Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

«Եկեղեցու Հարցերը Լուծւում Են Եկեղեցական Կարգերի ու Կանոնների Համաձայն և Դուրս են Պետական և Քաղաքական Գործիչների Իրաւասութիւնից». Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Տեղի Ունեցաւ Գերագոյն Հոգևոր Խորհրդի Ժողով

Յունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփիւռքից։

Ժողովում քննարկուեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրաւէրներին, եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին և հասարակութեանը յուզող մի շարք հիմնախնդիրներին առնչուած հարցեր։

Մասնաւոր անդրադարձ կատարուեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրուած հակաեկեղեցական ամօթալի արշաւին: Այս կապակցութեամբ Գերագոյն հոգևոր խորհուրդը հանդէս եկաւ յայտարարութեամբ:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի վարչապետը պետական այրին անյարիր բառապաշարով, վիրաւորանքներով և մեղադրանքներով հերթական արշաւն է սկսել ընդդէմ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրէնքից վեր դասելով իր անձը։

Հայհոյախառն, անվայել խոսոյթներով յախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթութեան տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրաւունքները, կոպտօրէն վիրաւորում հաւատացեալների կրօնական զգացմունքները և սքօղւում կեղծ սրտացաւութեան հիմնաւորումներով։

Եկեղեցամարտ այս կեցուածքը ակնյայտօրէն թելադրուած է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կեանքում և միջազգային շրջանակներում յարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակութիւնը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նուազեցնելու նրա հանրային ազդեցութիւնը։ Կառավարութեան ղեկավարի հակաեկեղեցական պահուածքը, ազգային արժէքների և Եկեղեցու դէմ նախաձեռնած գործընթացները յղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականութեանը, մեր ժողովրդի միաբանութեանը թէ՛ հայրենիքում և թէ՛ սփիւռքում։ Այսպիսի գործողութիւնները պառակտում են հասարակութիւնը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանուիրումի բարձր գիտակցութիւնը յատկապէս առկայ մարտահրաւէրների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատեաց ուժերի նկրտումները՝ որոշակիօրէն կապակցուելով ազրպէյճանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղուած զրպարտութիւնների և կեղծ մեղադրանքների հետ։

Հայոց Եկեղեցին, գիտակից իր յանձնառութիւններին, անշեղօրէն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելութիւնը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապէս հետամուտ լինելով պետութեան ու ազգի գերակայ շահերի, մեր սրբազան արժէքների պաշտպանութեանը։

Եկեղեցու հարցերը լուծւում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրաւասութիւնից։ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մէկ ամբողջութիւն է իր հաւատացեալ զաւակներով և զինուորագրեալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրաւասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականութիւնը։ Հարկ չկայ Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մէջ և մղելու հակադարձման գործողութիւնների։

Այս նոր փորձութեան յանդիման յորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հաւատաւոր զաւակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հաւատարմութեամբ ու զօրեղ հաւատքով յաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրաւէրները և երբեք թոյլ չտալ մեր ազգային հիմնասիւների սասանումը: Թող այս մերժելի մեքենայութիւնները պատճառ չդառնան հիասթափութեան և գայթակղութեան։

Աղօթում ենք առ Փրկիչ մեր Տէրը Յիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևոյթներով չխաթարուի հայրենական կեանքը, և աշխարհասփիւռ մեր ժողովուրդը ապրի խաղաղութեան, բարօրութեան և առաջընթացի մէջ։ Թող Տէրը անսասան պահի հայոց պետականութիւնը և պայծառ՝ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաւատաւոր իր բոլոր զաւակներով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին