Հայ անուանի բանաստեղծ, գրող, թատերագիր եւ հրապարակախօս Վազգէն Գարեգինի Օհանջանեանը (Վազգէն Օվեան/ Վազգեն Օվյան) ծնուել է 1932 թուականին, Լեռնային Ղարաբաղում, մահը՝ 1978 թուականին՝ նոյն վայրում։ Առաջարկում եմ կարդաք Օվեանի հեղինակած հատորները, յատկապէս հեքիաթները։
Ստորեւ բերում եմ մի հեքիաթ Օվեանից, որը ճիշտ ու ճիշտ հայութեան մեր ժամանակներն են․ նիկոլն է ու ՔՊ-ն, Հայաստանն ու սփիւռքն է իր ամբողջութեան մէջ։ Միշտ եւ ամեն տեղ կան բացառութիւններ, անշուշտ։ Խօսքը բացառութիւնների մասին չէ։
Հեքիաթ է փառամոլ էշի մասին, ում իշխանաւոր են կարգում։ Հեքիաթ է երկիրը տնօրինողների որակի մասին։ Կարդանք այս հեքիաթը, որը գուցէ մղում առաջացնի մեզ մօտ՝ ծանօթանալու Օվեանի գրական ուրիշ գործերի հետ։ Հեքիաթները հասու են առցանց։
ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
ՀԵՔԻԱԹ ՓԱՌԱՄՈԼ ԷՇԻ ՄԱՍԻՆ
Վազգեն ՕՎՅԱՆ
Ես այս հեքիաթն իմ պապից եմ լսել,
Իմ պապն՝ իր պապից, սա էլ՝ իր պապից,
Հեղինակն ո՞վ է, դժուար է ասել…
Բայց եկէք հիմա չշեղուենք ճամբից,
Այսպէս սկսենք.
Ժուկով ժամանակ
Կար մի աւանակ,
Ուտում էր գարի,
Առանց պատճառի
Զռռում, խռնչում,
Առիւծի նման,
Բայց էշավարի
Մէկմէկ մռնչում:
Դէ էշ էր, էլի, երբ տեղն էր գալիս,
Վազում՝ մոխրի մէջ թաւալ էր տալիս,
Տնկում էր պոչը, ձայներ արձակում
Եւ ուրախանում…
Իր էշութիւնն էր մի խօսքով անում:
Պատահեց այնպէս, որ առիւծ արքան
Մի չար դիպուածով իր թախտից ընկաւ,
Աւանդեց հոգին:
Գայլն ու աղուէսը, օգտուելով պահից,
Ճիշտ ժամանակին,
Առաջ քաշեցին մեր աւանակին
Ու նստեցրին արքայի գահին:
Դա չար կատա՞կ էր,
Թէ՞ անմիտ դիպուած,
Ախր այս բանը որտե՞ղ է լսուած,
Որ հաստագլուխ մոխրաթաւալին,
Այդ շաշ տաւարին
Տանեն ու դնեն արքայի գահին,
Ասեն՝ գիտութեան ովկիանոս ու ծով,
Կբարեհաճէ՞ք ելոյթ ունենալ
Հեռուստացոյցով,
Լաւ սևացնել փլան-փստանին,
Յետոյ ընդունել այսինչ դեսպանին,
Քնքուշ սեռի հետ պարել մի քիչ վալս
Ու հրաւիրել պրես-կոնֆերանս…
Աւանակին էլ այդ էր հարկաւոր,
Իրեն հռչակեց մեծն թագաւոր,
Թքեց դարմանի ու խոտի դեզին,
Աղուէսին կարգեց առաջին վեզիր,
Գայլին՝ փոխարքայ,
Կատուին՝ զօրապետ,
Դոդոշին՝ դպիր ու սենեկապետ,
Խլուրդին դրեց երկրորդ տեղակալ
Ու պորտֆել տուեց մինիստրական,
Եւ բժշկապետ առնէտից սարքեց,
Ցեղակից ջորուն ծովակալ կարգեց,
Յետոյ արձակեց մի հրովարտակ.
– Իմ իշխանութեան, իմ դրօշի տակ
Թէ այծ, թէ ոչխար և թէ բորենի՝
Որտեղ էլ լինեն, ով էլ որ լինի –
Թէ վագր, թէ փիղ, թէ շուն և թէ մուկ՝
Ունեն հաւասար ձայն ու իրաւունք:
Գոմէշն ու եզը պիտի աշխատեն,
Վար ու ցանքս անեն, ճանապարհ հարթեն,
Իսկ ուղտը և ձին բեռ տանեն-բերեն,
Իմ հրահանգով միշտ ղեկավարուեն,
Ապրեն բոլորն էլ խաղաղ ու անքէն,
Նորին էշութեանն յարգեն ու պատուեն:
Եւ այնուհետև արքայից-արքան
Խորհուրդ գումարեց թագաւորական –
Իբր վագրը՝ այդ նենգ սրիկան,
Յանցանք է գործել հակապետական,
Յովազը գող է աշխարհին ի տես,
Ծուռթաթ արջուկը՝ ծպտուած լրտես,
Հապա գետաձի՜ն. նստել է գետում
Եւ տէրութեան դէմ կոչեր է նետում
Ու դաշնակցում է կոկորդիլոսին,
Այդ նացիոնալիստ ստոր միմոսին:-
Այստեղ մեր էշը զռռաց արխային,
Մի նոր որոշում հանեց էշային.
– Մենք նրանով ենք աշխարհում արդար,
Որ չենք ընդունում ոչ մի գաղափար,
Մեր մեծ իտէալն է իմ կաղապարը,
Թող կորչի յաւէտ այն գաղափարը,
Որ իշխում է մեր ուղեղին, մտքին,
Եւ թուլացնում մեր անմահ ոգին…
Կորչէ՛ մտքերի հին գէշութիւնը,
Կեցցէ՛ն էշերը և էշութիւնը:
Եւ աւանակը էշութեամբ իր բաց՝
Շատ հեռուն գնաց.
Նորին մեծութիւն իրեն հռչակեց,
Մեծ կոչումներ ու տիտղոսներ ճանկեց.
Դարձաւ գիտնական՝
Ակադեմիկոս, փայլուն հռետոր,
Աշխարհում որքան
Շքանշաններ ու մեդալներ կան,
Հաւաքեց, բերեց,
Իր կրծքին շարեց*
Եւ այսպէս ճառեց.
– Ինչքան խօսք ունեմ՝ դարձնել հատորներ,
Արձանս տնկել
Քաղաքներում մեր:
Երբ ականջներս ես թափահարեմ,
Դուք պարտաւոր էք ինձ ծափահարել,
Ձեզ համար թանկ է իմ խռնչիւնը,
Պոչիս շարժումը և մռնչիւնը,
Ես ձեր հաւատն եմ, աստուածը փրկիչ,
Ձեր տիրակալը՝ Էշ Աւանակիչ…
– Ապրի մեր արքան,- գոչեցին խնդուն
Աղուէսը, գայլը, դոդոշն ու կատուն,-
Ձեզնով հաստատ ու շէն է մեր տունը,
Կեցցէ՜ իմաստուն ձեր էշութիւնը:
Էշ Աւանակիչ.
Քաղաքական ու ռազմական գործիչ,
Գիտութեան տաճար,
Եզակի հանճար.
Լրագրերում ու հանդէսներում
Միշտ նրանից են ցիտատներ բերում.
Էշը ասել է. «Գարին լաւ բան է,
Հնձելուց առաջ նախ պիտի ցանել»,
Կամ՝ ինչպէս ասաց աւանակը մեր.
«Ամեն օր պիտի քնելուց առաջ
Առաջին հերթին շորերը հանել»:
Գոմէշ ու զեբր, սկիւռ ու կատու,
Նրա ճառերն են մի գլուխ կարդում,
Իսկ հնդկահաւը նրա անունով
Փքւում է, ուռչում,
Նրա կոչով է մեր աքաղաղը
Ծուղրուղու կանչում…
Եւ ամեն տեղ էլ՝ Աւանակիչը,
Դարի մեծ խիղճը-
Նրա շողով է ծիլը բարձրանում,
Նրա ծողով է միրգը քաղցրանում,
Առուն գետ դառնում,
Գետը դառնում ծով,
Օրը բացւում է նրա զռռոցով:
Եւ ինքն էլ իրեն համեստ է պահում,
Ոչ մի կոչումից չի հրաժարւում՝
Եւ դիպլոմատ է, և՛ հմուտ դեսպան,
Քաղաքագէտ է, փորձուած տեսաբան,
Արուեստաբան է, գիտութեան կաճառ,
Ակադեմիայի պատուաւոր անդամ,
Խոհուն ղեկավար, գործիչ անթերի,
Դափնեկիր բազում մրցանակների*.
Նա է աշխարհը պահող վեհ սիւնը,
Թող կեցցէ՜ յաւերժ մեր էշութիւնը:
Բայց էշը էշ է, գլխին թէկուզ թագ
Նա իր էշային փառամոլութեամբ
Այնքան զռզռաց ու զահլա տարաւ,
Որ երկրի վրայ պատուհաս դառաւ…
Եւ այստեղ ահա գայլն ու աղուէսը
Միտք արին կրկին,
Գահից ցած բերին մեր աւանակին,
Ասացին՝ գնա,
Մոխրում թաւալուիր,
Առատ գարի կեր, լենք տուր, ծաւալուիր,
Հերիք է որքան քանդես մեր տունը,
Թող կորչի՛ էշը և էշութիւնը:
Բայց արի ու տես, որ էշից յետոյ
Շատ արքաներ են գահ նստել հերթով-
Իրենց նախորդից տգէտ ու անգէտ՝
Լոկ էշութիւն են նրանք ժառանգել…
Եւ ամեն անգամ պալատ մտնելիս
Անպայման մէկին քացի են տալիս,
Պոչերն են շարժում, զռռում, խռնչում,
Առիւծի նման, բայց էշավարի
Մէկմէկ մռնչում…
1978 թ․