Երեքշաբթի, 17. 06. 2025

«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ տեղափոխելու փաստով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

0

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնությունը չպարզված անձն ապօրինի ձեռք է բերել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափերով «Հաշիշի յուղ»  և խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, ապա` դրանք հիշյալ քրեակատարողական հիմնարկում իրացնելու նպատակով, ապօրինի տեղափոխել է ՔԿՀ-ի վարչական տարածք, պահել հսկիչ անցագրային կետի սանհանգույցի սենյակում գտնվող լվացարանի հետնամասում: Նշված անձն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նույն օրը թմրամիջոցները հայտնաբերվել են «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ «Վանաձոր» ՔԿՀ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երևանում դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը նվիրված աշխատաժողով է անցկացվել

0

 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հոկտեմբերի 30-ին մասնակցել են  ԵՄ TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են PEER REVIEW խմբի եվրոպացի փորձագետների կողմից՝ Հայաստանում դատական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները՝ դրանցից որոշները 2018-2022 թվականների  Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրում ներառելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործնական քննարկմանը մասնակցել են դատավորներ, ԵՄ անդամ երկրներից ժամանած փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Դավիթ Հարությունյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և  շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված  շարունակական աջակցության համար: Նախարարը կարևորել է TAIEX գործիքի շրջանակում եվրոպացի փորձագետների հետ համատեղ իրականացված աշխատանքը և նշել, որ դրանք կատարվել են շատ ճիշտ ժամակահատվածում, երբ Հայաստանը, Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված,  կանգնած է լուրջ բարեփոխումների ճանապարհին: Նախարարի խոսքով, ծրագրի արդյունքները՝ զեկույցները և դրանցում տեղ գտած առաջարկությունները, հնարավորություն են տվել մշակելու ապացույցների վրա հիմնված ռազմավարական ծրագիր և դրանում ներդնել մոնիթորինգի և առաջընթացի գնահատման հստակ մեխանիզմ:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, արդարադատության ոլորտի բարեփոխման ուղղությամբ գործադրված ջանքերի, կառուցողական երկխոսության և շահգրգիռ բոլոր կողմերի հետ բաց ու արդյունավետ համագործակցության համար: Դեսպանի խոսքով, ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը հինգ ուղղություններով է ընթանում՝ դատական համակարգի անկախության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ գործիքների ներդրում, արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացում, դատարանների կառավարման համակարգի կատարելագործում և միջազգային առաջարկների կիրառումը՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցում:  Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կունենա ոչ միայն առաջնահերթ ոլորտների բարելավանն ուղղված լավ ռազմավարություն և գործողությունների ծրագիր, այլև, իրապես, լավ արդյունքներ:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում Դանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Շվեդիայի փորձագետները հանդես կգան զեկույցներով և առաջարկներով՝ ուղղված դատական և քրեակատարողական համակարգերի զարգացմանը:

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում հայկական մշակութային օրեր են անցկացվել

0

 ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում հոկտեմբերի 26-ին մեկնարկեցին արդեն ավանդական դարձած հայկական մշակութային օրերը, որի նպատակն է Գերմանիայի հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները: Այս տարվա միջոցառումները անցկացվում են «Մաշտոցը հանդիպեց Լյութերին․ մշակույթների հանդիպում» խորագրի ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառումների բազմաբնույթ ցանկում առաջին անգամ ընդգրկվել է նաև հայկական տարազների և գորգերի ցուցադրություն՝ «Տերյան մշակութային կենտրոն» արվեստագետների ներկայացմամբ:

Հայկական մշակութային օրերի շրջանակում «Հայ ավետարանական եկեղեցու պատմությունն ու գերմանացի միսիոներների դերը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Էրլանգենի համալսարանի աստավածաբանության պրոֆեսոր Խաչիկ Գազերը, տեղի ունեցավ «Աստված հարստացրել է իմ կյանքը» գրքի շնորհանդեսը, Ռաֆայել Հովհաննիսյանի «Հայկական հետքեր Բադեն-Վյուրթեմբերգում» փաստավավերագրական ֆիլմի ներկայացումը, Շտուտգարտի ջազային նվագախմբի համատեղ ելույթը ՀՀ վաստակավոր արտիստներ Էմմա Պետրոսյանի, Արամոյի և Մադաթ Ավանեսովի հետ համատեղ։

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ մեկ այլ միջոցառում, որտեղ կատարվեցին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀԱԵ հոգևոր հովիվ Տիրատուր Սարդարյանը:

Կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Ռուբեն Մելիքսեթյանը, Իզաբելա Մելքոնյանը, երգչուհի Աննա Ավդալյանը, թավջութակահար Վաչե Բագրատունին և ջութակահար Քրիստինա Ալթունյանը:

Սուրեն Կարայանը Բեյրութում մասնակցել է հայ-լիբանանյան տնտեսական համաժողով

0

Բեյրութում կայացել է հայ-լիբանանյան գործարար համաժողովը, որին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովին ներկա է եղել Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Ֆարաոնը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 200 գործարարներ Լիբանանից և Հայաստանից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում ընգծել է, որ ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում Հայաստանում ներդրումներ իրականցնող գործարարների նկատմամբ, այն է՝ ամբողջական աջակցություն ներդրողին։

«Կցանկանայի ևս մեկ անգամ շեշտադրել ու վստահեցնել, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն և արտոնությունների լայն գործիքակազմից առաջարկելով կոնկրետ ներդրողի համար առավել արդյունավետ համախումբը», – ասել է Տնտեսական զարգացման և նեդրումների նախարարը։

«Կարծում եմ, Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը կարող է լավագույնս նպաստել մեր երկրների գործարար համայնքի ներուժի դրսևորմանը, որը կարտահայտվի և՛ համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ և՛ միմյանց արտադրանքի առաջմղմամբ Հայաստանի, Լիբանանի և միջազգային այլ խոշոր շուկաներում»,- հավելել է Սուրեն Կարայանը։ Նախարարը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու վերաբերյալ։

Պետական կառույցի ներկայացուցիչներին, գործարարներին և համաժողովի պատվիրակներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրը։ Զեկույցով հանդես է եկել նաև KPMG ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը` ներկայացնելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ ավելի վաղ կնքված հուշագրով նախատեսված Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ KPMG-ի ուղեցույցը։

Լիբանանցի ներդրողներին հատկապես հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները, ոսկեգործության և զբոսաշրջության ոլորտները։

Համաժողովի ընթացքում հուշագիր է ստորագրվել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման և գործարար շրջանակների աշխատանքների դյուրացման նպատակով։

Մեկ այլ համագործակցության հուշագիր է կնքվել արդյունաբերական ոլորտում հայկական և լիբանանյան ընկերությունների միջև։

Կայացել են գործարարների միջև B2B հանդիպումներ։

Տեղեկացնենք, որ հոկտմբերի 26-31-ը նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Լիբանանում և Սիրիայում։

Պատվիրակության կազմում են՝ ՀՀ hատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և այլ պաշտոնյաներ։

Նոյեմբերի 3-ին կսկսվի կենսաթոշակների վճարման գործընթացը

0

Նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 3-ին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

Նոյեմբերի սկզբին ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով

0

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 1-2-ը սպասվում են անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ: Նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մամեդյարովը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մոտավոր ժամկետը

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի կեսերին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա տեղեկացրել է, որ հանդիպման հստակ վայրն ու օրը դեռևս հայտնի չէ:

Մամեդյարովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հարցը կհստակեցվի համանախագահների հանդիպումից հետո:

Ռուսլան Կորյանի թիմը չի կարողացել խուսափել պարտությունից

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ռուսլան Կորյանը մասնակցել է «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը հյուրընկալվել էր Կրասնոդարի համանուն թիմին: «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի ֆուտբոլիստները պարտվել են 1:4 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի անդամ Ռուսլան Կորյանը թիմի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 81-րդ րոպեին:

Այս պարտությունից հետո «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը մրցաշարային աղյուսակում 15-րդ տեղում է:

Ադրբեջանին հարկավոր չէ լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար. քաղաքագետ

0

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի  ժնևյան հանդիպումից հետո Ադրբեջանի ռազմավարությունը որեւէ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը փորձում է սահմանային լարվածության միջոցով բանակցային գործընթացը տանել հօգուտ իրեն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը չի էլ փորձում լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար, քանի որ դա իրեն այս պահին հարկավոր չէ: «Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա: Ադրբեջանը որևէ մոտիվացիա չունի այն փոխելու»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների գործողություններին՝ Իսկանդարյանը նշեց, որ նրանք զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորմամբ, այլ ավելի շատ հակամարտության մենեջմենթով, նպատակ հետապնդելով նվազեցնել բռնությունները, վստահության մեխանիզմներ ստեղծել եւ այլն:

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու  Արթուր Մարտիրոսյանը փաստեց, որ երբ Ադրբեջանը փոխի իր ռազմավարությունը, դա անպայման նկատելի կլինի, ինչ-որ բանով կարտահայտվի: «Ժնեւյան հանդիպումից հետո ես Ադրբեջանի կողմից ռազմավարության փոփոխություն չեմ տեսնում:  Փաստն այն է, որ Ադրբեջանը  շարունակում է իր նախկինում վարած քաղաքականությունը»,-հավելեց բանախոսը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի  և Ադրբեջանի  նախագահները հանդիպել են Ժնևում հոկտեմբերի 16-ին:

 

 

ՄԻՊ-ը կհրապարակի արտահերթ զեկույց հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների վերաբերյալ

0

Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ: Արձանագրած խնդիրները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը մինչև տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Այցերի ընթացքում իրականացվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն և արդյունքներն ուղարկվել են իրավասու պետական մարմնին: Միաժամանակ, առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների բարելավման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ՝ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական բնույթի առաջարկներ:  

Ուսումնասիրությունները հնարավորություն են տվել վեր հանված խնդիրները բաժանել երկու հիմնական խմբի՝ անձանց պահման պայմաններ և բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում:  

Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում մտահոգիչ են պահման պատշաճ պայմանների, այդ թվում՝ գերբնակեցման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի, արտաքին աշխարհի հետ նրանց կապի, նպատակային զբաղմունքների բացակայության և մի շարք այլ հարցեր:  

Երկրորդ խումբ խնդիրներից են հոգեբուժական հաստատություններում հարկադիր բուժման, զսպման միջոցների կիրառման անհամապատասխանությունը սահմանված չափանիշներին, բուժման այլընտրանքայինմեթոդների բացակայությունը (բացի դեղորայքայինբուժումից), հաստիքների անբավարարությունը և այլն: