Երեքշաբթի, 10. 06. 2025

Անհրաժեշտ է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշտական մոնիթորինգ. վարչապետ

0

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարի  հանձնարարականներից մեկը գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ էր: «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են։ Սակայն, մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են  սպասարկման որակի խնդիրներ և այլն:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության:  Այսինքն՝ անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիթորինգը: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր նոր հնարավորություններից՝ հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ, որ պարզի, որ դրանք կարելի էր ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով և այլն»,-նշել է կառավարության ղեկավարը և  հանձնարարել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ, 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը հայտնել է, որ մոտ օրերս այդ նպատակով կկազմակերպի խորհրդակցություն.  «Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»:

 

Առաջարկություններ կներկայացվեն շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և  կանխարգելման վերաբերյալ 

 

Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ էր: «Նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք գտնվում են մշակման փուլում։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև շրջակա միջավայրի  գերաղտոտվածության դեպքեր: Մասնավորապես, վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում։ Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը»,-նշել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը  հանձնարարել է արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաև՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ձեռնարկել ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ միջոցներ՝ կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:

Հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառած վնասների փոխհատուցան ապահովման օրենսդրական առաջարկություններ:

  

Սոցիալական աջակցություն կտրամադրվի  ՀՀ սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին 

 

Սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ  համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:  Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար անհրաժեշտ է 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների  ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի N 9 շենքի հրդեհից տուժած թվով 11 ընտանիքների ժամանակավոր կեցությունը կազմակերպելու նպատակով:

Գործադիրի  մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև   ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը համապատասխան սարքավորումներով և գույքով ապահովելու նպատակով: Նախատեսվում է նաև  համակարգչային սարքավորումներ ձեռք բերել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար:

 

Կկրճատվեն հայտերի դիտարկման ժամկետները 

 

ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվող փոփոխությունների նպատակն է կրճատել  գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվելու համար ներկայացված հայտերի դիտարկման ժամկետները, ինչը կնպաստի  գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը: Գործող կարգով՝ հայտերի դիտարկման ժամկետի ընդհանուր տևողությունը կազմում է 35 աշխատանքային օր, որոշմամբ առաջարկվում է կրճատել հայտերի դիտարկման ժամկետները:

Արտաքին աղբյուրներից իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով վարկային, դրամաշնորհային և ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ՀՀ 2017թ. պետբյուջե նախատեսելու և համապատասխան վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը համապատասխան որոշում  է ընդունել: Ըստ հիմնավորման, արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային ծրագրեր իրականացնող ԾԻԳ-երի կանխատեսվող կատարողականներից ելնելով առկա է վարկային, դրամաշնորհային և համաֆինանսավորման լրացուցիչ պահանջ և վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն Եվրասիական  զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման,  Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման և այլ ծրագրերի բնականոն  ընթացքն ապահովելու համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ երկարաձգվել են  «Արմտեքս» ՍՊԸ-ի ստացած թույտվությունների ժամկետները:  Ընկերությունը կանադական Yves Martin ընկերության պատվերով արտադրում և արտահանում է տրիկոտաժե ապրանքներ։ 

 

Հոգեբանական ծառայություններ կտրամադրվեն խոշտանգումից տուժած անձանց 

 

Գործադիրը սահմանել է խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը:  Համապատասխան օրենսդրական  փաթեթի ընդունմամբ ՀՀ իրավական համակարգ է ներմուծվել խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցում (redress) ստանալու կառուցակարգը: Այն նախատեսում է, որ խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման իրավունքը բաղկացած է նյութական և ոչ նյութական վնասների հատուցման և ռեաբիլիտացիայի իրավունքից: Ռեաբիլիտացիայի իրավունքն իր հերթին ներառում է բժշկական, հոգեբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը: Այսպիսով, առաջարկվում  է  հոգեբանական ծառայություններ տրամադրել խոշտանգումից տուժած անձի ցանկությամբ՝ անվճար հիմունքներով:

Կառավարությունն ընդունել է «Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգի սահմանման մասին» որոշումը: Արդյունքում համապատասխան լիազոր մարմիններին կտրամադրվի տեղեկատվություն վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցման և բնապահպանական վնասի չափի գնահատման և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցման վերաբերյալ: 

 

Նախատեսվում է բարելավել դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը 

 

Գործադիրը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» և հարակից օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի նպատակն առողջապահության ոլորտը կարգավորող  իրավական ակտի նորմերը ՀՀ սահմանադրության նորմերին համապատասխանեցնելն է, ինչպես նաև նախատեսել պատասխանատվություն` Սահմանադրությամբ ամրագրված մարդու օրգաններն ու հյուսվածքներն ապօրինի շրջանառության, եվգենիկական փորձերի իրականացման, մարդու վերարտադրողական կլոնավորման  համար: Օրինագծերով նախատեսվել են  ՀՀ սահմանադրությամբ սահմանված մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ, բարելավվել է հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը:

Օրենսդրական կարգավորումների միջոցով փոխնակ մորից ծնված երեխայի` կենսաբանական ծնողին հանձնելուց առաջ արյունակցական կապի հաստատման նպատակով ԴՆԹ-ի թեստավորման գործընթացը, վերջինիս իրականացման ժամկետները, ԴՆԹ-ի թեստավորման եզրակացության տրամադրման ժամկետները սահմանելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  Ըստ այդմ, հնարավորություն է ստեղծվում ապահովել փոխնակ մոր, նրանից  ծնված երեխայի  ու կենսաբանական ծնողի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը, բացառել փոխնակ մորից ծնված երեխային կենսաբանական ծնող չհանդիսացող անձին հանձնելը: 

 

Կստեղծվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով 

 

Կառավարությունը համաձայնություն է տվել   «Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:  Համաձայնագիրը մշակվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կանոնակարգման նպատակով: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար հատվածի ակտիվությունը:  Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով:  

 

Այլ որոշումներ 

 

ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, ազատ գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով հիմնադրվել է ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերությունը: Ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը՝ փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ծառայությանը հատկացնելով այլ տարածք:

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչության փորձագետներին փորձաքննություններ և հետազոտություններ կատարելու իրավունքի շնորհման համար վերապատրաստում անցնելու ընթացակարգերը կանոնակարգելու նպատակով:

Հավանության է արժանացել  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագիծը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է այն քաղաքացիների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, ովքեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում: Կառավարությունը,  կիսելով հեղինակների մտահոգությունը, առաջարկում է խմբագրել ներկայացված օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով մի շարք  մոտեցումներ: 

«Ելք»-ը չգնահատեց իրեն մեկնած ձեռքը. Վիգեն Սարգսյանի կոշտ պատասխանը ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը

0

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության  պատգամավորներին մեղադրում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը պրիմիտիվացնելու փորձի մեջ՝ նեղացնելով այն մինչև տարկետման տրամադրման հարցը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում Վիգեն Սարգսյանը ցավով ընդգծեց, որ իրականում առաջարկվող օրինագիծն անհամեմատ ավելի լայն է: «Այն լուծում է տարիների, տասնամյակների ընթացքում լուծում չգտած հարցեր թե սպաների, թե պայմանագրային զինծառայողների, թե ժամկետային ծառայության անձնակազմի համար: Այն տալիս է սոցիալական պաշտպանության լուրջ երաշխիքներ, բովանդակային լիցք է հաղորդում արտոնությունների ինստիտուտին՝ զինված ուժերում ծառայությունը դարձնելով սոցիալական վերելակ տասնյակ հազարավոր մեր երիտասարդների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ միտումնավոր առաջարկել է օրենքով մինչ այժմ պաշտպանության նախարարին վերապահված մի շարք լիազորություններ բարձրացնել կառավարության որոշումների մակարդակի՝ ապահովելու համար դրանց քննարկման և ընդունման ավելի մեծ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: «Օրինագծին զուգահեռ՝ հանդես եմ եկել մի շարք հեռու գնացող նախաձեռնություններով, այդ թվում՝ պաշտոնյաների հայտարարագրում  նրանց և իրենց ընտանիքի ընտանիքների անդամների զինծառայության նկատմամբ պարտավորությունների հայտարարագրման պահանջ ներառելը և կառավարության որոշմամբ տարկետում ստացող անձանց ցանկի միավորված հրապարակումը բաց աղբյուրներում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա ցավով նկատեց, որ «Ելք» խմբակցությունը չի գնահատել իրեն մեկնած ձեռքը և չփորձեց կառուցողական փոխգործակցության դաշտում լուծել երկրի համար առանցքային նշանակության ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի խնդիրները: «Դեստրուկտիվ ոճի ջատագովները չցանկացան ըմբռնել, որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի լավն են, քան հնարավոր բազմաթիվ, այդ թվում՝ իրենց առաջարկած տարբերակները: Պարզ է, որ եթե խնդիրը լիներ զուտ թվաբանական, եթե ես փորձեի լուծել զորակոչային ռեսուրսի հարցը, ապա 2018թ. ամռանը, երբ 12-ամյա կրթության անցման 12-րդ տարում ավագ դպրոցների շրջանավարտների թիվը լինելու է անհամեմատ ավելի փոքր նախորդող և հաջորդող բոլոր տարիներից, կառավարությունն առանց Ազգային ժողով դիմելու կարող էր կտրուկ նվազեցնել տարկետմամբ տրվող տեղերի քանակը և բուհերում, բարդացներ ասպիրանտուրայի և մագիստրատուրայի տեղերի հատկացման ընթացակարգերը և կլուծեր զորակոչային ռեսուրսի խնդիրը: Այն, ինչ դուք առաջարկում եք, այն, ինչի մասին դուք խոսում եք՝ որպես լուծման եղանակ, մանր մեքենայության մեխանիզմ է: Ես դրա փոխարեն առաջարկել եմ շատ ավելի լայն քաղաքականություն, որը թույլ է տալիս, չնայած դպրոցների շրջանավարտների թվի կտրուկ նվազեցմանը, հարյուրավոր տեղեր պահել տարկետման իրավունքով, բուհական կրթությունն անընդհատ ստանալու այն երիտասարդների համար, ովքեր պատրաստ են այնուհետև ծառայել զինված ուժերում որպես սպա: Եթե դուք համարում եք, որ լուրջ գիտնականն առհասարակ չպետք է բանակում ծառայի, ես այդ մոտեցմանը սկզբունքորեն դեմ եմ: Ես՝ որպես պաշտպանության նախարար, առաջարկում եմ լուծում, որը հնարավորություն կտա գիտնականին իր գիտելիքները ծառայեցնել բանակին՝ որպես զինված ուժերի սպա: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա շատ ավելի մեծ ներազդեցություն կունենա ռազմական գիտության և ռազմական արդյունաբերության վրա, քան օրենքում արտոնյալ պայմաններում տարեկան երկու տոկոսով ներքին արտադրողից ապրանք գնելու պոպուլիստական և ոչինչ չլուծող բանաձևը, որովհետև մրցակցությունն է առաջ մղում գիտությունն ու արդյունաբերությունը, ոչ թե պրոտեկցիանիզմը,որը կեղծ հայրենասիրությամբ փորձում է քողարկել իրականում գործ չանելու ցանկությունը»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ քննարկման ընթացքում բազմաթիվ զուգահեռներ են անցկացրել 1997թ. առաջարկված  օրենքի նախագծի  հետ՝ շեշտելով, որ տարբերությունը շատ հստակ է: «1997թ. օրենքի նախագծով առաջարկվում էր բոլորին տանել բանակ, իսկ ինքն առաջարկում է լուծում, երբ տարեկան հարյուրավոր երիտասարդներ կարող են բանակ գնալ որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ստանալ ուսման վարձի փոխհատուցում նաև ծառայելուց հետո մագիստրատուրայում սովորելու համար, այդ թվում՝ աշխարհի առաջատար բուհերում: Պարոն Գորգիսյանն այստեղ ոգևորված հարցնում էր, թե մենք ի՞նչ ենք արել: Ես անձամբ ուղիղ մասնակցել եմ նրան, որ մենք ձևավորել ենք հիմնադրամ առանց մի կոպեկ բյուջետային փող դնելու, որով տարեկան հարյուրավոր երիտասարդներ գնում են առաջատար բուհերում լավագույն կրթությունը ստանալու»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավորների ելույթների ընթացքում հնչած առաջարկներին: «Ինչո՞ւ երեք օր պահեստազորի մասին քննարկումներից հետո տիկին Թանդիլյանը հրաժարվում է հասկանալ, որ ժամկետային զինծառայությունն առաջին հերթին ոչ թե առաջնագիծը համալրելու միջոց է այլ պահեստազոր պատրաստելու միակ գործուն ճանապարհը: Ինչո՞ւ առաջնագիծը կամավոր ընտրածներին խրախուսելու, այդ թվում՝  լրջագույն նյութական խթան տալու իմ առաջարկին փորձ է արվում հակադրել չծառայելը վճարով փոխհատուցելու անհեթեթ գաղափարը: Տիկին Թանդիլյան, Ձեր երեկվա ելույթում հնչեցրած առաջարկը ոչ այլ ինչ է, քան կոչ մեր բնակչությանը՝ վաճառել իրենց վերջին կացարանը՝ զավակի չծառայելու և ձեր պատկերացրած պայմանագրային բանակին վճարելու անարդար մի գաղափար: Եթե չծառայելու դիմաց հնարավոր լինի վճարել, ո՞ր խավն է առաջինը դրանից օգտվելու, և ո՞ր հայ ծնողն է նայելու իր երեխայի աչքերի մեջ և ասելու՝ գումար չունեմ, դու պարտավոր ես գնալ ծառայելու: Ես ուրախ եմ, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն կազմող ընդդիմություն եք այս խորհրդարանում»,- նշեց Սարգսյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ելույթին:

Արձագանքելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին Վիգեն Սարգսյանը հարցրեց՝ ո՞ւր է տրամաբանությունը, երբ մի կողմից օլիգարխների և մեծահարուստների ոսկի զավակների չծառայելու դեմ առերես պայքարողները րոպեներ անց նույն ամբիոնից տարակուսում են, թե ինչո՞ւ եմ ես դեմ ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ քրեական հետապնդումը գումարի դիմաց դադարեցնելու գաղափարին:

Անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթին՝ Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ պատգամավորը քննարկման ողջ ընթացքում անձնական օրինակներ էր բերում և իր կոմֆորտի մասին էր հարցնում: «Նա անընդհատ իմ կոմֆորտից էր հարցնում, ուստի ես իրեն կուզեի հարցնել, թե իր ֆրակցիայի գործընկերներից հարցրե՞լ է՝  իրենք կոմֆորտ են զգում, որ օգտվել են լեգիտիմ տարկետման իրավունքից և բանակում չեն ծառայել:  Հասկանում եմ,  պարոն Միրզոյան, որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, սակայն ցանկանում եմ հասկանալ, թե ի՞նչ խղճով եք ստացել  պաշտպանության նախարարության պատվոգիրը՝ մի օր անգամ զորամասում չծառայելով:  Ձեր ո՞ր արածի համար եք ստացել այդ պատվոգիրը, որ հիմա էլ այս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի և դիսկոմֆորտի մեջ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Եզրափակելով խոսքը՝ նախարարը շեշտեց, որ մշտապես եղել և մնալու է կոռեկտ իր ընդդիմախոսների նկատմամբ, սակայն խնդրեց այդ կոռեկտությունը չշփոթել միամտության հետ: «Եթե փորձելու եք դրա վրա քաղաքական միավորներ հավաքել, պատասխանը լինելու է համարժեք»,- եզրափակեց Սարգսյանը:

 

 

ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու բուժսպասարկման կենտրոն

0

ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ` տկար վիճակում, թռչելու անընդունակ: Ա. Առաքելյանը հայտնել է, որ անգղը տեղափոխել է իր բնակարան և խնդրել միջոցներ ձեռնարկել կարմիրգրքային թռչունին օգնություն ցուցաբերելու համար: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության Տավուշի բաժնի պետ Ա. Ղազարյանի հետ, տեղեկացել անգղի վիճակի մասին և քննարկել տեղափոխման հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ բնապահպանության նախարարությունից ահազանգը փոխանցվել է  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Տեսչական մարնի ղեկավար Ե. Տերտերյանը հանձնարարել է մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետին ապահովել անգղի տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ անասնաբուժական օգնություն ցուցաբերելու նպատակով: Տավուշի տարածքային բաժնի պետը և ՀՀ ԶՈւ ՌՈ աշխատակիցները, կատարելով Կենդանաբանական այգու աշխատակիցների մասնագիտական ցուցումները, սպիտակագլուխ անգղին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի:

Սպիտակագլուխ անգղը հոկտեմբերի 26-ի գիշերը հասցվել է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների բուժսպասարկման կենտրոն։ Մասնագետները, որոնց թվում է եղել նաև Ֆինլանդիայից  ՀՀ ժամանած կենդանաբույժը, նախնական զննում են իրականացրել։ Ցավազրկող ներարկումից հետո իրականացվել է նաև ռենտգեն հետազոտություն: Թռչնի զննության, այդ թվում Ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է մոտ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ:  Նախնական դիտարկումներով անգղի մոտ հրազենային վնասվածքներ առկա չեն:

Անգղի վիճակի մասին լիարժեք եզրակացություն հնարավոր կլինի տալ վերականգնողական գործընթացի ընթացքում: Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն մասնագետների փոխանցմամբ նման կոտրվածքների դեպքում թռչելու հավանականությունը զրոյական է:

Արման Միքայելյանը Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի առաջատարներից է

0

 Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Միքայելյանը հաղթել է ռուս գրոսմայստեր Վլադիմիր Պոնֆիլենոկին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից մրցակցին գերազանցել է Սարգիս Մկրտչյանը, պարտություն են կրել Վլադիմիր Պողոսյանը, Հայկ Երիցյանը, Արթուր Դավթյանը, իսկ Հովհաննես Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել:

Այս տուրից հետո Միքայելյանն ունի 4,5 միավոր և առաջատարների թվում է:

Կառավարությունը հավանություն տվեց «Ընտանեկան բռնության մասին» օրինագծին

0

Կառավարությունը հավանություն տվեց «Ընտանեկան բռնության և դրա զոհերի պաշտպանության մասին» օրինագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծը, մասնավորապես, առաջարկում է օգնություն տրամադրել տուժածների պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում, որոնց կարող են վախեցնել ամուսիններն ու հարազատները։ Դրա համար առաջարկվում է աջակցել սոցիալական ապաստաներին, որոնք հիմա գոյատեւում են ՀԿ–ների միջոցներով: Տուժածներին առաջարկվում է բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերել, ընդ որում, վերջինը՝ նաև բռնարարին։ Այս աշխատանքը պետք է հանձնարարվի Հայաստանի սոցիալական ծառայությունների կենտրոններին: Նախատեսվում է նաև ընդունել նման հանցագործությունների նախազգուշացման ռազմավարություն: Դրա համար վարչապետին առընթեր կգործի պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, իրավապահների, ՀԿ–ների, սոցաշխատողների խորհուրդ: Քանի որ տուժածները հնարավոր է ունենան ֆինանսական օգնության կարիք՝ պետությունը բացելու է բանկային հաշիվ ու այն համալրելու նաև մասնավոր հանգանակություններով:

Գավառի թատրոնի տեխնիկական հագեցվածության համար հատկացվեց 25 մլն դրամ

0

Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնին: «Արմենպրես»ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ այդ միջոցներով ձեռք է բերվելու  բեմական տեխնիկա:

Թատրոնն անվանվել է Լեւոն Քալանթարի անունով, ով Թբիլիսիում հայկական թատրոնի կազմակերպիչներից մեկն է եղել և Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր 30-ականների վերջին-40-ականների սկզբին ու 40-ականների վերջին-50-ականների սկզբին:

Անհավասար փոխանակում է. վարչապետն առարկեց ՍԱՊԾ-ին Մեղրիի փոխարեն Երևանում տարածք հատկացնելուն

0

 Կառավարության որոշմամբ «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրվի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը: ՀՀ պետական գույքի  կառավարման վարչության պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը նշեց, որ փոխարենը ծառայությանը կհատկացվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանում Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում գտնվող շենքից 466,5 քմ մակերեսով տարածքը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանն անհամաձայնություն հայտնեց որոշմանը՝ ավելացնելով. «Մեղրիի շենքը ինչո՞ւ ենք Երևանով փոխարինում, անհավասար փոխանակում է, եթե Մեղրիում տարածք պետք է տանք, կտանք, Երևանում ինչո՞ւ ենք տարածք տալիս»: Անդրեյ Սիմոնյանն էլ պատասխանեց, թե քննարկումների արդյունքում են հանգել այս որոշմանը: «Բայց անհրաժեշտությունը ո՞րն է, շատ լավ է, որ Մեղրիի տնտեսական գոտուն տարածք ենք տալիս, բայց ՍԱՊԾ-ին տարածք տալիս ենք, թե չէ, քննարկելի է, եկեք նայենք», – ասաց Կարեն Կարապետյանը:

Ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել համանախագահների մոտեցումների վրա. ՀՀ ԱԳ փոխնախարար

0

Անհեռանկար քայլերով Ադրբեջանն իրեն մղել է փակուղի բոլոր հարցերում: Դա վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան բանակցություններին, այլ նաև ներքին ու արտաքին քաղաքականությանը՝ այդպիսով փակելով նաև այդ փակուղուց դուրս գալու ճանապարհը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Բանակցություններին խանգարողն Ադրբեջանն է, այնպես չէ որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից, ճիշտ հակառակը, բայց եթե հակառակորդը պարտադրում է, ասում է՝ կամ ամեն ինչ, կամ պատերազմ, ապա դրան տեղ տալ չի կարելի: Բանակցությունների հեռանկարի հետ կապված հստակ խոսել են համանախագահները՝ բազմաթիվ հայտարարություններում նշելով, որ բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, որը կողմերի միջև վստահությունն է, որն էլ ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, այն, ինչ կապված է հետաքննության մեխանիզմի ներդրման հետ, դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ դեռևս 1995-ին Ադրբեջանն Արցախի Հանրապետության և Հայաստանի հետ ստորագրել է եռակողմ համաձայնագիր առ այն, որ պետք է ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդվի, մասնավորապես, ներդնելով հետաքննության մեխանիզմ:

«Դրանից հետո բազմիցս անդրադարձ է եղել մեխանիզմի ներդրմանը, որովհետև անզեն աչքով էլ երևում է՝ եթե բանակցություններում անհրաժեշտ է առաջընթաց, ապա պետք է կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի»,- ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը: Վերջինս նաև համոզմունք հայտնեց, որ ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մոտեցումների վրա, ինչը երևում է վերջիններիս հայտարարություններում:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

0

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը, հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը՝ անձրև և ամպրոպ:

Ադրբեջանն անհեռանկար քայլերով հարցականի տակ է դնում իր անկախությունը. Շավարշ Քոչարյանը Բաքվի «վայնասունի» մասին

0

Ադրբեջանին վրդովվեցրել է այն, որ հայտարարվել է մի շատ պարզ բան՝ ԼՂ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է հետևյալը. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած հանդիպումից հետո ՀՀ Նախագահի հայտարարության կապակցությամբ ադրբեջանական կողմի արձագանքին:

«Դրա շուրջ էլ Ադրբեջանում սկսվել է «վայնասուն»: Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի անկախությունը՝ ձևացնելով, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել են թե ԼՂՀ-ն, թե Ադրբեջանը: Դա եղել է դեռևս ԽՍՀՄ օրոք՝ համաձայն վերջինիս սահմանադրության: ԽՍՀՄ փլուզումով երկուսն էլ իրավահավասար են, ավելին՝ Արցախում անկախության մասին հանրաքվեն ավելի վաղ է անցկացվել, քան Ադրբեջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր անհեռանկար քայլերով, կամ հայտարարություններով հարցականի տակ է դնում իր իսկ անկախությունը: «Եթե իր համար այդքան սուրբ է տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է անկախացել»,- նշեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Անդրադառնալով բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ դրանք հայկական կողմը երբեք չի խախտել ու չի էլ խախտի. «Խախտողը միշտ էլ Ադրբեջանն է, որովհետև այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, որպես բոլորովին այլ բաներ է ներկայացնում: Դա ակնհայտ է, բավական է ուսումնասիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարությունները, որտեղ բացահայտվել են բանակցությունների սկզբունքները ու համեմատել ադրբեջանական հայտարարությունների հետ»: