Այժմէական Հարցերու Բազմաձայն Քննարկումներ
«Զարթօնք», «Արեւ» եւ «Սարտարապատ թերթերը Չորեքշաբթի, 22 Յուլիս 2020-ին, Կրինուիչի ժամով 17:00ին ներկայացուցին իրենց միացեալ հինգերորդ մամուլի լսարանը: «Սփիւռքի Ներուժի Տեսլական. Մշակման եւ Օգտագործման Հնարաւորութիւններ եւ Պահպանման Մարտահրաւէրներ» թեմայի շուրջ խորիմաստ եւ հեռանկարներով լեցուն խօսք ներկայացրեց Հայկազեան Համալսարանի Նախագահ՝ Վերապատուելի Դոկտ. Փոլ Հայտոսթեանը:
Տարբեր երկրների շուրջ 50 մասնակիցներով կազմուած առցանց հարթակը ինչպէս միշտ ձեռնհասութեամբ վարեց՝ Լիբանանահայ ծանօթ մտաւորական, Հայկազեան Համալսարանի Հայագիտական Հանդէսի պատասխանատու խմբագիր եւ նոյն համալսարանի Սփիւռքի Ուսումնասիրութեան կեդրոնի տնօրէն՝ Դոկտ. Անդրանիկ Տագէսեանը: Ինչպէս նախորդ հանդիպումներու բացումին այս անգամ եւս, լսարանը կազմակերպող թերթերուն անունով քննարկման մասնակիցներին ողջունեց եւ մասնակցութեան համար շնորհակալութիւն յայտնեց «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը։ Ան ուրախութիւն յայտնեց, որ հետեւողականօրէն շարունակուող սոյն լսարաններու շարքը՝ նորերու կողքին ունի իր մնայուն մասնակիցները: «Մենք արդէն իսկ նոյնանման յոյզերն ու տեսիլքը բաժնող եւ անոնց մասին բարձրաձայնող խումբ ենք այլեւս»,- շեշտեց Յակոբեան:
Վեր. Դոկտ. Փոլ Հայտոսթեանը նախ շնորհակալութիւն յայտնեց հայկական թերթերին հանդիպման կազմակերպման համար և մասնակիցներին: Նրա խօսքով՝ Սփիւռքի լայն տարածականութիւնը մեծ ներուժ է, ուժ է, որ կարելի է գործածել զարգացնելու, կառուցելու համար:
«Սփիւռքի լայն տարածականութիւնը կարող է լինել նաև տկարութիւն կամ վատնուած։ Պարզ և դիւրին բան չէ մեծ քաղաքներում հայկականութիւնը կամ հայութիւնը ուժի վերածել, համախմբել։ Դրա համար լինում է թոյլ վիճակ։ Չնայած, որ երկրներ կան, որոնք մէկ կամ երկու մարդ կարողանում է առաջ տանել հայկական կարևոր թեմաներ։ Սրանք բացառութիւններ են»,- ասաց բանախօսը։ Ըստ Հայտոսթեանի՝ հայկական Սփիւռքի տարածականութիւնը կարող է տկարութիւն առաջացնել, քանի որ հայկական համայնքների կամ խմբերի միջև կայ մշակոյթի, չափանիշների, կեանքի նկատմամբ ակնկալիքների, քաղաքական տարբեր պատկանելիութիւնների տարբերութիւններ։
«Մեր համահայկական ժողովներում նկատւում է, որ ակնկալիքները տարբեր են և իրապէս միասնական դարձնելը խրթին կարող է լինել։ Տարբեր երկրներից հայերը ներկայացնում են իրենց ակնկալիքները Հայաստանից, որը կարող է հակասական լինել»,- նշեց նա։
Հայկական Սփիւռքի ներուժը մշակման կարիք ունի, կարծում է բանախօսը։ Ներուժը պէտք է վերածել գործի, զարգացնել ներսի ուժը՝ ծառայեցնել հայութեան շահերին։ Դոկտ. Փոլ Հայտոսթեանը վստահ է՝ կարելի է զարգացնել Սփիւռքի ներուժը։ «Եթէ Հայաստանի Հանրապետութեան ծրագրերին սպասենք, մենք Սփիւռքի մէջ գործնական ակնկալութիւններ չենք ունենայ։ Սփիւռքը փրոճեքթ չէ, Սփիւռքը հաստատուած ժողովրդի պատմութիւնն է։ Սփիւռքն իր բոլոր խոցելի կէտերով հանդերձ պէտք է մշակի ծրագրեր, որպէսզի իրագործի ծրագրեր Հայաստանում կամ այլ վայրերում։ Դա չպէտք է լինի նեղ շահերի համար։ Սփիւռքը պէտք է ներուժի մշակման ծրագիր ձեռնարկի։ Մեր մէջ եթէ կա ներուժ, այն դուրս բերելը ինքնին պէտք է սեպուի որպէս նպատակ։ Իմաստուն ու խոհեմ չէ Հայաստանից անկախ երազելն ու այդ ներուժը օգտագործել առանց Հայաստանի։ Հայաստանը տինամիք հայկականութեան կալուած է, պարարտ հող է։ Միամիտ է կարծելը, որ առանց Հայաստանի կարելի է այս բոլորն իրագործել»,- վստահ է դոկտ․ Հայտոսթեանը։
Գալով Հայաստանին, Հայտոսթեանը նշեց՝ Հայաստանը չպէտք է Սփիւռքը դիտարկի որպէս հայրենադարձութեան թեկնածու․ «Հայը հայ է այնտեղ, որտեղ որ է՝ ունենալով իր սիրտն ու աչքը Հայաստանի վրայ»։ Սփիւռքի ներուժի զարգացման հրամայականի մասով, բանախօսը աւելի առարկայական խօսեց։ Ըստ նրա՝ կրթութիւնը, արդի և աւանդական գիտութիւնների զարգացումը, մշակութային կամրջի ստեղծումը հնի ու նորի միջև, լեզուն, գրականութիւնը, թարգմանութիւնները այն ուղղութիւններն են, որոնք պէտք է զարգացնել։ Սփիւռքի գաղթօջախներում մասնագէտ պատրաստելու, ներուժը դուրս հանելու համար կարևոր նախապայման է, որ այդ երիտասարդները, մասնագէտները կապը պահեն Հայաստանի հետ՝ այն պայմանով, որ ՀՀ-ում իրենց գործընկերները լինեն նախարարութիւնները, միութիւնները, անհատները։
«Օրակարգը պէտք է լինի բարձրորակ մարդ պատրաստելը։ Բաւարար չէ, որ մենք մեր կրկնօրինակը պատրաստենք Հայաստանի մէջ։ Սփիւռքի կառոյցները ևս այս գործում պէտք է քննադատական մօտենան իրենք իրենց։ Այս հարցով մենք յաճախ ձախողում ենք։ Մենք շատ ենք քննադատում Հայաստանը, բայց սփիւռքեան կառոյցները, որոնք պէտք է լինեն մասնագէտների պատրաստման, ներուժի զարգացման, տնտեսական, մշակութային զարգացման գործում, հաճ ախ պարտւում են քննադատութեան հարցում։ Հայաստանի մարդուժին պէտք է հնարաւորութիւն տալ հայրենիքն արտաքին դաշտից դիտելու առիթ։ Հայաստանի զարգացման համար կարևոր է, որ ՀՀ մասնագէտները պաշտօնեաները Հայաստանը դրսից դիտելու առիթ ունենան։ Պէտք է համեմատութեան եզրեր լինեն։ Պէտք է զարգացնել սփիւռքեան կառոյցների հետ համագործակցութեան առիթները։ Շատ աւելի հաստատուած ու մնայուն համագործակցութեան օրինակների կարիք ունենք, որպէսզի օգտագործենք սփիւռքի կարողութիւնները։ Սփիւռքի ուժերը պէտք է ոչ հայկական կողմեր ներգրաւեն համահայկական ծրագրերի մէջ։ Սփիւռքի մէջ բոլորն ունենք առնչութիւններ ոչ հայկական կողմերի հետ՝ պետական, տնտեսական հաստատութիւնների, ղեկավարների հետ։ Այս բոլորը կարևոր է, որ ծառայի Հայաստանի համար։ Մասնագէտների պատրաստումը երաշխիքն է միւս բոլոր հարցերի լուծման»,- մանրամասն ներկայացրեց Սփիւռքի ներուժի օգտագործման իր տեսլականն ու ծրագիրը Վեր. Դոկտ․ Հայտոսթեանը։
Դոկտ․ Հայտոսթեանը շատ է կարևորում think tank-երի ստեղծումը Հաաստանում և Սփիւռքում։ Ըստ նրա՝ խօսքը ոչ միայն պետական think tank-երի մասին է։ Թեմայի վերաբերեալ հարց հնչեց, թէ ինչպէ՞ս է պատկերացնում դրանց ստեղծումը, Դոկտ․ Հայտոսթեանը պատասխանեց՝ ինչ-որ մէկին սպասելով ոչ մի տեղ չենք հասնի, ինչ-որ մէկը պէտք է սկիզբը դնի։ «Ես ուզում եմ՝ ամեն մարդ մարտահրաւէրն իր վրայ վերցնի։ Պէտք է լինի տեսիլք, առաքելութիւն։ Ամեն մէկս զինուոր է մինչև գեներալ դառնալը»,- տեսակէտ յայտնեց բանախօսը։
Ըստ դոկտորի, առաջիկայում Սփիւռքը փոփոխութեան է ենթարկուելու և մեր պարտականութիւնն է այդ փոփոխուած Սփիւռքի հետ հաշտ ապրել, ոչ խորթ կերպով։ «Օրինակ, Հալէպը մի օր մայր գաղութ էր, հիմա քոյր գաղութ է։ Մի օր 75 հազար էր, հիմա 15 հազար է։ Մենք պէտք է տինամիք կերպով մտածենք։ Հնարաւոր է մի տեղ լեզուն կորցնեն, մի տեղ կապը մայր Հայաստանի հետ։ Մենք պէտք է այս բոլորի մէջ նոր չափանիշներ գտնենք։ Սփիւռքը բնականաբար պէտք է փոխուի, բայց Սփիւռքի հետ մենք պէտք է վարուենք այն իրականութեան մէջ, որում ինքը իրեն տեսնում է»,- շեշտեց դոկտ․ Հայտոսթեանը։
Բանախօսի գնահատմամբ՝ առաջնահերթութիւն է սփիւռքի ինքնութեան ամրապնդումը, կայունութեան ամրապնդումը, սերունդների բարձր մակարդակի պահպանումը և Հայաստանի հետ անմիջական ու ջերմ կապերը պահպանելը։
Քննարկման մասնակիցները, Դոկտ. Տագէսեանի արհեստավարժ համադրումով, բազմաթիւ հարցեր ուղղեցին բանախօսին, որոնց համապարփակ կերպով պատասխանեց Վերապատուելին:
Հանդիպման ամբողջական վիտէոն.
Վերջում «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին, Վերապատուելի Դոկտ. Հայտոսթեանին՝ հետաքրքիր զրոյցի ու քննարկման համար։ Մեր յաջորդ հանդիպմանը խօսելու ենք «Արցախ. Նորօրեայ Մարտահրաւէրներ եւ Իրագործումներ» թեմայով: Բանախօսը լինելու է Արցախի Հանրապետութեան ղեկավար՝ բարձրաստիճան անձնաւորութիւն մը, որուն մասին շուտով կը յայտարարենք: Շնորհակալ եմ բոլորին մասնակցութեան համար»,- ամփոփեց հանդիպումը Սեւակ Յակոբեանը։
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը