաև ակտիվ գրաքննադատներ, որոնք իրենց գործունեությամբ գրական միջավայր են ստեղծում: Նրանք են՝ Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, Սուրեն Աբրահամյանը:

– Մի առիթով նշել եք, որ հայերը ստեղծող, արարող ժողովուրդ են, սակայն՝ նյութապաշտ: Ինչու՞: Դուք դեռ այդ կարծիքի՞ն եք:

– Հայերս նյութին շատ կապված ենք: Մեզ նյութապաշտ դարձրել են մեր ճակատագիրը, տեղահանվելու պատճառները: Գուցե դարեր շարունակ տեղից տեղ գնալով մեզ պետք է եղել մեզ հետ պաշար, նյութ վերցնել: Մենք կարող ենք մեծ գումարներ տրամադրել կենցաղային պարագաներ գնելուն, սակայն հաճախ մոռանում ենք հոգևոր սննդի մասին:

– Հարցազրույցներից մեկում նշել եք, որ ձեր «Աստծո հետ խոսելու ժամանակը» բանաստեղծությունների ժողովածուի հիմքում մարդու ընդվզումն է Աստծո դեմ:  Ըմբո՞ստ անձնավորություն եք:

– Չեմ կարող ասել, որ ըմբոստ եմ, բայց կյանքում կան շատ բաներ, որոնց հետ համամիտ չեմ ու չեմ կարողանում հարմարվել դրանց: Ուզում եմ մի բան փոխել, և այդ ցանկությունը տևական բնույթ ունի: Աստվածաշնչում ասվում է, որ անքննելի են Աստծո գործերը, բայց դու մարդ ես ու ցանկանում ես  որոշ հարցերի պատասխաններ ստանալ: Եթե սա է Աստծո ստեղծած երկիրը, եթե այն այսպիսին է, ես չեմ կարող դա ընդունել պատերազմների, թշվառության, երեխաների զրկանքների պատճառով: Ինչպես Դոստոևսկին է ասում, աշխարհում ոչ մի բան չարժե երեխայի մի կաթիլ արցունքին: Եթե մի երեխա լաց է լինում, ուրեմն ինչ-որ բան այն չէ:  Իսկ մարդկային տառապանքը, ողբերգությունը, կորուստները միշտ կան ու կլինեն: Մենք գալիս ենք երկիր ավելի շատ տառապելու, չարչարվելու, քան լավ զգալու համար: Փաստորեն, Աստծո ստեղծած երկիրը կատարյալ չէ: Գուցե նա արարել է մարդուն, որպեսզի մարդն աշխարհը կատարյալ դարձնի: Կարծում եմ, որ դա նույնպես բնական չէ, քանի որ մարդն էլ է անկատար: Արդյունքում՝ սոսկալի թշվառություն է շուրջբոլորը. մորթում են, սպանում, զրկում, թալանում…  Երբեմն այնպիսի տպավորություն է, ասես Աստված զզվել է, հոգնել է մեզանից և անուշադրության մատնել, հայացքը հեռացրել:

-Ձեր մտահոգությունները շատ են… Պարոն Արա, ի՞նչ գրքի վրա եք աշխատում ներկայումս, ի”նչ թեմաներ եք արծարծում:

– Օրվա իրադարձություններն ինձ համար կարող են բանաստեղծության նյութ դառնալ: Վերացական տարածքում չեմ ստեղծագործում: Ունեմ ընկերներ, որոնք պնդում են, որ նման գրականությունը ժամանակի հետ կարող է անցնել: Նման դեպքերում շեշտում եմ, որ Դանտե Ալիգիերին 13-րդ դարի Ֆլորենցիայի կյանքն էր նկարագրում: Ինչպես Չարենցն է ասում, գրողը պետք է իր ժամանակի շունչը լինի: Իմ նոր գիրքը, որը դեռ վերնագրված չէ, բաղկացած է մի քանի շարքերից: Անդրադարձել եմ քառօրյա պատերազմին, կա սիրային բանաստեղծությունների շարք, սաղմոսների շարք, քաղաքին վերաբերող շարք և այլն: Գրել եմ կերպարների մասին, որոնք ինձ շատ են հետաքրքրում, օրինակ՝ Մայր Թերեզան, Դոն Կիխոտը, որին ինձ շատ եմ նմանեցնում: Գիրքս լույս կտեսնի տարեվերջին կամ տարեսկզբին:  Շուտով կհրատարակվի «Եվ սերը ասաց» խորագրով սիրային բանաստեղծությունների ժողովածուս, որում ընդգրկել եմ սիրո մասին իմ բոլոր գործերը: Հաջորդ տարի իմ հոգևոր պոեզիան եմ ուզում տպագրել, սաղմոսներս:

 

                                                               Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը                                                                  Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Տարկետման կարգում առաջարկվող փոփոխությունները հանգեցնելու են գիտության առաջընթացի. Վիգեն Սարգսյան

0

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համամիտ չէ այն կարծիքներին, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով տարկետման կարգում առաջարկվող փոփոխությունները հանգեցնելու են գիտության հետընթացի: Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, ընդգծեց, որ այդ փոփոխությունը հանգեցնելու է ոչ թե գիտության հետընթացի, այլ առաջընթացի: «Մենք գիտության առումով ոչ թե ետ ենք գնալու, այլ առաջ ենք գնալու, որովհետև մեր թեկնածուական թեզերը դառնալու են բովանդակային, որովհետև մեր գիտությամբ զբաղվողները լինելու են նրանք, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել, ոչ թե նրանք, ովքեր այդ գրքույկով ցանկանում են ազատվել զինվորական ծառայությունից»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նախարարը մանրամասնեց, որ այս պահին տարկետում տալիս են միայն ընդունելության քննությունների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կես բալ տարբերության կտրվածքով: Այսինքն, նույն լսարանում գտնվում են երկու երիտասարդ, որոնցից մեկը հանձնել է քննություն և հավաքել է 18 միավոր, իսկ մյուսը՝18.5, արդյունքում մեկը չի գնում ծառայելու, մյուսը գնում է: «Որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ այդ 18.5 միավոր հավաքած երիտասարդն անպայման զբաղվելու է գիտությամբ, իսկ 18 միավոր հավաքածը երբեք չի զբաղվելու: Իմ մոտեցումը հստակ է՝ կամ մենք ասում ենք, որ մեր բոլոր երիտասարդներին, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, տալիս ենք տարկետում, կամ որևէ մեկին չենք տալիս: Մենք այսօր տարկետում տալիս ենք բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվողների մի փոքր տոկոսի ընդամենը: Իսկ այդ տոկոսը բացարձակ կանխատեսելի չէ՝ ապագա գիտնականներ ե՞ն, թե՞ ուղղակի քննությունները հաջող հանձնած երիտասարդներ»,- նշեց Սարգսյանը:

Նախարարն ընդգծեց, որ միայն մեր ընկալման մեջ են բակալավրիատուրան և մագիստրատուրան անընդհատ ցիկլ: Նրա խոսքով՝ եթե դա լիներ անընդհատ ցիկլ, պետք է պահեինք Խորհրդային Միության 5-ամյա բարձրագույն կրթությունը կամ դա դարձնեինք  6-ամյա ու վերջացնեինք: «Ինչո՞ւ ենք արել 4+2, որովհետև 4 տարում մարդը ստանում է կրթություն, դրանից հետո սկսում է աշխատել, փորձ ձեռք բերել, տարբեր կառույցների հետ փոխգործակցում է, աշխարհ է ման գալիս, ծառայում է զինված ուժերում, անում է ամենատարբեր բաներ, նոր ընդունվում է մագիստրատուրա: Լավ բուհերում բակալավրիատուրայի և մագիստրատուրայի միջև միջինը 7-8 տարվա տարբերություն է ընկած: Երբ ես գնացի մագիստրատուրա սովորելու, ամենաերիտասարդն էի այնտեղ՝ 24 տարեկան,  մնացածը 27, 28, 29 տարեկան էին, որովհետև դա նորմալ է»,– պարզաբանեց նախարարը:

Սուրեն Կարայանն ընդունել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարին

0

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Կարայանը նշել է, որ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու՝ հայ-ղրղզական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար, քանի որ ներկայիս առևտրաշրջանառության տեմպերը և ծավալները գոհացուցիչ չեն երկու կողմերի համար:

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հանդիպման համար և նշել, որ երկու երկրների տնտեսություններն ունեն մի շարք ընդհանրություններ, և այս համատեքստում համագործակցության լուրջ ներուժ կա:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Ղրղզստանին ԵՄ GSP+ համակարգին միանալու հարցում` կիսվելով փորձով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև աջակցելու միմյանց և խորացնելու փոխգործակցությունը ինտեգրացիոն միավորներում, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում: 

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

0

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ այդ երկրների վարչապետներն ու Տիգրան Սարգսյանը խմբակային լուսանկարվել են։ Խորհրդի ընդլայնված կազմով նիստը կմեկնարկի ավելի ուշ։ Ընդլայնված նիստի ժամանակ նախատեսվում է երկրների կառավարությունների ղեկավարների ելույթները, իսկ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարությամբ հանդես կգա մամուլի ներկայացուցիչների համար։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են  ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը,  ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների  վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։

Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից  է  նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն նաև ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020 թվականներին նախատեսվում է անցկացնել  ավանդական                «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։

Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում  նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։ 

Լեհաստանից և Գերմանիայից թռչնի մսի ներմուծման արգելանքը վերացվել է

0

Հիմք ընդունելով Լեհաստանի Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության  (OIE) պաշտոնական տեղեկատվությունը՝  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է ներմուծման արգելանքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հոկտեմբերի 24-ից թույլատրվել է այդ երկրներից կենդանի թռչնի(բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: