Կիրակի, 15. 06. 2025

Աւարտեցաւ «Վենետիկի Մխիթարեան Միաբանութիւն-300» Միջազգային Գիտաժողովը

0

Հոկտեմբեր 25-ին, ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիոյ Պատմութեան հիմնարկին մէջ շարունակուեցաւ «Վենետիկի Մխիթարեան միաբանութիւն-300» միջազգային գիտաժողովը, որ կազմակերպուած էր՝ ՀՀ սփիւռքի նախարարութեան, ՀՀ ԳԱԱ հայագիտական եւ հասարակական գիտութիւններու բաժանմունքի, Երեւանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագիրներու հիմնարկի-մատենադարանի, Վենետիկի Մխիթարեան միաբանութեան նախաձեռնութեամբ եւ ՀՀ ԿԳՆ գիտութեան պետական կոմիտէի աջակցութեամբ:

Գիտաժողովը ընթացաւ «Մխիթարեաններու գործունէութիւնը պատմագիտութեան ասպարէզին մէջ»,  «Մխիթարեաններու աւանդը բանասիրութեան ոլորտին մէջ», «Արուեստը եւ մշակոյթը Մխիթարեաններու գործունէութեան մէջ» թեմատիկ նիստերով:

«Մխիթարեաններու գործունէութիւնը պատմագիտութեան ասպարէզին մէջ» թեմատիկ նիստի ընթացքին «Մխիթարեան միա­բա­­նութեան հայատառ թրքերէն հրատարակու­թիւն­ները» զեկոյցով հանդէս եկաւ՝ Յասմիկ Ստեփանեան (ՀՀ ԳԱԱ ԱԻ), «Վենետիկի Մխի­թարեաններու գաղափարական հայրենիք ստեղծելու ձեւի տեղայնացումը Ալեքսանտրափոլի մէջ զեկոյցով` Գէորգ Այվազեան (ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ), «Հայր Միքայէլ Չամիչեան եւ իր գործունէութիւնը Պասրայի մէջ 1769-1774 թթ. (համառօտ ակնարկ)» զեկոյցով` Սեդա Օհանեան (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ներսէս Ակինեանի գոր­ծունէութիւնը Խորհրդային Հայաստանի մէջ նորայայտ փաստաթուղթերու լոյսի ներքոյ»` զեկոյցով` Համօ Սուքիասեան (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ս. Ղազարի ձեռագրա­գէտ հայրերը եւ անոնց կազմած ձեռագրացուցակները» զեկոյցով` Քնար Յարութիւնեան (ՀՁԳԻԹ), «Մխիթարեաններու աւանդը հայ քննական պատմագրութեան ձեւաւորման մէջ» զեկոյցով` Արման Մալոյեան (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Մխիթարեան միաբանութեան դպրոցաշինութեան պատմութիւնը ի սփիւռս աշխարհի» զեկոյցով` Աւետիս Ափոշեան (ԵՊՀ):

«Մխիթարեաններու աւանդը բանասիրութեան ոլորտին մէջ» թեմատիկ նիստին «Մխիթա­րեան­ները  Լէոյի գրապատմական ուսումնասիրութիւն­նե­րու ծիրէն ներս» զեկոյցով հանդէս եկաւ՝ Սուսաննա Յովհաննիսեան (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական դասա­կա­նապաշտութեան (classicism) տեսական եւ գե­ղարուես­տական առանձնայատկութիւնները Մխիթար­եան­ներու տե­սական, գեղարուեստական գրականութեան մէջ» զեկոյցով` Դաւիթ Գասպարեան (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Դասագիրքերու Մխի­թա­րեաններու 18-րդ դարու հրատարակութիւնները» զեկոյցով` Քրիստինէ Մելքումեան (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Արսէն Բագրա­տու­նիի «Հայկ դիւցազն» բանաստեղծութիւնը» զեկոյցով` Սիրանոյշ Մարգարեան (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Վենետիկի Մխի­թա­րեան միաբանութիւնը Վիգէն Իսահակեանի յուշերուն մէջ» զեկոյցով` Աւետիք Իսահակեան (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Յովհ. Թումանեան Մխիթարեաններու գնահատմամբ» զեկոյցով` Եւա Մնացականեան (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական վերա­ծնութ­եան հարցը Մխիթարեաններու` հայ գրականու­թեան պարբերաբաժանման համակարգին մէջ» զեկոյցով` Լուսինէ Վարդանեան (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Գաբրիէլ Այվազեան Մխիթա­րեան միաբանութեան անդամ» զեկոյցով` Յասմիկ Իրիցեան (ՀՁԳԻԹ), «Մխիթարեանները եւ հայոց լեզուափիլիսոփայութեան տարրեր» զեկոյցով` Լուսինէ Աւետիսեան (ՀՀ ԳԱԱ ԳԻ):

«Արուեստը եւ մշակոյթը Մխիթարեաններու գործունէութեան մէջ» նիստին «Մխիթարեան թատերագրութիւնը սրբախօսութենէն դասականութիւն» զեկոյցով հանդէս եկաւ՝ Հենրիկ Յովհաննիսեան (ՀՀ ԳԱԱ Արուի), «Քրիստափոր Կարամուրզան եւ Վենետիկի Մխիթարեան միաբա­նութ­իւ­նը» զեկոյցով` Լիլիթ Արտէմեան (ՀՀ ԳԱԱ Արուի), «Վենետիկի Մխիթարեանները եւ միջազգային գեղարուեստը» զեկոյցով` Արծուի Բախչինեան(ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Եւրոպական երաժ­շտատեսական միտքի դրսեւորումները Խաչատուր Էր­զ­րու­­մեցի եւ Մխիթար Սեբաստացիի աշխատութ­իւն­նե­րուն մէջ» զեկոյցով` Անի Մուշեղեան (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Ձեռագիր գիրքերը, որպէս ազգային խոհանոցի ուսումնասիրութեան աղբիւր (Դի­տար­կումները, ըստ Վենետիկի Մխիթարեան միա­բանու­թեան Մատենադարանի ձեռագիրներու)» զեկոյցով` Խորէն Գրիգորեան (ՀՀ Մշ.նախ.), «Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ Հ. Ղ. Տայեանի «Շարական Հայաս­տանեայց եկեղեցւոյ» բազմահատոր շարակնոցի անտիպ Ա. Հատորը» զեկոյցով` Արփի Վարդումեան (ՀՁԳԻԹ), «Հայր Ղեւոնդ Ալիշանը հայկազուն սուրբերու հետքերով» զեկոյցով` Մարիաննա Տիգրանեան (ՀՀ ԳԱԱ Արվի), «Տայքի եւ Գուգարքի ճար­­տարապետութիւնը, Մխիթարեան միաբաններու աշ­խա­­­տութիւններուն մէջ» զեկոյցով` Դաւիթ Նահատակեան (ՃԱԹԻ):

Միջազգային գիտաժողովի աւարտին գումարուեցաւ լիագումար նիստ, որ վարեց պ.գ.դ. Գէորգ Ստեփանեան:

«Մխիթարեաններու գործունէութիւնը պատմագիտութեան ասպարէզին մէջ» թեմատիկ նիստերու արդիւնքներն ամփոփեցին պ.գ.դ.Գէորգ Ստեփանեան եւ պ.գ.թ. Արմէն Մարուքեան, «Արուեստը եւ մշակոյթը Մխիթարեաններու գործունէութեան մէջ» նիստը` արվ.դ. Արարատ Աղասեան, «Մխիթարեաններու աւանդը բանասիրութեան ոլորտին մէջ» նիստը` բ.գ.թ. Հերիքնազ Որսկանեան:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Մխիթարեան միաբանութեան քահանայապետական պատուիրակ, Թուրքիոյ Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ թեմի առաջնորդ գերապայծառ տէր Լեւոն արք. Զէքիեան:

Ան շնորհակալութիւն յայտնեց գիտաժողովի կազմակերպիչներուն եւ հնչած հինգ տասնեակէ աւելի գիտական զեկոյցներու հեղինակներուն` նշելով. «Մխիթարեան հայրերու գործունէութիւնը համակողմանի ներկայացնելու առումով այս գիտաժողովը, իրաւամբ, խոշոր ներդրում էր: Կը կարծեմ` չ՛արժեր սպասել յոբելեաններու, նման համաժողովներ կազմակերպելու համար: Այս գիտաժողովին Լուսինէ Աւետիսեանն իր զեկոյցը ներկայացուց հրաշալի գրաբարով: Ես կ’ուզէի, որ դպրոցներուն մէջ հայ մանուկներուն դասաւանդուի գրաբար, որպէսզի անոնք տիրապետեն մեր կատարեալ հայերէնին»:

Լեւոն արք. Զէքիեան աւելցուց, որ Մխիթար Սեբաստացին եւ անոր հաւատարիմ աշակերտները գիտնական եւ արուեստաբան ըլլալէ առաջ կրօնաւորներ էին եւ շատ ուրախալի է, որ գիտաժողովի ընթացքին ստուերի տակ չմնաց այդ հանգամանքը:

ՀՀ ԳԱԱ պատմութեան հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեան նշեց, որ ի դէմս Զէքիեանի եւ Մխիթարեաններու հոգեւոր հայրերու, արեւմտահայերէնը կ’ապրի ու կը ծաղկի: «Մխիթարեան միաբանութիւնը եւրոպական քաղաքակրթութեան մեծագոյն կեդրոններէն մէկն է, եւ մենք հպարտ ենք, որ անոր հիմնադիր Մխիթար Սեբաստացին եւ Միաբանութեան հայրերը մեծ հայեր են: Ուրախալի է յատկապէս այն փաստը, որ զեկուցողներէն շատերը երիտասարդներ էին, եւ անոնք տիրոջ ու իրաւայաջորդի դիրքերէն խօսեցան Միաբանութեան մասին: Իրականութեան մէջ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ գործող բոլոր հայագիտական կեդրոնները սորվելու շատ բան ունին Մխիթարեան Միաբանութենէն, – նշեց Մելքոնեան:

Գիտաժողովի աւարտին Սփիւռքի նախարարի տեղակալ՝ Սերժ Սրապիոնեան, նախարար Հրանոյշ Յակոբեանի անունէն շնորհակալութիւն յայտնեց միջազգային գիտաժողովի կազմակերպիչ կառոյցներուն արդիւնաւէտ համագործակցութեան համար եւ նշեց. «Մենք կ՛ընդունինք Մխիթարեաններու անունով Երեւանի փողոց անուանակոչելու առաջարկը եւ Հայաստանի մէջ Մխիթարեանական ընթերցումներ եւ գիտաժողովներ պարբերաբար կազմակերպելու անհրաժեշտութեան գաղափարը»:

Նախարարի տեղակալը աւելցուց, որ յառաջիկային պիտի տպագրուին գիտաժողովի զեկուցումները «Բազմավէպ» հայագիտական հանդէսի բացառիկ համարին մէջ:

Հայաստանում արյան դոնորները բնակչության քիչ տոկոսն են կազմում. մեկնարկեց փոխներարկումային բժշկության վերաբերյալ միջազգային համաժողովը

0

Հայաստանում մեկնարկել է «Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովը: Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ եւ Արյան փոխներարկման միջազգային կոմիտեի (ISBT), Արյան փոխներարկման եվրոպական դպրոցի (ESTM) ու Հայկական արյունաբանական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպված համաժողովի  նպատակն  է բարելավել տրանսֆուզիոն բուժօգնությունը Հայաստանում և համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, ով նշեց, որ սա տրանսֆուզիոն բժշկությանը նվիրված առաջին միջազգային ISBT կրթական միջոցառումն է, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրոպայի և Ռուսաստանի փոխներարկումային բուժօգնության առաջատար մասնագետները: Նրանք զեկույցներ են ներկայացնելու արյան բաղադրամասերի պատշաճ կիրառման,  արյան դոնորների առողջության պահպանման, իմունաարյունաբանության եւ մի քանի այլ թեմաներով:

«Աշխարհում տրանսֆուզիոն բուժօգնությունը բավականին արագ է զարգանում, ստեղծվում են արյան անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են փոխներարկվող արյան որակը: Մեր երկիրը գտնվում է այնպիսի մի աշխարհաքաղաքական իրավիճակում, որ տրանսֆուզիոն բուժօգնությունը շատ կարեւոր է մեր երկրի առողջապահության կազմակերպման համար: Այն  ընկած է բժշկության մի խաչմերուկում, որը մի շարք մասնագիտությունների հաջող իրականացման շատ  կարեւոր գրավականն է եւ  առողջապահության որակի համար իր որակական հատկանիշներով շատ կարեւոր տեղ ունի:  Այս առումով  հատկանշական է նմանատիպ կրթական միջոցառման  կազմակերպումը մեր մասնագետների համար, որպեսզի նրանք ծանոթանան միջազգային փորձին: Գիտենք, որ Առողջապահության նախարարությունը եւ Կառավարությունը իրականացնում են արյան ծառայության օպտիմալացման ծրագիր, եւ այս առումով այն եւս կարեւորվում է  օպտիմալացման հետ կապված խնդիրները քննարկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Սմբատ Դաղբաշյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կա արյան հավաքագրման 21 կետ, իսկ արյան փոխներարկման բաժանմունքներ՝ մարզային 6 հիվանդանոցներում: Նրա խոսքով՝ այդ բաժանմունքները շատ կարեւոր նշանակություն ունեն, քանի որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում:

«Շատ ժամանակ սահմանին ունենում ենք վիրավորներ, ուստի ռեգիոնալ արյան բաժանմունքները կարեւոր են մեզ համար»,- ընդգծեց Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ Հայաստանում արյան դոնորները կազմում են բնակչության միայն 0,3 տոկոսը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ երկրի արյան բաղադրամասերով ինքնաապահովման համար անհրաժեշտ է բնակչության դոնորների 2 տոկոսը:

Կենտրոնի տնօրենի դիտարկմամբ՝ Հայաստանը ամենացածր դոնորական արյան հավաքագրող երկրների շարքում է, եւ այս համաժողովը նաեւ նպաստելու է  նման խնդիրների բարձրացմանը հասարակության շրջանում:

«Տարեկան ունենում ենք 14.000 արյունատվություն, բայց մեր հաշվարկներով պետք է ունենանք շուրջ 25 հազարը»,-շեշտեց Սմբատ Դաղբաշյանը՝ հույս հայտնելով, որ  առաջիկա տարիներին դոնորների թիվը կավելանա:

Նա անդրադարձավ նաեւ մարզային առողջապահության զարգացմանը՝ ընդգծելով, որ մեծ ծավալով արյան կենտրոնացումը Երեւանում նշանակում է, որ լուրջ վիրահատությունները եւս կենտրոնացված են մայրաքաղաքում, ուստի պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել մարզային առողջապահությանը:  

ՀՀ Նախագահը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Միրոսլավ Լիպարին խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը մաղթել է նրան հաջողություն և արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած մեծ փորձով պարոն Լիպարը կնպաստի խորհրդի արդյունավետ աշխատանքին: 

Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ընթացքին: 

Միրոսլավ Լիպարը վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը կազմված է բարձր որակավորում ունեցող մասնագետներից և կարող է շարունակել զգալի աջակցություն ցուցաբերել ՀԱԷԿ-ին: Նա տեղեկացրել է, որ խորհրդի անդամները երեկ այցելել են կայան և ուրախությամբ արձանագրել, որ յուրաքանչյուր այցից հետո նոր բարելավումներ ու առաջընթաց է նկատվում ՀԱԷԿ-ում: Խորհրդի նախագահն ընդգծել է, որ չնայած բավականին աշխատանք է իրականացվել, այդուհանդերձ, դեռևս անելիքներ շատ կան, և խորհուրդն ամենայն պատասխանատվությամբ կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը: 

Հանդիպումից հետո Նախագահ Սարգսյանը Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:

Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին և նիստի մյուս մասնակիցներին: Նշելով, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի առաջին նիստի անցկացման օրվանից անցել է ուղիղ 20 տարի, ՀԱԷԿ անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացման գործում մասնագիտական աջակցության համար Նախագահը շնորհակալություն է հայտնել անցած այդ քսան տարվա ընթացքում խորհրդի անփոփոխ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին, ինչպես նաև խորհրդի նախկին ու ներկա անդամներին: Նախագահը տեղեկացրել է, որ Ադոլֆ Բիրկհոֆերը հարգելի պատճառներով այլևս չի կարողանա շարունակել պաշտոնավարումը, սակայն կշարունակի մնալ խորհրդի կազմում և առողջություն ու բարօրություն է մաղթել նրան: Ընդգծելով, որ խորհրդում բարձր են գնահատում Ադոլֆ Բիրկհոֆերի նախագահության ընթացքում Հայկական ԱԷԿ անվտանգության բարձրացման ազգային ծրագրի իրականացման գործում նրա ձեռքբերումները՝ Նախագահ Սարգսյանը Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման ապահովման գործում ներդրած ավանդի և երկարամյա նվիրումի համար խորհրդի երկարամյա նախկին նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով
Այնուհետև Հանրապետության Նախագահը ներկայացրել է խորհրդի նորանշանակ նախագահ Միրոսլավ Լիպարին, ով 2001 թվականից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ատոմային ոլորտի բազմաթիվ կառույցներում: Նախագահ Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է նաև խորհրդում ընդգրկված նոր անդամ Պետեր Քելմին՝ Գերմանիայից, ով երկար տարիներ աշխատել է ատոմային էներգիայի ոլորտում և լավ գիտի ՀԱԷԿ-ն ու Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները: Սերժ Սարգսյանը հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նաև խորհրդի նորանշանակ անդամներին:

Իր ելույթում Նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Նախագահն ընդգծել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:

«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:

ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին և այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը: 

Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվում են նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև դրա արդիականացման միջոցառումներ: 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Նախագահն իր ելույթում նշել է նաև, որ Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում մշակվել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը», ինչի արդյունքում վերանայվել է Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման կոնվենցիան: Վերանայված կոնվենցիան հաստատվել է Նախագահի 2017թ. հունվարի հրամանագրով: Արդեն իսկ մշակվել և հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը»:

Միացյալ կոնվենցիայի շրջանակներում Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ երկրորդ ազգային զեկույցը, ըստ Նախագահի, ավարտական փուլում է: Ծրագրվում է ազգային զեկույցը փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին մինչև ընթացիկ տարվա վերջ:
Հանրապետության Նախագահը տեղեկացրել է, որ Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման համաձայն, ծրագրվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ հիմքի վրա ստեղծել Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ազգային օպերատոր: 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ 2016թ. սեպտեմբերին ներկայացվել է Հայկական ԱԷԿ սթրես-թեսթի փորձագիտական գնահատականի վերջնական տարբերակը և սթրես-թեսթի անցկացման արդյունքում մշակված միջոցառումներն ընդգրկված են Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ծրագրում: 

Նախագահ հավաստմամբ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իրականացնել կանոնակարգման հարցերի շուրջ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խորհրդատվությունն ու առաջարկությունները:

Խոսելով ԱԷԿ հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանն ուղղված ծրագրային միջոցառումների իրականացման մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև վարժասարքի լիամասշտաբ արդիականացման ծրագրի անհրաժեշտությունը, որին նախորդ նիստում ևս անդրադարձ է եղել:

«Այդ նախագծի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունվարին: Ներկայումս փաստաթղթեր են նախապատրաստվում երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարելու նպատակով՝ միտված էներգաբլոկի վարժասարքը լիամասշտաբ վիճակի բերելուն: Արդեն հանձնարարված է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, ՀԱԷԿ ղեկավարությանը՝ հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ աշխատանքներն ավարտելու համար:

Մենք առաջնային նշանակություն ենք տալիս ատոմային ոլորտում կադրային քաղաքականությանը: Կադրերի նորացման, երիտասարդության ներգրավման կենսական անհրաժեշտություն կա` այդ ընթացքում պահպանելով, իհարկե, ժառանգականությունը: Նշված պատճառով էլ մասնագետների պատրաստումը կարևորագույն խնդիր է, որի լուծումը կնպաստի երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքների պահպանմանը»,- ասել է Հանրապետության Նախագահը: 

Սերժ Սարգսյանն իր խոսքում մեծապես կարևորել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորիչ մարմնի և Հայկական ԱԷԿ-ի համաձայնեցված աշխատանքը:

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում այնուհետև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, որից հետո ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2015-2017թթ. ժամանակահատվածի համար: Ներկայացված զեկույցների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ: 

Երվանդ Քոչարի փողոցի բենզալցակայանում լիցքավորման սարք է այրվել

0

Վարդանանց փողոցի թիվ 20/3 հասցեում գտնվող գործիքների վերանորոգման կրպակում և Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանում հոկտեմբերի 27-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Վերանորոգման կրպակում (9 քմ) այրվել են կենցաղային իրեր, իսկ բենզալցակայանում՝ լիցքավորման մեկ սարք:

 

Վարույթ է ընդունվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործը

0

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին երկու տեսուչների հետ հակաթմրանյութային միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելիս Շիրակի մարզի համապատասխան պահակետում ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազել» մակնիշի ավտոմեքենան և զրուցել վարորդ Մ. Գևորգյանի հետ: Այդ ընթացքում իրենց է մոտեցել վարորդի եղբայրը` նույն պահակետում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ֆ. Գևորգյանը, ով հայհոյել է իրեն և ծառայակիցներին, փորձել ծեծի ենթարկել և սպառնացել, որ կսպանի:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ֆ. Գևորգյանը, իր հերթին,  հաղորդում է տվել այն մասին, որ վերը նշված երեք ոստիկաններից մեկը վիրավորել է իրեն, հետո վերցրել զենքը և սպառնացել, որ կկրակի: Բացի այդ, եղբորից՝ Մ. Գևորգյանից տեղեկացել է, որ ամրագոտին ամրացված չլինելու համար ոստիկանները նրանից 5000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել:

Ոստիկանության աշխատակցի կողմից Ֆ. Գևորգյանի ուղղությամբ զենք պահելու և կրակելու սպառնալիք տալու հանգամանքի մասին նույնաբովանդակ հաղորդումներ են տվել նաև Մ. Գևորգյանը և պահակետում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կատարված` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իգնատի Առաքելյանը մասնակցել է «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին

0

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին:  Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԶԳ-ի  Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի հիմնական նպատակն է քննարկել 2019 թվականին Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից  Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման նախընտրելի ուղղությունները, մասնավորապես կանաչ գյուղատնտեսության և արժեշթղաների զարգացումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում ունի մեծ պոտենցիալ և կարող է շատ արդյունավետ լինել:

«Կանաչ գյուղատնտեսությունը մեզ համար շատ կարևոր ուղղություն է, որովհետև օրգանիկ և կանաչ գյուղատնտեսությունն այսօր աշխարհում պահանջարկ ունեն, և Հայաստանը ունի բոլոր հնարավորություններն այդ ուղղությունը զարգացնելու համար»,- իր խոսքում  մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

  Այնուհետև նախարարը ներկաների ուշադրությանն է ներկայացրել  2018-2022 թվականներին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: 

«Գաղտնիք չէ, որ մեր գյուղատնտեսությունը խիստ մասնատված է փոքր տնտեսությունների, որոնք այսօր զբաղվում են ավանդական գյուղատնտեսությամբ: Մեր նպատակն է մեր աջակիցների, դոնոր կազմակերպությունների հետ այդ փոքր տնտեսություններին դարձնել հնարավորինս եկամտաբեր: Մյուս կողմից տնտեսությունը եկամտաբեր է, երբ այն խոշորանում է, սակայն այս պահին մենք դեռևս գյուղացիներին չենք կարող տալ  դրա համար անհրաժեշտ հնարավորությունները: Մենք պետք է այդ բալանսը գտնենք,  որպեսզի գյուղացին մնա գյուղում և ապրի արժանավայել կյանքով»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով էժան ֆինանսական միջոցների տրամադրման նպատակով մշակված, մասնավորապես 3-10 մլն դրամ 3-5 տոկոս տոկսադրույքով սուբսիդավորվող վարկերին ծրագրին՝ նախարարը հավելել է, որ սա հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին զբաղվել նաև կանաչ գյուղատնտեսությամբ: Նախարարի համոզմամբ, սակայն, կանաչ գյուղատնտեսությունը  կարող է ապահովել  ընդհանուր գյուղատնտեսության շուրջ 10-15 տոկոսը միայն, և անհրաժեշտ է  ջանքերն ուղղել անասնապահության ոլորտի զարգացմանը, պտուղ-բանջարեղենի և կաթի մթերման կետրոնների հիմնմանը,  առանց որոնց  Հայաստանի գյուղատնտեսության զարգացում հնարավոր չէ:

 Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին՝  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ եթե նախորդ ծրագրերը նախատեսված էին բացառապես գյուղատնտեսական կոոպերատիվների համար, նոր ծրագրով սահմանափակումներ չեն լինի, այն բաց կլինի բոլորի համար՝ դիմելու և օգտվելու ֆինանսական և տեխնիկական օժանդակությունից:  Արմեն Հարությունյանը  հավելել է, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մեծ պոտենցիալ կա, և այդ ծրագրերը կարող են օժանդակել դրանց նախնական արտադրության մեկնարկին: 

Հայ կարատեիստները պայքարում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

0

Իսպանիայի Տեներիֆե քաղաքում անցկացվում է կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների աշխարհի 10-րդ առաջնությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականը, գլխավոր մարզիչ Վահան Միքայելյանի գլխավորությամբ, արդեն Իսպանիայում է և ուսումնամարզական հավաք է անցնում առաջնությունից առաջ: 

Հավաքականի կազմում ընդգրկված են Էրիկ Խաչատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Սիմոն Մովսիսյանը, Դավիթ Մուրադյանը, Վարդան Ղալայանը, Սամվել Այդինյանը, Գևորգ Համբարձումյանը, Ալբերտ Ավետիսյանը, Դավիթ Մակյանը, Ահարոն Սարգսյանը, Կարեն Բաղդասարյանը, Սերյոժա Սարգսյանը, Աշոտ Մխիթարյանը, Միքայել Մխիթարյանը և աղջիկներից Լենա Գյուլումյանը, Եվա Մուրադյանը և Անիտա Մակյանը: 

Առաջնությունում հայ կարատեիստները կպայքարեն 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

 

Պաշտոնատար անձանց անփութության հետևանքով հատվել է ավելի քան 4 հազար ծառ. հարուցվել է քրգործ

0

 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՓԲ ընկերության, «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության միջև 2002թ. կնքված պայմանագրով «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է ապահովել Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության ներդրումներով 1998թ. հիմնադրված 20 հա, 1999թ. հիմնադրված 30 հա արագաճ բարդու գիտափորձարարական տնկադաշտերի, 0,5 հա մայր տնկարանի  ինչպես նաև 2001թ. հիմնադրված հիբրիդային բարդիների հավաքածուների պահպանությունը, պաշտպանությունը և խնամքի աշխատանքների կազմակերպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի՝ համապատասխան պայմանագրով ստանձնած տնկադաշտերի պատշաճ պահպանություն և պաշտպանություն չիրականացնելու հետևանքով, նշված անտառարդյունաբերական տնկադաշտերից անհայտ անձանց կողմից 2004-2016թթ. ընթացքում ապօրինի հատվել է 4.204 հատ ծառ ու հափշտակվել դրանց արդյունաբերական նշանակության անտառանյութը՝ շինափայտ և այլն, այդ թվում՝ 1999թ. հիմնադրված  տնկադաշտից հատվել է 1900 հատ ծառ, որից միայն հափշտակված շինափայտի ծավալը կազմել է  987 մ3, իսկ արժեքը՝ 19.740.000 ՀՀ դրամ: 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

 Նախաքննությունը  հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե

0

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ արտաքին գործերի նախարարի հետ: 

Ընդլայնվում են սխտորի ցանքատարածությունները

0

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հոկտեմբերի վերջին տասնօրյակում ընթանում են սխտորի ցանքի աշխատանքները, որոնք տարեցտարի ավելի շատ ցանքատարածքներ են ընդգրկում շուկայում պահպանվող բարձր գների արդյունքում:

Սխտորի ցանքերն ավելի շատ տարածքներ են այժմ զբաղեցնում Նորակերտ, Մեծ Մասրիկ եւ Փոքր Մասրիկ համայնքներում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Նորակերտի, Մեծ Մասրիկի եւ Փոքր Մասրիկի գյուղապետարաններից, սխտորի ցանքերն իրենց համայնքների տնտեսություններում արդեն հասնում են մի քանի տասնյակ հեկտարների:

«Սխտորի ցանքն արդեն ավարտին է մոտենում Նորակերտում: Գրեթե բոլոր տնտեսությունները ցանք են կատարել իրենց տնամերձերում, հիմնականում՝ ձեռքով: Շուկայում պահպանվող բարձր գինը՝ 1000-1500 դրամ, շահագրգռում է տնտեսություններին, որ ընդարձակեն սխտորի ցանքերը: Ով շահ է ստացել այս տարի, կրկնապատկել կամ ավելի է շատացրել ցանքը, որ եկող տարի ավելի մեծ շահույթ ստանա»,-պատմեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը:

Ի տարբերություն Նորակերտի՝ Մեծ Մասրիկում եւ Փոքր Մասրիկում սխտորի ցանքը դեռ շարունակվում է: «Մեծ Մասրիկում նույնիսկ մեկը ձեռքի տեխնիկա է պատրաստել, որով սխտորի ցանք է կատարում ավելի մեծ հողակտորների վրա: Հոկտեմբերի 27-ի դրությամբ մեր գյուղում կատարվել է շուրջ 13 հեկտար սխտորի ցանք, եւս նույնքան էլ հավանական է, որ ցանվի: Սխտորի մշակությունն առանձնակի ջանքեր ու դժվարությունների հաղթահարում չի պահանջում, ինչպես կարտոֆիլի դեպքում: Ճիշտ է, սխտորի բերքատվությունը զիջում է կարտոֆիլին, սակայն ներկա շուկայական գնի պայմաններում շատ շահավետ է: Այս տարվա բերքը հիմնականում իրացված է:

Կարծում եմ, շուկայական բարձր գնի պայմաններում սխտորի արտադրությունը մեր մարզում նկատելիորեն կավելանա»,- ընդգծեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Էդիկ Պողոսյանը: