Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Այսօր առավոտյան Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի հետ և իր օրհնությունն ու զորակցությունը հայտնեց հայոց քաջարի բանակին»,- նշված է հայտարարության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:






