Չորեքշաբթի, 11. 06. 2025

Տարբեր ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու համար կառավարությունը վերաբաշխումներ կատարեց

0

Արտաքին աղբյուրներից իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով վարկային, դրամաշնորհային և ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ՀՀ 2017թ. պետբյուջե նախատեսելու և համապատասխան վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային ծրագրեր իրականացնող ԾԻԳ-երի կանխատեսվող կատարողականներից ելնելով առկա է վարկային, դրամաշնորհային և համաֆինանսավորման լրացուցիչ պահանջ: Այդ առումով էլ վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ կյանքի կոչվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման և այլ ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու համար:

Կառավարությունը կրճատում է մաքսատուրքերից ազատման հայտերի դիտարկման ժամկետները

0

ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվող փոփոխությունների նպատակն է կրճատել գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվելու համար ներկայացված հայտերի դիտարկման ժամկետները: «Դա կնպաստի գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը: Գործող կարգով՝ հայտերի դիտարկման ժամկետի ընդհանուր տևողությունը կազմում է 35 աշխատանքային օր, որոշմամբ առաջարկվում է կրճատել հայտերի դիտարկման ժամկետները»,- ասաց Խաչատրյանը:

ԱՄՆ դատարանը Քըրքորյանի ունեցվածքից 500 մլն դոլարը տնօրինելու թույլտվություն է տվել

0

Հանգուցյալ միլիարդատեր բարերար Քըրք Քըրքորյանի ունեցվածքը տնօրինելու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի գերագույն ատյանի դատավոր Մարիա Սթրեթընն իրավունք է տվել Քըրքորյանի 1.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությունից 500 մլն դոլարը փոխանցել բարեգործական կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ասպարեզ»-ը:

Միլիարդատիրոջ կողմից նշանակված երեք անձից բաղկացած մարմինը, որի մեջ մտնում էին նրա կալվածքների վերակացուն՝ Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսը և Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Էսրայիլյանը, արդեն Քըրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քըրքորյանն իր կտակում նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից առավելագույնը 3 տարի հետ (նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին):

 

Սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն

0

 ՀՀ կառավարությունը մասնակի կփոխհատուցի սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձավճարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար հատկացվեց 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ:

Եվրասիական փորձագիտական ակումբը ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանում կանխատեսում է 4 տոկոս տնտեսական աճ

0

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կանխատեսում են, որ Հայաստանը կարող է 4 տոկոս և ավելի տնտեսական աճ ունենալ ԵԱՏՄ համագործակցության շրջանակում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«ԵԱՏՄ գործընթացներն իրականանում են անդամ երկրների տնտեսական իրավիճակի բարելավման ֆոնին: Ունենք ֆինանսական, տնտեսական վիճակի զարգացման միտում: Այդ զարգացումն ազդեցություն է ունենում հատկապես փոքր երկրների, օրինակ՝ Հայաստանի, Ղրղզստանի վրա: Հայաստանի տնտեսությունը գտնվում է  վերելքի փուլում:  Բացի երկու ոլորտներից՝ գյուղատնտեսությունից և շինարարությունից, մեր տնտեսական զարգացումը թե արդյունաբերության, թե ծառայության, թե փոխադրման և այլ ուղղություններով արձանագրել է կայուն աճ»,-ասաց Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ այս տարի երկրորդ անգամ փորձագետները ստիպված կլինեն վերանայել Հայաստանի տնտեսական զարգացման մասին կանխատեսումները: Տարվա սկզբին արձանագրվել էր երկու տոկոսով աճ, տարվա ընթացքում աճի միտումն այնքան նշանակալի էր, որ հունիսին այն վերանայվել է: Հայտարարվել է 3 տոկոս աճի հնարավորության մասին:

«Ներկայում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կանխատեսում են, որ Հայաստանը կարող է 4 տոկոս և ավելի տնտեսական աճ ունենալ: Այն հնարավոր է դարձնում նոր տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը նաև ԵԱՏՄ երկրների մասնակցությամբ: Եվ դա ամենաշահավետ ձևով ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա առաջիկա երկու տարում»,-եզրափակեց Սաֆարյանը:

Երևանում անցկացվող Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեին կներկայացվի 447 աշխատանք

0

 ‹‹Մշակույթների երկխոսություն›› կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ին Երեւանում առաջին անգամ մեկնարկեց Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե, որը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ / ACCEA):

Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է եւ ժամանակատար: Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, որոշ արվեստագետներ շարունակում են հրաժարվել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից եւ նախընտրում են աշխատատար` վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերեւս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատեւ եւ դժվարին գործընթացներում:

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալեի նպատակը ավանդական գեղարվեստական տպագրության ոլորտում առկա մերօրյա զարգացումները, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, ինչպես նաեւ դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների եւ արդի գաղափարների միախառնման եւ միահյուսման մշտադիտարկումը:

Բիենալեին կներկայացվի 227 արվեստագետների 447 աշխատանք` 50 երկրներից:  Միջազգային ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Հայաստանից  /Ինգա Հեամեգի (Էստոնիա), Ախիմ Կյոնեկե (Գերմանիա), Մաթեուշ Օտրեբա (Լեհաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Սոնա Հարությունյան (Հայաստան)/ :

Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել են գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ: Լավագույն աշխատանքները կարժանանան նաեւ Բիենալեի պատվոգրերի:

Երեւանյան բիենալեն վստահաբար տարածաշրջանում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների համար միջազգային նոր հարթակ կդառնա եւ կխթանի ոլորտի մասնագետների, ուսանողների, արվեստասեր հանրության հետաքրքրությունը դեպի արվեստի այս ճյուղը:

Սերգեյ Միքայելյանի Օլիմպիական խաղերի ուղեգիրը գրեթե իրական է. Գագիկ Սարգսյան

0

Դահուկասպորտի Հայաստանի ֆեդերացիան արդեն սկսել է նախապատրաստվել 2018 թվական ձմեռային Օլիմպիական խաղերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Սերգեյ Միքայելյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլերին: Օլիմպիական խաղերից առաջ սա մեր վերջին նախապատրաստական շրջանն է: Հիմա ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք այս փուլի վրա: Ուզում ենք գոնե կրկնել Սոչիի Օլիմպիական խաղերում մեր ունեցած ուղեգրերի թիվը` երկու տղա, մեկ աղջիկ»,-շեշտեց Սարգսյանը:

Խոսելով հավաքականի թիմի անդամների հնարավորությունների մասին՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը փաստեց. «Սերգեյը հիմա 314-րդ տեղում է վարկանիշում, իսկ Խաղերի մասնակցության ուղեգիր տրվում է 300 մասնակցի: Այսինքն` Սերգեյի ուղեգիրը գրեթե իրական է: Միքայելն ունի 105 միավոր, իսկ նրան հարկավոր է 100 միավոր: Թադևոս Պողոսյանի ուղեգիրը ևս հավանական է: Իսկ աղջիկների համար մենք կարող ենք ստանալ «սպիտակ քարտ»-ով: Աշխատում ենք նաև, որ ունենանք մեկ մասնակից լեռնադահուկորդ ևս: Մեր հնարավորությունները 50/50 են: Ամեն ինչ հայտնի կլինի հունվարի 20-ից հետո»:

Հայաստանի դահուկասահքի հավաքականի անդամները ուսումնամարզական հավաք են անցկացնում  Ֆինլանդիայում: Հավաքին մասնակցում են Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս  Պողոսյանը, Կատյա Գալստյանը: Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանի անձնական  նախաձեռնությամբ և միջոցներով հավաքին մասնակցում է նաև Մարիամ Միքայելյանը: 

«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնին կմասնակցեն 40 թատերախումբ

0

 «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնի նպատակներից մեկը տաղանդավոր և գործունյա թատերախմբերը բացահայտելն ու նրանց համար փորձի փոխանակման հարթակ ստեղծելն է: Փառատոնն այս տարի կրում է «Արևը բոլորինն է» խորագիրը: Այն կանցկացվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչներն ու աջակիցները:

«Թատերասերները ներկայացումները կարող են դիտել Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Մեկ բեմադրություն կցուցադրվի Խամաճիկների պետական թատրոնում: Փառատոնին այս տարի մասնակցում են 40 թատերախումբ՝ 42 ներկայացմամբ: Մասնակիցների թվում են նաև հաշմանդամություն և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք առանց բարդույթների բեմ են բարձրանում և սիրով խաղում: Խաղացանկում ընդգրկվել են Վիլյամ Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված գործեր»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց «Նախաբեմ» կրթամշակութային  ասոցիացիա»  հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Ղազարյանը: Նա շեշտեց, որ փառատոնը մրցութային չէ և չունի ժյուրի:

Փառատոնի նախագահ Արուսյակ Մանթաշյանի խոսքով`  փառատոնին 12 նոր թատերախմբեր են միացել Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Արարատի, Տավուշի մարզերից և Երևանից: «Մեր փառատոնի առաջնային նպատակներից մեկն այն է, որ «Թատրոն» առարկան ընդգրկվի դպրոցում դասավանդվող առարկաների ցանկում, որ դպրոցական նստարանից երեխաները լավ գրականություն կարդան, գրական հայերենով խոսեն»,-ընդգծեց նա:

«Համոզված եմ, որ սա մեծ տոն է ոչ միայն մանուկների, այլև հասուն թատերասերների համար, որոնք կարող են հիշել իրենց մանկությունը, պատանեկությունը: Տարիների ընթացքում փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը` ներառելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերը: Հուսանք` հաջորդ տարի մեզ կմիանա նաև Սյունիքի մարզը»,-ասաց ՀՀ մշակույթի նախարարության  աշխատակազմի ժամանակակից արվեստիվարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը:

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ ռեժիսոր և դերասան Երվանդ Մանարյանն ասել է, որ փառատոնն արդեն հասուն և գեղեցիկ պատանի է:

 «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

«Նախաբեմը» ստեղծվել է 2001 թվականին թատրոնի նվիրյալների նախաձեռնությամբ: Կազմակերպության նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել Հայաստանում գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը:

Հայ-ռուսական գործարար համաժողովից ակնկալվում է արտահանման ու ներմուծման մոտ 10 պայմանավորվածություն

0

 Երևանում 70 հայկական և 11 ռուսական ընկերություն Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից մասնակցում են Հայ-ռուսական գործարար համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախատեսվում են գործարար հանդիպումներ (B2B) հետաքրքրված ընկերությունների միջև: Այս ձևաչափով սա արդեն չորրորդ համաժողովն է, սակայն Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Կարեն Իվանովի խոսքով` գործարար պատվիրակությունների այց թե Ռուսաստանից, թե Բելառուսից ու Ղազախստանից հաճախ է տեղի ունենում: «Սա ավելի փոքր մասշտաբի համաժողով է` ի համեմատ Ծաղկաձորում անցկացվող միջոցառման, որտեղ հյուրընկալվում է 400 մասնակից ԵԱՏՄ երկրներից: Այնտեղ խոսքը գնում է համաժողովի արդյունքում գործարարների միջև մի քանի տասնյակ պայմանավորվածությունների մասին»,-ասաց նա: Այսօրվա համաժողովից ակնկալում են 1-2 արտահանման, 4-5 ներմուծման պայմանավորվածություն:

Կարեն Իվանովի դիտարկմամբ` ռուսական ընկերությունների գործունեությունը Հայաստանում սկսվում է ապրանք բերելով ու տեղի շուկան հասկանալով, հետո արդեն իրանական շուկա մուտք գործելը, երրորդ քայլը GSP և GSP+ համակարգերով Եվրոպա դուրս գալն է:

Հայաստանում ՌԴ Առևտրի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն նշեց, որ ռուսական ընկերությունների առաջարկները շատ պահանջված են հայկական շուկայում ու, եթե այդ ընկերությունները գտնեն գործընկերներ, ապա կարելի է խոսել հեռանկարային գործընկերության ու պայմանագրերի մասին: «Ինչ վերաբերում է մեր կառույցի մասնակցությանը, ապա մենք համագործակցում ենք Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հետ, ինչը շատ արդյունավետ է: Մենք առանձին կամ միասին իրականացնում ենք հայ և ռուս գործընկների փնտրտուք, նրանց համար կազմակերպում գործարար հանդիպում, հետո արդեն կապերը խորացնում ենք մինչ պայմանագրերի ստորագրումը»,-հայտնեց Անդրեյ Բաբկոն:

Նա դրական արդյունք համարեց այն, որ որոշ ընկերություններ երկրորդ անգամ են Հայաստանում, ինչը ենթադրում է հաստատված կապերի ընդլայնում:

Փոքր ու միջին արտահանողների ասոցիացիայի ներկայացուցիչ Սերգեյ Ռակովսկիխը, ներկայացնելով իրենց կառույցի գործառույթները, նշեց, որ բացի ՌԴ ՓՄՁ-ներին աջակցություն ցուցաբերելուց, իրենք նաև արձագանքում են այլ երկրների տնտեսվարողների խնդրանքին` գտնել արտադրողների կամ պոտենցիալ գնորդների:

Իջևանի շուրջ 280 պատանիներ դիտել են «Սահմանի հեքիաթը»

0

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողները «Սահմանի հեքիաթը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին Իջևանում խաղացին «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացումը (ռեժիսոր՝ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան): Ներկա էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում բուհի 4-րդ կուրսի՝ Արամ Սուքիասյանի արվեստանոցի ուսանողները երաժշտական ներկայացմամբ հանդես եկան Իջևանի մշակութային պալատում: Իջևանի 7-16 տարեկան 280 պատանիներ հնարավորություն ունեցան դիտելու թատերական ներկայացումը:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը փաստեց՝ դեռ իրավիճակն այպիսին է, որ ծրագրերի մեծամասնությունն իրականացվում է Երևանում. «Այդ ծրագրերը հիմնադրամի աջակցությամբ իրականացվում են մեր բուհերի և ՀԿ-ների միջոցով, որոնք ակտիվ են Երևանում, բայց շատ դժվարությամբ են հասնում մարզեր: Մենք ուզում ենք, որ այդ գործընթացը տեղափոխվի մարզեր: Շատ ծրագրեր արդեն տեղափոխել ենք և փոքր քայլերով նաև մշակութային որոշ նախագծեր ենք տեղափոխում մարզեր՝ հատկապես սահմանամերձ հատված, որտեղ, կարճ ձևակերպմամբ ասեմ, զբաղմունքի, զբաղվածության խնդիր կա: Ուստի այդ խնդրի լուծումը մենք կոմպենսացնում ենք մշակութային նախաձեռնություններով, նշված ծրագիրն էլ դրանց շարքում է»:

«Սահմանի հեքիաթը» ծրագրի ղեկավար, ԵԹԿՊԻ-ի ուսանողական խորհրդի նախագահ Հարություն Հարությունյանը վստահեցրեց, որ իրենց հիմնական նպատակն է սահմանամերձ բնակչությանը հաղորդակից դարձնել կրթությանն ու մշակույթին. «Շատ կտրված են ամեն ինչից, մանավանդ՝ երեխաները: Իսկ եթե ուզում ենք ամուր պահել սահմանը, պետք է թիկունքը լինի կրթված ու զարգացած: Երեխաները մեղավոր չեն, որ ապրում են սահմանամերձ գյուղերում»:

Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում դեկտեմբերին նախատեսվում են նաև տոնածառային ներկայացումներ Իջևանի երեխաների համար: