Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Գիւմրու Նոր Խորհրդանիշը․ Մուշուրբա (Կլկլան-Ջրխմիկ)

Համադրեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

21-րդ դարում Գիւմրին ունեցաւ մի ուրիշ՝ նոր, խորհրդանիշ մուշուրբան։

Գիւմրիում դուք հաստատ կը լսէք մուշուրբայի մասին, որը Գիւմրի քաղաքի խորհրդանիշն է: Մուշուրբան տարօրինակ ձեւով կռուած գաւաթ է, որը իւրայատուկ է իր արձակած ձայնով: Երբ բաժակի մէջ ջուր են լցնում, այն յատուկ ձայն է արձակում: Ձայնը լսւում է շնորհիւ գաւաթի իւրօրինակ ձեւի: Ներքեւի հատուածը մի փոքր աւելի լայն է, քան վերեւի մասը: Երբ ջուրը լցւում է բաժակի մէջ, պղպջակներ են ստեղծւում, եւ հէնց պղպջակներն էլ արձակում են այդ անսովոր ձայնը: Մուշուրբայի կառուցուածը օգնում է, որ ներսում հեղուկի ջերմաստիճանը մնայ կայուն:

Մուշուրբայի գաղտնիքը յայտնի է միայն վարպետ Էդուարդ Ժամկոչեանին, ով ամբողջ աշխարհում այս գաւաթը պատրաստող միակ մարդն է: Ինչպէս Էդուարդն է ասում, իր նախնիները եղել են պղնձագործներ եւ գաղթել են Արեւմտեան Հայաստանի Էրզրում քաղաքից, 1895-1896 թուականներին: Նրանք էլ մուշուրբայի գաղտնիքը բերել են Ալեքսանդրապոլ: Վարպետն ասում է, որ իր պապի ստեղծած մուշուրբան ձայն չունէր, եւ յատուկ ձայն արձակող բաժակի հեղինակը իր հայրն է, Սուրէնը, ով իր առաջին գաւաթը ստեղծել է 1986 թուականին: Այժմ բոլոր մուշուրբաների վրայ վարպետ Էդիկի անուան եւ ազգանունի առաջին տառերն են ԺԷՍ (ժամկոչեան Էդիկ Սուրէնի):

Վարպետ Էդուարդ Ժամկոչեանը

Որպէս աւանդոյթ Գիւմրիում արհեստաւորները իրենց գործը փոխանցում են որդիներին: Իրենք որպէս աշակերտ բերում են իրենց որդիներին արհեստանոց, երբ լրանում է նրանց 13 տարեկանը: Քանզի արհեստը ընտանեկան աշխատանք է, աւանդոյթը թոյլ է տալիս, որ արհեստն անցի հօրից որդու, եւ մարդիկ էլ կապում են այն հէնց այդ ընտանիքի անուան հետ: Բացի այդ այդպէս են փոխանցւում նաեւ վարպետի գաղտնիքները: Դրա համար էլ վարպետ Էդուարդն իր որդուն՝ Սուրէնին սովորեցրել է մուշուրբա ստեղծելու արուեստը եւ գաղտնիքները:

Տարիներ շարունակ Գիւմրիում անցկացւում էր <Ոսկէ Մուշուրբա> միջոցառումը, երբ ոսկեզօծ մուշուրբաները նուիրւում էին տարբեր կազմակերպութիւնների եւ անհատների, ովքեր այդ տարի առանձնացել էին իրենց աշխատանքներով եւ յաջողութիւններով:

*     *     *

«Մուշուրբայի պատրաստման համար անհրաժեշտ գործիքները շատ չեն, միայն աշխատանքն է ժամանակատար ու նուրբ, մետաղը «պահանջկոտ է»՝ «8 ժամ պիտի ծեծես մի հատը», բացատրում է վարպետը։ Արհեստով զբաղւում է 30 տարեկանից: Ամեն ինչ սկսուել է հօրն օգնելուց:

«Գործարանում էի աշխատում՝ սառնարանային կոմպրեսորների գործարան էր: Էնենց ստացուեց, որ էդ գործարանը կանգնել էր ռեմոնտի, մեր դիրեկտորը կանչեց, թէ՝ տղանե՛ր, երեք ամիս էս գործարանը կանգնում է ռեմոնտի, եթէ կուզէք, սպասէք, ով չի ուզէ, թող ուրիշ տեղ գնայ, աշխատի: Հայրիկիս սկսեցի օգնել։ Հայրիկս ասաց դու պատրաստէ, որ ձեռքդ վրայ ընկնի, ու էդպէս երկու-երեք ամիսը անցաւ, նորից գնացի գործարան, էդ ժամանակ արդէն շատ հաւեսով գործ կանէի, սկսեցի օգնել հայրիկիս ու կամաց-կամաց, կամաց-կամա՜ց… Ես մանկուց տեսել եմ էս արհեստը, տեսել եմ բոլոր նրբութիւնները, մի ամսուանից ես արդէն սկսի ինքնուրոյն պատրաստել»։

Թէ երբ է ծագել արհեստն ու որտեղից են արմատները, վարպետը դժուարանում է ասել, կլկլան բաժակի անունն ու պատրաստման հմտութիւններն իրեն արհեստաւոր նախնիներից են փոխանցուել: Մի քանի սերունդներ աշխատել են պղնձեայ հումքով՝ կաթսաներ, իւղի ամաններ ու այլ իրեր են պատրաստել: Իրեն յայտնի է միայն, որ բոլոր գիւմրեցիների տանը եղել են մետաղից պատրաստուած բաժակներ: «Յատկապէս 1915 թուի կոտորածից յետոյ գաղթականները իրենց հետ բերել են ջուր խմելու ոչ թէ ապակուց կամ հաղճապակուց, այլ պղնձեայ կամ արոյրից* բաժակներ ու էդպէս իւրաքանչիւր գիւմրեցու տունը էղել է»:

Բաժակն իր «կլկլան» անուանումը ստացել է իւրայատուկ ձայնի շնորհիւ, որ առաջանում է բաժակից ջուր խմելիս: Ձայնը ապահովում է մետաղեայ մասը, որը նախապէս առանձին է պատրաստւում, ապա տեղադրւում ու ամրացւում բաժակի մէջ:

Մուշուրբան հիմնականում պատրաստում են արոյրից* կամ, ինչպէս ընդունուած է անուանել, լատունից: Սակայն այլ մետաղներ եւս կիրառւում են, ինչպէս օրինակ՝ պղինձ, արծաթ: Ըստ վարպետի, հիմնական հումքի՝ արոյրի ձեռքբերման դժուարութիւնը այս արհեստի զարգացման հիմնական խոչընդոտներից է: «Հումքը, հումքը, հումքը․․․ Հումքը էղաւ ցանկութիւնը էղաւ, ամեն ինչ կստացուի: Էս հումքը Պարսկաստանից է, չնայած շատ թանկ է»։

Կլկլան բաժակ Հայաստանում քչերն են պատրաստում: Էդիկ Ժամակոչեանին բարկացնում են բաժակի անորակ նմանակ պատրաստողները: Կարծում է, որ յատուկ նրբութիւններ կան, որոնց պէտք է հետեւել: Ըստ վարպետի հէնց պատրաստման իւրայատկութիւնն է պատճառը, որ իր մօտ պատուէրները չեն դադարում:

«Իսկ նմանեցնողին չկայ պատուէր։ Սա ձեռքի աշխատանք կը կոչուի, չէ։ Արտասահմանում գնահատում են ձեռքի աշխատանքը, էստեղ փող աշխատելու  համար են անում շատերը: Շուկաներից խնդրում են, գալիս են, ուզում են, էդ էր պակաս, որ մաղադանոսի ու ռեհանի կողքը մուշուրբա դնէին ու վաճառէին: Մերժում եմ դրանց՝ բոլորին: Շուկայում վերավաճառողներն են բոլորը, իսկ նուէրների խանութը մէկ-մէկ տալիս եմ, յատկապէս եթէ պատուէրները քիչ են լինում»:

Վարպետը որոշել է աշակերտներ չունենալ, նրա խօսքով, այս արհեստին կամ պէտք է նուիրուել, կամ ընդհանրապէս չզբաղուել: Արհեստի իր իմացած նրբութիւնները միայն ընտանիքի անդամներին է փոխանցելու:

*) արոյր կամ լատուն – պղնձի համաձուլուածք ցինկի, երբեմն նաեւ ուրիշ մետաղների հետ (երկաթ, կապար ևն)։

*     *     *

Մուշուրբա բառի ստուգաբանութիւնը

Հայերէն տարբեր բառարանների դիմեցի ու չկարողացայ «մուշուրբա» բառի բացատրութիւնը գտնել։ Կարծում եմ մուշուրբա բառի արմատը արաբերէն (շորբ, շուրբ) բառը պիտի լինի, որ նշանակում է ջուր եւ խմել։ Արաբերէն «շուրբ» բառով կազմուել են ուրիշ բառեր, որոնք մտել են պարսկերէն լեզւում, հաւանաբար՝ նաեւ թրքերէնում։ «Շարբաթ» նշանակում է օշարակ, իսկ պարսկերէնում «շարաբ» եւ «մաշրուբ» նշանակում են ոգելից խմիչք/ներ։ Պարսկերէնում չկայ «մուշուրբա» բառը։

Բառի այս ստուգաբանման հիման վրայ՝ մուշուրբա նշանակում է այն ամանն ու գաւաթը, որտեղ ջուր եւ խմիչք են պահում։

Տեղեկութիւնները առցանց տարբեր հարթակներից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին