Շաբաթ, 02. 11. 2024

spot_img

«Մենք Սահմանակից Լինելով Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Ամեն Ինչ Անում Է, Որ Հայութիւնն Այդտեղ Մնայ»․ Սրբազան Հայրը Ներկայացրեց Իրանահայութեան Վիճակը

Այժմէական Հարցերու Բազմաձայն Քննարկումներ

Մամլոյ Առցանց Լսարան – 3 –

 

 

 

 

 

«Զարթօնք»,«Արեւ» եւ «Սարտարապատ» թերթերի համատեղ կազմակերպությամբ 8 յուլիս 2020ի Կրինուիչի ժամով 17:00ին կայացաւ մամուլի առցանց երրորդ լսարանը: Այս անգամ քննարկման թեման էր                      «Քրիստոնեությունը Իրանում եւ Ատրպատականի Հայոց Հնագույն Թեմը. Ներկայի Մարտահրավերներ եւ Ապագայի Հեռանկարներ»։ Բանախօսը՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճեանը։

Աշխարհի տարբեր երկրների շուրջ 55 մասնակիցներով կազմված առցանց 

հարթակը մեծ սիրով  վարեց՝ ծանօթ մտավորական, Հայկազյան Համալսարանի 

Հայագիտական Հանդեսի պատասխանատու խմբագիր եւ նույն համալսարանի 

Սփյուռքի Ուսումնասիրության կենտրոնի տնօրեն՝ Դոկտ. Անդրանիկ Տաքեսյանը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս քննարկման մասնակիցներին ողջունեց եւ մասնակցության համար շնորհակալություն հայտնեց «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Ներածական խօսքով հանդէս եկաւ Սրբազան հայրը եւ կարճ պատմեց հայկական թեմերի մասին, որոնք գտնւում են Իրանում, սակայն գործում են իրարից անկախ։ Իրանի նման հսկայ երկրում գտնուող հայությունը ունի երեք թեմեր։ Ժամանակագրական առումով առաջին՝ Ատրպատականի հայոց թեմ, երկրորդ՝ Սպահանի հայոց թեմ, երրորդը՝ ամենաերիտասարդ Թեհրանի հայոց թեմը։ Իրանահայութինն այս երկրում ամենամեծ փոքրամասնութիւն է իր եկեղեցիներով, ազգային կառոյցներով։ Քրիստոնյա այլ համայնքներ եւս կան Իրանում, ։

«Ատրպատականի հայոց թեմի մի մասը՝ Արեւմտեան Ատրպատականը, Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանի մի բաժին է եղել։ Կարճ ժամանակ է եղել, բայց եւ այնպէս եղել է։ Մենք չպէտք է գոնէ Ատրպատականի հայութեանը եկուորներ համարենք։ 68 թուականին, Թադէոս առաքեալն այստեղ նահատակուեց, նրա գերեզմանի վրայ մատուռ կառուցուեց, որը յետոյ հսկայ տաճարի վերածուեց։ Այդ եկեղեցին՝ Թադէոս առաքեալի վանքը գտնւում էր հայոց Սանատրուկ թագաւորի ամառանոցի մօտ։ Այդ առումով եմ ասում, որ Ատրպատականի հայոց թեմի հայութեանը պէտք չէ համարել որպէս եկուոր։ Սպահանի հայութեան պարագան արդեն գիտէք՝ շահ Աբասսի կողմից բռնագաւթուած գաղութ է։ Այնտեղ եկել են հին Ջուղայից որը այն ժամանակ կազմում էր Ատրպատականի հայոց թեմի մի մասը։ Հիմա է, որ բաժանուած է ու գտնւում է Արաքսի միւս ափին։ Ինչ վերաբերում է Թեհրանի հայոց կեանքին, ապա ասեմ՝ Թեհրանի հայութիւնը իրանահայութեան ամենամեծ թիւն է կազմում»,- ներկայացրեց Սրբազան հայրը։

Ատրպատականի հայկական թեմը հաշուում է մօտ 5000 մարդ, որոնք հիմնականում գտնւում են Թաւրիզում՝ Արեւելեան Ատրպատական եւ Ուրմիայում՝  Արեւմտեան Ատրպատական։ «Այս երկու քաղաքներում են գտնւում հայերը, երկու տարբեր նահանգներ են, սակայն երկուսն էլ ունեն մէկ առաջնորդանիստ կենտրոն, որ է Թաւրիզը»,- ասաց թեմի առաջնորդը։

Իրանահայութեան սոցիալական կեանքի դժուարութիւնների մասին խօսելիս, Սրբազանն ասաց՝ չի կարծում թէ, այս բարդութիւնները, որոնք առաջ են եկել լուրջ ազդեցութիւն ունեն իրանահայութեան կեանքի վրայ, ի տարբերութիւն այլ գաղութների, ինչպիսին է, օրինակ, Լիբանանի հայ համայնքը։ Արտագաղթի երեւոյթը մեզ մօտ թեթեւ է։ Իրանահայութիւնը փոքր Հայաստան է։ Մեր Ատրպատականի կամ իրանահայութեան պարագայում ինչքան թիւը քչանում է, այնքան համայնքն ամրապնդւում է։ Եթէ այլ երկրում այսքան թուով հայութիւն մնար գաղութը կը փակուեր։ Մեր դէպքում այդպէս չէ։ Այլ գաղութների դէպքում պետական աջակցութիւնը շատ դէպքերում բացակայում է։ Մեզ մօտ պետական աջակցութիւնը մեծ է։ Իրանի իսլամական հանրապետութիւնն ամեն ինչ անում է, որ օրինակ, դպրոցները չփակուեն։ Սա բացառիկ շնորհք է, որը ցուցաբերում է պետութիւնը։ Գումարներ են յատկացւում նաեւ թեմերին։ Դրանք խորհրդանշական են, սակայն այն, որ իսլամական պետութիւնը քրիստոնեայ փոքրամասնութեանն աջակցում է, դա արդէն դրական է»,- մանրամասնեց Ատրպատականի հայկական թեմի առաջնորդը։

Առաջնորդարանների միջեւ յարաբերութիւնների, համագործակցութեան մասով Սրբազանն ասաց՝ հայկական երեք թեմերը գտնւում են նոյն երկրում, բայց տարբեր պայմանների մէջ են ապրում, նոյն խնդիրներն ունեն, սակայն գտնւում են աշխարհագրական տարբեր վայրերում։

«Թեհրանը բազմամարդ է, այնտեղ փոքր համայնքներն ավելի աննկատ են ապրում իրենց կեանքը։ Սպահանը զբօսաշրջային վայր է։ Ատրպատականի հայկական թեմը աւելի զգուշաւոր պայմանների մէջ է ապրում։ Մենք ազերի ցեղային մեծամասնութեան մէջ ենք ապրում։ Մեր բոլոր քայլերը, գործունէութիւնները պէտք է համակարգուած լինի տեղի իշխանութիւնների հետ։ Երեք թեմերն անգամ եթէ միմեանց հետ համագործակցեն, միեւնոյն է իրենց առանձին թեմաներն ունեն։ Ամեն հարցում չէ, որ նոյն յայտարարի կարող ենք գալ։ Մենք միջթեմական հանդիպումներ ունենում ենք։ Մեր փորձառութիւնը կարող ենք փոխանակել, բայց թեմերը տարբեր են։ Երեք թեմերն իրենց առանձին պատգամաւորական ժողովներն ու ազգային կառոյցներն ունեն, իրարից անջատ են։ Հասարակած կէտերը միայն տեղի հայության անձնական իրաւունքների  հետ է կապված, որոնք վաւերացուած են պետութեան կողմից: Օրէնքներ, որոնցով կառավարւում են հայ համայքները, օրինակ ժառանգական խնդիրներ, ապահարզան, եւ այլն»,- տեղեկացրեց հայկական թեմի առաջնորդը։

Գալով Իրանի պետական համակարգում հայերի ներգրաուածութեանը, Սրբազանը տեղեկացրեց՝ Իրանի հայ համայնքը խորհրդարանում երկու պատգամաւոր ունի։ Մէկը Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեանը ներկայացնող նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանն է, միւսը՝ Սպահանի եւ հարաւային իրանահայութեանը ներկայացնող  Ռոբերտ Բեգլարեանը։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հայկական պատմամշակութային արժէքների մասին խօսելիս, Սրբազանը պատմեց Սուրբ Թադեւոսի վանքի մասին, որը նախապէս փոքրիկ մատուռ է եղել։ Սրբազանի խօսքով՝ Սուրբ Թադեւոսի վանքը քրիստոնէութեան առաջին վանական համալիրն է աշխարհում։ Այն հայ ժողովրդի, հայ եկեղեցու հնագոյն սրբավայրն է։

«Եւ Իրանը գիտէ այս մասին։ Ամեն տարի երեք օր մեր ժողովուրդն ուխտագնացութիւն է կատարում դէպի վանք։ Հայաստանից, Իրանի տարբեր մասերից, աշխարի տարբեր երկրներից մարդիկ գալիս են, երեք օր վրանների մէջ են ապրում։ Այս տարի դժբախտաբար չենք կարող դա իրականացնել։ Մենք մոտավոր կանաչ լույս ունենք, որ վանքի գրանցումից բացի, որը տեղի ունեցաւ 2006 թուին, ուխտագնացութիւնը եւս, որպէս բացառիկ երեւոյթ այս վանքում, եռօրեայ դրութեամբ,  գրանցվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ցանկի մեջ։ ԻԻՀ-ում երկրորդ նշանաւոր վանքը Սուրբ Ստեփանոս նախավկայի վանքն է, որի արմատները գնում են մինչեւ 7-րդ դար։ Այս ճարտարապետական գոհարը նոյնիսկ օտարների կողմից է ճանաչուել որպես աշխարհի գեղեցիկ  եկեղեցիներից մէկը։ Այս վանքերը զբոսաշրջության կենտորններ են։ Նույնիկս Բաքվից, Նախիջեւանից են գալիս։ Սուրբ Ստեփանոսի վանքը օրական 4000 մարդ է ընդունում։ Հիմա է, որ նուազել է այդ թիւը։ Մարդիկ զարմանում են, թէ ինչպէս Իրանի իսլամական հանրապետութիւնում կարող են քրիստոնէական այսպիսի կոթողներ լինել։ Իրապէս Իրանի իսլամական հանրապետութեան աջակցութիւնը շատ մեծ  է այս առումով»,- մանրամասնեց Սրբազանը։

Սրբազանի փոխանցմամբ՝ Ատրպատականի թեմի վարչական տարածքում շուրջ 150 հայկական եկեղեցի կայ, որոնք տարածուած են Ատրպատականի տարբեր հատուածներում։ Մի մասը խոնարհուած, մի մասը աւերակ դարձած, մի մասը վերանորոգման կարիք ունեցող։ «Եթէ խօսում ենք Ատրպատականի թեմի մասին, պէտք է հասկանանք, որ տարածքը 400 հազար քառակուսի քիլօմեթր է։ Այդ գյուղերում հայեր չկան այլեւս, նոյնիսկ որոշ գիւղեր անմարդաբնակ են, եկեղեցիներին ինչպէ՞ս տիրություն կարող ենք անել։ Հայութիւն չկայ այդ գիւղերում։ Գիւղեր կան, որոնց տները ամբողջութեամբ փլատակների են վերածուել։ Կան որոշ գիւղեր, որտեղ թուրքեր են հաստատուել, տները վերակառուցել են, հայկական գերեզմաններին ձեռք չեն տուել։ Յուշարձանները ինչպէ՞ս եւ ինչու՞ վերակառուցուեն»,- ցաւով նշեց բանախօսը, ապա յաւելեց՝ իր աշխատութեան մէջ ինքը ներկայացրել է հայկական եկեղեցիները։

Սրբազան հայրը մէկ հատորի մէջ ամփոփած ունի, Թաւրիզի, Ուրմիոյ, Սալմաստի, Մարաղայի եւ այլ շրջանների 98 եկեղեցիները, որոնք ներկայացնում են իր երկրամասի պատմական անցեալը։ «Ուղեւորութիւն Ատրպատականի Հայոց Թեմում, Հայկական յուշարձանների հետքերով»-ի երկրորդ հատորը շարունակությունն  է առաջինի, որը լինելու է  իր կատարած հետազօտական ուղեւորութիւնը դէպի Ղարադաղ՝ պատմական Փայտակարան նահանգ,  ներկայացնելու բոլոր եկեղեցիներն ու գիւղերը, իրենց գերեզմանատներով։ Սրբազանն իր երկու աշխատություններում ներկայացրել է հայաթափված գյուղերի ազգային մշակութային ժառանգության եւ անշարժ գույքի վերացանկարագրման ուղղությամբ սկսած աշխատանքը:

 «Իմ փափաքն է, որ գոնէ լուսանկարներով ու քարերի վրայի արձանագրությունները վերականգնելով պատմութեան մէջ թողնեմ մեր հայկականը»,- շեշտեց Սրբազանը։  

 Սրբազանը մէկ կարեւոր շեշտադրում եւս արեց, թէ ինչու է որոշել հայկական յուշարձանները, պատմական շինութիւնները հաւաքել եւ իր գրքում ներկայացնել ու թէ ինչու չեն կարող համացանցում տեղադրել այդ հասցէները։  Նրա խօսքով՝ հայկական եկեղեցիների, յուշարձանների հիմնական քանդման պատճառն այն է, որ դրանց տակ ոսկի են ման եկել:

Թեմի առաջնորդը խօսեց նաեւ կորոնավիրուսային համավարակով պայմանաւորուած իրավիճակի մասին ու հայ համայնքի վրայ դրա ազդեցութեան մասին։ Սրբազանի փոխանցմամբ, համավարակի սկզբնական շրջանում, իրենց մօտ եւս անվստահութիւն կար վարակի նկատմամբ, որը յետագայում, իհարկէ, փոխուեց ու մարդիկ հասկացան, որ իրավիճակը լուրջ է․ ,Մեր համայնքից մէկ զոհ ունեցանք ցաւօք»։

Ատրպատականի հայութիւնը դիմացկուն է, դժուար պայմաններում է ապրում, սակայն կա պետական այնպիսի հովանաւորութիւն, որը թոյլ չի տալիս, որ համայնքի որեւէ անդամի հետ վատ բան պատահի։ «Մեր երկու դպրոցներն էլ պետութիւնը հովանաւորում է։ 40-50 աշակերտ ունենք Թաւրիզում, իսկ Ուրմիայում կրկնապատիկը, այդ դպրոցներին հովանաւորում է պետութիւնը, աշխատակազմը պահում է։ Մենք սահմանակից լինելով Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ամեն ինչ անում է, որ հայութիւնն այդտեղ մնայ»,- ընդգծեց Սրբազանը։

Լեզուն ամենակարեւոր հենքն է հայկական գաղութների պահպանութեան հարցում։ Այս մասով Սրբազանը նշեց, որ իրենց համայնքում ձուլման վտանգ չկայ։ Համայնքում բոլորը հայերէն են խօսում, երեխաները միմեանց հետ հայերէնով են հաղորդակցում ու խաղում, կանայք կարող են առաջնորդարանի  տարածքում առանց գլխաշորի լինել։ Իրանի հայ համայնք ներկայումս բազմազավակ չէ, բաւարարւում են մէկ կամ երկու երեխայով, ասաց Սրբազանը։

Սրբազանը նշեց, որ Ատրպատականի նւիրւած  իր գրքի շնորհանդէսը տեղի է ունեցել նախ Սբ.  Թադէի վանքում, աղա Լոս Անջելեսում՝ Գլենդելում, այնուհետեւ Ֆրեզնոյում։

Վերջում «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Հակոբյանը շնորհակալություն յայտնեց մասնակիցներին, Սրբազան հօրը հետաքրքիր զրոյցի ու քննարկման համար։ «Շատերի համար Իրանը անծանոթ երկիր է։ Երբեմն վանողական բան ունի։ Սակայն, երեւում է, որ Իրանի հայ համայնքը, կամ գոնէ Սրբազանի թեմը այնքան էլ տարբեր չէ Հայաստանից կամ այլ հայկական համայնքներից։ Մեր յաջորդ հանդիպմանը խօսելու ենք Ամերիկայի Միացեալ նահանգների արեւմտեան ափի հայ համայնքի մասին։ Բանախօսը լինելու է  այնտեղի թեմի առաջնորդ Սրբազան հայր Յովնան Արք. Տէրտէրեանը։ Շնորհակալ եմ բոլորին մասնակցութեան համար»,- ամփոփեց հանդիպումը Սեւակ Յակոբեանը։ 

 

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

 

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը  

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին