Մեզի գաղափարակից եւ զինակից, Հայաստանի «Զարթօնք» Ազգային-Քրիստոնէական կուսակցութեան նախագահ՝ մասնագիտութեամբ փաստաբան Արա Զոհրապեան, որ անդամ է Միքայէլ սրբազանի պաշտպանական իրաւաբանական խումբին, որոշ մանրամասնութիւններ կը յայտնէ Յունիսի 27-ին ծաւալած իրադարձութիւններէն.
«Զ.»
Հաշուի առնելով համացանցում տարաբնոյթ մեկնաբանութիւնները, կը ցանկանամ երկու տեսակէտի արձագանգել:
Նախ, համառօտ կը ներկայացնեմ ինչ է տեղի ունեցել: 2025թ. յունիսի 27-ին Մայր Աթոռում հրաւիրուել էր քահանաների ժողով, որի աշխատանքները համակարգելու էր Միքայէլ սրբազանը: Այդ ժողովի կազմակերպչական աշխատանքները սկսուել էին մօտ մէկ ամիս առաջ:
Քրէական վարոյթը նախաձեռնել են 2025թ. յունիսի 17-ին, սակայն ընտրել են յունիսի 27-ը Միքայէլ սրբազանին ձերբակալելու համար:
Առաւօտեան վաղ, երբ ԱԱԾ աշխատակիցները այցելել են Մայր Աթոռ, իրենց տեղեկացրել ենք, որ 200-ից աւել քահանայ է մասնակցում ժողովին եւ սխալ է դիտուելու, որպէսզի բոլորի աչքի առջեւ դուք իրենց հոգեւոր հօրը կամ եղբօրը ձերբակալէք: Առաջարկուել է ժողովից յետոյ Միքայէլ սրբազանը կամովին կը ներկայանայ, քանի որ խուսափելու մտադրութիւն չի ունեցել: ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնուել, եւ ասել են, որ պէտք է հիմա կատարեն քննիչի որոշումը:
Երբ լուրը Միքայէլ սրբազանի հետ ասեցինք քահանաներին, դա առաջացրեց իրենց արդար զայրոյթը: Ներկայ քահանաները դա համարեցին Եկեղեցու եւ հոգեւոր դասի դէմ ուղղուած քայլ:
Այդ ընթացքում Մայր Աթոռի տարածք ներխուժեցին դիմակաւորուած ԱԱԾ յատուկ ջոկատի ծառայողները եւ ոստիկանները: Ընթացքում նաեւ քաղաքացիներ էին ներս մտնում:
Իմ կարծիքով իշխանութիւնները յատուկ սրեցին վիճակը, բայց այն դուրս եկաւ իրենց վերահսկողութիւնից, քանի որ ներկայացող քաղաքացիներն իրենց գիտակցութեան մէջ Մայր Աթոռը պաշտպանում էին ապօրինի ներխուժումից:
ԱԱԾ եւ ոստիկանութեան ծառայողների մի քանի գրոհի փորձերը ձախողուեցին, ինչից ելնելով նրանք նահանջեցին: Ի դէպ չեմ կարող չնշել, որ ԱԱԾ եւ ոստիկանութեան ծառայողների մի մասի սրտով չէր այդ գործընթացը:
Այդ ընթացքում Միքայէլ սրբազանը 2 անգամ փորձ է կատարել նստել մեքենան եւ գնալ քննչական կոմիտէ, բայց օբյեկտիվորեն չի կարողացել:
Հետագայում, երբ ոստիկանութեան եւ ԱԱԾ ծառայողները հեռացել էին, Միքայէլ սրբազանն իր պաշտպանների ուղեկցութեամբ կամովին ներկայացաւ քննչական կոմիտէ:
Հիմա անդրադառնամ տեսակէտներին.
*****
Տեսակէտ 1. Ինչո՞ւ Միքայէլ սրբազանը յանձնուեց, կամ ովքեր խորհուրդ տուեցին նրան.
Նախ ձերբակալուելը չի կարող համարուել յանձնուել: Որոշումը կայացրել է Միքայէլ սրբազանը: Ո՛չ կաթողիկոսը, ո՛չ էլ ներկայ եպիսկոպոսները չեն ազդել Միքայէլ սրբազանի որոշման վրայ: Սրբազանը ասում էր, ես չեմ վախենում եւ թաքցնելու բան չունեմ, ինքս եմ գնում: Միքայէլ սրբազանի հոգեւոր եղբայրներն ասել են, որ ինչ որոշում կայացնի, իր կողքին են: Եթէ Միքայէլ սրբազանին ճանաչէիք, ապա նման հարց չէր առաջանայ, որ իրեն կարող են ցուցում տալ կամ ազդել իր վրայ անելու մի բան, որը չի ուզում անել: Ես ինքս էլ, որպէս փաստաբան կարծիք եմ յայտնել, որ ճիշտ է կամովին գնալը, քանի որ հակառակ դէպքում դա կը մեկնաբանեն, որպէս քննութիւնից խուսափում:
Այսպէս ասեմ, կար 2 տարբերակ՝ կամովին գնալ կամ հարկադրաբար: Երրորդ տարբերակ չկար, որքան էլ որ զգացմունքային ֆոնի տակ ասենք, որ թող չգնար մենք կը պաշտպանէինք: Ցերեկը չստացուեր, գիշերը կու գային: Գիշերը չստացուեր, Գիւմրի մեկնելիս կը ձերբակալէին:
Իշխանութիւնը եկեղեցու մասով հատել է բոլոր կարմիր գծերը, եւ պատրաստ էր ուժ կիրառելով եւ սրբազանին նուաստացնելով ձերբակալել: Դա չստացուեց միայն հոգեւորականների եւ եկեղեցու զաւակների ջանքերի շնորհիւ:
Ի դէպ, նշեմ, որ Արման Թաթոեանը ուշ է եկել Մայր Աթոռ, երբ վաղուց սրբազանի կողմից որոշումը կայացուած էր: Այնպէս, որ նա էլ չի ազդել սրբազանի վրայ:
*****
Տեսակէտ 2. Ինչո՞ւ Միքայէլ սրբազանը յայտարարութիւն տուեց վարչապետի թեկնածուի հետ կապուած հարցով
Քննչական կոմիտէի ճանապարհին լրագրողների կողմից այդ հարցը բարձրացուեց, իսկ հետագայում արդեն ամբողջ համացանցում պտտւում էր Էտմոն Մարուքեանի առաջարկած այն տարբերակը, որ պէտք է Միքայէլ սրբազանը լինի ընդդիմութեան վարչապետի թեկնածուն:
Ես հասկանում եմ, որ թէ բարի ցանկութիւններից, թէ քաղաքական հաշուարկներից ելնելով կարող են նման առաջարկներ լինել եւ տարածուել, սակայն եկէք այդ իրավիճակին նայենք Միքայէլ սրբազանի շահերի տեսակէտից:
Միքայէլ սրբազանին մեղադրում են իշխանութիւնը զաւթելուն ուղղուած կոչեր անելու համար: Միքայէլ սրբազանն ասում է, ես քրէական օրէնսգրքով արգելուած նման կոչեր չեմ արել:
Եւ այս գործընթացին զուգահեռ Միքայէլ սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել եւ իր համաձայնութիւնը ստանալ:
Նոյնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացուել էին դատարան, որպէսզի կալանաւորման միջնորդութիւնը հիմնաւորեն:
Իշխանութիւնը, ինչպէս Եկեղեցուն, այնպէս էլ Միքայէլ սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ սրբազանի գործի հետ, որպէսզի ցոյց տայ, որ տեսէք եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանութիւն փոխել, իսկ սրբազանի «կոչը» այդ լոյսի ներքոյ է ցանկանում ներկայացնել:
Եթէ յիշէք Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնները, ապա կը տեսնէք, որ այդ կապն են փորձում արհեստականօրէն ստեղծել:
Մի քանի օր առաջ Բագրատ սրբազանի գործի հետ կապուած ձայնագրութիւններ էր տեղադրում Նիկոլ Փաշինեանը եւ զուգահեռ մեկնաբանութիւններ էր կատարում, փորձելով դա կապել Մայր Աթոռի հետ:
Բագրատ սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մէջ նա մտել է իր անձնական պատասխանատուութեամբ, ինչի առնչությամբ նրա՝ Տաւուշի թեմի առաջնորդի լիազօրութիւնները կասեցուած են:
Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայէլ սրբազանը յստակ յայտարարութիւն է կատարել: Այդ յայտարարութիւնը կազմուել է 5 պաշտպանների ներկայութեամբ: Որեւէ մէկի հետ այդ մասին չի քննարկուել, դրսից զանգ չի եղել, ներսից զանգ չի եղել: Այդ որոշումը կայացրել է Միքայէլ սրբազանը: Մենք 5 պաշտպաններս համակարծիք ենք եղել սրբազանի հետ:
*****
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ.
Մնացած հարցերին, այդ թւում՝ քրէական գործի անհիմն լինելու եւ ապօրինի կալանաւորմանը կ՛անդրադառնանք 2025թ. յունիսի 30-ին ժամը 10:30-ին, ՀՀ փաստաբանների պալատի Մեծ դահլիճում՝ Միքայէլ սրբազանի պաշտպանական թիմի կողմից հրաւիրուած ասուլիսի ժամանակ:
Այնպէս, որ լրագրողներին հրաւիրում ենք ասուլիսի: