Հարցազրոյց
Վարեց՝ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Փորձարարական կինոբեմադրիչ եւ արխիւագէտ Շանթալ Փարթամեանը ծնուել է Բեյրութում՝ հայ հոր եւ լիբանանցի արաբ մոր ընտանիքում։ Մասնագիտացել է «Սուփըր 8 մմ» կինոժապաւէններին առնչուող աշխատանքի մէջ։ Նրա ֆիլմերը ներկայացուել եւ պարգեւատրուել են բազմաթիւ փառատօներում, դրանք տարածում են «Վիտէոկրաֆ», «Կրուփ ինթերվենշըն վիտէօ» կազմակերպութիւնները եւ Գանատացի կինոգործիչների գործերը տարածող կեդրոնը։ Փարթամեանը հիմնել է «Քացախ միջերկրածովեան արխիւներ» նախագիծը, որը զբաղւում է արեւելեան Միջերկրածովի կինոժապաւէնների պահպանմամբ ու վերականգնմամբ։ Նաեւ հետազօտում է արխիւային աշխատանքի ձեւերը հակամարտութեան գօտիներում։ Նկարահանել է տեսահոլովակներ, աշխատել որպէս բեմադրիչի օգնական, օպերատոր եւ մոնթաժող մի շարք վաւերագրական եւ կարճամեթրաժ ֆիլմերում։ Շանթալը նաեւ գրում է անգլերէն եւ ֆրանսերէն յօդուածներ՝ նուիրուած կինոյին, գենդերային հարցերին ու նման այլ թեմաների, մասնաւորապես՝ «Քատրից դուրս» գանատական ֆրանսալեզու առցանց հանդէսում։
–Շանթա՛լ, դուք ձեր նախագծին տուել էք մի անսովոր անուն՝ «Քացախ»՝ թերեւս ակնարկելով դրա պահպանող յատկութիւնը։ Ինչպիսի՞ն է արխիւային կինոժապաւէնների ձեռքբերման եւ վերականգնման ընթացքը։
–«Քացախ միջերկրածովեան արխիւներն» անկախ կինոարխիւային եւ հետազօտական ծրագիր է, որը նպատակ ունի հաւաքել, պահպանել եւ «վերակենդանացնել» Արեւելեան Միջերկրածովեայ շրջանում 1900-1980 թթ․ ստեղծուած սիրողական եւ սեփական նախաձեռնութեամբ իրականացուած կինոժապաւէնները, հիմնականում՝ փոքր ձեւաչափով (8մմ, 9.5մմ կամ 16մմ) նկարահանուած ֆիլմեր։ Ես ընտրեցի «քացախ» անունը ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում էի նախագիծը կապել հայերէն բառի հետ, այլ նաեւ այն իմաստով, թէ ինչպէս եմ վերաբերւում պատկերներին։ Այն նաեւ ակնարկում է «քացախի սինտրոմը», քիմիական քայքայման մի տեսակ, որը ժամանակի ընթացքում ազդում է ացետատային կինոժապաւէնների վրայ։ Երբ ժապաւէնն սկսում է փչանալ, այն արձակում է ուժեղ քացախային հոտ՝ որպէս հնարաւոր կորստի նշան։ Այդ փոխաբերութիւնն ինձ համար հնչեղ է մի քանի մակարդակով․ այն ոչ միայն բառացի զգուշացում է արխիւների փխրունութեան մասին, այլեւ խօսում է մշակութային յիշողութեան, տրավմայի եւ պահպանման հրատապութեան վերաբերեալ։
Արխիւային ժապաւէնների վերականգնման ընթացքը յաճախ սկսւում է նիւթի որոնմամբ՝ կապ հաստատելով ընտանիքների, անհատների կամ համայնքների հետ։ Սրանք հիմնականում սիրողական ֆիլմեր են՝ ընտանեկան արձակուրդներ, հանրային հաւաքներ կամ պահեր, որոնք արժանի են եղել յիշատակման, բայց երբեք չեն ստեղծուել հանրային ցուցադրման համար։ Երբ նիւթը հասնում է իմ ձեռքը, նախ ֆիզիքապէս ստուգւում ու վերանորոգւում է։ Ես իրականացնում եմ մաքուր մեխանիկական վերականգնում՝ փոշու մաքրում, կտրուած հատուածների միացում, ծռուած ժապաւէնների շտկում եւ սքանաւորման նախապատրաստում։ Խուսափում եմ ծանր թուայնացուած վերամշակումից, քանի որ իմ նպատակը տեսապատկերի բուն ամբողջականութիւնը պահպանելն է։ Իմ դերը նիւթը «գեղեցկացնելու» մէջ չէ, այլ պահպանելու նրա նիւթական ճշմարտութիւնն ու նորից տեսանելի դարձնելու հնարաւորութիւնը։
–Այսինքն՝ նոր կեանք էք պարգեւում սիրողական հին կինոժապաւէններին։ Չեմ կարող չյիշել մոնտաժային ֆիլմեր ստեղծած Հայ կինոռեժիսորների, որոնք նոյնպէս օգտագործել են հին կինոնիւթեր իրենց աշխատանքներում՝ Արտաւազդ Փելեշեանը Հայաստանում, Երուանդ Ջանիկեանը Իտալիայում, Սիլվինա Տէր–Մկրտիչեանը Գերմանիայում։
–Դուք յիշատակեցիք իմ սիրելի կինոբեմադրիչներից մի քանիսին։ Ես մեծապէս հիացած եմ Արտաւազդ Փելեշժեանի ստեղծագործութեամբ։ Նրա մասին ֆրանսերէն յօդուած եմ գրել։ Նոյն կերպ ինձ խորապէս յուզում է Երուանդ Ջանիկեանի եւ Անջելա Ռիչի Լուկիի ստեղծագործութիւնը, որոնց գտած քատրերի մանրակրկիտ վերամշակումն իրական տարածք է բացում զգալու, վկայագրելու եւ դիմադրութեան համար։ Նրանց «Գեռնիկային դէմ յանդիման» ֆիլմի մասին ես գրել եմ Քէպէքի ֆիլմադարանի համար։ Վերջերս ծանօթացել եմ նաեւ Սիլվինայի աշխատանքներին, նա շատ մօտ է իմ իսկ «մտասեւեռումներին»։
–Ի՞նչ ազդեցութիւն ունեն արհեստական բանականութեան եւ վերականգնման թեխնոլոկիաների վերջին զարգացումները ձեր արխիւային աշխատանքների վրայ։
–Թէեւ արհեստական բանականութեան (Ա.Բ.) եւ թուային վերականգնման գործիքները փոխում են արխիւային միջավայրը, իմ մօտեցումը շարունակում է մնալ շօշափելի եւ անալոգային։ Իմ նախագիծն անձնական է, ինքնաֆինանսաւորուող եւ հիմնուած է դանդաղ, ձեռքով կատարուող մեթոդաբանութեան վրայ։ Սա մի տեսակ հակաարխիւային մօտեցում է, որը հիմնուած է ֆիզիքական ներկայութեան, համբերութեան եւ փխրուն նիւթի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի վրայ։ Հետեւաբար՝ ես դեռ չեմ ներառել ԱԲ-ն իմ աշխատանքում։ Այնուամենայնիւ, գիտեմ, որ ԱԲ-ն հաստատապէս յեղափոխել է ինստիտուցիոնալ հարթակները՝ մեծ բազաների կարգաւորման, մետատուեալների ստեղծման, պատկերների թեքստի վերածման, ինչպէս նաեւ դէմքերի կամ աշխարհագրական վայրերի ճանաչման ոլորտներում։ Այս գործիքները պահանջում են թեքնոլոկիական ենթակառուցուածք, որը յաճախ հասանելի չէ իմ նման անկախ նախագծերի համար։ Աւելին, դրանք բերում են նաեւ նոր էթիկական հարցեր՝ կապուած հեղինակութեան, ջնջման եւ յիշողութեան մեքենայական տրամաբանութեան միջոցով ձեւաւորման կերպերի հետ։
–Կը ներկայացնէ՞ք մանրամասներ հայոց պատմութեանն առնչուող ձեր հետազօտութեան մասին եւ թէ ինչպէ՞ս է այն ձեւաւորում ձեր աշխատանքը արխիւային կինոժապաւէնների հետ։
–Հայոց պատմութեանն առնչուող իմ ներկայ հետազօտութիւնը խորը կապ ունի իմ արխիւային աշխատանքի հետ եւ ձեւաւորում է թէ՛ մեթոդաբանութիւնը, թէ՛ էթիկան։ Վերջերս մի քանի պատմաբաններ ինձ տրամադրեցին մի քանի համր ժապաւէններ, որոնք, հաւանաբար, նկարահանուել են 1900-ականների սկզբին։ Դրանք անանուն են եւ չունեն յստակ համաթեքստ, բայց ըստ տեղանքի, հագուստների ու մթնոլորտի՝ կարծես պատկերում են Օսմանեան կայսրութիւնում ապրող հայերին։ Սակայն առանց վաւերական փաստաթղթերի այդ պատկերները մնում են անորոշութեան մէջ։
Այս տեղեկութեան բացակայութիւնը ընդգծում է արխիւային աշխատանքի կարեւորութիւնը. ոչ միայն որպէս նիւթի պահպանում եւ վերականգնում, այլեւ որպէս դրանց պատշաճ պատմականացման պարտաւորութիւն։ Ես ինձ համարում եմ այդ պատառիկները զգուշութեամբ ուսումնասիրելու, հնարաւորինս ճշգրիտ թուագրելու եւ մատենանշելու, ինչպէս նաեւ աւելի լայն պատմական ու մշակութային համատեքստում տեղադրելու պատասխանատու։ Դա դանդաղ եւ խիստ գործընթաց է, որը յաճախ պահանջում է համագործակցութիւն պատմաբանների, ազգագրագէտների եւ տեղական համայնքների հետ։ Նպատակն ինչ-որ իմաստ «հնարելը» չէ, այլ թոյլ տալը, որ այդ կադրերը հասկացուեն իրենց բարդ ժամանակագրական հիւսուածքում՝ խուսափելով թիւրըմբռնումից կամ շահագործումից։ Այդ պատկերներին մօտենում եմ պատասխանատուութեամբ, ոչ միայն դրանք հանրայնացնելու, այլեւ այդ գործողութիւնը պատուով կատարելու մտայնութեամբ՝ յարգելով այնտեղ պատկերուած մարդկանց եւ նրանց պատմութիւնները։ Հաւատում եմ, որ նման հետազօտական եւ արխիւային մօտեցմամբ կարող ենք ընդլայնել արդեն իսկ բազմաշերտ եւ հարուստ հայկական տեսողական բառապաշար՝ դուրս գալով միայն տրավմայի ու գոյատեւման պատկերներից եւ վերականգնելով կեանքի աւելի լայն ու նրբագեղ հորիզոններ։ Այդ ժապաւէնները կարող են էական շերտեր աւելացնել մեր անցեալի բազմազանութեանը եւ բացել ինքնաճանաչման նոր ուղիներ՝ որպէս բարդ ու յարատեւ ներկայութիւն պատմութեան մէջ։
–Յիշում եմ Փարթամեան ազգանուամբ երկու ուշագրաւ անհատների՝ հայաստանցի գրականագէտ Վարդան Փարթամեանին ու ամերիկահայ օփերային երգչուհի Մարո Փարթամեանին։ Պատմէ՛ք, խնդրեմ, ձեր գերդաստանի մասին։
–Սա շատ գեղեցիկ հարց է, որովհետեւ շօշափում է սփիւռքեան կապերին եւ «ցրուած ազգակցութեան» հնարաւորութեանը։ Ուղղակի ազգակցական կապ չունեմ ձեր նշած անձանց հետ, թէեւ Մարոյի հետ կապ հաստատեցի առցանց՝ հիացմունքս յայտնելով նրա ձայնի եւ ստեղծագործութեան հանդէպ։ Իսկ իմ ընտանիքը սերում է Այնթապից։ Իմ մեծ պապերն այնտեղ ուսուցիչներ են եղել տեղական քոլեճում։ Վերահաս աղէտի մասին նրանց զգուշացրել է իրենց աշակերտը՝ Այնթապի փաշայի զաւակներից մէկը։ Նրանք փախել են Հալէպ, իսկ մնացածները սպաննուել են։ Հալէպում ծնուել է իմ պապը։ Ընտանիքը յետոյ տեղափոխուել է Քեսապ, նորից Հալէպ, ապա Ռայաք՝ Զահլէի մօտ։ Ռայաքում՝ ֆրանսիական բանակի ներկայութեան պայմաններում, իմ պապը սովորել է լուսանկարել։ Աւելի ուշ տեղափոխուել է Պէյրութ եւ դարձել կինոյի ու շարժապատկերի մշակոյթի ռահվիրաներից Լիբանանում։ Այդ ժառանգութիւնը շարունակել է հայրս, ապա ես, քոյրս եւ եղբայրս։
–Փաստօրէն, ձեր մեծ հայրը լիբանանեան կինոյի օփերաթոր Անտոն Փարթամեանն էր… Շանթա՛լ, ձեր «Սանջաք» ֆիլմում անդրադառնում էք ձեր հայկական ծագմանը՝ ձեր տատիկի յիշողութիւնների միջոցով։ Որքանո՞վ է ներկայ հայ ինքնութիւնը ձեր ստեղծագործութիւններում։
–Իմ հայ ինքնութիւնը խորապէս ներկայ է իմ ստեղծած ամեն ինչում։ Դա միշտ չէ, որ արտայայտւում է ուղիղ կամ խորհրդանշական կերպով։ Երբեմն դա երեւում է ռիթմի, յիշողութեան, բացակայութեան կամ անգամ քատրաւորման միջոցով։ Մեծանալով սփիւռքեան միջավայրում, մի լեզուի շրջապատում, որը միշտ չէր հրապարակաւ խօսւում, պատմութեան մէջ, որն ընտանիքում դժուար էր բացայայտ կերպով արտայայտել, եւ մշակոյթի մէջ, որը մշտապէս իր գոյութեան իրաւունքն էր ապացուցում՝ այդ պայմանները ձեւաւորեցին իմ տեսնելու ու ստեղծագործելու իմ կերպը։
«Սանջաքը» զուտ անձնական ֆիլմ է՝ հիմնուած տատիկիս յիշողութիւնների վրայ, բայց նաեւ՝ նրա կրած լռութիւնների, պատմութիւնների բացթողումների, առօրեայ կեանքի ծիսակարգերի, տրավմայի սերնդային արձագանգների վրայ։ Իմ աշխատանքը փորձում է վերագծել այդ արձագանգները, հասկանալ չասուածը եւ գտնել նոր ձեւեր, որոնցով կարելի է խօսել այդ մասին։ Նոյնիսկ երբ աշխատանքս թւում է վերացական կամ կենտրոնացած է այլ թեմաների վրայ, նրա հիմքում յաճախ այդ նոյն կէտն է։ Ես հայկական ինքնութիւնը դիտարկում եմ ոչ թէ որպէս ամրագրուած կէտ, այլ որպէս շարժուն ներկայութիւն՝ զարգացող, անսպասելի ձեւերով դրսևորուող։
–Դուք բազմիցս եղել էք Հայաստանում…
–…եւ իւրաքանչիւր այց թողել է իր առանձնայատուկ հետքը։ Իմ առաջին այցելութիւնները 2000-ականների սկզբին, բարդ էին։ Շատ սփիւռքահայերի պէս, ես նոյնպէս մեծացել էի մի հզօր պատկանելիութեան զգացումով՝ կապուած երբեւէ չտեսած մի հայրենիքի հետ։ Հայաստանի գաղափարը լցուած էր յուզական լիցքերով, գրեթէ առասպելական։ Բայց հասնելով այնտեղ՝ բախուեցի մի իրականութեան, որտեղ այդ հայրենիքը չէր «ճանաչում» ինձ։ Լեզուական, մշակութային ու քաղաքական տարբերութիւնները ցնցող էին։ Ամենուր ռուսերէն էր, ինչպէս նաեւ՝ յետխորհրդային մտածողութիւն։ Հասկացայ, որ հայ լինելը միատարր փորձառութիւն չէ, այլ աշխարհագրութեամբ եւ պատմութեամբ ձեւաւորուած սպեկտր։
Սակայն ժամանակի ընթացքում այդ զգացողութիւնը փոխուեց։ Ամեն այցի հետ աւելի մեծ բացութիւն էի զգում՝ թէ՛ իմ, թէ՛ միւսների կողմից։ Սիրիայից, Լիբանանից ու այլ վայրերից եկող հայերի ներկայութիւնը եւս նպաստել է Երեւանի եւ այլ քաղաքների մէջ Սփիւռքի տարբեր շերտերի հանդէպ ըմբռնման աճին։ Կարծում եմ, որ այժմ աւելի շատ երկխօսութիւն կայ տեղացիների եւ սփիւռքահայերի միջեւ, աւելի շատ գիտակցութիւն՝ մեր տարբեր պատմութիւնների հանդէպ, աւելի շատ հետաքրքրութիւն՝ դատելու փոխարէն։ Մօտ մէկ տարի առաջ կատարած վերջին այցս հաստատեց դա։ Ես այլեւս միաձեւութիւն չեմ փնտռո․ հետաքրքրուած եմ հայ լինելու բազմաձեւութիւններով…:
«Ազգ»