ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Փաշինյանը նշել է, որ ցնցված է Լիբանանից ստացված լուրից։
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ այս պահին նախնական տեղեկություն կա Լիբանանում պայթյունի հետևանքով ազգությամբ մեկ հայի զոհվելու մասին։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա մի քանի հայի տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։
Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։