Երկուշաբթի, 16. 06. 2025

Փսորիազը կառավարելի է. Հայաստանում ստացիոնար բուժում է ստանում շուրջ 500 հիվանդ

0

Հոկտեմբերի 29-ը նշվում է որպես Փսորիազի  դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհում փսորիազով տառապում է մոտ 125 միլիոն մարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում մասնագիտացած կենտրոնում տարեկան ստացիոնար բուժում է ստանում փսորիազի սրացման փուլում և բարդացած ձևերի շուրջ 500 հիվանդ:

Փսորիազը (psoriasis vulgaris) բազմապատճառ, հաճախակի կրկնումների հակում ունեցող մաշկային խրոնիկական հիվանդություն է։ Այն կարող է սկսվել ցանկացած տարիքում, չբացառելով նաև վաղ մանկականը, բայց ամենից հաճախ ծագում է 16-25 տարեկան հասակում։ Այն սկսվում է սուր, մանր, վառ վարդագույն հանգույցիկների ցանավորումով, որի տարրերն արագորեն ծածկվում են արծաթասպիտակ թեփուկներով։ 

 Հիվանդության բռնկումներն ավելի հաճախ առաջանում են աշնանն ու ձմռանը (ձմեռային ձև), զգալիորեն ավելի պակաս ամռանը(ամառային ձև) և ձգձգվում են տարիներ շարունակ, բայց չբուժվելու դեպքում փսորիազը կարող է բարդանալ հոդաբորբով, մաշկի տարածուն ցանավորումով, որը տարիների ընթացքում կարող է բերել հաշմանդամության և մի շարք` մասնավորապես սրտանոթային համակարգի հիվանդությունների զուգակցման դեպքում մինչև 60% բարձրացնում է մահացության հավանականությունը:

Նշենք, որ փսորիազը հավասարապես տարածված է թե տղամարդկանց և թե կանանց շրջանում: Հիվանդության առաջացման գործում մեծ նշանակություն ունի մարդու նյարդահոգեբանական վիճակը, հատկապես տարատեսակ սթրեսներն ու տրավմաները, ինչպես նաև էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումները: Պատճառային գործոններ են համարվում նաև նյութափոխանակության տարաբնույթ խախտումները, ֆերմետային խանգարումները, օրգանիզմի գենետիկ նախատրամադրվածությունը (hատկանշական է, որ այն կարող է արտահայտվել միայն նպաստավոր պայմանների առկայության պարագայում): Տարանջատվում է նաև իդիոպատիկ փսորիազը, որի առաջացման և զարգացման գործոններն  անհայտ են:

Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի՝ հիվանդությունն ախտորոշելու, բուժում ստանալու, հետագա լուրջ բարդություններից խուսափելու նպատակով:

Այսպիսով` ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը նոյեմբերի առաջին 10-օրյակը հայտարարում է փսորիազի դեմ պայքարի օրեր, որի շրջանակներում կենտրոն դիմած բոլոր այցելուները բարձրակարգ  մասնագետների կողմից կստանան անվճար խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն կլինիկական հետազոտություններ (ներառյալ դերմատոսկոպիա)` 20 % զեղչով:

Փսորիազով հիվանդների ժամանակին հայտնաբերումը, բուժումը և դինամիկ հսկողությունը հիմք կտա կանխարգելելու այդ ծանր հիվանդության բարդությունները՝ ապահովելով հիվանդների արժանավայել կյանքով ապրելու իրավունքը:

«Բաց դռներին» մասնակցելու համար կամ լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 099 29 03 03, 010 35 02 41 հեռախոսահամարներով։

Մեքսիկայի հայերը տարբեր ոլորտներում առաջատար մասնագետների թվում են

0

Երաժիշտներ, հեռուստամեկնաբաններ, կոշիկի, գորգերի արտադրությամբ զբաղվողներ, գիտնականներ. Մեքսիկայում տարբեր ոլորտներում տեղի հայերը առաջատար մասնագետների թվում են: Մեքսիկայի հայ համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին. սկզբնական փուլում Մեքսիկայում հաստատված հայերի մեծ մասը վերապրածներ էին, որոնք ապաստան էին փնտրում: Նրանց թվում էին նաև ԱՄՆ մեկնել ցանկացող գաղթականները: Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչ, Մեխիկոյի Հիշողության և հանդուրժողականության թանգարանի աշխատակցուհի Սոնյա Առաքելյանի խոսքով, Մեքսիկայում հայերի թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել, սակայն գրեթե միշտ հայերը փոքրաթիվ համայնք են ունեցել: Տեղի հայերի թիվն այսօր էլ 1500-ից չի անցնում:

«Նրանցից շատերը եկել են Թուրքիայի տարբեր մասերից՝ Ադանա, Վան, Կարս, Բիթլիս և այլ շրջաններ: Այդ տարիներին շատերը զբաղվել են կոշիկի արտադրությամբ կամ առևտրով: Իմ մորական կողմից պապիկը՝ Լևոն Բոդոսյանը ևս ունեցել է կոշիկի խանութ, իսկ իմ հորական կողմից պապիկը՝ Քերոփ Առաքելյանը, սկսել է աշխատել որպես ատաղձագործ, շուտով փոխել է իր գործը և իմ հոր հետ հիմնել երկրում խոշոր խաղալիքների խանութներից մեկը՝ «ARA TOY STORES»-ը:

Մեքսիկայում մնացած հայերից շատերը հիմնել են իրենց սեփական գործը: Մեքսիկան իրենց ընդունեց գրկաբաց և սեփական կյանքը դասավորելու հնարավորություն տվեց»,- «Արմենպրես»ի հետ զրույցում պատմեց Սոնյա Առաքելյանը:

Ներկայում Մեքսիկայում հայ համայնքը ցրված է: Հայերի հիմնական մասն ապրում է Մեխիկո քաղաքում: Լինելով ցրված համայնք՝ այն չի ունեցել դպրոց, մշակույթի տուն, ազգային որևէ կառույց: Լեզվի պահպանության հիմնական պատասխանատվությունն ընտանիքներինն է: Նրանք, ովքեր խոսում են հայերեն, դա իրենց տատիկների, պապիկների, ծնողների շնորհիվ է: Ամեն դեպքում լեզվի պահպանությունն այսօր համայնքի օրակարգային հարցերից է: Սոնյա Առաքելյանը նկատում է, որ իր սերնդակիցներից շատերը չեն խոսում հայերեն և նրանց մի մասն ամուսնացած է ազգությամբ ոչ հայերի հետ:

Չնայած փոքրաթիվ լինելուն, ինչպես նաև չկազմակերպվածությանն, ամեն դեպքում տարբեր ժամանակներում, տարբեր ոլորտներում հայերն առաջատար մասնագետների թվում են: Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս.Պալույանը և Շ.Քրդիկյանը, ճարտարագետ Ջ.Նշանյանը, Մեխիկոյի Ազգային համալսարանի դասախոսներ` ֆիզիկոս Շ.Հաճյանը, արվեստաբան, պարուհի Ա.Օհանյանը, աստղագետ դոկտոր Պ.Փիշմիշը (Փիշմիշյան), երաժիշտ Պ.Հյուսյանը և այլք: Մեքսիկայի ճանաչված հայերից է գիտնական Խոսե Սարուխանը, ում որդին ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանն է եղել:

Ինչ վերաբերում է այն հայերին, ովքեր Մեքսիկա են եկել անկախությունից հետո, ապա նրանց թիվը մոտ 500 է: Ոմանք դասական երաժշտության մասնագետներ են, ոմանք գիտնականներ են, պրոֆեսորներ, որոնք աշխատում են տարբեր համալսարաններում: Շատերն ունեն սեփական բիզնեսը տարբեր ոլորտում՝ կոշիկի, գորգերի արտադրություն և այլն:

«Հայ համայնքը ֆորմալ առումով կազմակերպված չէ, այդուհանդերձ այս փոքրաթիվ և ցրված համայնքը հպարտ է իր հայկական ծագմամբ: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում նպաստում է այն գործին, որ Մեքսիկան իմանա, թե ովքեր են հայերը և ինչերի միջով են անցել: Հայերին համախմբելու հարցում մեծ դեր է կատարում Մեքսիկայում Հայաստանի դեսպանատունը, որը հիմնվել է 3 տարի առաջ: Այն իրականացրել է տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են հայկական մշակույթի տարածմանը: Դա շատ կարևոր է: Դեսպանատունը խթանում է նաև ուսանողների փոխանակման ծրագիրը: Դիվանագիտական այս կառույցը կարևոր է ոչ միայն Հայաստան-Մեքսիկա մշակութային, տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, այլև այն կապող օղակ է տեղի հայ համայնքի համար»,-ասաց նա:

Սոնյա Առաքելյանը ներկայում աշխատում է Մեխիկոյի Հիշողության և հանդուրժողականության թանգարանում, որը 7 տարի առաջ է բացվել: Այն շատ մեծ թանգարան է՝ ավելի քան 6000 քմ տարածքով: Այսօր այն ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է: Թանգարանի հիմնման նախագիծը ստեղծվել է հրեական համայնքի երկու ներկայացուցիչների նախաձեռնությամբ:

«11 տարի առաջ, երբ այն դեռ կառուցման փուլում էր, ես նրանցից մեկի՝ տնօրեն Շարոն Զագայի կողմից հրավիրվեցի իրենց հետ համագործակցելու: Այս թանգարանն ունի 7  բաժիններ, որոնք պատմում են տարբեր ժամանակներում տեղի ունեցած ցեղասպանությունների, այդ թվում հայերի ցեղասպանության մասին: Թանգարանի մեկ այլ հատված նվիրված է հանդուրժողականությանը եւ Մեքսիկայում Մարդու իրավունքների խախտումներին: Հայերին նվիրված սրահը փոքր է, սակայն միեւնույն ժամանակ բավական ազդեցիկ, 7 տարի անց ես հպարտ եմ՝ ասելով, որ ավելի քան 2 մլն 800 հազար այցելու ենք ունեցել, այցելուներից շատերը երբեւէ չէին լսել հայերի մասին, այսօր նրանք գիտեն»,-հավելեց նա: 

2015 թվականին որոշվեց թանգարանում կազմակերպել ժամանակավոր ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Սոնյա Առաքելյանի խոսքով՝ այն մեծ հաջողություն ունեցավ, մեծ թվով այցելուներ եղան՝ պատգամավորներ, դերասաններ, ակտիվիստներ, գործարարներ, լրագրողներ: Չորս ամիս տևած ցուցահանդեսին 70 հազարից ավելի այցելու է գրանցվել: Ցուցահանդեսը ներկայացվել է նաև ԱՄՆ-ում: 

Աննա Գզիրյան

Պատիւ Արժանաւորին. «ԱՅԳ» Առցանց Ձայնասփիւռի Հիմնադիր-Ղեկավարը Պարգեւատրուեցաւ Սփիւռքի Նախարարութեան «Մայրենիի Դեսպան» Մետալով

0

Սփիւռքի նախարար՝ Հրանոյշ Յակոբեան բարձր կը գնահատէ մամուլի դերը Հայրենիք-Սփիւռք կապերու ամրապնդման գործին մէջ: Այս մասին նախարարը խօսեցաւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու մէջ գործող հայկական «Այգ» առցանց ձայնասփիւռի հիմնադիր-ղեկավար՝ Շաքէ Մանկասարեանին, շնորհած «Մայրենիի դեսպան» մետալի յանձնման արարողութեան ժամանակ: Մետալը շնորհուած էր դեռեւս ՀՀ սփիւռքի նախարարի 14.09.2016-ի հրամանով, սակայն այսօր Հոկտեմբեր 26-ին նախարարը անձամբ շնորհեց մետալը:

Շնորհակալութիւն յայտնելով, Շաքէ Մանկասարեանին կատարած մեծածաւալ հայապահպան աշխատանքին համար` նախարար Յակոբեան յոյս յայտնեց, որ այդ աշխատանքը շարունակական կ’ըլլայ եւ նոր շունչ կը հաղորդէ հայապահանութեան, ոչ միայն ԱՄԷ-ի մէջ, այլեւ բոլոր այն հայկական համայնքներուն մէջ, ուր կը հնչէ «Այգ»-ը: 

«Արդէն ութ տարի է Շաքէ Մանկասարեան նուիրումով ու սիրով կը ներկայացնէ  ազգային արժէքները: Ոլորտի մասնագէտները կը հաստատեն, որ 24-ժամեայ անընդմէջ եթեր ապահովելը հեշտ գործ չէ, իսկ Շաքէն կրնայ իրականացնել իր առաքելութիւնը  միայնակ, անշահախնդիր», – նշեց Սփիւռքի նախարարը:

Հանդիպման ընթացքին,  Շաքէ Մանկասարեանի մասնագիտական վարպետութեան, բազմակողմանի գիտելիքներու, լրագրողական հմտութիւններու մասին խօսեցաւ լրագրող` Արփէն Մովսիսեան:

Հայաստանի հանրային ձայնասփիւռի հասարակական հաղորդումներու ղեկավար` Ռուզան Առաքէլեան, բարձր գնահատելով Շաքէ Մանկասարեանի  մարդկային բարձր որակները, նշեց, որ երկու կայանները արդէն հինգ տարի է կը համագործակցին եւ ամէն ուրբաթ, Շաքէին ազդեցիկ խօսքն ու ուղերձները կը տարածուին Հանրային ձայնասփիւռի եթերով:

Շաքէ Մանկասարեանի գործունէութեան ու անհատականութեան անդրադարձան  թաւջութակահար` Մետէա Աբրահամեան, լեզուաբան` Յակոբ Չոլաքեան եւ արուեստագէտ` Հրազդան Թոքմաջեան:

Շաքէ Մանկասարեան շնորհակալութիւն յայտնեց բարձր պարգեւին համար, նշեց, որ Ռատիօ «Այգ»-ի եթերները կ’ընդգրկեն սփիւռքեան եւ հայաստանեան լրատուութիւն, քաղաքական, հոգեւոր  թեմաներով հաղորդումներ` Աւետարանի մեկնութիւն, Սուրբ Պատարագի հեռարձակում, մշակութային հաղորդումներ, հարցազրոյցներ, իսկ երաժշտական կատարումներէն մեծ տեղ կը յատկացուի ազգային երգարուեստին` ժողովրդական, աշուղական, գուսանական երգերուն, կը հեռարձակուի նաեւ դասական երաժշտութիւն:

«Այգ»-ի հաղորդումները կը հեռարձակեն նաեւ «Երկիր Մետիա», «Արմէնիա» (ԱՄՆ-ի մէջ), «Կիլիկիա» հեռուստատեսութիւնները (Անթիլիաս Լիբանան), ինչպէս նաեւ  «Ասպարէզ», «Հորիզոն» թերթերու կայքերը:

Շաքէ Մանկասարեան իր խօսքին մէջ հետեւեալը յայտնեց. «Մեր դիմատետրի էջերուն մէջ , լուսարձակի տակ կը դնենք Միջին Արեւելքի յատկապէս Սուրիոյ, Լիբանանի, Հայաստանի եւ միջազգային լուրերը շնորհիւ մեր հաստատած կապերու յատկապէս Արեւմտահայերէնով Լրատուական դաշտերու հետ որոնք կը ստանանք յատուկ մեր ել-նամակի կապով ելեկտրոնային պարբերաթերթերը՝ ինչպէս «Նոր Յառաջ»-ը Ֆրանսայէն, «Ժամանակ»-ը Պոլիսէն, «Հայ Կեանք»-ը Յունաստանէն եւ «Պայքար»-ը Ամերիկայի Միացեալ նահանգներէն: Լուսարձակի տակ կը դնենք նաեւ նոյնպէս Արեւմտահայերէնով օգտուելով մամուլի կայքերէն Հալէպի «Գանձասար» , Լիբանանի «Ազդակ» , «Զարթօնք» եւ «Երեբունի- Անկախ Հայկական Լրատու» : Հայաստանէն «Եռագոյն»-ը, Յունաստանէն՝ «Ազատ օր» -ը, Միացեալ Նահանգներէն՝ «Ասպարէզ» , « Հորիզոն» եւ «Հայրենիք»: Արեւելահայերէնով հրատարակուած մամուլը նոյնպէս յատուկ տեղ ունի մեր դիմատետրի մէջ ինչպէս Իրանի «Ալիք» մամուլը եւ «Դեպի Արարատ» (Մոսկվա Ռուսաստանի Դաշնություն) թերթ եւ Հայաստանի առաջնակարգ մամուլի էջերը:

Ան նշեց, որ Սփիւռքի մէջ չափազանց կարեւոր է հայրենի կառավարութեան եւ, մասնաւորապէս Սփիւռքի նախարարին կողմէ գնահատուած ու արժեւորուած ըլլալը, շնորհակալութիւն յայտնեց սերտ համագործակցութեան եւ այն անկեղծ ու հարազատ վերաբերմունքին համար, որ կը ցուցաբերեն նախարարը եւ նախարարութեան աշխատակիցները իւրաքանչիւր սփիւռքահայու հանդէպ:

Այս առիթով «Զարթօնք» ի սրտէ կը շնորհաւորէ իր գործընկերը, մեր սիրելի պաշտօնակից Շաքէին մաղթելով յարատեւութիւն եւ յաջողութիւն իր ազգանուէր գործունէութեան մէջ:

Աւելի Սարսափելի Քան Մարմնայինը՝ Հոգիի Սով

0

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Եկուր սիրելի ընթերցող այսօր խօսինք արժէքներու մասին: Ի՞նչ  են արժէքները։ Անոնք բարոյական սկզբունքներ եւ չգրուած հասկացողութիւններ են, որոնք տուեալ հաւաքականութիւն մը կը համարէ ճիշդ և կարևոր։ Անոնց մէջ կարելի է ընդգրկել ներողամտութիւնը, ազնուութիւնը, ազատութիւնը, աշխատասիրութիւնը, հիւրասիրութիւնը, սէրը, կեանքի հանդէպ յարգանքը և ինքնատիրապետումը։

Մեր արժէքները կ՛ազդեն մեր վարքին, առաջնահերթութիւններուն և փոխյարաբերութիւններուն վրայ, ինչպէս նաև այն բանին, թէ բարոյական ի՞նչ չափանիշեր կը փոխանցենք մեր զաւակներուն։

Բարոյական արժէքները ամէնակարեւոր բանն են ազգի մը համար սիրելիս: Սարսափելին այն է այսօր, որ շատ մը արժէքներ նուազած են մեր մօտ կամ նուազագոյնը ըսելու համար նախկին առաջնահերթութիւնը կամ կարեւորութիւնը չունին այսօր:

Վերջերս վերահասու եղայ Միացեալ Նահանգներու մէջ կատարուած ուսումնասիրութեան մը արդիւնքներուն: Հետազօտողները բարոյական արժէքներու վերաբերեալ հարցեր ուղղած են  հարիւրաւոր երիտասարդներու: Հիմնուելով ստացուած արդիւնքներուն վրայ «Նիւ Եորք Թայմս» գրած. «Որքա՜ն ցաւալի է, որ անոնք (երիտասարդութիւնը) շատ քիչ կը մտածեն և կը խօսին բարոյական հարցերու մասին»։

Ըստ ուսումնասիրութեան արդիւնքներուն, հետազօտութեան ենթակայ երիտասարդներուն մեծ մասը կ՛ընդունի, որ բռնաբարութիւնը և սպանութիւնը սխալ արարքներ են, սակայն « Բացառութեամբ այս ծայրահեղ արարքներուն, անոնք չեն մտածեր բարոյականութեան հետ կապուած այլ հարցերու մասին, նոյնիսկ երբ խօսքը կը վերաբերի գինով վիճակի մէջ ինքնաշարժ վարելուն, դասերու ժամանակ խաբելուն եւ կողակցին կամ ընկերոջ դաւաճանելուն»։ Երիտասարդուհի մը նշած է. «Ինծի այդքան ալ չի հետաքրքրէր՝  ինչն է ճիշդ, և ինչը՝ սխալ»։ Շատերն ալ այսպիսի տեսակէտ յայտնած են. «Եթէ կը կարծես, որ այդ ճիշդ է, այդպէս ալ վարուիր։ Հետևիր սրտիդ ձայնին»…։

Արդեօք որքա՞ն ապահով է այդպէս մտածել։ Մարդու սիրտը կամ միտքը անշուշտ, ընդունակ է սիրելու և գթութիւն դրսևորելու, բայց այն կրնայ նաև նենգաւոր եւ չարամիտ ըլլալ…:   

Կ՛ապրինք վտանգաւոր օրեր սիրելիս: Մեր մօտ արդեօ՞ք տարբեր է պատկերը, թէ նոյնն է ինչ որ չափով:

Վերջապէս եւ հաշուի առնելով հանդերձ, որ  մշակոյթն ու արժէքը կարելի չէ նոյնացնել, սակայն պէտք է շեշտել սիրելի ընթերցող, որ տուեալ մշակոյթի մը ստեղծած լաւագոյն յատկանիշը արժէքն է: Այն անհատներն ու ազգերը, որոնք կ՛ապրին արժէքներու գերակայութեամբ, ոգեղէն բարձր յատկանիշերով ապրող ազգեր եւ մշակոյթներ են: Մինչ երբ տուեալ ազգի մը բաղկացուցիչ տարրերուն մօտ կը նուազի արժէքներու գերակայութիւնը ապա այդ իրավիճակը կործանիչ է տուեալ ազգին համար:

Ոգեղենականութիւնը պէտք է յատուկ ըլլայ իւրաքանչիւր անձի մօտ սիրելիս, ի մասնաւորի ազգի մը ղեկավարութեան ու յատկապէս անոր մտաւորականութեան մօտ, որ ազգի մը խիղճը կը համարուի: Անոնց մօտ ալ եթէ արժէքները անկում արձանագրեն, ապա կը տիրէ հոգիի սով, որ աւելի սարսափելի է քան մարմնական սովը…: Արդեօ՞ք մեր ղեկավարութիւնը նաեւ մտաւորականութիւնը այսօր կ՛արդարացնէ իրմէ ակնկալուածը, թէ զբաղած է իրար խծբծելով, որ արժէքներու անկումի յստակ չափանիշ է: Ահաւասիկ հոս է հարցումը սիրելի ընթերցող:

Արդեօ՞ք թեւակոխած ենք արդէն այդ սարսափելի՝ հոգիի սովի սահմանները: Ահա այս է իմ մտահոգութիւնը այսօր սիրելիս:

Վաղը կը տեսնուինք:

Ազգային Ժողովը Ընդունեց «Պաշտպանութեան Մասին» Օրէնքը

0

բոլոր նախագիծերը: «Պաշտպանութեան մասին» օրէնքի քուէարկութեան ժամանակ, վարման կարգով ելոյթ ունեցաւ «Ելք» խմբակցութեան ղեկավար՝ Նիկոլ Փաշինեան: Ան նշեց, որ իրենց խմբակցութիւնը դէմ պիտի քուէարկէ, քանի որ զինուած ուժերու գլխաւոր հրամանատարութեան հետ կապուած խնդիրներ կան:

Օրէնքը առաջին ընթերցումով ընդունուեցաւ ձայներու՝ 86 կողմ, 9 դէմ, 0 ձեռնպահ յարաբերակցութեամբ:

Յայտարարութիւնը` Արցախը Չի Կրնար Ըլլալ Ատրպէյճանի Կազմին Մէջ, Պաքուի Մէջ Վայնասուն Յառաջացուցած է. Շաւարշ Քոչարեան

0

Կառավարութեան նիստէն ետք, ՀՀ արտաքին գործոց փոխնախարար` Շաւարշ Քոչարեան լրագրողներուն հետ զրոյցի ընթացքին նշած է, որ ատրպէյճանական կողմը  կը գործէ հակառակ պայմանաւորուածութիւններուն, որոնք ձեռք բերուած են հանդիպումներու ժամանակ: «Յայտարարուած էր այն մասին, որ լարուածութիւնը պէտք է նուազի, սակայն կը կատարուի ճիշդ հակառակը, եւ ատիկա արդէն օրինաչափութիւն դարձած է»,- ըսած է ան:

Փոխնախարարին խօսքով` Ատրպէյճան վրդոված է, որովհետեւ  յայտարարուած է շատ պարզ բան` հարցի ետեւէ կարգաւորում կ՛ենթադրէ, որ Արցախը չի կրնար ըլլալ Ատրպէյճանի կազմին մէջ: «Ատրպէյճանի մէջ ատոր շուրջ սկսած է վայնասուն: Սակայն, երբ Պաքուն կասկածի տակ կը  դնէ ԼՂՀ անկախութիւնը, կը ձեւացնէ, որ մոռցած է` նոյն հիմքով անկախացած են թէ՛ ԼՂՀ-ն, թէ՛ Ատրպէյճանը. ատիկա եղած է  դեռ Սովետական Միութեան օրերուն»,- նշած է Քոչարեան, ապա աւելցուցած, որ Խորհրդային Միութեան փլուզումով երկուքն ալ իրաւահաւասար են, իսկ Արցախի մէջ անկախութեան մասին հանրաքուէն աւելի շուտ տեղի ունեցած է, քան Ատրպէյճանի մէջ: Այնպէս որ, ըստ անոր,  իր անհեռանկար քայլերով Ատրպէյճան իր անկախութիւնը կասկածի տակ կը դնէ: «Եթէ անոր համար այդքան սուրբ է տարածքային ամբողջականութիւնը, ապա ո՞ւր անկախացած է»,- ընդգծած է ան:

Քոչարեան նշած է, որ բանակցութիւնները խանգարողը Ատրէյճանն է, եւ այնպէս չէ, որ հայկական կողմերը հրաժարած են բանակցութիւններէն: «Հայկական երկու կողմերն ալ հակուած են բանակցութիւններու, բայց եթէ քու հակառակորդը քեզի կը պարտադրէ, կ՛ըսէ․ կա՛մ ամէն ինչ` ինչպէս ես կ՛ուզեմ, կա’մ պատերազմ, ի հարկէ, այստեղ բնական է` տեղի տալ կարելի չէ»,- շեշտած է ան:

Ան միեւնոյն ժամանակ յիշեցուցած է, որ բանակցութիւններու հեռանկարին մասին շատ յստակ խօսած են համանախագահները` իրենց բազմաթիւ յայտարարութիւններուն մէջ, որ բանակցութիւններու յառաջընթացնի համար անհրաժեշտ է փոխադարձ վստահութիւն:  «Ատոր համար անհրաժեշտ է, որ Ատրպէյճան կատարէ իր միջազգային պարտաւորութիւնները: Երբեք հայկական կողմը չէ խախտած ու չի խախտեր ինչ եղած է գաղտնի սեղանի շուրջ: Խախտողը գիտենք` ով է, միշտ Ատրպէյճանն է, որովհետեւ այն, ինչ կը խօսուի բանակցութիւններու սեղանի շուրջ, ատկէ ետք ան լրիւ այլ բան կ՛ըսէ»,- նշած է Քոչարեան:

Հարցումին` համանախագահներու առջեւ բարձրացուցա՞ծ են այն հարցը, որ Ատրպէյճան կը խախտէ պայմանաւորուածութիւնը, փոխնախարարը պատասխանած է. «Ի՞նչ կը նշանակէ` բարձրացնել բան մը, որ անզէն աչքով կ՛երեւի, առաւել եւս` համանախագահներուն համար»:

Ան նաեւ աւելցուց, որ ապրիլեան պատերազմը լուրջ ազդեցութիւն ձգած է նաեւ միջնորդներու մօտեցումներու վրայ, ինչ որ կ՛երեւի անոնց վերջին յայտարատութիւններուն մէջ:

Գըրգ Գըրգորեանի 500 Միլիոն Տոլարը Բարեսիրական Կազմակերպութեանց Բաժնելու Իրաւունք Կը Շնորհուի

0

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ, «Մայնիուզ Էլ.Էյ.».- Հանգուցեալ միլիառատէր բարերար Գըրգ Գըրգորեանի հարստութիւնը տնօրինողներու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անճելըսի Գերագոյն ատեանի դատաւոր Մարիա Սթրեթըն իրաւունք շնորհած է Գըրգորեանի մնացած 1.6 միլիառ տոլար հարստութենէն 500 միլիոն տոլար բարեսիրական կազմակերպութիւններու յանձնելու։

Գըրգորեանի կողմէ նշանակուած երեք հոգինոց մարմինը, որուն մաս կը կազմեն անոր կալուածներու վերակացուն՝ Էնթընի Մանտեքիք, անոր փաստաբանը՝ Փաթրիսիա Կլէյսըր, եւ Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղի բժիշկներէն տոքթ. Էրիք Էսրայէլեան, նախապէս Գըրգորեանի հարստութենէն 200 միլիոն տոլար բաժնած էին արդէն շարք մը բարեսիրական կազմակերպութեանց։

Գըրգորեան իր կտակին մէջ շեշտած էր, թէ իր հարստութիւնը պէտք է բաժնուի իր մահէն առաւելագոյնը երեք տարի ետք։ Ան մահացած է 15 Յունիս 2015-ին։

500 միլիոն տոլարին բաժանումը ուշացած էր՝ Գըրգորեանի այրիին կողմէ բացուած դատին պատճառով։ Ան կը պահանջէր իւրացնել բարերարին հարստութենէն առնուազն 600 միլիոն տոլար։

Թումոն եւ CyArk-ը Կը թուայնացնեն Արենիի Քարանձաւն ու Նորավանքը

0

Թումոյի հաղորդակցման բաժինը տարածած է հաղորդագրութիւն մը, ուր մասնաւորապէս կ՛ըսուի.

«Ուրախ ենք յայտնելով, որ Թումոյի մէջ մեկնարկած է թուային պահպանման եւս մէկ նախագիծ, որու շնորհիւ պիտի իրականացուի UNESCO-ի համաշխարհային ժառանգութեան մէջ ընդգրկուած Նորավանքի եւ Արենիի քարանձաւի 3D պարճենահանումը (scanning) եւ մշակումը: Աշխարհի նշանաւոր կէտերու եռաչափ պարճենահանումով զբաղող CyArk միջազգային ընկերութեան մասնագէտները այժմ Հայաստան են, եւ Թումոյի ուսանողներուն ու ոլորտի այլ մասնագէտներու հետ միասին սկսած են 3D նկարահանման գործընթացը:

«Իմ Հայաստան ծրագիրի ծիրէն ներս` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան կողմէ ֆինանսաւորուող, Սմիթսընեան հիմնարկի եւ Թումոյի կողմէ իրականացուող ծրագիրը մեկնարկած է Հոկտեմբեր 23-ին: LiDAR method-ի հետ ծանօթանալէ ետք մասնակիցները կատարած են նկարելու առաջին փորձերը Թումանեանի այգիին մէջ: Հոկտեմբեր, 25-ին խումբը պիտի ուղեւորուի Նորավանք եւ Արենիի քարանձաւ` իրականացնելու եռաչափ նկարահանումը, իսկ աւելի ուշ պիտի զբաղուի հաւաքուած նիւթերու մշակումով:

«Եռաչափ պարճենահանումը վերջին տարիներուն աշխարհի մէջ մեծ տարածում ստացած արհեստագիտութիւն է, որուն շնորհիւ աշխարհի կարեւորագոյն պատմական եւ մշակութային կոթողները այժմ կարելի է ընդմիշտ պահպանել թուային տիրոյթի մէջ»:

«Երիտասարդ Ընտանիքի Աստուածաշունչը»

0

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Մեր նախահայրերը Աստուածաշունչը հայերէնի թարգմանելով զայն մատչելի, տեսանելի ու շօշափելի դարձուցին մեր ժողովուրդին, ուղղելով՝ Աստուծոյ խօսքը մեր կեանքին մէջ, Աստուածաշունչի արժէքները վաւերական իրականութեան վերածեցին:

 Արդ, մեր զաւակներուն հոգեւոր ու բարոյական արժէքները ներկայ աշխարհի հոսանքներուն դիմաց ամրօրէն պահելու եւ Աստուածաշունչը դարու պահանջքներուն համահունչ ձեւով ու ոճով երիտասարդութեան հրամցնելու հրամայականէն մեկնած՝ Արաբական Ծոցի Երկիրներու Աստուածաշունչի ընկերակցութեան Ընդհանուր Քարտուղար՝ Տոքթ. Հրայր Ճէպէճեան, սիրայօժար ստանձնեց «Երիտասարդ Ընտանիքի Աստուածաշունչը» սքանչելի հատորի հրատարակութեան ողջունելի աշխատանքը:

 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբեր 2017-ին Տոքթ. Ճէպէճեան այցելեց Քուէյթի Ազգային վարժարան, ընկերակցութեամբ Քուէյթի Աստուածաշունչի Ընկերակցութեան Տնօրէն՝ Շէյխ Եուսէֆ Սապրիի եւ Արժ. Տ. Արտակ Ա. Քհնյ. Քէհյայեանի ու իւրաքանչիւր աշակերտի (առաջինէն վեցերորդ) նուիրեց նշեալ գեղատիպ գիրքը, քաջալերելով ներկայ սերունդը կարդալու Աստուծոյ խօսքը, հասկնալու եւ կեանքի վերածելու անոր պատգամները։

 

                                                   Քուէյթի Ազգային Վարժարան        

 

 

 

Ստեղծուած է «Սասունցի Դաւիթ» Դիւցազնավէպի Թեմայով Հայկական Առաջին Ելեկտրոնային Յաւելուածը

0

«Սասնայ ծռեր» կամ «Սասունցի Դաւիթ» դիւցազնավէպի (էպոս) պահպանման եւ հանրահռչակման նպատակով` էպոսի թեմայով հայկական առաջին ելեկտրոնային յաւելուածը ստեղծուած է:

Անիկա իրականացուցած է ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ եւ «Սասնայ տուն» հասարակութեան զարգացման, աջակցման կենտրոն հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ` «Սասնայ ծռեր» կամ «Սասունցի Դաւիթ» աւանդական հանրապետական փառատօնի ծրագիրի ծիրէն ներս:

Ինչպէս կը տեղեկացնէ ՀՀ մշակոյթի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերու բաժինը, յաւելուածը կարելի է ներբեռնել` օգտուելով Android բջիջային համակարգի Play market բաժինէն` գրելով«Սասունցի Դաւիթ»` հայերէն կամ անգլերէն:

Յաւելուածի հիմնական բաժիններն են` ասմունք, զարգացման խաղեր (հարցեր էպոսի մասին եւ հարցեր էպոսէն), հանելուկ եւ ուիքիփետիայի «Սասունցի Դաւիթ», «Սասնայ ծռեր» շարժապատկերներու եւ Ժան Էլոյեանի ասմունքի յղումները: էպոսէն հարցումներուն ճիշդ պատասխանելու նպատակով յաւելուածին մէջ առկայ է նաեւ՝ ելեկտրոնային գիրք, ուր կը ներկայացուին էպոսի` պատասխաններուն առնչուող հատուածները:

Իսկ iOS բջջիջային համակարգին համար յաւելուածը հասանելի պիտի ըլլայ քանի մը ամիսէն:

Յաւելուածի ստեղծումը կարեւոր է, որպէսզի նոր սերունդը տեղեակ ըլլայ՝ ազգային, աւանդական, հոգեւոր եւ մշակութային արժէքներուն եւ հայրենասիրական ոգիով մեծնայ։