Կիրակի, 15. 06. 2025

Արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումն ազատում է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից

0

 Արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում ներդրված ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա պետական մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության, որակի և արդյունավետության վրա: Ծրագրի մանրամասների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, արդարադատության և սոցիալական ոլորտների համակարգերի համակցումը ի՞նչ կտա  ՀՀ քաղաքացիներին: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ծննդյան նպաստների դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Ընդամենը մի քանի տարի առաջ քաղաքացին ստիպված էր մահվան կամ ծննդյան ակտերը գրանցելու և համապատասխան նպաստ ստանալու համար դիմել առողջապահական, արդարադատության մարմիններ, ՀՀ ոստիկանություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչը քաղաքացիների համար բարդ և  ժամանակատար, որոշ դեպքերում կոռուպցիոն ռիսկերով համակցված գործընթաց էր: Ծրագրի ներդրման արդյունքում  արդարադատության  և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողության ապահովմանը: Միաժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում պետության կողմից մատուցվող ծառայությունները ստանալ մեկ պատուհանից՝ խուսափելով ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից: Ավելի  պարզ ասած` քաղաքացին ՔԿԱԳ մարմիններում գրանցելով ծնունդը նույն մարմնում դիմում կներկայացնի, թե որ հաշվեհամարին կամ բանկի որ մասնաճյուղում է ցանկանում ստանալ երեխայի ծննդյան նպաստը և սահմանված ժամկետում բանկային կազմակերպությունների միջոցով կստանա այն: 

-Ե՞րբ առաջացավ համակարգերը համակցելու գաղափարը, և արդյո՞ք այն նախքան պաշտոնապես ներկայացնելը փորձարկվել էր: 

-Համակարգերի մշակումն իրականացվել է Արդարադատության նախարարությունում իրականացված նորարարական գաղափարների մրցույթում հաղթող ճանաչված առաջարկներից մեկի իրագործման արդյունքում:

Համակցված համակարգը 2017թ. հունիսի 1-ից հաջողությամբ փորձարկվեց  Երևան քաղաքի ՔԿԱԳ երկու տարածքային մարմիններում, իսկ այժմ այն գործում է ՀՀ մարզերի բոլոր ՔԿԱԳ բաժիններում: Բոլոր ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցներն անցել են վերապատրաստում և պատրաստ են էլեկտրոնային եղանակով ընդունել ծննդյան նպաստների դիմումները: 

-Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ այլ քայլեր առաջիկայում կատարվելո՞ւ են: 

-Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային գործիքների ներդրման ջատագովներից է, և դրա վառ օրինակն է 2017–ին ներկայացված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am  կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը: Նախարարությունը մշակել է նաև www.e-apostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգը, որի նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթղթերի ապոստիլով վավերացման գործընթացի անցում էլեկտրոնային եղանակի: ՀՀ արդարադատության նախարարությունը գործարկել է թեժ գծի www.e-hotline.am կայքը, որի նպատակն է բարձրացնել Նախարարության ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակը և լուծել ոլորտային խնդիրները: Նախատեսում է ստեղծել լիցենզիաների էլեկտրոնային միասնական www.e-license.am գրանցամատյան, որի նպատակն է պետական մարմինների կողմից լիցենզիաների գրանցման համար վարվող գրանցամատյանների թվայնացումը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ներդնումը: Բացի այդ, ներկայում իրականացվում են www.e-notary.am էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում նոտարիատի բնագավառում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների զգալի մասը կմատուցվի էլեկտրոնային եղանակով:

 

 

Արամ Ա Վեհափառը Հունաստանի ԱԳՆ հրավերով մեկնել է Աթենք

0

 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հոկտեմբերի 27-ին մեկնել է Աթենք՝ Հունաստանմի արտաքին գործերի նախարարության հրավերով մասնակցելու պետության կողմից կազմակերպված միջազգային համագումարի: Համագումարը նվիրված է մասնավորապես Միջին Արևելքում կրոնների ու մշակույթների համակեցությանն ու երկխոսությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:

Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

ՊԵԿ-ն այսուհետ վարչական տուգանք կկիրառի միայն 200 հազար դրամից ավելի հարկային պարտավորությունը չմարելու դեպքում

0

 Այսուհետ 200 հազար դրամից քիչ հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ չի հարուցվի վարչական վարույթ և 10-20 հազար դրամի չափով տուգանք` օրենքով սահմանված ժամկետում հարկերն ու տուրքերը չկատարելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի  Իրավաբանական վարչության պետ Արմեն Մնացականյանը: Նրա խոսքով` ընթացիկ տարում իրականացվել են հարկային վարչարարությունը պարզեցնող մի շարք փոփոխություններ, որոնց մի մասն արդեն ուժի մեջ է, որոշներն էլ առաջիկայում են նախատեսվում:

Բանն այն է, որ մինչ նշյալ փոփոխությունը, հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված այլ վճարումները ժամանակակին չկատարելու դեպքում նախատեսված էր վարչական տուգանք 10-20 հազար դրամի չափով: Նույնիսկ 1000 դրամ հարկային պարտավորություն ունենալու դեպքում պետք է նշանակվի վարչական տուգանք: Միաժամանակ այդ արարքի համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հաշվարկվում են տույժեր վճարման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով:

«Սա շատ հաճախ անձանց մոտ դժգոհություն էր առաջացնում, հարցը քննարկվեց ՊԵԿ-ում, ինչպես նաև վարչապետի հանձնարարական ստացանք, որ այդ վարչարարությունը նվազեցնենք ու ազատականացնենք: Կիրառեցինք վարչարարության մասին օրենքով սահմանված համաչափության սկզբունքը, որը ենթադրում է, որ կատարված իրավախախտման համար նախատեսվող պատասխանատվությունը պետք է համաչափ լինի: Մենք որոշեցինք, որ այսուհետ միատեսակ մոտեցում ցուցաբերվի և վարչական պատասխանատվություն կիրառվի միայն 200 հազար դրամից ավելի ապառքի(հարկային պարտավորության մայր գումարն առանց տույժ, տուգանքների) դեպքում»,-ասաց Արմեն Մնացականյանը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ` մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է 2018 թվականից օրացուցային տարվա ընթացքում հարկատուի կողմից առաջին անգամ հարկային հաշվարկներ չներկայացնելու դեպքում որպես վարչական տուգանք կիրառել «նախազգուշացում», իսկ նույն խախտման կրկնվելու դեպքում` արդեն նշանակել վարչական տույժ` տուգանքի տեսքով: Ներկայում այս փոփոխության վերաբերյալ կազմված օրենսդրական նախագիծը գտնվում է շրջանառության մեջ:

ՄԻՊ-ն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 26-ին այցելել է Շիրակի մարզ։ Աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ, քննարկվել են մարզից Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքներում ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված համատեղ աշխատանքի սկզբունքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի մարզային ստորաբաժանումում Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են դիմումատուների հետ, ներկայացվել է նրանց բողոքների քննարկման ընթացքը: Միաժամանակ խորհրդատվություն է տրամադրվել գրասենյակ այցելած այլ քաղաքացիների: Տեղում բարձրացված ընտանիքի անապահովության հարցի լուծման կապակցությամբ կապ է հաստատվել սոցիալական աջակցության տարածքային բաժնի ղեկավարի հետ, արդյունքում՝ կինը հաջորդ ամսվանից կստանա ընտանեկան նպաստ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գյումրու թաղամասերից մեկը, որտեղ ավելի վաղ լուծվել էր ջրի ընդհատումների խնդիրը: Բնակիչներն այս անգամ բարձրացրել են ջրի ցածր ճնշման հարցը: Խնդիրը տեղում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ընկերության շահագործման տնօրենի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, մինչև խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ նոր խողովակաշարերի անցկացումը, ավելացնել ջրի ճնշումը:

Պաշտպանն այցելել է նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպություն, ՀԿ ղեկավար Վահան Թումասյանի հետ շրջել կենտրոնում և ծանոթացել իրականացվող ծրագրերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Շիրակ կենտրոն»-ի հետ քննարկել համագործակցության ուղղություններ: 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ակնհայտորեն հետ գցեց Հայաստանի զարգացումը. Շարմազանով

0

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ակնհայտորեն հետ է գցել Հայաստանի Հանրապետության զարգացումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 «Թե սպարապետը, թե Կարեն Սերոբիչը, թե մնացած մեր գործընկերները,  այն քաղաքական և ինտելեկտուալ էլիտան էին, որոնց ծառայությունների, ինտելեկտի, կամքի, նվիրված ոգու ու բարեփոխումների կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: Եթե այս ոճրագործությունը չլիներ, մենք կարող էինք ունենալ շատ ավելի շատ ձեռքբերումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Շարմազանովը նաև հիշեցրեց, որ այդ ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը նաև ՀՀԿ-ի առաջնորդն էր՝ ընդգծելով, որ իրենք այդ ժամանակ կորցրին ոչ միայն վարչապետին, սպարապետին, այլ նաև կուսակցության առաջնորդին:

Արգամ Աբրահամյանը հերքում է Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարվելու լուրերը

0

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը  հերքում է իր հոր՝ Հովիկ Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվելու մասին լուրերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արգամ Աբրահամյանն ընդգծեց, որ դրանք սխալ տեղեկություններ են: «Իհարկե, ոչ: Դրանք սխալ տեղեկություններ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվելու մասին լուրերն արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը;

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ վերջերս Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, Արգամ Աբրահամյանը պատասխանեց, թե տեղյակ չէ, սակայն չբացառեց նաև, որ նման հանդիպում եղել է: «Ես տեղյակ չեմ, բայց հնարավոր է. որ եղել է: Ի՞նչ կա դրանում»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հովիկ Աբրահամյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա, Արգամ Աբրահամյանն ասաց տեղյակ չէ, սակայն նշեց, թե դրան խանգարող որևէ հանգամանք չկա:

Պատգամավորը հերքեց նաև լուրերը, թե Հովիկ Աբրահամյանի ընտանեկան բիզնեսները վտանգի տակ են: Նա ընդգծեց, որ Աբրահամյանի ընտանեկան բիզնեսները երբեք էլ վտանգի տակ չեն եղել:

Արցախի նախագահն ընդունել է Լոռու մարզպետի գլխավորած պատվիրակությունը

0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Լոռու մարզի եւ Արցախի շրջանների միջեւ փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է Լոռու մարզի եւ Մարտակերտի շրջանի միջեւ սերտ կապերի առկայությունը՝ հավելելով, որ երկու հայկական պետությունների վարչական միավորումների միջեւ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը թույլ է տալիս արդյունավետորեն կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի կազմում դարձել է Իրանի առաջնության արծաթե մեդալակիր

0

Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի կազմում դարձել է Իրանի փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուկյանը հանդես է գալիս «Սինա Սանատ»-ի կազմում: Հայ ըմբիշն անցկացրած երկու գոտեմարտերում էլ հաղթանակ է տարել: «Սինա Սանատ»-ը եզրափակիչում պարտվել է «Ռազի»-ին:

Այս տարի Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նա Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է:

Կրետեում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

0

Հունական Կրետե կղզում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հերակլիոնում հոկտեմբերի 27-ին կկայանա առաջնության բացման արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Կանանց թիմում ընդգրկված են հետևյալ մարզուհիները. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա և Մարիա Գևորգյան:

Առաջնությունը բաղկացած է 9 տուրից, և նախատեսվում է միայն մեկ հանգստյան օր` նոյեմբերի 2-ը:

Քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունը կվերապահվի կառավարությանը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

0

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծին միաձայն կողմ քվեարկեց 94 պատգամավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են օրենքը սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված իրողություններին համապատասխանեցնելուն: Այսուհետ քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունները նախագահական ինստիտուտից տեղափոխվում են կառավարության դաշտ:

 Քաղաքական ապաստան տալու քաղաքական կարևորությունը հաշվի առնելով,  քաղաքական ապաստան տրամադրելու 3-ամսյա ժամկետը փոխարինվում է 6-ամսյա ժամկետով, որովհետև կարող են լինել դեպքեր, որոնց քննարկումները պահանջեն մեծածավալ աշխատանք: