Տեսակէտ
ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Չհաւատալ, չվստահել ու չյարգել բոլոր նրանց, ովքեր լսածներն առանց ստուգելու կրկնում են ու թութակում են։ Մեր օրերում թութակողների թիւը շատ շատ է։
Վերջերս շատ կարդացինք Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների առաքինի լինելու մասին․ ոմանք հաւասարութեան նշան դրեցին կուսակրօնութեան եւ առաքինութեան միջեւ։ Լաւ։ Այս մասին կը գրեմ եզրափակիչ գրութիւնով։
Գուցէ ոմանք չգիտեն, որ հայ կաթողիկոսները՝ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսաւորիչից սկսած, ամուսնանում էին, զաւակներ էին ունենում, եւ կաթողիկոսութեան գահը՝ ինչպէս թագաւորութիւններն էին, ժառանգում էին նրանց աւագ որդիները։
Գրեմ միայն մի կաթողիկոսի մասին, որի անունը հաւանաբար, կամ վստահաբար լսել էք,- Սահակ Ա․ Պարթեւ, որի օժանդակութեամբ Մեսրոպ Մաշտոցը գտաւ հայ գրերը եւ ամբողջացրեց։
Սահակ Պարթեւը հայոց 10-րդ կաթողիկոսն է՝ Գրիգոր Լուսաւորիչի տոհմից։ Նա զաւակն է Ներսէս Ա․ Մեծ կաթողիկոսի, ով ամուսնացել էր Մամիկոնեանների տոհմից Սահանդուխտի հետ։ Կարծում եմ այսքանը բաւական է ձեզ մօտ հետաքրքրութիւն առաջացնել ծանօթալու թէ՛ Հայոց պատմութեան, թէ՛ Հայ եկեղեցու պատմութեան հետ։
Գուցէ նաեւ հետաքրքրուէք իմանալու թէ կուսակրօնութիւնը երբ, ում պարտադրանքով եւ ինչպէս դարձաւ բարձրաստիճան հոգեւորականութեան համար կարգ եւ կանոն։ Նիւթը ծաւալուն է։
* * *
Հին դարերում, Միջնադարում եւ նոյնիսկ աւելի մօտ ժամանակներում, հայ կինը ծածկում էր մարմինն ու մազերը, շատ տարածուած է քօղի գործածութիւնը՝ յատկապէս ամուսնացած կանանց մօտ։
Արդէն վաղուց, ե՛ւ հիմա, կանայք չունեն նման պարտադրանք։ Մշակութային տարբեր հարթակներով, օրինակ հէնց կինոաշխարհում կինը հանդէս է գալիս շատ ազատ, նոյնիսկ մերկ։ Կանանց մարմինն ու դէմքը վաղուց ծածկուած չէ, ու նման պայմաններում խօսել կուսակրօնութիւնից, գոնէ ինձ համար անհասկանալի է։ Յատկապէս նկատի ունենանք, որ մեր եկեղեցին ի սկզբանէ կուսակրօնութեանը չի դաւանել։
Գուցէ ժամն է, որ Հայ Առաքելական եկեղեցում վերանայուի շատ բան․ օրինակ՝ կուսակրօն լինելը պարտադրանք չլինի այսուհետ։
Այն՝ ինչ կատարւում է հիմա Հայաստանում նիկոլի ու ՔՊ-ի կողմից, նպատակ ունի հերթական հարուածը հասցնել հայութեան ազգային արմատներին, այս անգամ մեր եկեղեցուն։
Արդե՞ք նիկոլը ՉԳԻՏԻ մեր եկեղեցու պատմութիւնը․ ԳԻՏԻ՞ որ մեր եկեղեցում կաթողիկոսութեան գահը ժառանգական է եղել։
Չեմ ուզում մանրամասն գրել այն հսկայ աշխատանքների մասին, որոնք կատարեցին մեր հոգեւոր հայրերը պատմութեան ընթացքում։ Ոսկեդարը հոգեւորականութեան ձեռքբերումն է։ Մեր հսկայ պատմագիրները, թարգմանիչները, կրթութեան, լուսաւորութեան եւ երաժշտութեան մեր երախտաւորները եղել են հոգեւորականները։ Մտէ՛ք Մատենադարան․․․ Այնտեղ կը հանդիպէք մագաղաթների եւ հայ մշակոյթը մեզ աւանդ թողած աւելի քան 21,000 մշակութային ժառանգութեան, որոնք գրել, ծաղկել/ նկարել, կրկնօրինակել են մեր հոգեւոր հայրերը՝ մոմի աղօտ լոյսի ներքոյ։ Ուսումնասիրէք հայ համայնքների պատմութիւնը․․․ Դուք չէք կարող համաձայն չլինել այն մտքի հետ, որ հայոց պետականութեան բացակայութեան պայմաններում, ու հիմա սփիւռքում, հէնց եկեղեցին է իր ուսերին վերցրել հայապահպանութեան վիթխարի գործը։
Ուրանալ այս ամենը՝ նիկոլին հաճոյանալու համար՝ նիկոլին թութակելու, ուրիշներին կապկելու ճամբով, ինձ համար լրիւ անհասկանալի է, չասելու համար՝ զզուելի։ Եւ․․․ նրանք՝ բոլորը, նոր են յիշել կուսակրօնութեան հարցը․․․
Ու եզրակացնեմ,-
Ես հաւասարութեան նշան չեմ դնում առաքինի լինելու եւ կուսակրօնութեան միջեւ։ Պատմութեան ընթացքում քանի կուսակրօն հոգեւորականներ ենք ունեցել մենք, որոնք Հայաստանի քաղաքների դարպասները բացել են թշնամիների դիմաց․․․
Հայութիւնը երբ պիտի ազատուի մակերեսային ու տափակ դատումներից։ Ե՞րբ պիտի սովորենք չթութակել ու չկապկել ուրիշներին․․․ Գուցէ փրկութեան բանալին հէնց այստեղ է գտնւում։ Այսքան անտեղեակ ու տգէտ․․․ Դէպի ո՞ւր։