Ուրբաթ, 13. 06. 2025

ՀՀ-ԵՄ համագործակցությունը պիտի լինի շարունակական և գնալով խորանա. Վահրամ Բաղդասարյան

0

Հայաստանը մինչև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը ևս շարունակել է սերտ համագործակցությունը ԵՄ-ի  հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այս համաձայնագիրը գալիս է ավելի ամրապնդելու բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը Եվրոպական Միության գործընկերների հետ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ երբ Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և անդամակցեց ԵԱՏՄ-ին, մտավախություն կար, որ Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունները խիստ կվատանան, սակայն դրա պատասխանը եղավ այն, որ դրանից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն աճեց 35.2 տոկոսով:  «Եվրոպական Միության հետ նոր համաձայնագրում Հայաստանի համար որևէ վտանգավոր կետ չկա, և ինձ թվում է, որ այս համագործակցությունը պիտի լինի շարունակական ու գնալով խորանա», – նշեց Բաղդասարյանը։

Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ պետք է սպասել մինչև պայմանագրի պաշտոնական վավերացումը, որից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն։ «Կան խնդիրներ, որոնք մենք պետք է առաջ քաշենք։ Վիզաների ազատականացման հարցը ևս օրակարգում է»,- ասաց նա։

Խոսելով ընդդիմադիրների մտահոգությունների մասին, թե մի բան է համաձայնագիրը ստորագրելը, մեկ այլ բան՝ այն իրականացնելու քաղաքական կամք դրսևորելը, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ընդդիմության ներկայացուցիչները ուրիշ բան չէին էլ ասելու: «Ընդդիմության գործն էլ հենց դա է, որ ցանկացած լավ երևույթի շուրջ որևէ մտավախություն արտահայտի»։

Բաղդասարյանը նաև նկատեց, որ իրենք լծված են կոռուպցիայի ու մենաշնորհի վերացման գործին, մինչդեռ արդյունքներից գոհ չեն՝ հույս հայտնելով, որ ԵՄ աջակցությամբ կհաջողվի այս ուղղություններով ևս հաջող պայքար տանել։ «Վերջին տարիներին այս ուղղություններով մեծ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց դրանք մեզ չեն գոհացրել, տեմպերը թույլ են, և նման պայմանագրերը պետք է նպաստեն այդ տեմպերի ուժեղացմանը»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ԵԱՏՄ երկրների փորձագետներն ու գիտնականները կընդլայնեն համագործակցությունը

0

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում անցկացված քննարկմանը ԵԱՏՄ անդամ երկրների փորձագետները պայմանավորվել են բարձրացնել համագործակցության մակարդակը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 26-ին միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում այս մասին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Եվրասիական Տնտեսական Միության կոլեգաները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կլոր սեղանի շուրջ «Հայաստանի փորձագիտական և կրթական համայնքի դերը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործում» թեմայով քննարկում են ունեցել Հայաստանում: Այն կազմակերպել էին Եվրասիական փորձագետների ակումբը, հասարակական կազմակերպությունները և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը»,-ասաց Սաֆարյանը:

Քննարկմանը մասնակցել են ավելի քան 100 փորձագետ և գիտնական Հայաստանից և 10 հոգուց բաղկացած պատվիրակություն Եվրասիական տնտեսական կոլեգիայից: Պայմանավորվածություն են ձեռք բերել նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը փորձագետների միջև:

«Մենք շատ շահագրգռված ենք, որ ԵԱՏՄ երկրների փորձագետների համայնքները միմյանց հետ շփվեն, որպեսզի ստեղծվի միասնական վերլուծական-տեղեկատվական տարածք: Հույս ունենք, որ այդ միասնական տարածքը արդյունավետորեն կազդի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության վրա և կնպաստի ինտեգրացիոն զարգացմանը հետխորհրդային երկրներում»,-եզրափակեց Սաֆարյանը:

Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ձեռնունայն են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

0

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ձեռնունայն է վերադառնում Եվրոպայի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները ոչ մի մեդալ չեն նվաճել: Մրցումային հերթական օրը պարտություն է կրել նաև 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակցում էր 9 մարզիկով:

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է երեք, կալանավորվել՝ մեկ անձ

0

 ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել է ևս մեկ անձ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու կասկածանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ:

Այսպիսով՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից երկուսը ձերբակալվել են՝ հրկիզելու եղանակով ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու, մեկը՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Եվս մեկ անձի հոկտեմբերի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռանարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանում բացառվելու է փոխնակ մորից ծնված երեխային կենսաբանական ծնող չհանդիսացող անձին հանձնելը

0

Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց օրենսդրական կարգավորումների միջոցով փոխնակ մորից ծնված երեխայի` կենսաբանական ծնողին հանձնելուց առաջ արյունակցական կապի հաստատման նպատակով ԴՆԹ-ի թեստավորման գործընթացը, վերջինիս իրականացման, ԴՆԹ-ի թեստավորման եզրակացություն տրամադրելու ժամկետները: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: «Ըստ այդմ, հնարավորություն է ստեղծվում ապահովել փոխնակ մոր, նրանից ծնված երեխայի ու կենսաբանական ծնողի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը, բացառել փոխնակ մորից ծնված երեխային կենսաբանական ծնող չհանդիսացող անձին հանձնելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:

Հայաստանում դոնորություն տրամադրելու գործընթացը բարելավվում է

0

Գործադիրը հավանություն տվեց «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ նախագծերի նպատակն առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտի նորմերը ՀՀ սահմանադրության նորմերին համապատասխանեցնելն է, ինչպես նաև նախատեսել պատասխանատվություն` Սահմանադրությամբ ամրագրված մարդու օրգաններն ու հյուսվածքներն ապօրինի շրջանառության, եվգենիկական փորձերի իրականացման, մարդու վերարտադրողական կլոնավորման համար: «Օրինագծերով նախատեսվել են ՀՀ սահմանադրությամբ սահմանված մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ, բարելավվել է հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը»,- ասաց Խաչատրյանը:

ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

0

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել ԵԽ քարտուղարության  քաղաքական հարցերով ղեկավար Ալեքսանդր Գեսսելը, նրա տեղակալ Դանիիլ Խոչաբոն և տնօրինության՝ Հայաստանի հարցով պատասխանատու Մաքսիմ Լոնգանգը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի երկրորդ քարտուղար Արամ Հակոբյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները:

Ընդգծելով Պաշտպանի ինստիտուտի դերն ու կարևորությունը՝ քննարկվել են երկկողմ համագործակցության և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, ինչպես նաև  համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

«Արջանոց» ռեստորանային համալիրում պահվող արջերի ազատավանդակի չափսերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին

0

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարել են շրջայցեր եւ պարզել, որ Երևանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափսերը համապատասխանում են ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, տնօրինությունը վստահեցրել է, որ համապատասխան փաստաթղթերն առկա են, սակայն հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել են ավելի քան 10 տարի, խնդրել է տրամադրել լրացուցիչ ժամանակ դրանք ներկայացնելու համար:

 Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափսերը  չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին։ Ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների պահանջներին ի պատասխան` կազմակերպությունները պարտավորվել է սեղմ ժամկետում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։ Խնդիրը գտնվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում և վերահսկողության ներքո, ՀՀ մարզերում իրականացվող շրջայցերի արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում Նախագահի 2017թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին

0

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 452 ուսանող և աշակերտ:

Միջոցառման շրջանակներում Նախագահի նստավայրում հյուրընկալվել է նաև 10-18 տարեկան աղջիկների համար աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթում՝ «Թեքնովեյշն»-ում հաղթած Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը, որը «Կրթություն» անվանակարգում ստեղծել է «Հայերեն ժեստերի լեզու» բջջային հավելվածը: Հանրապետության Նախագահը նրանց ևս շնորհավորել և խրախուսել է նվերներով: 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների  հանձնման արարողության ժամանակ
 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սիրելի՛ ուսանողներ,աշակերտներ,

Շնորհավորում եմ ձեզ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգևներին արժանանալու կապակցությամբ:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումն արդեն տարիներ շարունակ մեր ուշադրության կենտրոնում է և մեր առաջնահերթություններից է: Դրա դրսևորումներից մեկը երիտասարդության ուշադրությունն այս ուղղության վրա սևեռող այս լավ մրցանակն է:

Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափներ, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում: 
Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում:

Այս բնագավառում մենք առաջ ենք ընթանում արագանցիկ տեմպերով: Վստահ եմ, որ հենց այս ձևով կարող ենք ապահովել թռիչքային զարգացում և առաջընթաց արձանագրել Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներում:

Գաղտնիք չէ նաև, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ և մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարևանների կողմից փակված սահմանների դեպքում: Այս փաստարկի իրավացիության մեջ համոզվելու համար բավական է տեսնել, թե ինչ թափով են այդ երկրներում ձեռքի հեռախոսների վրա ներբեռնում և օգտագործում հայ մասնագետների ստեղծած, օրինակ, «ՊիկսԱրտ» հավելվածը: Թող նրանց կառավարությունները որքան ուզում են շարունակեն իրենց հաշվարկած՝ իբր թե մեզ խեղդելու քաղաքականությունը: Նրանց պարտադրած կապանքները մենք կարող ենք հաղթահարել մեր երիտասարդների տաղանդի և մտքի ստեղծագործական թռիչքի միջոցով:

Սիրելի՛ երիտասարդներ,

Այս մրցանակը մեր հայրենիքի գիտական և տեխնոլոգիական զարգացման միակ գործիքը չէ: Անցած տարիների ընթացքում մենք հանդես ենք եկել նման բազմաթիվ նախաձեռնություններով: Նրանց անունները ձեզ քաջ հայտնի են՝ «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և այլն: Դրանց լրացնելու է գալիս Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, որն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն «ՖԱՍՏ» հապավումով:
Մենք նաև խրախուսում ենք նրանց միջև հորիզոնական կապերը և համագործակցությունը: Նույն «Լույս» հիմնադրամը դուրս եկավ իր ավանդական շրջանակներից և հանդես եկավ որպես «ՖԱՍՏ»-ի՝ զարգացման այդ նոր ծրագրի համահիմնադիր:

Այդ բոլոր գործիքները ստեղծվել են ձեզ համար, սիրելի՛ երիտասարդներ: Դուք պետք է օգտվեք դրանց ընձեռած բոլոր հնարավորություններից: Դուք պետք է լինեք համարձակ և երբեք չվախենաք հանդես գալ նոր գաղափարներով և նախաձեռնություններով:

Դուք պետք է անպայման փորձեք, եթե անգամ մի նախաձեռնությունում ձախողվեք՝ երբեք ու երբեք չհիասթափվեք: Կրկին փորձեք, կրկին ձախողվեք և ևս մեկ քայլով մոտեցեք ձեր հաջողությանը: Փորձեք սովորեք, կատարելագործվեք, և հաջողությունը չի ուշանա: Դա իմ պատգամն է ձեզ և ձեր բոլոր ընկերներին ու հասակակիցներին: Հիշեք՝ շատ եզակի են դեպքերը, երբ գիտության և տեխնոլոգիաների
բնագավառներում միանգամից մարդը հասնում է հաջողության: Այո՛, եզակի դեպքեր լինում են, բայց այդ հաջողություններին կարելի է հասնել միայն ու միայն տքնաջան աշխատանքով և բազմաթիվ փորձերից հետո:
Մենք՝ Հայաստանի պետությունը և մեզ հետ միասին նաև մեր մասնավոր հատվածի ներկայացուցիչները, միշտ լինելու ենք ձեր կողքին, որպեսզի նպաստենք ձեր առաջընթացին և հաջողությանը:

Թող այս մրցանակները լինեն ձեր առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում լավ, պայծառ ապագա:

Շնորհակալ եմ:

Կանադական Yves Martin-ին տրիկոտաժե ապրանքներ մատակարարող հայկական ընկերությունը կշարունակի արտոնություն ստանալ

0

Կառավարության երկարաձգեց «Արմտեքս» ՍՊԸ-ին տրամադրված մաքսային արտոնություններից օգտվելու ժամկետները: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը կանադական Yves Martin ընկերության պատվերով արտադրում և արտահանում է տրիկոտաժե ապրանքներ։

«Ներկայումս պատվիրատուն չի հասցնում ապահովել նյութերի մատակարարումը՝ ելնելով միջազգային տնտեսական իրավիճակներից։ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կստեղծվի հնարավորություն վերամշակված աշխատանքներն ավարտելու և արտադրանքն արտահանելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը: Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության կողմից։