Շաբաթ, 14. 06. 2025

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը

0

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեցին 89, դեմ՝ 9 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ նախագծին դեմ քվեարկելու մասին հայտարարեց «Ելք» խմբակցությունը:

Նախագծի ընդունումը հետապնդում է երեք հիմնական նպատակ` սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական հիմքի ապահովում, ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացում և նոր քաղաքականությունների ներդրում, այդ թվում` «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի իրականացումն ապահովելու իրավական դաշտի ստեղծում:

Օրենքի նախագիծը ներառում է պաշտպանության ոլորտի քաղաքականության այսօր գործող երեք օրենք. «Զինապարտության մասին» օրենքը, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովման մասին» օրենքը և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքը: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու, սահմանադրական պարտականության շրջանակում քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստականության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամարտահայտման դրսևորումը, նպաստել «Ազգ-բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով սահմանվում են զինվորական ծառայության տեսակները` պայմանագրային, պարտադիր և պահեստազորային, սակայն հիմնական կարգավորում տրվում է պայմանագրային զինծառայություն անցնելու հարաբերություններին, իսկ զորակոչի միջոցով իրականացվող պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորում ծառայության հետ կապված հարաբերությունները գրեթե կարգավորված չեն: Գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանվող հարաբերություններն ընդգրկում են զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, որոնք առանձին օրենքի տեսքով կարգավորելու անհրաժեշտությունն արդեն իսկ արդիական չէ: Արդյունքում, ժամանակի հրամայական է դարձել վերը նշված օրենքներով կարգավորվող հարաբերությունները սահմանել նորովի և մեկ միասնական օրենքի տեսքով:

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ԱՄՆ-ում է

0

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ Հայրապետական այցելության շրջանակներում հոկտեմբերի 26-ի առավոտյան այցելեց «Վաչե Մանուկյան» դպրոց և հանդիպեց աշակետության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հայրապետական պատվիրակությանը Միացյալ Նահանգներում միացել էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի էկումենիկ կապերի պատասխանատու և թեմական նվիրակ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Հանդիպմանը ներկա էին նաև բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանները, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և հավատացյալ այլ հայորդիներ: 
Աշակերտները Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Հայրապետական մաղթանքի երգեցողությամբ: Խոսք ասվեց ուսուցիչների անունից, կրթական հաստատության սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով: Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու մաղթանքները փոխանցեց սաներին ու մանկավարժներին և դպրոցին նվիրեց խաչքարի մանրակերտ:
Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելեց «Արարատ տուն», որտեղ խնամք է մատուցվում հայ տարեցներին: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց հաստատության Խնամակալ մարմնին, աշխատակիցներին, Հայրապետական օրհնություն ու բարեմաղթանքներ բերեց տարեցներին: 
Հայոց Հայրապետը խնամատար հաստատությանը նվիրաբերեց Գևորգ Սուրենյանցի «Տիրամոր» սրբապատկերի կրկնօրինակը: Այնուհետ Նորին Սրբության ձեռամբ կատարվեց «Արարատ տան» նոր մասնաշենքի հուշաքարի օրհնության արարողությունը: 
Երեկոյան Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցավ «Հրաշափառ»-ի արարողություն` ներկայությամբ թեմի հոգևոր դասի և բազմաթիվ հավատացյալների, քույր Եկեղեցիների ներկայացուցիչների և պետական այրերի: 
Հավատավոր ժողովրդին ուղղված խոսքում Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց թեմի հաստատման 90-ամյակի առիթով՝ գնահատելով ամերիկահայության ձեռքբերումներն ու հաջողությունները համայնքի ազգային-եկեղեցական կյանքում: 
Վեհափառ Հայրապետը ամերիկաբնակ հայորդիներին մաղթեց Աստծու ամենառատ շնորհներն ու օրհնությունները՝ հորդորելով, որ աստվածահաճո կյանքով, անսպառ եռանդով, ազգային ու հոգևոր կյանքի բարօրության ու պայծառության տեսլականով շարունակեն եկեղեցաշեն ու ազգօգուտ գործերը: «Հրաշափառ»-ի արարողությունից հետո հավատացյալները մոտեցան Հայրապետի Աջը համբուրելու և Նորին Սրբության օրհնությունը ստանալու:

Արման Միքայելյանը հաղթանակ է տարել Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում

0

 Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացած 6-րդ տուրում Միքայելյանը հաղթել է գրոսմայստեր Միխայիլ Կոբալիային:

Հայ շախմատիստներից Սարգիս Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, Հովհաննես Հակոբյանը, Վլադիմիր Պողոսյանը պարտվել են, իսկ Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը հաղթանակներ են տարել:

Արման Միքայելյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նա ունի 5,5 միավոր:

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

0

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է: 18 տարի առաջ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ ոճրագործություն, որը Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի կյանքը տարավ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը»,- ասաց Բաբլոյանը:

Պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:

 

ԱԺ-ն ընդունեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը հստակեցնող օրինագիծը

0

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 25 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով հայտնեց, որ իրենք օրենսդրական փաթեթում իրավական որոշակիության հետ կապված խնդիր են տեսնում, ուստի դեմ են քվեարկելու:

Թմրամիջոցների և հոգեմետ դեղերի նոր տեսակների ի հայտ գալու հանգամանքով պայմանավորված՝ ոստիկանության կողմից յուրաքանչյուր տարի նախապատրաստվում և կառավարության քննարկմանն է ներկայացվում քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի հավելվածներով հաստատված ցանկերում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նախագծեր: Նախագծերի շրջանառությունից մինչև դրանց ընդունումն ընկած ժամանակային տևողությունը  լուրջ խնդիրներ է առաջացնում վերջիններիս նոր տեսակների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու իմաստով: Նշված խնդիրների լուծման նպատակով քննարկվել և մշակվել է թմրամիջոցների և հոգեմետ դեղերի չափերը ենթաօրենսդրական ակտով սահմանելու հարցը: Այդ ուղղությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, անցկացվել են խորհրդակցություններ: Խորհրդակցությունների արդյունքներն ամփոփվել են ոստիկանության կողմից հաստատված և ձեր քննարկմանը ներկայացված օրինագծում:

Ներկայացված փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքով հաստատվող հավելվածները և դրանք սահմանել կառավարության որոշմամբ: Բացի այդ, նախագծով նոր մոտեցում է որդեգրվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը որոշելու հարցում: Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանվելու է, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափեր են համարվելու անսովոր գործածողի, այսինքն՝ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող 18 տարին լրացած և գործնականում առողջ, այսինքն՝ միջին վիճակագրական անձի օրգանիզմի վրա հոգեներգործության ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը: Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով զգալի և խոշոր և առանձնապես խոշոր  չափեր են համարվելու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերի նվազագույն շեմի, համապատասխանաբար, հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող, քսանհինգապատիկից մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառող և հարյուր քսանհինգապատիկը գերազանցող չափերը:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական է տվել

0

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Նախաձեռնող խմբից հեռանալու մասին հայտարարել են խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը, անդամներ Անթո Քյոսեդաղը և Հաչիկ Ջանելը: Ուշագրավ է, որ այս հրաժարականները հաջորդել են Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ հանդիպմանը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնել էր, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ նահանգապետն ասել է, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` պատրիարքական տեղապահ ընտրվելու փաստը: Առաջարկվել է 2 հոգևորականի` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Սահակ եպիսկոպոս Մաշալյանին միասնաբար այս գործընթացը սկսել սկզբից:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հանդիպմանը ներկա չի եղել, նա այս օրերին Գերմանիայում է: Այդուհանդերձ, Բեքչյանը հայտարարություն է տարածել նահանգապետարանում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ:

Հայտարարության մեջ պատրիարքական տեղապահը հայտնել է, որ կարճ ժամանակից կվերադառնա Ստամբուլ՝ ստանձնելու իր պարտականությունները: Նա հույս է հայտնել վերադառնալուց հետո անձամբ հանդիպել նահանգապետի հետ և պատրիարքի ընտրության հարցի վերաբերյալ իր տեսակետներն անձամբ փոխանցել նրան:

ԱԺ-ն միաձայն ընդունեց արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունները կառավարությանը փոխանցող օրինագիծը

0

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 96 պատգամավոր:

Օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններից հետո օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրությունը դադարեցնելու լիազորությունները ՀՀ Նախագահից փոխանցել կառավարությանը: Օրենքի նախագծի ընդունումից հետո արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը կվերապահվի կառավարության լիազոր մարմնին:

Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են նաև արտակարգ դրության ժամանակ մյուս գերատեսչությունների լիազորությունները:

ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանում սոցիալական ծրագրերի իրականացմանը

0

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունն առաջնային տեղ է հատկացնում սոցիալական ծրագրերին: Դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է Արագածոտնի մարզի Կարբի գյուղում կառուցել պոլիկլինիկա: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը, գյուղը նոր պոլիկլինիկայի կարիքն ունի:

«Կարբիում ներկայում գործում է ամբուլատորիա: Այն չափերով փոքր է և մեր համայնքից բացի սպասարկում է շրջակա գյուղերի` Սաղմոսավանի, Արտաշավանի,  Օհանավանի բնակիչներին: Կարող եմ ասել, որ ամբուլատորիայի պայմաններն այնքան էլ լավ չեն: Այս նոր պոլիկլինիկան կունենա ավելի լավ պայմաններ` նոր գույք, սարքավորումներ: Նախատեսված է նաև առանձին լաբորատորիա: Ծրագրով առաջարկվել է, որ պոլիկլինիկան ունենա նաև 2 հիվանդասենյակ: Այնպիսի դեպքերում, երբ հիվանդին կարճաժամկետ պահելու անհրաժեշտություն առաջանա, հնարավոր լինի պահել»,-ասաց համայնքի ղեկավարը:

Նա նաև առաջարկել է, հնարավորության դեպքում, ծննդատան բաժանմունք ևս հիմնել, սակայն դա դեռ քննարկվում է: Նախնական տեղեկություններով ծրագիրը կմեկնարկի առաջիկա ամիսներին, եթե աշխատանքներն ըստ ծրագրվածի ընթանան, ապա 2018 թվականի վերջին Կարբի գյուղը կունենա նոր պոլիկլինիկա:

Դեսպանատան հետ համագործակցության փորձ ունի Տավուշի մարզի Կողբ գյուղի Բագրատ Սահակյանի անվան դպրոցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանը նշեց, որ արդեն 1 մլն 887 հազար դրամի աջակցություն է ցուցաբերվել, ինչի շնորհիվ տեղադրվել են պատուհաններ, դռներ:

«Դիմեցինք աջակցության համար, մեզ ասացին ներկայացրեք առաջնահերթ ծրագրերը: Մենք կիսավթարային կիսածածկ ունենք, սակայն մարզպետարանը աջակցում է,  այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են: Մենք էլ մտածեցինք առաջարկել դռները, պատուհանները փոխելու ծրագիր: Մեր դպրոցը վառելափայտով է տաքացվում, նոր դռներն ու պատուհանները կնպաստեն դասասենյակներում ջերմությունը պահելուն»,-ասաց տնօրենը: Այդ աշխատանքներից հետո համագործակցությունը չի դադարի: Նոր փուլով դպրոցի մասնաշենքերում կշարունակվի դռների տեղադրման գործընթացը: Այս փուլի համար նախատեսված է 1 մլն 400 հազար դրամ: Արդեն գումարը փոխանցված է, աշնանային արձակուրդի ընթացքում դա էլ կարվի: Դպրոցում սովորում են 245 աշակերտ: Տնօրենը նկատեց, որ 1972 թվականին կառուցված դպրոցը հիմնանորոգման, գույքի թարմացման կարիք ունի:

Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատունն աջակցություն է ցուցաբերում նաև «Վեդու բժշկական կենտրոն»-ին: «Արմենպրես»ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը նշեց, որ աջակցության շնորհիվ մանկական բաժանմունքը կունենա նոր գույք:

«Հիմա մենք վերանորոգում ենք մանկական բաժանմունքը, դա արվում է մարզպետարանի աջակցությամբ: Մենք բաժանմունքի գույքը թարմացնելու կարիք ունենք: Մեզ խորհուրդ տվեցին դիմել ԱՄԷ-ի դեսպանին: Պատասխանը չուշացավ, և մենք շուտով կունենանք նոր մահճակալներ: Գույքը թարմացնելու անհրաժեշտություն կա, եղածը 40 տարվա է: Կարծում եմ, այս տարվա ընթացքում մահճակալները տեղ կհասնեն»,- ասաց Մելքոն Տալոյանը:

Բժշկական կենտրոնի տնօրենը հատուկ նշեց, որ ընդհանուր հիվանդանոցն ունի գույքը թարմացնելու, պայմանները բարելավելու խնդիր: Մահճակալներից բացի, նոր կախիչների, պահարանների կարիք կա: Մանկական բաժանմունքում սարքավորումների առումով պայմաններն ավելի լավ են:

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է. Յոհաննես Հան

0

 Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանը խոսել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակում:

«Հայաստանի հետ համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Կարծում եմ՝ դա կարվի գագաթնաժողովի շրջանակում: Սա հստակ է, և այս հարցում որևէ այլ քննարկում չի կարող լինել»,- հայտարարել է նա:

Հանը դրական է որակել այն ազդանշանները, որ իրենց ստանում են՝ կապված Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման հետ:  «Կարևոր է այն, որ սա առաջին դեպքն է, երբ համաձայնագիր է կնքվում մի երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է: Այսինքն, հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ, բայց միևնույն ժամանակ հեռահար համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ցույց է տալիս, որ հնարավոր է համագոյություն՝ տվյալ դեպքում ի շահ Հայաստանի ժողովրդի»,- ասել է հանձնակատարը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Սպասվող լրահոս. 27.10.2017

0

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ կառավարության ընդունելությունների տանն` այսօր հոկտեմբերի 27-ին, կանցկացվի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ:

Հայաստանի զարգացման հիմնադրամը սկսում է արտահանող և ներդրող ընկերությունների աջակցության նոր գործնական ծրագիր: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում այսօր կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին:

Երևանում հոկտեմբերի 27-ին և 28-ին կանցկացվի «Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային կոնֆերանս: Այն կոնֆերանսը կազմակերպել է Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնն այլ կազմակերպությունների աջակցությամբ:  Գիտաժողովի շրջանակներում Հյուսիսային Իռլանդիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Չեխիայից և Հոլանդիայից հրավիրված ոլորտի առաջատար մասնագետները կներկայացնեն դոնորական արյան օպտիմալ կիրառության, արյան որակի բարելավման և արյան փոխներարկման իմունոլոգիական ասպեկտների վերաբերյալ դասախոսություններ:

Լրագրողների հետ կհանդիպի իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա կխոսի Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իրաքում տիրող իրավիճակի մասին: Կանդրադառնա Շանգալում ապրող եզդիների ճակատագրին, Իրաքյան Քրդստանի հանրաքվեի շուրջ ծավալվող զարգացումներին:

Միրզոյան գրադարանում կբացվի «Կոմունիզմն իր դարաշրջանում» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է ստալինյան բռնաճնշումներին: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա գերմանացի հայտնի պատմաբան Յորգ Բաբերովսկին, ով սովետական պատմության պրոֆեսոր է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում:

Լրագրողների հետ կհանդիպեն ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը եւ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր, «Ելք» դաշինքից Երեւանի ավագանի Սերգեյ Ղահրամանյանը: Նրանք կանդրադառնան Երեւանի գերծանրաբեռնված փողոցները բեռնաթափելու եւ խցանումները վերացնելու ուղղությամբ ՀՀ վարչապետի հանձնարարականին:  

Մամուլի ասուլիսով հանդես կգան Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը և քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: Նրանք իրենց դիտարկումները կներկայացնեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին:

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա ամերիկահայ մանկագիր, երգահան, տիկնիկագործ Ֆիրա Ակյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: