Հայ Ազգային Ռամկավար Կուսակցութեան Յայտարարութիւնը՝ Հայաստանի Հանրապետութիւնում Եկեղեցու Նկատմամբ Պետական եւ Քաղաքական Հալածանքների Մասին
Այսօր մենք ականատես ենք լինում մի վտանգաւոր եւ դատապարտելի երեւոյթի՝ մեր պետականութեան հիմքերից մէկը հանդիսացող Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ նպատակաուղղուած յարձակման։ Վերջին տարիներին իշխանութիւնների կողմից մշակուող քաղաքականութիւնը ակնյայտօրէն միտուած է մեկուսացնելու եկեղեցուն հանրային դաշտից, նսեմացնելու նրա դերը, վարկաբեկելու հոգեւորականներին եւ խաթարելու ժողովրդի եւ եկեղեցու միջեւ ձեւաւորուած դարաւոր կապը։
Մենք չենք կարող լռել, երբ պետական իշխանութեան ներկայացուցիչները չարաշահում են իրենց դիրքը՝ թիրախաւորելով սրբավայրերը, եկեղեցական ակտիւութիւնը ներկայացնում որպէս քաղաքական խոչընդոտ եւ միջամտում են հոգեւոր կեանքի բնականոն ընթացքին։
Եկեղեցու դէմ պայքարը՝ ազգի դէմ պայքար է։ Մեր հոգեւոր եւ ազգային ինքնութեան հիմնական հենասիւներից մէկի կործանումը միայն մէկ նպատակ ունի՝ վերացնել ազգային դիմադրութեան վերջին ամրոցները եւ ճանապարհ բացել օտար քարոզչութեան ու կործանարար գաղափարների համար։
Ռամկավար կուսակցութիւնը վճռական է.
Պաշտպանել եկեղեցու իրաւունքներն ու ազատ գործունութիւնը պետական մակարդակով, համապատասխան ՀՀ Սահմանադրութեանը։
Օրէնսդրական նախաձեռնութեամբ արգելել պետական մարմինների կողմից որեւէ տեսակի միջամտութիւն եկեղեցու ներքին կեանքին։
Ապահովել ազգային եկեղեցու անխոչընդոտ ներկայութիւնը հանրային կեանքում, կրթութեան ոլորտում, զինուած ուժերում եւ ընտանիքում։
Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին՝ կանգնել եկեղեցու կողքին, իսկ բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերին՝ դադարեցնել էժանագին հակաեկեղեցական շահարկումները։
Հայաստանը առանց իր եկեղեցու՝ պարզապէս կը դադարի լինել Հայաստան։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
2025 թ. Յունիս