Կիրակի, 15. 06. 2025

Դրախտիկ-Շորժա-Վարդենիս մայրուղու փլվածքի վերականգնումը մոտենում է ավարտին

0

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով շարունակվում են Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով Դրախտիկ-Շորժա-Վարդենիս մայրուղու փլվածքի վերականգնման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ընկերության տնօրեն Արարատ Քոչարյանը, վերականգնվող փլվածքի երկարությունը 200 մետր է, խորությունը՝ մոտ 15 մետր: Փլվածքի վերականգնման եւ մայրուղու անվտանգության ապահովման համար պետբյուջեից հատկացվել է 98 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կավարտվեն նոյեմբերի վերջերին:

«Փլվածքը վերականգնվում է գաբիոնային շարվածքով՝ մետաղական ցանցավանդակների մեջ քարեր լցնելով: Նախատեսված է տեղադրել 4770 հատ գաբիոն, որոնցից 3600-ն արդեն շարված են, կամ՝ կատարված է աշխատանքների մոտ 85 տոկոսը: Նախ փորում ենք հիմքը, որտեղ լցնում ենք մեծ ապառաժներ, որոնց վրա էլ շարվում են գաբիոնները: 200 մետրից 59 մետրը շարվելու է 8 մետր բարձրությամբ եւ 4 մետր լայնությամբ, մնացած 141 մետրը՝ 3,5 մետր բարձրությամբ եւ 3 մետր լայնությամբ:

Ցանցավանդակները գործվում են ցինկապատ մետաղալարով, որի ձեռքբերման համար որոշակի դժվարություններ առաջացան, եւ կարճ ժամանակով մեր աշխատանքները դադարեցին, սակայն հիմա ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շինարարությունը ժամանակին ավարտելու համար: Շինարարության ընթացքում գրանցվել են ուժեղ ալեկոծություններ, որոնց փորձությանը դիմացել են մեր շարած պատնեշները»,-ասաց Արարատ Քոչարյանը:

Գեղարքունիքի մարզում բնակարաններ կհատկացվեն 39 զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների

0

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով մինչեւ տարեվերջ բնակարաններ կհատկացվեն 39 զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, արդեն մարզպետարանի կողմից ուսումնասիրվել եւ ՀՀ ՊՆ բնակարանային հանձնաժողով են ներկայացվել 33 զոհված եւ 6 հաշմանդամ ազատամարտիկների կարիքավոր ընտանիքների փաստաթղթերը:

«Մեր ունեցած նախնական տվյալներով՝ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարն արդեն հատկացվել է այդ ընտանիքներին սերտիֆիկատների տեսքով: Համաձայն սահմանված կարգի՝ կարիքավոր ընտանիքը մարզի տարածքում գտնում է վաճառքի ենթակա բնակարան, ապա պետության կողմից լիազորված ներկայացուցչի միջնորդությամբ պայմանագիր է կնքվում բնակարան գնողի եւ վաճառողի միջեւ, եւ վաճառողի հաշվեհամարին է փոխանցվում պահանջվող գումարը:

Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մեր կողմից ներկայացված բոլոր կարիքավոր ազատամարտիկների ընտանիքները ձեռք կբերեն բնակարաններ»,-նշեց Սուրիկ Խաչատրյանը:

ՀԶՀ-ն արտահանման և ներդրումների աջակցության նոր ծրագիր է սկսել

0

Բեռնափոխադրող, իրավաբանական, հարկային և բիզնես խորհրդատվություն մատուցող 4 ընկերություն Հայաստանի զարգացման հիմնադրամի տրամադրած ցանկով 2 ամսից մինչև անժամկետ անվճար և զեղչով ծառայություններ կմատուցեն արտահանող և ներդրող ընկերություններին։ «Փրո Թաքս», «ԷյԷմ», «Սթեփ Քոնսալթինգ», «Օնեքս» ընկերությունների ներկայացուցիչների հետ փոխըմբնման հուշագրերը ՀԶՀ անունից ստորագրել է Հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Խորհրդատվական ընկերությունների ցանկը համալրվում է։ Ոլորտի այլ կազմակերպություններ ծրագրին միանալու համար կարող են դիմել հիմնադրամ։ Ներկայում քննարկումներ ու բանակցություններ են ընթանում տասնյակից ավելի ընկերությունների հետ։

«Փրո Թաքս» ընկերությունն առանց ժամանակի սահմանափակման անվճար խորհրդատվություն կտրամադրի բոլոր տեսակի հարկային և հաշվապահական հարցերով,  առնվազն 2 ամիս անվճար հաշվապահական ծառայություններ կմատուցի՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նորաստեղծ ընկերությունների շահութաբերությունն առաջանում է ժամանակի ընթացքում։

«ԷյԷմ իրավաբանական ընկերությունը» առանց ժամկետի սահմանափակման անվճար խորհրդատվություն կտրամադրի բիզնես միջավայրի, ընկերության ստեղծման հետ կապված խնդիրների, սեփականատերերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, կառաջարկի հարկային օրենսդրության ուսումնասիրություն և լավագույն լուծումներ։ Մի շարք այլ ծառայությունների համար սահմանում է 20 տոկոս զեղչ։

«Սթեփ Քոնսալթինգ» ընկերությունը 2 ամիս անվճար բիզնես խորհրդատվություն կապահովի շրջանառության, հաշիվների դուրսգրման, արտահանումների պարբերականության, արտասովոր գործարքների, ռիսկերի կառավարման վերաբերյալ, կպատրաստի միջազգային փոխանցումներ, վճարային հանձնարարականներ, կվերլուծի հաշիվները, բանկային շարժերը և այլն։

«Օնեքս» ընկերությունը կիրականացնի ՓՄՁ արտադրանքի «Էքսպրես» և «էկոնոմ» կարգերով առաքումներ` բացառիկ զեղչերով։ Աշխատանքներում կներգրավի ռուսաստանյան գործընկերոջը, որը շուկայի խոշոր բեռնափոխադրող ընկերություններից է։

Արտահանող և ներդրող ընկերությունները ծառայություններից կօգտվեն՝ ՀԶՀ տրամադրած ցանկից ընտրելով ցանկացած ընկերություն։  

«Այս նախաձեռնությամբ դյուրացնում ենք ելքն ու մուտքը։ Սա արդյունավետ է հատկապես նոր արտահանողների և ներդրողների համար։ Պոտենցիալ ներդրողները, որ ամբողջական պատկերացում չունեն հարկային, հաշվապահական, օրենսդրական դաշտից, երկիրը ճանաչելու փուլում կկարողանան անվճար սպասարկում ստանալ։ Իսկ արտադրողները, որ նոր են փորձում հարթել ճանապարհները դեպի օտարերկրյա շուկաներ, հիմնադրամի ու գործընկերների հետ ավելի հեշտությամբ կանեն դա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։  

Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կունենա 7 մասնակից

0

Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվելու է թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական (Մ 17) առաջնությունը: 

«Արմենպրես»ի փոխանցմամբ` Եվրոպայի առաջնությունում ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով. Լևոն Գասպարյան (48 կգ), Բաբկեն Սարգսյան (51 կգ), Սուրեն Այդինյան (55 կգ), Ռոման Հայրապետով (59 կգ), Ալբերտ Հովհաննիսյան (63 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ), Նարեկ Հովհաննիսյան (73 կգ): Հավաքականը ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնելու հոկտեմբերի 30-ին, իսկ մինչ այդ երիտասարդ մարզիկները իրենց վերջին մարզումներն են անցկացնում «Դինամո» մարզադահլիճում:

Անվիճելի պարտավորության գումարները գանձելիս հարկ վճարողը նախապես չի ծանուցվելու

0

Անվիճելի պարտավորությունների դեպքում հարկային մարմինը իրավունք կունենա առանց ծանուցման կատարել արտադատական կարգով բռնագանձում: «Արմենպրես»ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական  վարչության պետ Արման Մնացականյանը Նրա խոսքով` բազմաթիվ են դեպքերը, երբ այս կամ այն հարկ վճարողը սահմանված ժամկետում չի կատարում անվիճելի հարկային պարտավորությունները, որոնք վերջիններիս կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների արդյունքում են ձևավորվում: «Հարկային մարմինն էլ պարտավորված է ձեռնարկելու որոշակի գործողություններ այդ գումարները հարկադիր կարգով գանձելու համար: Ըստ սահմանված կարգի` անձին պետք է նախապես ծանուցել այդ մասին, հրավիրել նրան լսումների, ստանալ բացատրություններ, հետո գանձման որոշում կայացնել, որը ևս ծանուցվի նրան: Բազմաթիվ են դեպքերը, որ անձինք խուսափում են ծանուցվելուց, գործընթացը փակուղի է մտնում, և հարկային մարմինը չի կարողանում կատարել իր գործառույթները»,- ասաց Արման Մնացականյանը:

Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծով նախատեսվում է նման անվիճելի պարտավորությունների դեպքում հարկային մարմնին թույլ տալ առանց ծանուցման գործողություններ կատարել, քանի որ այդ մասին հարկ վճարողն ինքն արդեն տեղյակ է:

Արման Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է այդ միջոցները ավտոմատ կերպով գանձել հարկ վճարողի բանկային միջոցներից, սակայն օրենսդրական այս նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է և պետք է անցնի հանրային լսումներ:

«Դեպի Եվրատեսիլ». հայտերի ընդունման մեկնարկը տրված է

0

 «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:

Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ- 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:

Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 15-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ դեկտեմբերի 15-ը   www.eurovision.am կայքում:

Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

0

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: Կարևորելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան գործունեությունը հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ այդ շրջանակը տարբեր ուղղություններով ընդլայնելու համար: Այդ համատեքստում  Լևոն Մկրտչյանն անդրադարձել է ինժեներական և տեխնոլոգիական մասնագիտությունների գծով  հնդիկ ուսանողների ներգավման խնդրին, մասնավորապես դիտարկվել է ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում կրթության կազմակերպաման հնարավորությունը: Ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ համագործակցության հնարավորությունը դիտարկվել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, մասնավորապես քննարկվել է հնդկական կողմի աջակցությամբ համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու հնարավորությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև գիտության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ուղղությամբ գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությանը:

Իր հերթին դեսպան  Յոգեշվարը,  շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթության համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև աշխատանքային մի շարք հարցեր:

Գյումրու Վարպետաց փողոցում զգացվում է Մհեր Մկրտչյանի շունչը

0

Կոլորիտային քաղաք Գյումրին ծնունդ է տվել մի շարք արվեստագետների՝ դերասանների, գրողների, երաժիշտների…
«Արմենպրես»ն այս անգամ ներկայացնում է նրանցից մեկին՝ նշանավոր դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանին։ Նրա թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց փողոցում, որտեղ տեղակայված են նաև Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի թանգարանները։ 


Թանգարան՝ նախկին խաշարանի շենքում 
Ներս մտնելուն պես այցելուին դիմավորում է Ֆրունզիկի մեծադիր, ժպտացող ու բարի աչքերով նկարը։ Աստիճաններով բարձրանում ենք վերև և հայտնվում դերասանի պայմանական տանը։ Այն բաղկացած է մեկ սենյակից, որը բաժանված է մի քանի հատվածի՝ ննջասենյակ, դիմահարդարման սենյակ և մի անկյուն, որտեղ տեղ են գտել նրա բեմական հագուստներն ու իրերը։ Այստեղ նախկինում եղել է խաշարան, որտեղ դերասանը սիրել է ճաշել։ 2006 թվականին Գյումրու քաղաքապետարանը հենց այս շենքն է ընտրել դերասանի թանգարան։ Այն բնակարանում, որտեղ ապրել են Մկրտչյանները, իրենց է պատկանել ընդամենը մեկ սենյակ։ 1953 թվականից Մկրտչյանը բնակվել է Երևանում։ Ամեն անգամ վերադառնալով հարազատ Լենինական (այժմ՝ Գյումրի) եկել է խաշարան կամ Ա. Մռավյանի անվան թատրոն, հավաքվել են հին ընկերները, արվեստակիցները, ծայր է առել խոսքն ու զրույցը արվեստի, կյանքի, երկրի ու ժողովրդի մասին։ 


Ֆրունզիկի «սենյակը» 
Անկյունում դրված է մահճակալը, որի վրա քնել է պատանի Մհեր Մկրտչյանը։ Պատին կախված է իր սիրելի տիկնիկը՝ խամաճիկը, կողքին էլ դերասանի ծնողների՝ Մուշեղ հոր և Սանամ մոր, նկարն է։ Հայոց ցեղասպանության ժամանակ Ֆրունզիկի ծնողները որբանում են, արտաքսվում հարազատ վայրերից և հայտնվում Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում։ Մհեր Մկրտչյանի ծնողները միասին են մեծացել, հետագայում աշխատել տեքստիլ գործարանում։ Հայրը բանվոր է եղել, իսկ մայրը՝ գործարանի ճաշարանում ափսեներ է լվացել։ Մահճակալի կողքին փոքրիկ պահարաններ են, որոնց վրա դրված են դերասանի և նրա ընտանիքի ռադիոները, լուսանկարչական խցիկը, հեռախոսը, լամպը, պատուհանագոգին՝ տպիչն ու նվագարկիչը։ Պահարանի վերևում կախված է Մհեր Մկրտչյանի կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի լուսանկարը, ով նույնպես գյումրեցի է եղել և Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ Դոնարան վատառողջ էր, և այդ մասին իր գործընկերներն ու հարազատները շատ են զգուշացրել Ֆրունզիկին։ Սակայն նրանք շատ են սիրել միմյանց և 1958 թվականին ամուսնացել են: Դոնարա Մկրտչյանը «Կովկասին գերուհին» ֆիլմում խաղացել է Ջաբրայիլի կնոջ դերը։ 1977 թվականին, երբ դերասանը «Միմինո» ֆիլմի շնորհիվ հասավ փառքի գագաթնակետին, անկում ունեցավ անձնական կյանքում։ Հիվանդության՝ շիզոֆրենիայի, սրվելու պատճառով Դոնարան չափազանց խանդոտ էր դարձել։ Բուժման նպատակով Ֆրունզիկը նրան մի քանի անգամ տարել էր Ֆրանսիա, ԱՄՆ, ավաղ, ապարդյուն։ Դոնարայի նկարից մի փոքր ներքև նրանց երեխաների՝ Նունեի և Վահագնի նկարն է։ Վահագնը նույնպես մահացել է hիվանդության պատճառով (2002 թվականին)։ Մհեր Մկրտչյանի մահճակալի վերևում կախված է իր նկարը, որ նկարել է հենց որդին։ «Ննջասենյակի» մյուս անկյունում դրված է Մկրտչյանների պահարանը, որտեղ կախված է Ֆրունզիկի հագուստներից։  


Անձնական իրերը, մրցանակներն ու նվերները 
Թանգարանի տարբեր հատվածներում տեղ են գտել «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի կոմոդը, «01-99» ֆիլմից՝ տակառիկը, «Նվագախմբի տղաները» ֆիլմից՝ գալիկոնը։ 
Այստեղ կան նաև նրան պատկանող տարբեր իրեր, գրքեր, նվերներ, ֆիլմերից և ներկայացումներից մնացած հագուստ։ Թանգարանում պահվում են նաև Ֆրունզիկ Մկրտչյանի հետմահու երեք մրցանակները՝ «Անահիտը», «Կարոտը» և Ազգային կինոկենտրոնի մրցանակը։ 

Հարդարանքի սեղանն ու հայելին 
Հարդարանքի սեղանը բերվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնից։ Դիմահարդարման պարագաների կողքին, երևացող տեղում սեղանին դրված են Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի լուսանկարները։ Ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ նրանց՝ հայ թատրոնի մեծերի հետ է մտովի շփվել Ֆրունզիկ Մկրտչյանը:


Բեմական կերպարների հագուստը 
Ցուցադրվում են «Կտոր մը երկինք», «Նահապետը», «Մեր մանկության տանգոն», «Զինվորը և փիղը» ֆիլմերում Մհեր Մկրտչյանի կերտած կերպարների զգեստները։ Թանգարանում է պահվում նաև այն հագուստը, որով Ֆրունզիկը 1992 թվականին վերջին անգամ բեմ է բարձրացել «Հացթուխի կինը» ներկայացման մեջ։ 


«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավն իրականանում է ՀՀ զբոսաշրջության պետական  կոմիտեիՀայաստանի զբոսաշրջության զարգացմանհիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի  աջակցությամբ։ 


Լիլիթ Դեմուրյան

Վերականգնվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ Մարտունիին կապող հիմնական ավտոճանապարհը

0

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհը։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Մինչև հիմնանորոգումը 10,5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում. ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում այն ընդհանրապես բացակայում էր, երթևեկելի մասի վրա ակնհայտ էին լայնական,  երկայնական և ցանցաձև ճաքեր, նստվածքներ ու փոսեր։  Դրանից բացի, չէր գործում ջրահեռացման համակարգը, վատ վիճակում էին նաև երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, համայնքների տարածքում բացակայում էին մայթերը և ճանապարհային նշանները:

Հիմնանորոգման արդյունքում այս համայնքների համար կենսական նշանակություն ունեցող 10,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ վերակառուցվել է: «Կապավոր» շինարարական ընկերության ճանապարհաշինարարները, ովքեր իրականացրել են ճանապարհի հիմնանորոգումը, կատարել են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման համակարգի նորոգման, մայթերի կառուցման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:  

Ճանապարհի վերականգնման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2016թ. հուլիսին։ Հիմնանորոգումը կատարվել է սահմանված ժամկետում՝ 15 ամսվա ընթացքում։ Բարեկարգված  ճանապարհն ամբողջությամբ շահագործման է հանձնվել   2017թ. հոկտեմբերի 4-ին։ 

Վազգեն Սարգսյանը կհպարտանար Հայաստանի գրանցած առաջընթացով. Վիգեն Սարգսյան

0

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը հպարտ կլիներ այն առաջընթացով, որ այս տարիների ընթացքում արձանագրել է Հայաստանի Հանրապետությունը: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչ կփոխվեր, սակայն վստահ եմ՝ եթե Վազգեն սպարապետն այսօր լիներ, հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ ապրել է Հայաստանի Հանրապետությունը, հպարտ կլիներ տեսնել մեր բանակը, մեր զինված ուժերը, իսկ մենք շատ ավելի ամուր կլինեինք՝ ունենալով ազգային այդպիսի գործչի տեսլականը և մասնակցությունը մեր երկրի կայացմանը: Սակայն, ցավոք, պատմությունը եթե-ներ չի սիրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա հավելեց, որ քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է՝ ցավով նկատելով, որ մեր երիտասարդ պետությունը ևս զերծ չմնաց այդ փորձությունից, որ իրենց նորագույն պատմության մեջ տեսել են ամենատարբեր երկրներ՝ Միացյալ Նահանգներից մինչև Եգիպտոս, Հնդկաստանից մինչև Նորվեգիա:

Հարցին՝ ո՞ւմ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը՝ հաշվի առնելով, որ կան տարբեր վարկածներ, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես վարկածներ երբեք չեմ մեկնաբանել: Եթե դուք մի փոքր ուսումնասիրեք իմ շփումը հանրության հետ, կտեսնեք, որ ես վարկածներ մեկնաբանելու մեծ սիրահար չեմ: Ես կարծում եմ, որ ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն քննիչները, համապատասխան մարմինները: Հոկտեմբերի 27-ն ունեցել է նման փուլ իր վայրիվերումներով, և ես առիթ չունեմ մեր դատական համակարգի գնահատականին չվստահելու»:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 18-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, զինվորականներ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, Երկրապահ կամավորական միության անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: