Երկուշաբթի, 09. 06. 2025

Չեխահայ ձեռնարկատերը հաղթել է Թուրքիայում գործող թուրք-գերմանական ընկերությանը

0

 Չեխիայում գործող հայտնի«Մառլենկա  Ինթերնեյշընլ» ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց  գերմանական հանրահայտ«Dr.Oetker» ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշին՝ նույն անվանումով ու տեսքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում ասաց ընկերության սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը, դեռեւս 2016 թվականի վերջին Թուրքիայում գործող իրենց առեւտրային գործընկերները ահազանգել են, որ խանութներում եւ մեծ սուպերմարկետներում հայտնվել է  «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշին՝ «Dr.Oetker» ապրանքանշանով։ Ավելին, նույնիսկ համացանցով եւ հեռուստատեսությամբ տրվել են«Մառլենկա» տորթի պատրաստման եղանակների տեսահոլովակները։

«Այս փաստը մեզ շատ զարմացրեց, քանի որ նման հանրահայտ ընկերության կողմից այսպիսի կեղծիք չէինք սպասում։ Անմիջապես կապվեցինք Բռնոյում գործող մեր գործընկեր փաստաբանական գրասենյակի հետ, նրանց խորհրդով նաեւ կապ հաստատեցինք Թուրքիայում գործող GUN փաստաբանական ընկերության հետ, եւ անմիջապես լծվեցինք կատարված կեղծիքի բացահայտմանը։ Նախեւառաջ ներկայացնելով բոլոր անհարաժեշտ փաստաթղթերը, պահանջեցինք, որպեսզի շուկայից հանվեն «Մառլենկա» անվանումով թխվածքի փոշու բոլոր տուփերը։ «Dr.Oetker»-ի Թուրքիայի ներկայացուցչությունը այս ողջ ընըացքում փորձում էր ձգձգել հանդիպումները, եւ գրեթե 5 ամիս չէինք կարողանում վերջնական պայմանավորվածության գալ։ Միայն երբ զգուշացրինք, որ դատական գործ կհարուցենք, անմիջապես  սեղանի շուրջ նստեցին եւ ստորագրեցին մեր ապրանքանիշային իրավունքը խախտելու մասին համաձայնագիրը։ Արդյունքում 16 հազար եվրո տուգանք վճարեցին, որից 13 հազարը գնաց փաստաբանների աշխատանքի վարձատրմանը։

Այսպիսով , մեկ տարի անց մենք կարողացանք հաղթել «Dr.Oetker»-ի թուրքական ներկայացուցչությանը եւ ստիպեցինք շուկայից հանել կեղծ«Մառլենկա»-ները»,- ասաց մեզ հետ զրույցում Գեւորգ Ավետիսյանը։

Ի դեպ, նշենք, որ սա «Մառլենկան» կեղծելու առաջին դեպքը չէ։ Տարիներ առաջ ընկերությունը հաղթեց չեխական մի այլ ընկերության, որը անվան չնչին տարբերությամբ «Մառլենկա» տորթեր էր արտադրում, իսկ Չինաստանում երեք տարի առաջ հաղթեց մի ընկերության, որը նույն անունով թխվածքը ոչ միայն արտադրում էր, այլեւ փորձում էր խոչընդոտել իրական «Մառլենկա» թխվածքի մուտքը չինական շուկա։  

Սակայն այս  պատմության մեջ հետաքրքրականն այն է, որ «Dr.Oetker» համաշխարհային գիգանտ համարվող ընկերությունը, որի կենտրոնատեղին գերմանական Բիելֆելդն է, ունի մոտ 400 ընկերություն եւ 30 հազար աշխատակից, իրեն թույլ է տվել նման կեղծիքի գնալ։ Ամեն դեպքում, փաստաբաններն այն կարծիքին են, որ առանց գլխամասային ընկերության գիտության, դժվար թե թուրքական մասնաճյուղը նման քայլի դիմեր։ Հոկտեմբերի 13-ին ստորագրված պայմանագրով, «Dr.Oetker»-ի  թուրքական մասնաճյուղը  պարտավորվել էր ոչ միայն շուկայից հանել բոլոր տեսակի«Մառլենկա» անվանումով թխվածքի փոշու տուփերը, այլեւ ապագայում բացառել դրա արտադրությունը։

Այսպիսով սա հայ գործարարի առաջին հաղթանակն է Թուրքիայի տարածքում, եւ հատկանշական է այն առումով, որ այժմ այս բացահայտումից հետո, գերմանական մի այլ ընկերություն ցանկանում է օրինական պայմաններով նման թխվածքի փոշի արտադրել՝ ստանալով «Մառլենկա» ընկերության հավաստագիրը։

Ի դեպ, Գեւորգ Ավետիսյանի ջանքերով 2014 թվականից՝ 100-ամյակի նախօրյակին,  Հայոց ցեղասպանության  թեման մտավ չեխական կրթական համակարգի մեջ՝ «Մոդեռնի դեյինի» (Արդի պատմություն)  կայքէջի միջոցով, որ նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար։

Գյումրիում բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի

0

 Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում  հոկտեմբերի  25-ին տեղի ունեցավ ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և համապատասխան կառույցների այլ ներկայացուցիչներ: 
Դեսպան Սվիտալսկին իր ելույթում ընդգծեց նման ծրագրերի կարևորությունը՝ ասելով. «EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական միությունն աջակցում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթան»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը,   կարևորելով  նախագիծը, փաստեց, որ ծրագիրը փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն առաջնային է Հայաստանի համար:

 Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիմնված լաբորատորիան մարզի 17-35 տարեկան գործազուրկների համար կկազմակերպի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը, որը ներառելու է շուրջ 200 մասնակցի, համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց՝ մարդկային ռեսուրսների պահանջարկը, և դրա հիման վրա կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել են ավելի քան 50 մարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն պոտենցիալ գործատուների կողմից տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ:

Բացման ելույթներին հետևեց կարճատև շրջայցը, որի ընթացքում լսարանին ներկայացվեց լաբորատորիայի նպատակը և գործառույթները: Շրջայցից հետո նախագիծը հայտարարեց ենթադրամաշնորհի արդյունքները: 7 տեղական ՏՏ ընկերություններ 5000-10000 եվրոյի սահմաններում դրամաշնորհներ կստանան` իրենց գործունեության ընդլայնման և ծրագրի աշխատակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:

Արմենուհի Մխոյան

ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ

0

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես  նաև  ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Քուվեյթում

0

 Քուվեյթում ՀՀ դեսպանությունը հոկտեմբերի 23-ին կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելության ներկա են եղել Քուվեյթի Պետության առևտրի և արդյունաբերության նախարար Խալեդ Ալ-Ռաուդանը, Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, կառավարող Ալ-Սաբահ ընտանիքի անդամները, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության հատուկ հյուր է եղել շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը:

Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանն անդրադարձել է Հայաստան – Քուվեյթ երկկողմ հարաբերություններին, Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարներին, անկնկալվող ծրագրերին: Հայաստանի դեսպանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կամրջման գործում:

Ընդունելության ընթացքում ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող տեսաֆիլմ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցներում և Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի դռները միշտ բաց են բոլոր այցելուների առաջ

0

Գյումրին հայտնի է ոչ միայն հումորով ու բարբառով, այլև քաղաքի կոլորիտի մի մասը կազմող հեղինակավոր գրողների և արվեստագետների տուն-թանգարաններով։ 
«Արմենպրես»-ը ներկայացնում է հեռակա էքսկուրսիա Վարպետի՝ հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանով, որը գտնվում է Գյումրու կենտրոնում՝ Վարպետաց փողոցում։ 

Տունթանգարանի ծնունդը 
1829 թվականին Նիկողայոս Իսահակյանի՝ Ավետիք Իսահակյանի պապի գերդաստանը Արևմտյան Բայազետից գաղթելով, եկել և հիմնավորվել է Գյումրիում։ Այս տունը կառուցվել է Նիկողայոսի երկու որդիների՝ Սահակի և Սիմոնի համար, և այստեղ ցուցադրված են այն բոլոր իրերը, որոնք խոսում են Իսահակյանի մանկության, պատանեկության մասին։ Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակի առիթով տունը դարձել է թանգարան։ Այն բացվել է 1975 թվականի հոկտեմբերի 29-ին՝ բանաստեղծի հոբելյանի նախօրեին: Եվ հենց հոկտեմբերի 30-ին թանգարանը ընդունեց առաջին այցելուներին։ 



Աշխատասենյակը 
Թանգարանը սկսվում է աշխատասենյակից, որտեղ պահպանվել են գրասեղանը, գրիչները, գրչի սարքը, տարբեր գրքեր… Իր ձեռքի տակ միշտ ունեցել է Գյոթե, Հայնե, գերմաներեն Աստվածաշունչը։ 



Հյուրասենյակը 
Քայլելով առաջ՝ մտնում ենք թանգարանի ամենամեծ սրահը՝ հյուրասենյակ, որտեղ, բացի կենցաղային իրերից, որոնք ցույց են տալիս, թե ինչ պայմաններում է մեծացել Ավետիք Իսահակյանը, մենք տեսնում ենք նաև գյումրեցի վարպետների ձեռագործ աշխատանքներ, որոնք ներկայացնում են 19-20-րդ դարերի Գյումրվա կենցաղը։ Այստեղ տեղադրված են քանդակազարդ հայելի, սպասքապահարան, դաշնամուր, որը գերմանական մակնիշի է և այն տարիներին բանաստեղծի երկու քույրերն էին նվագում։ Նա դաշնամուր չի նվագել։ Դաշնամուրի վրա դրված նկարից մեզ են նայում Իսահակյանի ծնողները՝ Սահակ աղան և Ալմաստ խանումը։ Նրանք գրեթե ամեն օր թանգարանի աշխատակիցների հետ «ընդունում են» այցելուներին և իրենց բարի օրհնանքով ճանապարհում։ Իսահակյանը ծնողներին նկարագրելիս ամեն անգամ ասել է. «Հայրս՝ մտահոգ ու լուրջ, մայրս՝ վշտոտ ու գթառատ» և միշտ պնդել է, որ միայն մայր ունենալու համար արժեր աշխարհ գալ։ Մորը շատ է սիրել և քնքշորեն «աբլա» է ասել (թուրք. – մեծ քույր)։ Պատից կախված ջահն ամեն երեկո իջեցվել է, և վառվել են մոմերը… Խրիմյան Հայրիկը, ով ընտանիքի մեծ բարեկամն է եղել, հատկապես մեծ եղբոր՝ Ալեքսանի հետ բարեգործական ծրագրեր է իրականացրել։ Հյուրասենյակի մեջտեղում տեղադրված է մի սեղան, որի շուրջը միշտ շատ մարդիկ են եղել: Այստեղ հյուրընկալված Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Վահան Տերյանը ճաշակել են աբլայի թխածն ու եփածը։ Իսահակյանների ընտանիքը շատ հյուրընկալ է եղել, և ամեն երեկո բանաստեղծի տանը հավաքվել են ծանոթներ ու անծանոթներ։ Հատկապես եկել են լսելու «Նարեկացի», որը հավաքվածների համար ընթերցել է Իսահակյանի պապը՝ Նիկողայոսը։ Սենյակում առանձնացված է մոր անկյունը, որտեղ ցուցադրվում է նրա տարազը, որն ավանդաբար փոխանցվել է գերդաստանի մեծ հարսին։ Գյումրեցիների մեջ ընդունված է եղել, եթե կինը գոգնոց և գոտի է կապել, նշանակել է, որ նա ամուսնացած է։ Թանթանան (գլխակապը) ուլունքներով զարդարել է ճակատը։ Պատից կախված է մի նկար, որտեղ փոքրիկ Ավետիքն է իր մորական պապի՝ Գաբրիել Ղալչյանի հետ։ Սենյակի մի հատվածում, որտեղ նաև բուխարին է, բանաստեղծի մայրը թել է մանել, միաժամանակ ունկնդիր եղել սկեսրոջ պատմություններին և հետևել տան անցուդարձին։ 

Ննջասենյակը 
Հասնում ենք ննջասենյակ։ Այստեղ ցուցադրվում են Ալմաստ խանումի օժիտից մասունքներ, և կարող ենք պատկերացնել, որ նրա հայր Գաբրիելը բավականին առատաձեռն է եղել և իր աղջկան շատ լավ օժիտ է տվել։ Մահճակալի վրա դրված են բարձերը, որոնց վրա փոքրիկ ասեղնագործ ծածկոցներ են փռված։ Այն ժամանակ աղջիկները պետք է կարողանային իրենց օժիտները համալրել սեփական ձեռագործ աշխատանքներով։ Մահճակալի կողքին դրված է փոքրիկ օրորոց, որի մեջ մեծացել են Իսահակյանների գերդաստանի բոլոր երեխաները։ Պատի տակ դրված է կոմոդը, որի վրա կա զարդատուփ, լամպ, հայելի է կախված վերևում, կողքին նախշազարդ սնդուկ է դրված, որով հարսներն իրենց օժիտն են բերել։ Ննջասենյակում է նաև Ավետիք Իսահակյանի եղբոր՝ Ռուբենի որդու՝ Նիկողայոս-կրտսերի նկարը, ով բազմաթիվ նյութեր է տրամադրել թանգարանին՝ օրորոցը, բանաստեղծի մոր զգեստը և այլն։ Ննջասենյակում կարելի է նաև երդիկ տեսնել, որը մեծ ծանոթ է մեծ մասամբ գրականությունից։ Երդիկից լույս է ցողվում։ 

Խոհանոցը 
Ննջասենյակից դուրս ենք գալիս, միջանցքով անցնում և մտնում խոհանոց։ Այստեղ ամեն ինչ պղնձից է՝ գրեթե բոլորը թանկարժեք։ Դարակին դրված են մուրաբայի համար նախատեսված թասիկներ, փլավքամիչ, սխտոր ճզմելու հավանգ, բաժակ լվանալու տարա, սրճեփ, որով եփված սուրճը վարպետը շատ է սիրել: Խոհանոցում նաև տեղ են գտել տարբեր տեսակի գրտնակներ՝ փախլավա, արիշտա պատրաստելու համար, սկուտեղներ, թավաներ, շերեփներ։ Իսահակյանների խոհանոցից, իհարկե, չեր կարող բացակայել նաև «կլկլան բաժակը» կամ ինչպես գյումրեցիներն են ասում՝ մուշուրբան (բաժակ, որի մեջ կա գունդ և ջուրը խմելիս կլկլոցի ձայն է գալիս)։ Խոհանոցում գետնին շարված են նաև կարասներ, սափորներ։ 

Թոնրատունը և բանաստեղծի ծնունդը 
Այստեղ կան բոլոր նախադրյալները հաց թխելու, ճաշեր պատրաստելու համար՝ երկանքով հնարավոր է աղալ ցորենը, հետո մաղել, ղազանների մեջ ջուր տաքացնել, հատուկ թասերի մեջ խմոր հունցել, գրտնակով բացել խմորի գնդերը և թոնրի մեջ թխել լավաշ։ Թոնրատանը դարակներից մեկի վրա դրված է քուրսի, որը նախատեսված է եղել ճաշը միշտ տաք պահելու համար, ինչպես նաև տարբեր չափերի և նշանակության կաթսաներ… Տան այս հատվածում է ծնվել մեծ բանաստեղծը։ Դա եղել է հոկտեմբերին, երբ արդեն բավականին ցուրտ էր Շիրակ աշխարհում։ Հոկտեմբերի 30-ին լույս աշխարհ է գալիս ընտանիքի յոթերորդ երեխան։ Ալմաստն արդեն մեծ էր՝ 40-նն անց էր և Սահակ աղան շատ անհանգիստ միջանցքում գնացել-եկել է, քանի որ բժշկությունն էլ այսօրվա նման զարգացած չէր։ Վերջապես ծնունդ ընդունողը դուրս է վազում և բղավում. «Ավետիս… Տղա՛ է ծնվել»։ Ներս մտնելով՝ Սահակը վերցնում է բարուրն ու ասում. «Թող ավետիս լինի ոչ միայն իմ ընտանիքում»… Թոնրատանը մի փոքրիկ պատուհան կա։ Իսահակյանն ամեն անգամ ներս մտնելով թոնրատուն՝ իր ձեռնափայտն ուղղել է դեպի պատուհանը և ասել. «Այս վայրը սուրբ է, մայրս ինձ այստեղ է լույս աշխարհ բերել, և աշխարհին կապող առաջին լույսը հենց այստեղ եմ տեսել»։ Նախկինում մի ավանդույթ կար՝ պսակադրությունը, կնունքը, ծնունդը անց են կացվել թոնրատանը՝ սուրբ տեղում, քանի որ ոչ բոլոր վայրերում է եկեղեցի եղել։ 

 

Ստեղծագործական կյանքը 

Մի առանձին սենյակ հատկացված է Վարպետի ստեղծագործությանը, որն սկզբնավորվում է «Երգեր ու վերքեր» ժողովածուով։ Պատից կախված է մի նկար, որտեղ Իսահակյանը ճեմարանի հագուստով է, քանի որ նա Հառիճի վանքի դպրոցից հետո ընդունվել է ճեմարան։ Նրան դասավանդել են Հովհաննես Հովհաննիսյանը, Կոմիտասը, Գարեգին Սրվանձտյանը։ Մեկ այլ նկարում Իսահակյանը պատկերված է Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Լևոն  Շանթի հետ։ Սենյակում մի հատվածում պահվում են այն գրքերը, որոնք անընդհատ եղել են նրա ձեռքի տակ՝ գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուներով: Իսահակյանը Շիրակ աշխարհը համարել է տիեզերքի կենտրոն, իրեն նաև Անիի քաղաքացի է համարել, որտեղ բազմիցս եղել է և իր պսակադրությունը 1910 թվականին՝ Սոֆյա Քոչարյանի հետ, կատարվել է Անիի կամարների ներքո։ Իսահակյանին շատ են թարգմանել Բրյուսովը, Բլոկը։ «Աբու-Լալա Մահարի» պոեմը թարգմանվել է 170 լեզուներով, և սա խոսում է այն մասին, որ նա միջազգային ճանաչում ունի։ Բանաստեղծը շատ մտերիմ է եղել Եղիշե Չարենցի հետ՝ բանտում միասին են նստած եղել։ Չարենցի բանտարկությունից հետո Ավետիք Իսահակյանը հոգևոր հայր է հանդիսացել նրա երեխաների համար՝ որբանոցից փախցրել է և պահել իր տանը։ Շատ վտանգավոր է եղել այդ տարիներին անգամ Չարենցի բանաստեղծությունները կարդալը, առավել ևս նրա երեխաներին պահելը։ Չարենցը վերջին պահին՝ 1937 թվականի սեպտեմբերի 27-ին, մի թաշկինակի վրա գրել է բանաստեղծություն, որը բանտապահի հետ դուրս է ուղարկել։ Այդ թաշկինակը մինչև այսօր պահվում է Ավետիք Իսահակյանի թոռան՝ Ավիկ Իսահակյանի մոտ։ Մեծ վարպետը այն բանաստեղծներից է, ում 200-ից ավելի ստեղծագործություն դարձել են երգ։ Շատերս այսօր երգում ենք «Սիրեցի, յարս տարան», «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Բինգյոլ», «Սև աչեր» և այլ երգեր՝ չիմանալով, որ դրանք հենց Ավետիք Իսահակյանի գրչին են պատկանում։ Այս սենյակում տեղ են գտել նաև այնպիսի գրքեր, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո լույս են տեսել Ավիկ Իսահակյանի շնորհիվ։ 1936 թվականին, երբ Իսահակյանը մեկընդմիշտ հաստատվեց Հայաստանում՝ Կառավարությունը նրան առանձնատուն նվիրեց Երևանում, որը նույնպես վերածվել է տուն-թանգարանի։ Բայց վերադառնանք Գյումրու տուն-թանգարանին: Սենյակում, որտեղ տեղ են գտել մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, պատերին կախված նկարներից մեկում էլ Իսահակյանը նստած է քարե բազմոցին, որը գտնվում է երևանյան իր տան բակում։ Ճարտարապետներն այդ բազմոցը Վարպետին են նվիրել նրա 80-ամյակի առիթով: Նրանք սկզբում ցանկացել են, որ այն մարմարից լինի, բայց բանաստեղծը դեմ է եղել մարմարին և ասել. «Եթե պետք է քանդակվի, ապա թող կերտվի Արթիկի տուֆից, որպեսզի Շիրակ աշխարհի շունչը միշտ ինձ հետ լինի»։ 


«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավն իրականանում է ՀՀ զբոսաշրջության պետական  կոմիտեիՀայաստանի զբոսաշրջության զարգացմանհիմնադրամի և Գյումրում քաղաքապետարանի  աջակցությամբ։ 



Լիլիթ Դեմուրյան 

 

ԵԱՏՄ շուկայում հայկական ոսկերչական իրերի հարգադրոշմների ճանաչելիության հարցը կլուծվի 2018-ի կեսերին

0

Եվրասիական տնտեսական միության տարածքում ոսկերչական իրերի հարգադրոշմների և տարբերանշանների փոխադարձ ճանաչելիության խնդիրը լուծում կստանա հաջորդ տարվա կեսերին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։ Նախօրեին Երևանում հարցը քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում  2018-2019 թթ. սահմանափակումների վերացման ծրագրի շրջանակներում և եկել այն կանոնակարգելու համաձայնության։ «Այս տարվա սկզբներին հայկական կողմն այդ հարցն անընդհատ բարձրացնում էր և այն դիտարկվեց որպես ԵԱՏՄ ներքին շուկայում սահմանափակում, որը, բնականաբար, պետք է լուծում ստանար։ Երեկ խնդիր դրվեց մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակ բոլոր երկրների միջև ձևավորել ընդհանուր մոտեցումները և ստորագրել համապատասխան պայմանագիր հարգադրոշմների փոխադարձ ճանաչելիության վերաբերյալ»,-ասաց Գագիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը լուրջ առաջընթաց է, քանի որ հարցը շատ էր մտահոգում ոլորտի հայաստանցի տնտեսվարողներին։ Հատկապես ռուսական շուկայում կար որոշակի անվստահություն հայկական ոսկերչական իրերի նկատմամբ։ «Ասում են՝ այդ անվստահությունը պայմանավորված է նրանով, որ մեր մոտ մասնավորն է դնում հարգադրոշմը, չնայած ես դա տարօրինակ փաստարկ եմ համարում։ Ինչո՞ւ պետք է պետական աշխատողն ավելի ազնիվ աշխատի, քան մասնավորը։ Եթե կուզեք հակառակը՝ դա իր բիզնեսն է, ավելի զգույշ է լինում իր կատարած աշխատանքի որակի հանդեպ, քանի որ հակառակ պարագայում բիզնեսը կկորցնի»,-նշեց պաշտոնյան։ Նրա կարծիքով՝ ռուսական կողմն էլ վաղ թե ուշ այդ ծառայությունը վստահելու է մասնավորին։

Գագիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերին Աստանայում հայկական կողմից կներկայացվեն խնդրի կարգավորման նախագծերը և որոշակի շտկումներից հետո հաջորդ տարեսկզբին տեղի կունենա համաձայնեցում բոլորի կողմից ու արդեն պատրաստ կլինի ստորագրման մի համաձայնագրի շրջանակներում, որը ԵԱՏՄ-ում կարգավորում է ոսկերչական իրերի, թանկարժեք մետաղների ու քարերի շարժի առանձնահատկությունները։ «Հայաստանում դրված հարգադրոշմն ընդունելի է լինելու Ռուսաստանում և այլ երկրներում։ Ասեմ ավելին՝ ԵԱՏՄ պայմանագրի առաջին հոդվածն ասում է, որ այս միությունում ազատ տեղաշարժի իրավունք ունեն ապրանքները, ծառայությունները, կապիտալն ու աշխատուժը։ Եվ որպես ծառայություն,  կարող է ազատ շրջանառվել նաև հարգադրոշմ դնելու ծառայությունը։  Իհարկե, քիչ հավանական է, բայց եթե ղազախստանցի ոսկերիչը որոշի հարգադրոշմ դնել Հայաստանում, նա ազատ կլինի դա անելու»,-ասաց Գագիկ Մկրտչյանը։

Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ հայկական կողմից կա որոշակի փոխզիջում, ըստ որի ներքին շուկայում խստացումներ կլինեն հարգադրոշմի ծառայություն մատուցող ընկերությունների նկատմամբ, որոնք ներկայում ութն են։ «Մենք պետք է ունենանք հսկողական մեխանիզմներ ու մինչև ապրանքների մանրածախ շուկա դուրս գալը վերահսկողություն իրականացնենք։ Այդ ստուգումները կարվեն առանց տնտեսվարողի մոտ շփոթ առաջացնելու, առանց բնականոն աշխատանքը խանգարելու, ընտրանքային կարգով»,-հավելեց Գագիկ Մկրտչյանը։

Նախարարի խորհրդականը հույս հայտնեց, որ Հայաստանը տարին կփակի ադամանդագործական իրերի արտահանման 50-60 տոկոսանոց աճով, իսկ ոսկերչության մեջ՝ կրկնակիով։ «Մենք նաև աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ ալմաստի հումքի մատակարարումներն ավելացնելու ուղղությամբ»,-հավելեց նա։

 

Հայաստանի պատմական քարտեզները ցուցադրվել են Լատվիայի ազգային գրադարանում

0

Լատվիայի ազգային գրադարանում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման բացմանը ներկա էին Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Լատվիայի ազգային գրադարանի տնօրեն Անդրիս Վիլկսը, ով նշեց, որ մեծ կարևորություն է տալիս Ռիգայում նման միջոցառման անցկացմանը, քանի որ լատվիական հասարակությունը բացառիկ հնարավորություն է ստանում օտար քարտեզագրական աղբյուրների միջոցով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը: Ազգային գրադարանի տնօրենը նաև շեշտեց, որ մեծապես կարևորում է Լատվիայի ազգային գրադարանի համագործակցության խորացումը Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի հետ:

Բացմանը ելույթ ունեցավ նաև Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով նշեց, որ «այս 51 քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանն ընկալվել օտարերկրացիների կողմից 26 դար շարունակ: Դրանք արտացոլում են մեր պատմության փառահեղ, ինչպես նաև ողբերգական էջերը»: Նա տեղեկացրեց նաև, որ այդ ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված է հին հունական, հռոմեական, պարթևական, արաբական, օսմանյան, եվրոպական քարտեզագիրների կողմից, դրական արձագանք է ստացել մի շարք այլ մայրաքաղաքներում:

Ցուցահանդեսին դասախոսությամբ հանդես եկավ քարտեզները կազմող և հրատարակող Ռուբեն Գալիչյանը, ով ներկայացրեց պարսից Դարեհ Մեծն արքայի Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունները, ուր Հայաստանը, որպես հարևան երկիր նշվում է բազմիցս, ապա՝ մ.թ.ա վեցերորդ դարի, Բրիտանական թանգարանում պահվող հնագույն Աշխարհացույցը, որի կենտրոնում առկա են երեք երկիր՝ Ասորեստանը, Բաբելոնը և Հայաստանը, պատմագիտության հիմնադիր Հերոդոտոսի, աշխարհագրության հիմնադիր Ստրաբոնի և այլ հնագույն աշխարհագրագետների քարտեզներ, որոնց բոլորում առկա է Հայաստանը: Հերթականությամբ ցուցադրվեցին միջնադարյան, իսլամական և քրիստոնեական քարտեզներ:

Այնուհետև Օսմանյան Թուրքիայում 1894-96թթ. կոտորածների և 1915թ. Ցեղասպանությանը վերաբերող քարտեզներն էին՝ հասնելով մինչև Հայաստանի Առաջին հանրապետության, ինչպես նաև խորհրդայնացման քարտեզները: Քարտեզների այս շարքն ավարտվում էր Հայաստանի և Արցախի ներկա քարտեզներով:

Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկավ Գերմանիայից հրավիրված էթնո-ջազային «Ագվաս» տրիոն, որը հայկական ժողովրդական երաժշտությունը կատարեց ջազային մեկնաբանությամբ: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց ընդունելությունը:

Ցուցահանդեսը, որն անց է կացվում Սիլտում-էլեկտրոպրոյեկտ ընկերության (հայ բարերար Մխիթար Մխիթարյանի) աջակցությամբ, բաց է լինելու մինչև նոյեմբերի 26-ը: 

Մարվեց և շրջանաառության մեջ դրվեց հայկական և իրանական զարդանախշերով ձևավորված համատեղ գեղաթերթիկ

0

«Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը մարվեց և դրվեց շրջանառության մեջ: Նամականիշներից մեկում պատկերված է Կապույտ մզկիթը, մյուսում՝ Սուր Ամենափրկիչ եկեղեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղաթերթիկը մարվեց հոկտեմբերի 25-ին «ՀայՓոստ»-ի կողմից ՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանի մասնակցությամբ:

«Երկու ժողովուրդները բազմադարյա բարեկամության և եղբայրության հարուստ պատմություն ունեն: Եվ մեր նախարարության տեսանկյունից՝ մենք անում ենք շատ կարևոր քայլ՝ փոքր աղյուս դնելով մեր բարեկամության և եղբայրության կառուցվող շենքին: Համատեղ նամականիշ թողարկելով՝ ցանկացնում ենք խթանել մեր բարեկամությունը»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանի ֆիլատելիստների  միության նախագահ Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ համատեղ նամականիշերի թողարկումը փաստում է երկրների դիվանագիտական լավ հարաբերությունների և մշակութային առանձնահատկությունների մասին : Եվ Հայ-իրականական համատեղ նամականիշի թողարկումը դրա վառ ապացույցն է: «Կարծում եմ՝ այս նամականիշները, որոնք կհայտնվեն աշխարհի տարբեր երկրներում, տեղեկատվություն կփոխանցեն մեր երկու երկրների ջերմ հարաբերությունների մասին»,-ասաց նա ու հավելեց՝ նամականիշները պետության հետաքրքիր սիմվոլներն են, և հաճախ շատերը որևէ երկրի մասին տեղեկություններ են հավաքում հենց նամականիշերով:

300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանում գտնվող Կապույտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա՝ Սպահան քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի տպագրատներից մեկում՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է ՀայՓոստի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Փոխդեսպանի և փոխնախարարի հետ մարումն իրականացրեցին նաև «ՀայՓոստ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիատելիստների  միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

Ստեղծվել է «Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածը

0

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և հանրահռչակման նպատակով էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածն է ստեղծվել: Այն իրականացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հավելվածը կարելի է ներբեռնել՝ օգտվելով Android մոբայլ օպերացիոն համակարգի Play market բաժնից` գրելով «Սասունցի Դավիթ»՝հայերեն կամ անգլերեն:

Հավելվածի հիմնական բաժիններն են՝ ասմունք, ինտելեկտուալ խաղեր (հարցեր էպոսի մասին և հարցեր էպոսից), փազլ և վիքիպեդիայի «Սասունցի Դավիթ» կինոնկարի, «Սասնա ծռեր» մուլտֆիլմի և Ժան Էլոյանի ասմունքի հղումները: էպոսից հարցերին ճիշտ պատասխանելու նպատակով հավելվածում առկա է նաև էլեկտրոնային գիրք, որտեղ ներկայացվում են էպոսի՝ պատասխաններին առնչվող հատվածները:

Իսկ iOS օպերացիոն համակարգում հավելվածը հասանելի կլինի մի քանի ամիս անց:

Հավելվածի ստեղծումը կարևորվում է որպես ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների վերաբերյալ մատաղ սերնդի տեղեկացվածության և հայրենասիրական ոգու բարձրացման կարևորագույն միջոց:

 

ԿԳ նախարարն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

0

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին և նրան ուղեկցող հայր Եղիա Կիլաղբյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:                                    

Շնորհավորելով հյուրերին Մխիթարյան միաբանության 300-ամյակի առթիվ՝ նախարարն  ընդգծել է, որ միաբանությունն անփոխարինելի և հսկայական դերակատարություն ունի հայ ժողովրդի հոգևոր, կրթական և գիտամշակութային կյանքում: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր միաբանությունը բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում:

Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարին՝ հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելու, հայապահպանությանն ու սերունդների կրթության ապահովման գործում կարևորելով հայրենիք-սփյուռք ամուր գործակցությունը: 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում արևմտահայերենի զարգացման հետ կապված խնդիրներ: