Երկուշաբթի, 06. 02. 2023

Կարպ Խաչվանքեան-100. Արտիստ, Որ Ընդունակ Չէր Խաբել

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

Որքան աւելի շատ է այսօր երիտասարդութիւնը տարւում ծիծաղով, այնքան աւելի մեծ տխրութիւն է պատում տարեց եւ միջին սերնդի մարդկանց սրտերը:

Ես սիրում եմ այդ տխրութիւնը, որովհետեւ այն իմաստաւորուած է՝ ի տարբերութիւն ծիծաղի, որը պատճառ չունի: Ամէն ժամանակաշրջան իր կատակերգուներին է ծնում: Մեր օրերում էլ, Փառք Տիրոջը, դրանք բաւականի շատ են, սակայն ինչո՞վ են տարբերւում հեռատեսիլի բազմազան եւ բազմաքանակ զուարճախօսները կատակերգական ժանրի մեծ վարպետներից, ինչպիսին էր, օրինակ, Կարպ Խաչվանքեանը: Վերջինս երբեք ինքզինքին թոյլ չէր տալիս ծիծաղեցնել հանրութեանը, եթէ նա դերի մէջ չէր: Ծիծաղեցնում էր նրա հերոսը, իսկ կեանքում Խաչվանքեանը մնում էր լուրջ, մտախոհ, իր տաղանդին վերաբերուելով ինչպէս ծանրագոյն պարտականութեանը:

-Գիտե՞ք, իմ բախտը բերեց,- պատմում էր 1996-ի գարնանը մեծն դերասանը՝ Պարոնեանի անուան թատրոնի նորակառոյց շէնքի ճեմասրահում ինձ հետ զրուցելիս,- բժիշկների խորհրդով անհրաժեշտ էր վիրահատել սիրտս, այն էլ ԱՄՆ-ում: Ես յուսահատուեցի՝ Ամերիկան ո՞ւր, ես՝ ուր: Եւ յանկարծ Լոս Անճելըսից եկած ճանաչուած դերասան, Հոլիվուտի Մշակութային Միութեան Հայ թատրոնի ատենապետ պարոն Շաւարշ Մանուկեանը որոշում է հրաւիրել ինձ  հիւրախաղերի: Նա առաջարկում է ինձ իր խմբի հետ խաղալ Թոդորոսի դերը՝ Փսաֆասի «Պահանջւում է ստախօս» թատերախաղում: Ապշեցուցիչ զուգադիպութիւն:

Երեք ներկայացում խաղալուց յետոյ Խաչվանքեանին Սէն Վինսէնթ հիւանդանոցում վիրահատեց Տարօ Խոկոյեաման: Դա երկրորդ սրտի վիրահատութիւնն էր, որը յաջորդեց առաջինին 16 տարի անց:

Կարպի փայլուն տաղանդը, կեանքը, վերջապէս, սիրտը պատկանում էին հայ ժողովրդին, որովհետեւ նա հայ ազգի լաւագոյն արտայայտութիւններից էր: Իր ստեղծագործական ճանապարհին նա երբեք չի «վազել» դերի ետեւից: Սկսած 1944-ից, երբ յայտնի յօրինող Արտեմի Այվազեանը, որն այն ատեն երաժշտական քոմետիայի թատրոնի տնօրէնն ու գեղարուեստական ղեկավարն էր, հրաւիրեց նրան թատրոն, կանչելով Խաչվանքեանին Թիֆլիսից Երեւան, նա 52 տարի շարունակ իր կատակերգական արուեստով մեծագոյն հաճոյք եւ ծիծաղ էր պարգեւում հանդիսատեսին, եւ վերջինս հլու հետեւում էր նրան, ուր որ նա խաղար: Այս շքեղ շէնքը վերստին բացուեց 1992-ին, իսկ մինչ այդ 19 տարի թատրոնի անձնակազմը թափառեց, խաղալով ռուսական թատրոնի կամ  Երկաթուղայինների Մշակոյթի Տան շէնքերում:

Երբ Հայաստանը խորասուզուեց խաւարի մէջ եւ հայաստանցիները հազարներով լքեցին երկիրը, ապա հայրենիքի կարօտը կարող էր յագեցնել միայն թատրոնը իր անմար աստղերով, որոնցից ամէնավառ աստղը դա Խաչվանքեանն էր: Անհնար է նկարագրել այն երջանկութիւնը, որն ապրում էր տարագիրը արտասահմանում, երբ այցելում էր հիւրախաղերի եկած թատրոնը: Մէկ-երկու ժամուայ մէջ նա գտնում էր այն,ինչ կորցրել էր, թէպէտ այստեղ նա ոչինչ չէր կորցրել, քանզի թատրոնի խաղացանկում ներկայացումները ծնուելուն պէս այլեւս չէին մեռնում. Ժ, Անանեանի «Թաքսի-թաքսի»(18 տարի), Գ. Տէր-Գրիգորեանի «Ա՛խ, ներւեր, ներւեր»(25 տարի), Ա. Այվազեանի «Սէր աստղերի տակ»(28 տարի), Դ. Փսաֆասի «Պահանջւում է ստախօս»(32 տարի)…

Հիւրախաղերին Խաչվանքեանին յաճախ հարց էին յղում, արդեօք չէ՞ր փափաքի ապրել եւ աշխատել արտասահմանում, եւ Խաչվանքեանը միշտ պատասխանում էր հետեւեալ կերպ . «Իսկ ինչո՞ւ պէտք է ունենամ այդ փափաքը, եթէ ես հայ եմ:»

Պարոնեանի անուան թատրոն գալիս էին Խաչվանքեան դիտելու: Նոյնիսկ այն երանելի տարիներին, երբ թատրոնում խաղում էին Կալմանի «Սիլվա» օփերէթը, հանդիսատեսը անհամբեր սպասում էր ոչ թէ Սիլվայի կամ Էտվինի բեմ դուրս գալուն, այլ ուրախ եւ զուարթ Պոննիին, որին խաղում էր Խաչվանքեանը եւ իսկոյն դառնում ուշադրութեան կեդրոնը:

  • Ըստ իս մարդու մէջ անհամեմատ աւելի դժուար է ծիծաղի զգացում առաջացնելը, քան լացի,- ասում էր Խաչվանքեանը:

Տարեցտարի հանդիսատեսը գալիս էր նոյն ներկայացմանը եւ ամէն անգամ ծիծաղում էր, ինչպէս առաջին անգամ: Հանդիսատեսը անգիր գիտէր հերոսների ֆրազները ու տեղից «յուշում էր»: Մի՞թէ չէր ձանձրանում: Ո’չ, հանդիսատեսը գալիս էր ծանօթ ներկայացմանը հենց այն պատճառով, որ լաւ գիտէր, թէ ինչ հաճոյք է ստանալու: Նա շունչը պահած սպասում էր բազմաթիւ անգամ լսած բառերին եւ այնքան էր հարազատանում Խաչվանքեանի մարմնաւորած հերոսների հետ, որ գալիս էր թատրոն ինչպէս ազգականը կու գայ հարազատի մօտ՝ այցելութեան, որպէսզի համոզուի, որ նա ողջ ու առողջ է:

Արուեստում՝ լինի դա կերպարուեստ, կինօ կամ թատրոն, ստեղծածի ետեւում փնտռում են միշտ ստեղծագործողին, եւ անպայման չէ, որ մարդու նկարագիրը կեանքում համապատասխանի արուեստում մարմնաւորուած կերպարին: Երբեմն դերասանը եւ իր մարմնաւորած կերպարը լինում են հակապատկերներ: Խաչվանքեանի ետեւից երբեք չէին ասում «լաւ դերասան», այլ հիանում էին «Ի՛նչ լաւ մարդ է», նոյնիսկ «սուրբ» էին ասում, եւ դերասանը երբեք չէր խաբում իր հանդիսատեսին սպասումների մէջ:

Մի անգամ թատրոնում «Թաքսի-թաքսի» ներկայացումը պիտի խաղային: Սկիզբը ժամը 4-ին էր: Դերասանները գրիմը դրած՝ սպասում էին բեմ դուրս գալուն: Դահլիճը լեփ-լեզուն էր: Հիմա լոյսերը կը մարեն եւ պտըտուող բեմի վրայ կը յայտնուի Կարպ-Կնեազը՝ ճամպրուկը ուսին: Սակայն լոյսերը չեն մարուն, , որովհետեւ…առհասարակ չկան: Էլեկտրականութիւն չկայ: Ի՞նչ անել: Ամէն ինչ կախուած է Խաչվանքեանից. Խաղալ թէ՞ չխացալ:

-Ո’չ, խաղալ չենք կարող:

– Բայց դահլիճը սպասում է:

– Թող սպասեն լոյսին: Մենք իրաւունք չունենք չարդարացնել այդքան մարդկանց սպասումներին եւ իջեցնել ներկայացման որակը:

Բարեբախտաբար լոյսերը վառուեցին: Մի ուրիշ անգամ ներկայացման ատեն լոյսերը յանկարծակի յանգեցին, սակայն դերասանները ներկայացումը չընդհատեցին, եւ հանդիսատեսը իր միջոցներով սկսեց լուսաւորել խաղը: Սակայն ի սկզբանէ խաղալ խաւարի մէջ կը նշանակէր անարգել հանդիսատեսին, ուրեմն՝ թատրոնը:

Ներկայացումն աւարտուեց: Հանդիսատեսը ուղղակի սաւառնում է հաճոյքից, իսկ Խաչվանքեանի մէջքի մշտական ցաւն է բռնում, որը թողնում է նրան միայն խաղի ատեն, սակայն նա այնուամենայնիւ գոհ է, որովհետեւ 5 օր ներկայացում չի լինելու, իսկ բեմ դուրս գալը դերասանը համեմատում է պետական քննութեան կամ բեռնակիրի աշխատանքի հետ.

  • Ի՞նչ էք հապա սիրում անել,-հարցնում եմ ես:
  • Սիրում եմ ոչինչ չանել…

Բեմում ուրախ Կարպը բեմից դուրս վերածւում է տխուր Կարպի: Թատրոնի ամենապայծառ դէմքը դառնում է, յամենայնդէպս փորձում է դառնալ աննկատ, ինչպէս այս ծառերը թատրոնի առջեւ:

Տանը նա տեղաւորւում է բազկաթոռի մէջ: Մութ է: Նա մօտենում է դաշնամուրին եւ նրա մատները սկսում են «վազել» ստեղներով: Կարպը ժպտում է: Միայն ժպտում: Որքան կը փափաքէր ծիծաղել, լիաթոք ծիծաղել, ինչպէս ծիծաղում են իր խաղի ատեն՝ մոռանալով ամէն ինչ: Եթէ լոյսը գայ, նա երկար կը որոնի հեռատեսիլի ալիքներով որեւէ մի զուարճանք, օրինակ, Չապլինին: Խաչվանքեանին յաճախ համեմատում են Չապլինի հետ: Իրօք, երբ բեմի վրայ յայտնուում է Կարպը, իսկոյն յիշում ես Չապլինին, եւ յաջորդ վայրկեանին՝ մոռանում:

Ինչի՞ց սկսեցինք: Սրտի վիրահատութիւնից: ԱՄՆ-ում խորամանկ հայերը առաջարկեցին Խաչվանքեանին «խաղալ» սրտի տագնապ, ինչը թոյլ կու տար անվճար կատարել վիրահատութիւնը, սակայն Կարպը հրաժարուեց, բացատրելով, որ նա կարող է խաղալ միայն բեմում:

Այդ մասին ես մի անգամ պատմեցի ծանօթ օփերային երգչին եւ նա հաստատեց.

-Ճիշդ է, եթէ նա «խաղար», ապա իրօք կարող էր մեռնել սրտի տագնապից, որովհետեւ իսկական դերասանը խաղի ատեն հաւատում է ստին:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին