Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Գեղամայ (Սեւանայ) Ծով – Լիճ

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Գեղամայ ծովը թուրքակա՞ն է

    Պիտի ընդհանրապէս, ե՛ւ պաշտօնապէս, կասեցուի թուրքերի նկրտումները Հայաստանի եւ հայկական միւս տարածքների նկատմամբ։ Սա հաւասար արժէք ներկայացնող պայքար է, որ պիտի տանի հայութիւնը եւ հայ պետականութիւնը։

    Դիմելով համացանցային տարբեր կայքերին՝ ստորեւ պատմական համառօտ տեղեկութիւններ են փոխանցում Գեղամայ ծովի մասին։ Ժամանակի ընթացքում անուան փոփոխութիւնների կապակցութեամբ նշումներ կան։

Ռ.Օ.

            Երեւի քչերը գիտեն, որ հնում Սեւան անունը կրում էր միայն կղզին, իսկ բուն լիճը կոչուել է Գեղամայ ծով։ Ժամանակի ընթացքում կղզու անունը անցել է լճին, իսկ 1950-ականներից կղզին դարձել է թերակղզի։

Սեւանայ լիճը բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մօտ 1900 մետր բարձրութեան վրայ։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարաւային Ամերիկայի Տիտիկակա լճից յետոյ։ Տիտիկակա առեղծուածային լիճը գտնւում է Պերույի եւ Պոլիվիայի սահմանի միջեւ։

Սեւանայ լճի երկարութիւնը 70 կմ է, առաւելագոյն լայնութիւնը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է տարածքում։ Միջին խորութիւնը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծաւալը 32,92 մլրդ մ3 է։ Սեւանայ լիճը Շորժայի ստորջրեայ թմբով բաժանւում է 2 մասի՝ Մեծ Սեւանի (37.7 մ միջին խորութիւն) եւ Փոքր Սեւանի (50.9 մ)։

Ծագումնաբանական վարկածներից մէկի համաձայն՝ Սեւանայ լիճը գոյացել է հրաբխային գործունէութեան հետեւանքով։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սեւանի, Վարդենիսի ու Գեղամայ լեռները։

Սեւանայ լիճ են թափւում 28 մեծ ու փոքր գետակներ։ Սեւանից սկիզբ է առնում միայն մէկ գետ՝ Հրազդանը, որի  միջոցով ոռոգում են Արարատեան դաշտը։ Հրազդան գետի վրայ կառուցուել է 6 էլեկտրակայաններ։ Խորհրդային իշխանութեան տարիներին լճի մակարդակը զգալիօրէն իջել էր։

1978 թուականին ստեղծուել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցուել է Արփա-Սեւան (48.3 կմ, 1963–81 թուականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թուական)։

Անուանում

Երկար ժամանակ լճի անունը բացատրւում էր հայերէն սեւ եւ վանք բառերով, որոնք բնութագրում էին Սեւանավանքը։ Սեւան լճի վանքը կառուցել է 9-րդ դարում։

Սեւանայ լճի ափին կատարուած հնագիտական պեղումների ժամանակ յայտնաբերուել է ուրարտուական սեպագիր արձանագրութիւն, որը թուագրւում է Ք․ծ․ա. 9-6-րդ դարերին։ Այն թոյլ է տալիս եզրակացնել, որ անուանումը կարող է ուրարտերէն լինել. Սունիա նշանակում է լիճ։

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունեաց ծով, Գեղամայ ծով (հին հայկական անուանում), պարսկական Դարյա-Շիրին (նշանակում է քաղցր ծով), անտիկ շրջանում Լիկնիտիս (Lichnitis), որը ծագել է հայերէն լիճ բառից։

Ուշ միջնադարում եւ թրքական ցեղերի տարածք ներխուժումից յետոյ՝ լիճը նրանց կողմից կոչուել է «Գեօքչա», որը թարգմանաբար նշանակում է «կապոյտ ջուր»։

Հնադար

        Սեւանայ լիճը եւ նրան յարող աւազանի տարածքը մշտապէս գտնուել են հայկական պետութեան սահմաններում։ Այն Երուանդունիների թագաւորութեան կործանումից յետոյ (Ք․ծ.ա. 201) անցել է Արտաշէսեան թագաւորութեանը (Ք․ծ. ա. 189-1), իսկ Արշակունիների թագաւորութեան մէջ մտել է որպէս պատմական Սիւնիք նահանգի հիւսիսային տիրոյթ։

Սիւնիք նահանգ եւ Սեւանայ լիճ

        Այս մասին տեղեկութիւններ է հաղորդում 5-րդ դարի պատմիչ՝ պատմահայր Մովսէս Խորենացին, ով Սեւանայ լիճն անուանում է որպէս «Գեղամայ ծով»։ Նման անուանում հանդիպում է նաեւ Խորենացուց մի քանի դար յետոյ գրուած «Հայոց պատմութիւն» աշխատութեան մէջ, որի հեղինակը 9-րդ եւ 10-րդ դարերի հայ պատմիչ, գրող, Հայոց կաթողիկոս  Յովհաննէս Դրասխանակերտցին է։

        «Գեղամայ ծով» անուանումը հանդիպում է նաեւ պատմիչ եւ եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցու (13-րդ դար), եւ այլ պատմիչների աշխատութիւններում։ Լիճը յայտնի է նաեւ «Գեղարքունեաց ծով», «Գեղարքունքի, «Սեւանգայ» եւ այլ անուններով։ Այսպիսով, հայ պատմագրութեան մէջ այն կոչուել է ոչ թէ լիճ, այլ ծով։

            Սեւանայ լճի այդ անուանումները կապուած են Հայկ նահապետի ժառանգներից մէկի՝ Գեղամի անուան հետ։ Նրա անունն են կրում նաեւ Գեղամայ լեռնաշղթան, Գեղամասար լեռը, Գեղամասար գետը, Գեղամաւան ու Գեղամբակ գիւղերը եւ այլն։

Միջնադար

      4-րդ դարում Մեծ Հայքի թագաւորութիւնում երկիրը բաժանւում է մի քանի աշխարհ-նահանգների, որոնց գլուխ են նշանակւում տեղական ազդեցիկ ու զօրեղ իշխանները։ Ժամանակակից Սիւնիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերը, ինչպէս նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան տարածքի մեծ մասը մտնում են Սիւնիք նահանգի կազմում՝ հայկական Սիւնի ազնուական տոհմի գլխաւորութեամբ։ Այս իրավիճակը շարունակւում է նաեւ յետագայում․ Սիւնիքի իշխանութեան սահմանները մեծ փոփոխութիւնների չեն ենթարկւում թէ՛ պարսկական (Հայկական մարզպանութիւն), թէ՛ արաբական (Արմինիա կուսակալութիւն) տիրապետութեան տակ։

Զարգացած միջնադարում Հայկական լեռնաշխարհի մեծ մասը միաւորւում է Բագրատունիների թագաւորութեան կազմում։ 9-րդ դարի վերջում Սիւնիքի գահերէց  իշխան Վասակ Գաբուռի կինը՝ Մարիամ Բագրատունին, Սեւանայ կղզում կառուցում է համանուն վանական համալիրը՝ սեւ տուֆ քարից։ 921 թուականին հայոց թագաւոր Աշոտ Երկրորդը՝ Երկաթը, Սեւանի ճակատամարտում պարտութեան մատնելով արաբ զօրավար Պեշիրին, երկրից վտարում է արաբական զօրքերը։ 10-րդ դարում ստեղծւում է Սիւնիքի թագաւորութիւնը (987–1170), եւ Սեւանի աuազանը յայտնւում է նրա սահմաններից դուրս՝ Բագրատունիների տոհմական կալուածներում։

12-րդ դարի վերջին Վրաց թագաւորութեան օժանդակութեամբ հայ զօրավարներ Զաքարէ եւ Իվանէ Զաքարեանները ազատագրում են Արեւելեան Հայաստանի մեծագոյն մասը։ Սեւանայ լիճը մտնում է Զաքարեան իշխանապետութեան կազմի մէջ։

Մոնղոլների արշաւանքից յետոյ Հայաստանը վերջնականապէս կորցնում է իր անկախութիւնը. այն յայտնւում է թուրքմենական Կարա-Կոյունլու (1386–1468), ապա՝ Ակկոյունլու (1468–1502) քոչւորական ցեղապետութիւնների կազմում, որոնց փոխարինում են Սեֆեան Պարսկաստանը եւ Օսմանեան Կայսրութիւնը։

Նոր ժամանակներ

        Սեւանայ լիճը մտնում է նախ Երեւանի կուսակալութեան, ապա՝ Երեւանի խանութեան կազմ։ Այդտեղ հաստատուած թրքախօս ցեղերի կողմից լիճն անուանւում է «Գեօքչա»։

        Ռուսական տիրապետութեան հաստատումից յետոյ՝ թուրք-պարսկական պատերազմների ու բռնագաղթերի հետեւանքով հեռացած հայ բնակչութեան փոխարէն այստեղ հաստատուելու են գալիս հազարաւոր հայեր։ Սեւանայ լճի աւազան բնակուելու են գալիս Բայազէդ գաւառի բնակիչները, ովքեր հիմնում են բազմաթիւ բնակավայրեր, այդ թւում՝ Նոր Բայազետ (Գաւառ) քաղաքը։ Սեւանայ լճի արեւմտեան ափերում ապրում էին նաեւ թուրքեր։ Նրանք Արցախեան ազատամարտի սկզբում գաղթում են Հայաստանից։

Սեւանայ լիճը Հայաստանի նորագոյն ժամանակներում էլ շարունակում է մտնել հայոց պետութեան տարածք. Նախ՝ Հայաստանի առաջին հանրապետութեան (1918–1920), ապա՝ Հայկական ԽՍՀ (1920–1991) կազմում։ Նորանկախ Հայաստանի տարածքում Սեւանայ լճի շուրջ ստեղծուած 5 շրջանները (Սեւան, Կամօ-Գաւառ, Կրասնոսելսկ-Ճամբարակ, Մարտունի եւ Վարդենիս) միաւորւում են Գեղարքունիքի մարզի մէջ։

Աւանդութիւն

Գոյութիւն ունի լճի անուանման ծագման երկու աւանդութիւն․

ա- Սեւանայ լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկաւէտ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գիւղին մօտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբիւր, որից ջուր վերցնելիս գիւղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը եւ ապա զգուշութեամբ յարմարեցնում տեղում։

Մի երեկոյ գիւղի հարսներից մէկը ջրի է գնում աղբիւրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է յորդում, ծաւալւում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնայ ով բաց է թողել ակունքը»։ Եւ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սեւանայ լիճը, որի երեսից հազիւ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

բ- Վանեցիները գաղթում եւ վերաբնակւում են Սեւանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց յետոյ տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք յիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնութիւնը, իրենց բարեկեցիկ կեանքը եւ դառնօրէն կանչում՝ «Սեւ Վան եկաւ մեր գլխին, սեւ Վան»։ Ու այդպէս էլ լճի անունը մնում է Սեւան։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին