Երկուշաբթի, 16. 06. 2025

Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ի անհաջող խաղին

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհանիսյանը մասնակցել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` ֆուտբոլի Բելառուսի առաջնության 27-րդ տուրում «Տորպեդո-ԲելԱԶ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է Դինամոյի «Բրեստ»-ին:

Հայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը «Տորպեդո-ԲելԱԶ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Տորպեդո-ԲելԱԶ»-ը մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է:

Բարսեղյանը և Համբարձումյանը չեն կարողացել օգնել «Վարդար»-ին հաղթանակ կռել

0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը չեն օգնել «Վարդար»-ին հաղթանակ տանել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Վարդար»-ը արտագնա խաղում մրցում էր «Սիլեկս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը եղել է թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է առաջին կեսից հետո, իսկ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է խաղին մինչև 85-րդ րոպեն:

Այս տուրից հետո «Վարդար»-ը Մակեդոնիայի առաջնության 3-րդ տեղում է:

Ֆուտբոլի Մ18 տարեկանների թիմը սկսել է նախապատրաստվել ընկերական խաղերին

0

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային ընտրանին սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական խաղերին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ18 հավաքականը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը կանցկացնի մարզումներ, իսկ նոյեմբերի 5-9-ը՝ մարզական հավաք ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում: Նոյեմբերի 7-ին և 9-ին Հայաստանի Մ18 հավաքականը կանցկացնի ընկերական երկու հանդիպում Բելառուսի Մ18 հավաքականի հետ:

 Հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Էրիկ Մելիքսեթյան, «Բանանց»,

 Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»,

Անդրանիկ Բաղրամյան, «Բանանց»,

 Ազատ Հարությունյան, «Բանանց»,

Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»,

 Արամ Խամոյան, «Բանանց»,

 Ռաֆայել Միսակյան, «Բանանց»,

Տիգրան Այունց, «Բանանց»,

Մարտին Գրիգորյան, «Բանանց»,

 Հարություն Հարությունյան, «Բանանց»,

 Մհեր Սուքիասյան, «Բանանց»,

 Արսեն Եղիազարյան, «Բանանց»,

 Պերճ Պողիկյան, «Փյունիկ»,

Սուրեն Հարությունյան, «Փյունիկ»,

 Դավիթ Գրիգորյան, «Փյունիկ»,

 Էդգար Ենգիբարյան, «Փյունիկ»,

 Արշակ Եղիազարյան, «Փյունիկ»,

 Վարազդատ Մխիթարյան, «Փյունիկ»,

Դավիթ Փարեմուզյան, «Լոռի»,

 Էրիկ Ղարիբյան, «Լոռի»,

Գևորգ Հովհաննիսյան, «Շիրակ»,

Արման Մկրտչյան, «Շիրակ»,

Լևոն Ղազարյան, «Շիրակ»,

 Լևոն Մրյան, «Շիրակ»,

 Կարեն Հովհաննիսյան, «Ավան Ակադեմիա»,

 Ժիրայր Շաղոյան, «Ավան Ակադեմիա»,

Արսեն Սարգսյան, «Ավան Ակադեմիա»,

 Ալեն Ստեփանյան, «Գանձասար-Կապան»,

 Դավիթ Մայիլյան, «Գանձասար-Կապան»:  

Հայաստանը 2018թ. շարունակելու է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների թվում

0

 Հայաստանը 2018թ. շարունակելու է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը ներկայացրեց այն գործոնները, որոնք թույլ են տալիս նման պնդում անել: Վարդան Արամյանը նախ շեշտեց, որ Հայաստանին տրամադրված արտաքին վարկերի մեծ մասը՝ 65 տոկոսն արտոնյալ պայմաններով են: «Դրա համար, երբ մենք խոսում ենք պարտքի կառավարելիության տեսանկյունից, շատ կարևոր է, թե ինչպիսի կառուցվածք ունի պարտքը: Ընդունված կանոն է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերը հիմնականում արտոնյալ են լինում և դրանց մասով հիմնականում արտաքին ճգնաժամեր աշխարհում չեն նշմարվում: Կարևոր է նաև տոկոսադրույքը: Մեզ մոտ վարկերի գերակշիռ մասը ֆիքսված տոկոսադրույքով է, ինչն ազդարարում է այն մասին, որ հիմնականում պարտքի կառավարման տեսանկյունից հոսքերի գերակշիռ մասը մեզ համար տեսանելի է և անակնկալներ չենք կանխատեսում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ պարտի մարման միջին ժամկետի կոմֆորտ գոտին միջազգային պրակտիկայում 8-11 տարին է, իսկ Հայաստանը գտնվում է 8.5 տարի մարման տիրույթում, ինչը նշանակում է, որ այստեղ ևս ռիսկերը մեծ չեն: «Այս ցուցանիշի կարևորությունը կայանում է նրանում, որ որքան պարտքի մարման միջին ժամկետը կարճ է, այնքան պետությունը կարող է խնդիրներ ունենալ լիկդիվայնության հետ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս առումով կոմֆորտ գոտում է»,-պարզաբանեց Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը հստակեցրեց, որ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը 48 տոկոսն է, իսկ Հայաստանի համար 2018թ. վերջին այդ հարաբերակցությունը կլինի 41 տոկոս: Ընդ որում՝ նախարարը նկատեց, որ այդ հարաբերակցությունն այս պահին 43 տոկոս է, իսկ հաջորդ տարի այն նվազելու է՝ դառնալով 41 տոկոս:

Պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-արտահանում հարաբերակցության առավելագույն շեմը 132 տոկոս է, իսկ Հայաստանի համար 2018թ. ակնկալվում է այդ հարաբերակցության 113 տոկոս:

Բնակչությունն ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունի. Վարդան Արամյանը ՀՀ-ում մասնավոր սպառման աճ է նկատում

0

Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ. աճելու է, ինչը նշանակում է, որ բնակչության ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի առումով բարձրանալու է: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝  պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ՝ «Հայաստանի բնակչությունը 2018թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում կյանքի որակի բարելավում զգալո՞ւ է, թե՞ ոչ» հարցին: «2016 թ. մեզ մոտ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն դոլարային առումով կազմում էր 3532.9 դոլար, 2017 թ.՝ 3698 դոլար, իսկ 2018 թ. կկազմի 3984 դոլար: Դա նշանակում է, որ մեր բնակչության համախառն ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մասով բարձրանում է», «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ բնակչության կյանքի որակի մասին պատկերացում կազմելու լավագույն ձևերից մեկը սպառման ցուցանիշներին հետևելն է: «Սովորաբար, երբ սպառումն ընկնում է, երկու պատճառ կա՝ կամ միանգամից եկամուտներն են նվազել, կամ  քաղաքացիները վատատեսական սպասումներ ունեն ապագայի նկատմամբ: Այսինքն՝ այսօր խնայողություններ են անում, քիչ են սպառում, որպեսզի վաղը վատ օրերին կարողանան դիմակայել:  2015-2016 թթ. բացասական շոկի առումով սպառումը գնացել էր հարաբերական նվազման: 2017 թ. մասնավոր սպառումն աճում է, աճում են սպառողական վարկերը: Սա խոսում է մի բանի մասին. թեկուզ մենք ազգաբնակչության եկամուտների մասով համեստ աճ ունենք, բայց  մարդիկ իրենց ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունեն»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

 

Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է

0

Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վաղ թե ուշ ստորագրվելու է: Պրոցեսի ձգձգման պատճառը ոչ թե քաղաքական, այլ ավելի շատ տեխնիկական բնույթ ունի:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ համաձայնագրի տեքստն արդեն հրապարակված է, եւ դրա հետ կապված՝ կողմերը տարակարծություններ չունեն: «Չնայած այն փաստին, որ քաղաքականության մեջ կարող է ամեն ինչ փոխվել վերջին րոպեին, ես համոզված եմ, որ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում»,-ասաց նա:

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու  Արթուր Մարտիրոսյանն էլ համաձայնագրի հետաձգման համար որպես պատճառ բերեց Կատալոնիայում քաղաքական իրավիճակը: «Կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել գործընթացը։ Ամեն ինչ ավելի պարզ կլինի, երբ Կատալոնիայում վերանա ճգնաժամը»,-ասաց Մարտիրոսյանը:

Նա կարեւորեց այն փաստը, որ հայկական կողմին հաջողվել է հեռանալ «կամ-կամ» ձևակերպումից եւ համոզել ԵՄ-ին, որ կարող է լինել նաեւ «և-և»-ը:

Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության  համաձայնագիրը նախաստորագրվել է մարտի 21-ին:

 

Արցախում 7 բազմազավակ ընտանիք նոր տներ ստացան «Հայաստան» հիմնադրամից

0

Ամեն ամիս վարձ վճարելը, մեկ տան մեջ բարեկամների հետ ապրելը, կենցաղային տարրական պայմաններ չունենալն այլևս խնդիր չէ բազմազավակ ևս 7 ընտանիքի համար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2015 և 2016 թվականների Հեռուստամարաթոններին հավաքված հանգանակությունների, ինչպես նաև անհատ բարերարների ֆինանսավորման շնորհիվ շարունակում է Արցախում 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին սեփական տներ նվիրաբերել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, հոկտեմբերի 23-27-ը տներ ստացան Արցախի Ասկերան, Մարտունի, Շահումյան, Հադրութ, Քաշաթաղ շրջանների Նորագյուղ, Վարանդա, Չարեքթար, Խանձաձոր և Վուրգավան գյուղերի բազմազավակ 7 ընտանիքները։ 7 ընտանիքների բնակարանամուտների հովանավորումը կատարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների՝ Անդրանիկ և Սեդա Պաղտասարեանների, Գրիգորյաններ ընտանիքի և Ջերի Թրփանջյանի շնորհիվ։

Նորագյուղում տուն ստացած Շահբազյանների և Վարանդայում տուն ստացած Բաղրյանների ու Մուսայելյանների բարերարը ամերիկահայ Անդրանիկ և Սեդա Պաղտասարեաններն են։ Անդրանիկ Պաղտասարեանը մեծանուն Քըրք Քըրքորյանից հետո Հիմնադրամին միանվագ նվիրատվություն կատարած ամենախոշոր բարերարն է: Պաղտասարեանի նվիրատվությունների շնորհիվ նաև հնարավոր եղավ կառուցել Հիմնադրամի ամենածավալուն ծրագրերից Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Թալիշում իրականացնել բազմաթիվ ծրագրեր։

Չարեքթար գյուղում Աղաջանյաններն ու Կանդուցները, իսկ Վուրգավանում Գոքորյաններն այսուհետ սեփական հարկի տակ կապրեն ամերիկահայ բարերար Ջերի Թրփանջյանի ֆինանսավորման շնորհիվ։ Ջերի Թրփանջյանը այս տարվա մայիսին հովանավորել էր ևս մեկ բազմազավակ ընտանիքի բնակարանամուտը Քաշաթաղ շրջանի Միրիկ գյուղում։ Թրփանջյանի հովանավորմամբ նաև կառուցվել են մի շարք դպրոցներ Արցախում։

Իսկ Քարամյանների բազմազավակ ընտանիքը Խանձաձորում տուն ստացավ ամերիկահայ բարերարներ Գրիգորյանների ընտանիքի հովանավորությամբ։

Յուրաքանչյուր տուն բաղկացած է 4 սենյակից, համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, լիովին կահավորված է, ապահովված է տաք և սառը ջրով, օդափոխության համակարգով։ Տների շինարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ միասին վերահսկել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունը։

«ՖԻՄԱ»-ն հաղթել է «Շիրակ»-ին. բասկետբոլի «Լիգա Ա»

0

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության «Լիգա Ա»-ում կայացան երկրորդ տուրի ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` «Արցախը» սեփական հարկի տակ 82-63 հաշվով առավելության հասավ «Ինժեներ» -ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալեքսա Սիմոնովիչը (Արցախ), ով վաստակեց 42 միավոր:

 Տուրի վերջին խաղում միմյանց հետ ուժերը չափեցին ՖԻՄԱ-ն և «Շիրակը», որտեղ շատ լարված պայքարում ՖԻՄԱ-ն սեփական հարկի տակ ի վերջո 76-75 հաշվով առավելության հասավ «Շիրակի» -ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հարություն Ամալյանը (Շիրակ), ով վաստակեց 27 միավոր:

Վարդան Արամյանը ներկայացրեց 2018 թ. տնտեսական առաջնահերթությունները

0

Հայաստանի 2018 թ. պետական բյուջեով տնտեսական բլոկին ուղղված հիմնական կապիտալ ծախսերը գնալու են երեք ուղղությամբ՝ ճանապարհաշինություն-տրանսպորտ, ջրային տնտեսություն և էներգետիկա: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Իրականում, եթե մենք հավակնում ենք բարձր տնտեսական աճի, ենթակառուցվածքները պետք է այդ հնարավորությունը տան: Օրինակ, եթե մենք ոռոգման համակարգերի մասով որևէ գործողություն չանենք և դրանք մնան այսպիսի անմխիթար վիճակում, ջրի կորուստները բարձր լինեն, անջրդի հողերը՝ շատ, որքան ուզում է կառավարությունն այլ գործիքներով սուբսիդավորել գյուղատնտեսությունը, դրա արդյունքը չի մեծանա: Որպեսզի արդյունքը լինի առավելագույն, նախ պետք է ենթակառուցվածքների ներդրում կատարել»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նշեց Արամյանը:

Նրա խոսքով՝ որքան էլ կառավարությունը ցանկանա, որպեսզի, օրինակ, Գյումրին դառնա զբոսաշրջային կենտրոն, միայն ասելով կամ միայն Ռուսթավելի փողոցը վերակառուցելով չի լինի: «Ռուսթավելի փողոցի վերակառուցումը կարևորագույն նախագիծ է, սակայն, որպեսզի դրա արդյունքը մաքսիմալացվի, պետք է լինի ճանապարհը, որը Երևանը կկապի Գյումրիի հետ, և մարդկանց տեղաշարժը մեծանա: Նույնը վերաբերում է մյուս համայնքներին, որտեղ կենսական նշանակություն ունեցող ճանապարհները պետք է լինեն բարեկարգ վիճակում: Հետևաբար, մենք պետք է ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրում կատարենք»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով էներգետիկ ոլորտի կարևորությանն ու առաջնայնությանը՝ Արամյանն ընդգծեց, որ չկա մի երկիր, որտեղ կան էներգետիկ խնդիրներ, և այդ երկրի կառավարությունը հայտարարի, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում թիրախավորում է մրցունակություն և տնտեսական պոտենցիալ:

Գրոսմայստեր Արման Միքայելյանը 10-րդն է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում

0

Գրոսմայստեր Արման Միքայելյանն ավարտեց ելույթները Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ`մրցաշարի վերջին տուրում Միքայելյանի մրցակիցը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սարգիս Մկրտչյանն է եղել: Այս պարտիայում Միքայելյանը հաղթանակ է տարել:

9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Արման Միքայելյանը գրավել է 10-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել ռուս Կիրիլ Ալեքսեյենկոն, ով նույնքան հնարավորից վաստակել է 7,5 միավոր: