Երկուշաբթի, 16. 06. 2025

Կարեն Կարապետյանը հայտնել է հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ նախագծելու մասին

0

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ  2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ: 

«Հարգելի գործընկերներ,

այսօրվանից մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մաղթում եմ և հույս եմ հայտնում, որ կլինեն արդյունավետ քննարկումներ: Նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումների գտնելուն ուղղված քննարկումների: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե  2018 թ. համար:

Հաշվի առնելով մեր կառավարության 2017-2022 թթ. ծրագրի նպատակադրումները՝ 2018 թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ մենք փոփոխություններ ենք նախագծել:

Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում:

Պետական բյուջեի նախագիծը բավական ծավալուն փաստաթուղթ է, և Ազգային ժողովում, մասնավորապես, հանձնաժողովների նիստերում նախատեսվում է դրա խորը քննարկումը: Այդ կապակցությամբ այսօր չեմ ծանրաբեռնի ձեր ուշադրությունն առանձին մանրամասներով՝ նաև նկատի ունենալով, որ թե՛ դուք, և թե՛ հանրությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենաք ստանալ ֆինանսների նախարարի և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պարզաբանումները բյուջեի նախագծի վերաբերյալ:  Դրա հետ մեկտեղ՝ կցանկանայի շեշտադրել բյուջեի նախագծի հիմքում ընկած մի քանի դրույթներ.

  1. Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: 2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: Այլ կերպ ասած, առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թե´ կայուն երկարաժամկետ զարգացման առումով,  և թե´ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք կպահանջի:
  2. Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը: Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձևավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք:
  3. Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, և թե՛ գործարար միջավայի բարելավման տեսանկյունից: Այստեղ կարևորվել է արդյունավետ եկամտային համակարգի հիմքերի ձևավորումը, որը կապահովի հարկային եկամուտների կայուն առաջընթացը ՀՆԱ աճից, ինչպես նպատակադրված է Կառավարության ծրագրում:

Այս քննարկումները լավ հնարավորություն են միասին մանրամասն ուսումնասիրելու մեր ամենակարևոր փաստաթղթերից մեկը, և ես վստահ եմ և հուսով եմ, որ մենք բոլորս  կօգտագործենք այս հնարավորությունը, աշխատենք մաքսիմալ արդյունավետ, պրագմատիկ և ռացիոնալ, որպեսզի ստանանք մեր երկրի և քաղաքացու համար այս պահին հնարավոր լավագույն արդյունքը:

Եվս մեկ անգամ բոլորիս ցանկանում եմ արդյունավետ աշխատանք և լավ տրամադրություն»: 

Գեղամասար համայնքի ղեկավարի պաշտոնում կքվեարկվեն երկու թեկնածու

0

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված չորս թեկնածուի փոխարեն կքվեարկվեն երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամներ, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու, Շատջրեքի արդեն նախկին գյուղապետ Զոյա Գեւորգյանը  եւ «ՆԱՐ-ՄԻԼ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ավետյանը: 
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, այդպիսի իրավիճակ է առաջացել այն բանից հետո, երբ ինքնաբացարկի դիմում  են ներկայացրել գրանցված մյուս երկու թեկնածուները՝ ՀՀԿ անդամներ, Փամբակ նախկին համայնքի ղեկավար Հարություն Ազարյանը եւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տեսուչ Արայիկ Մաթյանը:
Այսպիսով, Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովների տեղեկացմամբ, հոկտեմբերի 30-ի դրությամբ համայնքի ղեկավարի պաշտոնների համար կպայքարեն գրանցված 12 թեկնածու: 
Գեղամասարում կմրցակցեն Զոյա Գեւորգյանը եւ Հակոբ Ավետյանը, Վարդենիսում՝ ՀՀԿ անդամներ, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի ՍԱՏԳ պետ Արամ Հարությունյանը, Ճամբարակում՝ ՀՀԿ անդամ, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ անկուսակցական Վազգեն Ադամյանը, Շողակաթում՝ ՀՀԿ անդամ, Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը եւ անկուսակցական, Դրախտիկի գյուղապետ Վալենտին Պետրոսյանը, Գեղաքարում՝ ՀՀԿ անդամներ, գործող գյուղապետ Կարինե Մարտիրոսյանը եւ ինքնաառաջադրված Ռաֆիկ Սաֆարյանը: Ծովինար  եւ Ձորագյուղ համայնքներում գործող գյուղապետեր, անկուսակցական Մհեր Մարտոյանը եւ ՀՀԿ անդամ Լեւիկ Գրիգորյանը մրցակիցներ չունեն:

Խոսրով Խլղաթյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը դժվար հակառակորդ է մեզ համար. Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ

0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը օրեր անց հերթական ընկերական հանդիպումը կանցկացնի: Արթուր Պետրոսյանի սաները ուժերը կչափեն Կիպրոսի ազգային ընտրանու հետ: Մինչ այդ ընկերական խաղը «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիպրոսի ազգային թիմի  գլխավոր մարզիչ Ռան Բեն Շիմոնը խոսեց Հայաստանի ազգային թիմի որակների, սպասվելիք խաղի և Կիպրոսի ընտրանու մասին:

-Ինչպիսի՞ մրցակից է ձեզ համար Հայաստանի հավաքականը:

-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը դժվար հակառակորդ է մեզ համար: Հայաստանի հետ մրցակցային հանդիպում ենք ակնկալում, մի թիմի դեմ ենք խաղում, որտեղ կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ ակումբներում: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս, որ Հայաստանը և Կիպրոս նույն մակարդակի վրա են: Եվ ես լիահույս եմ, որ այս հանդիպումը լավ փորձառություն կլինի երկու թիմերի համար էլ:

-Ո՞ւմ կառանձնացնեիք ազգային ընտրանու կազմում:

Չեմ սիրում խոսել առանձին ֆուտբոլիստների մասին: Ձեր հավաքականում որակապես բարձր ֆուտբոլիստներ կան, բայց, իմ կարծիքով, Հայաստանի ուժեղ կողմը թիմային խաղն է, և ոչ թե առանձին անձանց խաղը:

– Հետևե՞լ եք արդյոք Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերում և ի՞նչ կասեք այդ մասին:

Այո, ես հետևել եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Ձեր հավաքականն ունի ուժեղ կողմեր և ոչ այդքան ուժեղ կողմեր: Ես հենց այդ կողմերը լուրջ կուսումնասիրեմ և կպատրաստեմ իմ թիմին ուժեղ մրցակցի դեմ խաղի: Այս հանդիպման ժամանակ երկու թիմերն էլ ունակ կլինեն հաղթելու:

-Ինչ մարզավիճակում են Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները և ինչ կտա այս ընկերական հանդիպումը ձեր թիմին:

-Ես նոր եմ Կիպրոսի ազգային հավաքականում, և յուրաքանչյուր խաղ կարևոր է ինձ համար: Մենք ջանք չենք խնայում թիմի առաջընթացն ապահովելու և «Եվրո-2020»-ին նախապատրաստվելու համար: Ամեն ինչ անում ենք թիմը զարգացնելու համար և Հայաստանի թիմի դեմ խաղը կօգնի ճիշտ հետևություններ անել, որը մեզ ապագայում շատ է անհրաժեշտ:

Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Արցախի նախագահն ընդունել է Դավիթ Տոնոյանին

0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ կառավարությունը 4.5 տոկոս իրական տնտեսական աճ է կանխատեսում

0

Հայաստանի կառավարությունը 2018 թ. 4.5 տոկոս իրական տնտեսական աճ է կանխատեսում: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանըհայտնեց, որ եկող տարվա պետական բյուջեի նախագծում դրված է տնտեսական աճի 4.5 տոկոս ցուցանիշ: «Տնտեսական աճի այն կառուցվածքը, որ մենք ունեցել ենք 2017 թ., ակնկալվում է, որ կպահպանվի նաև 2018 թ.: Իհարկե, դրա վրա ազդում է կառավարության կիրառած գործիքակազմը: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ կառավարությունը ներդրումային որոշ ծրագրերի համար հետաձգում է ավելացված արժեքի հարկի վճարումը, ինչի արդյունքում այդ ներդրումները իրենց հերթին նպաստելու են տնտեսական աճին»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Արամյանը:

Նախարարը հավելեց, որ 2018 թ. Հայաստանում տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերն են լինելու արդյունաբերությունը և ծառայությունները: Արամյանը մանրամասնեց, որ խոսքը, մասնավորապես, այն ծառայությունների մասին է, որոնք օժանդակող են լինելու արտահանմանը՝ հիշեցնելով, թե իրենք հայտարարել են, որ կառավարության քաղաքականության հենասյունը լինելու է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի ապահովումը:

Անդրադառնալով 2017 թ. տնտեսական աճի ցուցանիշներին՝ Արամյանն ասաց, որ 9 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.1 տոկոս, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ տարվա կտրվածքով կարձանագրվի 4-4.3 տոկոս տնտեսական աճ: Նախարարը հիշեցրեց, որ 2017 թ. բյուջեով կառավարությունը կանխատեսել էր 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն աճն ավելի բարձր է լինելու՝ 4-4.3 շրջանակում:

 

ՀՀ 2018թ. պետական բյուջեն միտված է երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը. Վարդան Արամյան

0

Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագծի հիմքում կայուն և երկարաժամկետ նպատակի հասնելն է: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: 

«Եթե մենք ցանկանում ենք պերմանենտ լուծումներ տալ տարբեր տեսակի խնդիրների, այդ թվում՝ սոցիալական բնույթի խնդիրներին, մեզ համար կարևոր է, որպեսզի ունենանք կայուն և բարձր տնտեսական աճ: Մենք պետք է հավակնենք 5 տոկոսանոց, ոչ թե երեք տոկոսանոց տնտեսական աճի: 3 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն չի ընձեռում մեր առջև ծառացած խնդիրները կայուն կերպով լուծելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Նախարարը հավելեց, որ տարբեր տնտեսական ցիկլերում հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի խելամիտ, իսկ այդ խելամտությունը բխում է նրանից, որ այն պետք է մշտապես լինի տնտեսական աճին օգնող գործոն: «Հակառակ պարագայում մենք ունենում ենք խնդիրներ և միջնաժամկետ, և երկարաժամկետ հատվածում»,– ընդգծեց Վարդան Արամյանը:

Նախարարը տնտեսական կայուն աճի համար կարևորեց նաև պետական պարտքի կայունացումը: Նրա խոսքով՝ կառավարությունը փորձել է ներկայացնել այնպիսի բյուջե, որը 2018թ. հնարավորություն է ընձեռում պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով նվազեցնել:  

 

Հաջորդ տարի ֆինն մասնագետների հետ Սևանի իշխանի բազմացման ծրագիր կիրականացվի

0

 Հայաստանում Ֆինլանդիայի բնական պաշարների ինստիտուտի (Luke) հետ կներդրվի Սևանի իշխանի բազմացման ծրագիրը: Ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվա աշնանը և կտևի առնվազն չորս տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայաստանյան կողմից մասնակիցը «Սևանի իշխան» ընկերությունը կլինի, որը ստեղծվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանը: «Այդ ծրագրով գենետիկների և կենսաբանների խումբը Սևանի իշխանը բաժանելու է մոտ 200 խմբի, կատարվելու են համապատասխան վերլուծություններ, ամեն ընտանիքի մասին կազմվելու է հստակ տեղեկատվություն, ընտրվելու են լավագույն ընտանիքները: Ամենակարևորն այն է, որ խուսափենք միջազգակցական խաչասերումներից»,-ասաց Ջոն Մկրտչյանը:

Նրա խոսքով` 40 տարի ոչ գրագետ ձկնաբուծության արդյունքում միջազգակցական խաչասերումից խուսափել չի ստացվել, ինչը հանգեցրել է մտահոգիչ իրավիճակի: «Սևանի իշխանի և առավել ևս ամառային իշխանի մոտ միջազգակցական խաչասերումը բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել»,-նշեց մասնագետը: Նա նկատեց, որ կառավարության որդեգրած «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ողջ գաղափարախոսությունն ինքնին ուղղված է խառնուրդները բացառելուն և այն ձկնատեսակի բազմացմանը, որը ժամանակին ունեցել է Հայաստանը:

Ծրագրի ընթացքում հայ մասնագետները համապատասխան վերապատրաստումներ կանցնեն, որից հետո հայկական ռեսուրսներով կշարունակվի աշխատանքը:

Ներկայում Սևանի գեղարքունի իշխանի առաջին խմբաքանակն արդեն «Սևանի իշխան» մանրաձկան գործարանի ավազանում է, 3 -ից մինչև 50 գրամ դառնալուց հետո այն կտեղափոխվի Սևանա լճում տեղակայված ցանցավանդակային տնտեսություն: Նախատեսված է տարեկան արտադրել 4 միլիոն մանրաձուկ, ևս 1.5 միլիոնը բաց թողնել Սևանա լիճ` ձկնապաշարների վերականգնման նպատակով:

«Ռիսկերի կառավարում» համակարգի գործարկմամբ ֆիզիկական զննումների թիվը կրճատվել է. ՊԵԿ

0

 Ընթացիկ տարվա մայիսից«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառելու ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ: Արդյունավետ թիրախավորման շնորհիվ համակարգն ուղղված է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների կրճատմանն ու արդյունավետության բարձրացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համակարգի կիրառման առաջին ամիսների ընթացքում ֆիզիկական զննումների քանակի կրճատումն արդեն նկատելի է: Մասնավորապես, եթե 2017 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական զննման է ենթարկվել ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների 28,8 տոկոսը, ապա երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է 6,4 տոկոսով՝ կազմելով 22,4 տոկոս: Ռիսկերի կառավարման նոր համակարգն ինտեգրված է մաքսային ձևակերպումներին առնչվող այլ էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ, ինչն ապահովում է համակարգերի միջև փոխգործակցությունը և բարձրացնում դրանց կիրառման արդյունավետությունը: Համակարգը նպաստում է նաև մաքսային գործընթացների դյուրացմանը, արտաքին առևտրի ոլորտում ավելի բարենպաստ միջավայրի ապահովմանը և մաքսային սահմանների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ 2018թ. բյուջեի նախագծի հիմքում տնտեսական աճը, անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումն են. վարչապետ

0

Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագծով կառավարությունը պլանավորել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն են թողել  արտաքին աշխարհից գրանցվող տնտեսական ցնցումները,  որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Այժմ, թեև նկատվող դրական միտումներին, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն տնտեսական կայուն աճի ապահովման համար: Դրա համար մենք 2018թ. բյուջեով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը՝ ապահովելով 5 տոկոսանոց կայուն տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Նշված ցուցանիշին հասնելը մեզանից մեծ ջանքեր է պահանջելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի հիմքում ընկած են տնտեսական աճը, Հայաստանի անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումը: Վարչապետի խոսքով՝ 2018թ. կառավարության եկամտային քաղաքականությունը ևս լինելու է հավասարակշռված:

Հաշվի առնելով կառավարության ծրագրի նպատակադրումները 2018թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ կառավարությունը փոփոխություններ է կատարել: Միջնաժամկետ հորիզոնում  հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի անհրաժեշտությունը՝ տնտեսական աճի ապահովման համար:

Լևոն Մնացականյանը ՀՀ գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին է ներկայացրել իրադրությունն առաջնագծում

0

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի Հանրապետության գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը բանակի հրամանատարը նման նախաձեռնություներն ու ծրագրերը համարել է պահանջված ու անհրաժեշտ՝ նաև շնորհակալություն հայտնելով հյուրերին տարիներ շարունակվող արդյունավետ համագործակցության համար: Ներկաների խնդրանքով Լևոն Մնացականյանը ներկայացրել է նաև առաջնագծում առկա իրադրությունը, խոսել բանակաշինության ընթացիկ փուլի զարգացումներից: