Երեքշաբթի, 09. 09. 2025

spot_img

ՀԵՌԱՑԱՎ ՄԵԾ ՀԱՅԸ.  Ցավոք այսօր հայկական աշխարհում չէ ՌՈՊԵՐ ՀԱՏՏԷՃԵԱՆԸ, ով բռնեց հավերժի ճամփան․․․

Երկար տարիներ բախտ և հաճույք եմ ունեցել ճանաչել  «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր, գրողհրապարակախոս Ռոպեր Հատտէճեանին, գործակցել նրա հետ, լսել  նրա խոհական, փիլիսոփայական զրույցները, ընթերցել նրա գրական-հրապարակախոսական ստեղծագործությունները և առանձնակի ուրախություն ապրել, որ Պոլսում մեր մշակութային փաղանքի կարևորագույն դեմքերից մեկն է համեստ ու բարի, խորունկ ու բանիմաց այս անձնավորությունը։

Այս տխուր առիթով որոշեցի  խնդրել,  եթե խմբագրությունը նպատակահարմար գտնի տպագրել  Ռոպեր Հատտէճեանի ծննդյան 95- ամյակի առիթով գրված իմ  շնորհավորական  խոսքը։


ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ՝  «ՄԱՐՄԱՐԱ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ, ԳՐՈՂՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՌՈՊԵՐ ՀԱՏՏԷՃԵԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95- ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

             Լրացավ հայ ազգի տաղանդավոր զավակ, գրող-հրապարակախոս, կես դարից ավել  «Մարմարա»,  թերթի խմբագրապետ Ռոպեր Հատտէճեանի ծննդյան 95-ամյակը և գրական գործունեության 75-ամյակը։

         Խորին ակնածանքով և ջերմ սիրով շնորհավորում եմ մեր Նահապետին՝ Ռոպեր Հատտէճեանին հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, երկար-երկար տարիների կյանք՝ հաջողությամբ շարունակելու իր  ազգանվեր առաքելությունը, իր բեղուն գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 

        Անգնահատելի է նրա  վաստակը՝ որպես հայ գրականության, հայ մամուլի ու մշակույթի երախտավորի, է՛լ առավել՝ որպես Պոլսում լույս տեսնող   թերթի բազմամյա խմբագրապետի: Ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս փաստել, որ նրա կյանքն ու գործունեությունն անսահման նվիրումի մի բացառիկ օրինակ են հայ ինքնության, գրականության, լեզվի, եկեղեցու և ազգային  ոգու պահպանության գործում:

          Նա  կարողացել է կես դար  շարունակ Ստամբուլի մեջ   խմբագրել ու զարգացնել հայատառ օրաթերթը՝ որպես յուրօրինակ խոսնակ ու լրատու, այն դարձնելով   համայնքի սիրելի և սպասված հասարակական, քաղաքական և գրական թերթերից մեկը: «Մարմարա»-ն լուսաբանում է   համայնքի կյանքը, գրում  Թnւրքիայի, Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի մասին՝ 1940 թվականից սկսյալ, երբ Սnւրէն Շամլեանը  հիմնադրեց այն: Սկզբնական շրջանում  թերթը եռօրյա էր, բայց կարճ ժամանակ հետո  դարձավ օրաթերթ։

         Ռոպեր Հատտէճեանի ջանքերով և թերթի օգնությամբ ասպարեզ են եկել տասնյակ գրողներ ու հրապարակախոսներ, ներկայացվել են գրական-գեղարվեստական արժեք ունեցող ստեղծագործություններ, ընթերցողին հասանելի են դարձել  գրական փաղանգի հրաշալի արարումներ։ Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ նա շարունակում է պոլսահայ գրականության մյուս մեծերի լավագույն ավանդույթները՝ շուրջ ութ տասնյակ հատորներ կազմող  գրական ժառանգության մեջ խտացնելով նաև նոր ժամանակների շունչն ու ոգին: «Յուշատետր» սյունակի մեջ  հրատարակվող նրա  ամենօրյա գրական, փիլիսոփայական խոհագրությունները հանապազօրյա հացի պես անհրաժեշտ են մեր ժողովրդին թե՛ Սփյուռքում, և թե՛ Հայրենիքում, քանի որ չկա ազգային հնչեղություն ունեցող որևէ խնդիր, որին Հատտէճեանը չանդրադառնա՝ փորձելով նաև  ցույց տալ տագնապահարույց խնդիրների լուծման ուղիները:

          Հիսուն տարուց ավելին Ռոպեր Հատտէճեանի  նվիրումի, անխոնջ աշխատանքի ու ստեղծագործ ջանքերի շնորհիվ «Մարմարա»-ն մտել է հայ օջախները` որպես հայ միտքն ու ոգին ավանդող սիրելի ուսուցիչ և ցանկալի ավետաբեր: Նրա բազմավաստակ գործունեության և թերթի շնորհիվ սերտացել է  Հայրենիք-Սփյուռք գործակցությունը, քանի որ այն  տարածվում է ողջ Սփյուռքում, ինչպես նաև այն նպաստել է ստամբուլահայ համայնքի ինքնատիպ դիմագծի պահպանմանը: Հատտէճեանը պոլսահայ միտքն առաջնորդող ավագ սերնդի այն կարկառուն ներկայացուցիչներից է, ով անուրանալի դերակատարություն ունի ինչպես Հայաստանի  հետ հայ  համայնքի կապերի ամրապնդման ու զարգացման, այնպես էլ այդ կապերի գիտական մեկնաբանման և զարգացման գործում:

         Նա մշակույթի ոլորտի այն բացառիկ անհատականություններից եք, որոնք իրենց ողջ կյանքն ու աստվածատուր շնորհը ծառայեցնում են հայապահպանությանը, հայ մշակույթի, ոգու և տեսակի պահպանմանը:

 Խմբագրապետն իր  բազմավաստակ գործունեությունն իրականացնելիս, իր հարուստ ստեղծագործական կենսագրությունը կերտելիս` միշտ առաջնորդվել է հայ ժողովրդին բնորոշ իմաստությամբ, գենետիկ հիշողությամբ և արյան լուսավոր կանչով:

           Հատտէճեանն իր  գրականությամբ, խոսքի, գրչի և անձնական օրինակի ուժով փաստում է, որ ՀԱՅ-ը Պոլսում շարունակում է իր ստեղծագործ ներկայությունը, որ Վարուժանի, Սևակի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Հակոբ Պարոնյանի, Զահրատի, Խրախունու և պոլսահայ գրականության մյուս մեծերի հայերենը շարունակում է շողշողալ  «Մարմարա»-յի էջերում ու լուսավորել հայության ճանապարհը:

        Նաև իր  ներկայությամբ է, որ հայությունն այսօր Թուրքիայում չի տկարանում, չի ընկրկում, զգում է իր ինքնության հորդումները և տեր է կանգնում իր ազգային պատկանելությանն ու արժեքներին, փորձում է զարգացնել Արևմտյան Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթները:  Եվ, բնական է, որ նա համայն հայության կողմից է գնահատված  ինչպես Պոլսում, Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում ու արդարորեն արժանացել է բազում պարգևների՝ լինեն դրանք գրական-մշակութային, եկեղեցական, թե պետական: Գնահատելով նրա լուրջ վաստակը՝ որպես գրող, հրապարակախոս, խմբագրապետ ու մտավորական՝ ՀՀ Նախագահն արժանիորեն նրան պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց›› շքանշանով: Եվ նրա բազում պարգևների կողքին ավելացնում ենք ՀՀ սփյուռքի նախարարության  բարձրագույն պարգևը՝ Ոսկի մեդալը:

          Մաղթում եմ մեր խմբագրապետին ամուր  առողջություն, որպեսզի  շարունակի իր ազնիվ ու հայրենանվեր գրչով ու արվեստով Հայի մեջ  ամուր պահել մեր խորհրդանշական Հոգետունը:    


100-ամյակի շեմին տխուր լուրը մեծ ցավ պատճառեց Հատտէճեանին ճանաչողներին։

Անդառնալի այս  կորստյան առիթով ցավակցում եմ իր հարազատներին,  բարեկամներին, պոլսահայությանը և նրան ճանաչողներին:

‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:

Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի  հիմնադիր նախարար,

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին