Երեքշաբթի, 17. 06. 2025

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի

0

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել` «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած հանցավոր արարքների համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ:

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին մի խումբ անձինք մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակին և իրենց դժգոհությունը հայտնել ուղեփակոցի տեղադրման վերաբերյալ, քաշել տեղում պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից մեկի օձիքից: Այնուհետև միջադեպի մասնակից անձանցից երկուսը փայտ են վառել և մուտքի դռնից գցել վագոն-տնակի մեջ՝ այդ կերպ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 27-ին 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս մեկ անձի մեղադրանք էր առաջադրվել ավելի վաղ։

Այսպիսով՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատաքիմիական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

0

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները: 

Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում մարդու իրավունքների զարգացումների առնչությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև կարևորել է Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: 

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված համագործակցությունը:

Անտառային փողոցի տներից մեկի բակում գյուրզա է հայտնաբերվել

0

Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Անտառային փողոցի տներից մեկի բակում հոկտեմբերի 30-ին օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Դեռահասների 75 տոկոսն հեռուստացույցի առջև անցկացնում է օրվա մեջ 2 ժամից ավելի

0

Դեռահասների 65 տոկոսն օրվա մեջ մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք, իսկ 30 տոկոսը` քաղցր գազավորված ըմպելիք: Այս մասին վկայում են «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքները:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արաբկիր բժշկական  համալիր– Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասների  առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան նշեց, որ դեռահասների սննդակարգում բանջարեղենի օգտագործման տոկոսը ցածր է, կազմում է 25-30 տոկոս:

«Այստեղ մեծ դեր պետք է ունենա ընտանիքը: Մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում փոքր տարիքի երեխաներն արդեն սովոր են քաղցր գազավորված ըմպելիքի օգտագործմանը: Գոյություն ունի սննդի 5 խումբ, որից 4-ը պետք է ամեն օր օգտագործել` ձավարեղեն, կաթնամթերք, մսամթերք, միրգ-բանջարեղեն: 5-րդ խմբում մտնում է քաղցրավենիքը, որը պետք է օգտագործել չափավոր ու ոչ ամեն օր»,-ասաց նա` ավելացնելով, որ այսօր շատ ծնողներ երեխային քաղցրեղեն են խոստանում ինչ-որ բան անելու դիմաց:

Արաբկիր բժշկական համալիրԵրեխաների և դեռահասների առողջության  ինստիտուտի Հանրային առողջության ծրագրերի համակարգող, «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն   Եվա   Մովսեսյանի  խոսքով, սխալ, ոչ ռացիոնալ սննդակարգը կարող է նպաստել մեծահասակ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը:

«Դրանք բազմաթիվ են`շաքարային դիաբետ, ավելցուկային քաշ, ճարպակալում: Պետք է հասկանալ, որ ավելցուկային քաշը, ճարպակալումը պարզապես կիլոգրամի ավելացում կամ էսթետիկ փոփոխություն չէ: Դա իրականում լուրջ խնդիր է, հանգեցնում է նյութափոխանակության խանգարման, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման: Բացի դրանից, ապացուցված է, որ սխալ սննդակարգը և ցածր ֆիզիկական ակտիվությունը նպաստում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացմանը»,-ասաց Եվա Մովսեսյանը` նշելով, որ ճարպակալումը նաև շատ դեռահասների մոտ հոգեբանական խնդիր է առաջացնում:

Ուսումնասիրությունների համաձայն` դեռահաս տղաների շրջանում ավելցուկային քաշ ունի 14 տոկոսը, իսկ աղջիկների մոտ` 5 տոկոսը: Մասնագետները նշում են, որ աղջիկների շրջանում մեկ այլ խնդիր կա, շատերը կարծում են, որ իրենք ունեն ավելցուկային քաշ, այնինչ, դա այդպես չէ, և նրանք սկսում են դիետաներ պահել, փորձել նիհարել, ինչը դեռահաս շրջանում անթույլատրելի է:

Մասնագետների խոսքով, սխալ սննդակարգը կարող է օստեոպորոզ հիվանդության պատճառ դառնալ: Երբ քիչ է օգտագործվում կալցիումով, D վիտամինով հարուստ սնունդը, դրան գումարվում է ցածր ֆիզիկական ակտիվություն, արդյունքում, երեխան հայտնվում է ռիսկի գոտում:

Մարինա Մելքումովան ևս մեկ խնդրի մասին բարձրաձայնեց: Երեխաների 50 տոկոսը չի նախաճաշում: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի երկրների շարքում հետին դիրքերում է: Հարցումները ցույց են տալիս, որ առաջին իսկ դասամիջոցին երեխաները շտապում են բուֆետ, իսկ այնտեղ առողջ սնունդը քիչ է, քանի որ շատ դեպքերում դրանց պահպանման համար պայմաններ չկան:

Երեխաների շրջանում բավական ցածր է ֆիզիկական ակտիվության ցուցանիշը: Սպորտով զբաղվողները քիչ են, ֆիզկուլտուրայի դասերին էլ չեն սիրում այցելել: Հարցումները ցույց են տալիս, որ դեռահասների 75 տոկոսը հեռուստացույցի առջև անցկացնում է օրվա մեջ 2 ժամից ավելի: Ստացվում է մի պատկեր, երբ երեխան մի քանի ժամ դպրոցում անցկացնելուց հետո, գալիս է տուն, կրկին նստակյաց է, լրացուցիչ պարապում է, երկար ժամանակ է անցկացնում համակարգչի, հեռուստացույցի առջև: Արդյունքում՝ հայտնվում են ռիսկի գոտում:

Կանխատեսվում է ներդրումային ակտիվության աճ

0

Հայաստանի կառավարությունը 2018 թ. շարունակելու է կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը և տնտեսական աճի համեմատաբար բարձր տեմպերի վերականգմանն ուղղված քաղաքականությունը՝ առաջնորդվելովմիջնաժամկետ և կայուն տնտեսական աճի ապահովման և արտահանումը որպես տնտեսական աճի առանցքային շարժիչ դարձնելու նպատակի իրագործման սկզբունքներով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կենտրոնական բանկի եզրակացությունը: «2018 թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տասներորդական տոկոս իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: 2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես արտաքին զարգացումներով, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսական աճի վերականգնմամբ և պղնձի համաշխարհային գների բարձր մակարդակի պահպանմամբ, այնպես էլ ներքին՝ Հայաստանում 2017 թ. իրականացված մի շարք բարեփոխումների և դրամավարկային ընդլայնող քաղաքականության արդյունքում շարունակվող տոկոսադրույքների նվազման ազդեցությամբ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նշեց Ջավադյանը:

Հատկանշական է, որ 2018 թ. ներդրումային միջավայրի բարելավումն ուղեկցվելու է արտահանելի ճյուղերին ուղղված  ներդրումների խթանման շարունակականության ապահովմամբ: Տարվա ընթացքում կանխատեսվում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներում ներդրումային ակտիվության աճ, ընդ որում՝ մասնավոր հատվածում կանխատեսվում է ավելի մեծ ներդրումային ակտիվություն: «Ուղղորդվելով մակրոտնտեսական կայունության պահպանման սկզբունքներով՝ 2018 թ. համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում 2017թ. սպասվող 3.6 տոկոսի դիմաց՝ ապահովելով  ՀՆԱ-ի 2.7 տոկոսը: Վերջինս կարևոր պայման է պետական պարտքի կայունացման և աստիճանական կրճատման համար»,– մանրամասնեց ՀՀ ԿԲ նախագահը:

2018 թ. կշարունակվի հարկաբյուջետային կոնսոլիդացումը` եկամուտների չեզոք, իսկ ծախսերի` զսպող ազդակի դրսևորմամբ: Պետական բյուջեի եկամուտների մասով 2018թ. բյուջեի ծրագրի  շրջանակներում ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների տեսակարար կշռի 2017 թ. սպասվողի համեմատ ընդամենը 0.1 տոկոսով աճ, որի արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի 21.3 տոկոս:

«2018 թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող ազդեցություն, որի պարագայում 2018 թ. տնտեսական աճի ապահովման հիմնական բեռն ընկնում է լայնածավալ կառուցվածքային բարեփոխումների վրա: Այդ ամենը, զուգակցվելով հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի շարունակականության ապահովմամբ, կնպաստեն մակրոտնտեսական կայունությանը հիմքեր ստեղծելով երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի համար»,- եզրափակեց Արթուր Ջավադյանը:

«Նռան հատիկ» փառատոնի շնորհիվ երեխաները հաղորդակցվում են արվեստին և գրականությանը

0

«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական հանրապետական փառատոնի շնորհիվ զարգանում է մանկապատանեկան թատերական արվեստը, երեխաներն ավելի շատ են հաղորդակից լինում գրականությանը:

«Արևը բոլորինն է» խորագրով 17-րդ հանրապետական փառատոնին այս տարի մասնակցում  են աննախադեպ թվով մասնակիցներ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ փառատոնը մեկնարկեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 30-ին:

«Փառատոնի հիմնական նպատակն այն է, որ բեմից հնչի մաքուր հայերենը, երեխաները ծանոթանան բարձր գրականությանը: Այս տարի գրեթե բոլոր մարզերից և Արցախից  ունենք մասնակից խմբեր: Տարբեր տարիների եղել են նաև մասնակիցներ սփյուռքից՝ Բեյրութից, Իրանից, Ֆրանսիայից, ինչպես նաև Ջավախքից»,-ասաց  փառատոնը նախաձեռնած «Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա» ՀԿ  նախագահ Գարիկ Ղազարյանն ու հավելեց՝ մասնակիցներն այս տարի կներկայացնեն Սարոյանի, Թումանյանի, Անդերսենի  ստեղծագործություններից մինչև Շեքսպիր:

Փառատոնն ունի նաև իր հիմնը՝ Վահան Անդրեասյանի «Թատրոն» երգը: Այս տարի փառատոնին մասնակցում են աննախադեպ թվով մասնակիցներ՝ 40 թատերական խումբ՝ 42 ներկայացմամբ: Մշտապես մասնակցում են «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող և «Փրկություն» ՀԿ-ի և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խմբերը: 

«Նռան հատիկ»-ի նախագահ Արուսյակ Մանթաշյանի կարծիքով՝փառատոնը երեխաներին հնարավորություն է տալիս կտրվել համակարգիչներից և հաղորդակից լինել արվեստին, գրականությանը: «Շատ կարևոր է նաև, որ մարզերի և մայրաքաղաքի երեխաները դիտեն միմյանց խաղը, շփվեն: Ցանկություն ունենք փառատոնն անցկացնել նաև մարզերից մեկում: Մեր հիմնական նպատակներից է ստեղծել մեր թատրոն-ստուդիան, որտեղ կուսումնառեն փառատոնի մասնակիցները: Մեզ համար կարևոր է, որ «թատրոն» առարկան  ընդգրկվի դպրոցական ծրագրերում»,-ասաց նա:  

Փառատոնը բաղկացած է երկու փուլից, խմբերն ընտրվել են նախընտրական փուլով, այնուհետև մեկնարկել է այս՝ աշնանային եզրափակիչ փուլը: Փառատոնի եզրափակիչ փուլի համար մարզերից մայրաքաղաք եկած թատերական խմբերի կեցության, գիշերակացի հարցը լուծել է  ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Մանկական և երիտասարդական բոլոր ծրագրերն առաջնային տեղ են զբաղեցնում նախարարության աջակցման ծրագրերում: Այս փառատոնը հավասար, առողջ մրցակցային դաշտ է ստեղծում երեխաների համար»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան-Սևունցը:

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի թատերախմբի ղեկավար Մարգարիտ Շահվալադյանի կարծիքով՝ փառատոնին մասնակցությունը երեխաներին տալիս է մեծ պատասխանատվության զգացում փոքր տարիքից:

Փառատոնը տևելու է  7 օր: 4 օր ներկայացումներ կլինեն Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և 3 օր՝ Շիրակացու ճեմարանում, ևս մեկ ներկայացում կլինի  Խամաճիկների պետական թատրոնում: Փառատոնն ընդգրկվել է ՀՀ կառավարության Երեխաների հետ տարվող աշխատանքների ազգային ծրագրում, և անց է կացվում ՀՀ կառավարության և մշակույթի նախարարության հովանավորությամբ: Փառատոնի կազմակերպիչներին աջակցում են նաև Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանը և Անանիա Շիրակացու անվան ճեմարանը:

 

Երեւանում վերջին օրերին ավելի շատ աղջիկ է ծնվել

0

Մայրաքաղաքում հոկտեմբերի 27-29-ը ծնվել են 190 երեխա: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից, երեխաներից 97-ը աղջիկ են, 93-ը` տղա:

Էրդողանը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում անցել է անեծքների

0

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Սպառելով քաղաքական բառապաշարը՝ այս անգամ Էրդողանն անցել է անեծքների ժանրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»: Նա նշել է, թե ԼՂ հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով  հերթական անգամ ասել է, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին:

«Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող 2 արջերը կտեղափոխվեն Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

0

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության շրջանակում Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերը կտեղափոխվեն ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ`օրերս բրիտանական «The Daily mail»-ն անդրադարձել է Հայաստանում ժամանցի վայրերում պահվող արջերի խնդրին` հրապարակելով Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում պահվող արջերի լուսանկարները: Պարբերականը նշել էր, որ Հայաստանի ժամանցի վայրերում պահվող արջերը գտնվում են անմխիթար եւ սոված պայմաններում:

Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը կընդգրկեն նաև ՌԴ մարզերը

0

 Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ կիրականացվեն Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՌԴում ՀՀարտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և  Հայաստանի հետբարեկամության և համագործակցության ռուսական միության նախագահ  ՎիկտորԿրիվոպուսկովը:

«Միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Մոսկվայում և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում, այլև ՌԴ տարբեր մարզերում: Մենք աշխատել ենք ներկայացնել հայ ժողովրդի մշակույթը, ավանդույթները  ողջ Ռուսաստանում:

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում: Այնտեղ կբացվի Մարտիրոս Սարյանի  ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նոյեմբերի 10-ին ծրագրում ենք Մոսկվայի հաղթանակի թանգարանում ԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակին նվիրված միջոցառում իրականացնել, որին ներկա կլինի նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Նոյեմբերի 18-ին Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում համերգային ծրագրով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և առաջատար օպերային երգիչներ Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը: Համերգը կղեկավարեն չորս դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը և Վլադիմիր Սպիվակովը:

Նոյեմբերի 22-ին Նկարիչների կենտրոնական տանը տեղի կունենա «Հայաստանի տարրերը» համալիր միջոցառում: Կներկայացվեն հայկական կերպարվեստը, արծաթագործությունը, տարազները, կհնչեն դուդուկ և ջազ երաժշտություն:

Միջոցառումների փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում: Եզրափակիչ համերգային ծրագրում հանդես կգան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Միջոցառումներ են նախատեսված նաև ՌԴ դպրոցներում, համալսարաններում:

Վարդան Տողանյանը հավելեց, որ մշակութային օրերի բացմանը գուցե ներկա լինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքով`  դարեր շարունակ Հայաստանը և Ռուսաստանը լավ բարեկամներ են եղել: «Երբ իմացանք, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվելու, որոշեցինք, որ դրանք պետք է յուրահատուկ և ընդգրկուն լինեն: Դիմեցինք Ռուսաստանի տարբեր քաղաքների քաղաքապետներին,  մարզպետներին, որպեսզի նրանք աջակցեն մեզ, և միջոցառումներ անցկացվեն  իրենց քաղաքներում և մարզերում: Ռուսաստանում սիրում են հայերին, և մշակութային օրերը նրանց ավելի խորը ճանաչելու հիանալի հնարավորություն կտան»,-ասաց նա:

Մշակութային օրերի շրջանակում Ռուսաստանի մարզերում հյուրախաղերով հանդես կգան Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, այլ մշակութային խմբեր:

Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միությունը կայանալիք միջոցառումների մասին տեղեկություն է տրամադրել դաշնային և այլ հեռուստատեսություններին: