ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով ամենաշատ ակտիվ դեպքերը եղել են հուլիսի 6-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցին այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսինքն՝ եթե դա համարենք համաճարակաբանորեն պիկ, մեր պիկը եղել է հենց այդ օրը։ Այդ օրվանից հետո ամեն օր ունեցել ենք ավելի քիչ թվով պացիենտներ, և վերջին օրերին արձանագրել ենք նույն տենդենցը»,- ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ եթե շարունակվեն պահպանվել հակահամաճարակային բոլոր պարզ կանոնները, ռեալ հնարավորություն կա տեմպը պահպանելու, ինչու ոչ նաև այն նվազեցնելու և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու։
Հուլիսի 6-ի հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք, փաստացի բուժում էր ստանում 11 984 պացիենտ:
Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: