Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բավական հեռու են գտնվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայրից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ։ Դեսպան Վահագն Աթաբեկյանն այսօր առավոտյան կապի մեջ է եղել նրանց հետ։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,- ասաց Նաղդալյանը:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելությանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին