Լիբանանի հայ համայնքի սոցիալ-տնտեսական ճգնաժամն է քննարկվել հուլիսի 1-ին «Զարթօնք», «Արեւ» եւ «Սարդարապատ» թերթերի համատեղ կազմակերպած մամուլի առցանց երկրորդ լսարանի ընթացքում: Բանախոսն էր Լիբանանի Հովարդ Կարագյոզյան հաստատությունը տնօրեն Սերոբ Օհանյանը։
Աշխարհի տարբեր երկրների շուրջ 65 մասնակիցներով կազմված առցանց հարթակը մեծ սիրով վարեց՝ հանրածանոթ մտավորական, Հայկազեյան Համալսարանի Հայագիտական Հանդեսի պատասխանատու խմբագիր և նույն համալսարանի Սփյուռքի Ուսումնասիրության կենտրոնի տնօրեն« դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս քննարկման մասնակիցներին ողջունեց և մասնակցության համար շնորհակալություն հայտնեց «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
Հիմնական բանախոս Հովարդ Կարագյոզյան հաստատությանը տնօրեն Սերոբ Օհանյանն իր ներածական խոսքում ներկայացրեց կենտրոնի աշխատանքների մասին որոշ մանրամասնություններ։ Նա նշեց, թե ինչպես է ազդել Լիբանանի սոցիալ-տնտեսական վիճակը հայ համայնքի ներկայացուցիչների, անհատների վրա։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ շատ ընտանիքներ անգործ են մնացել հետևաբար որոշակի օգնության կարիք ունեն։ Կարագյոզյան կենտրոն են դիմում բժշկական օգնություն ստանալու ակնկալիքով։ Օհանյանը, Դաքեսյանի հարցին ի պատասխան, նաև խոսեց Լիբանանում սիրիահայ գաղթականների խնդիրների մասին։
«2011 թվականից, երբ սկսվեց սիրիական հարցը, մենք արդեն սկսեցինք տեսնել սիրիահայ ընտանիքների, որոնք գաղթեցին Լիբանան։ Սիրիահայերի ուսյալ խավը կամ նյութապես մի քիչ ապահովված ընտանիքները, ովքեր կարողացան իրենց գումարներով հասնել Լիբանան, ավելի ճարպիկ գտնվեցին ու ավելի ուշ գաղթեցին Լիբանանից դուրս դեպի Եվրոպա և Ավստրալիա։ Իսկ տարեցները մնացին Լիբանանում։ Մենք այսօր ունենք 300 սիրիահայ ընտանիքներ, որոնք մինչ այսօր կարիքավոր չէին, բայց 2020 թվականին սկսեցին կարիքավոր դառնալ։ Գիտեք, մարդիկ քանի մեծանում են, առողջապահական խնդիրները ավելանում են։ Մարդիկ խնամքի կարիք ունեն, մանավանդ, երբ իրենց հարազատները, երեխաները հեռու են գտնվում։ Վիճակը բարդ է նաև դպրոցներում։ Շատ երեխաներ ֆինանսական խնդիրներից ելնելով դուրս են մնում հայկական վարժարաններից, համալսարաններից»,- մանրամասնեց Սերոբ Օհանյանը։
Լիբանանահայության քանի՞ տոկոսն է կարիքի մեջ գտնվում ու գլխավոր խնդիրն այսօր ո՞րն է։ Բարեսիրական կազմակերպությունները ո՞րտեղ են հաջողում և ո՞րտեղ չեն կարողանում լուծել հայկական գաղութի առջև ծառացած խնդիրները։ Այս հարցերին ի պատասխան պարոն Օհանյանը ներկայացրեց իրենց ամենօրյա վիճակագրությունը։ «Մենք ամեն օչր Կենտրոնում ընդունում են 250 հիվանդ, որից 125-ը հայ։ 125-ից 30-ը նոր անհատներ են։ Օրական 25-30 նոր հայ մարդ ենք ընդունում, որոնք բժշկական խնամքի կարիք ունեն։ Նախկինում այս մարդիկ գնում էինք անհատական բժշկի մոտ, բայց այսօր սոցիալական ու ֆինանսական ճգնաժամի պատճառով իրենք չեն կարող գնալ հիվանդանոց։ Օրական 5-7 անհատ ենք ընդունում, որոնց վիճակը բարդացած է ու հիվանդանոցի կարիք կա։ Այստեղ է, որ կապ ենք հաստատում տարբեր ընկերային կազմակերպությունների հետ, որոնք գումար են հավաքում տվյալ մարդու համար»,- շեշտեց բանախոսը։ Բացի բժշկական ու առողջապահական խնդիրներից, լիբանանահայերը այս պահին նաև ունեն տան նյութական օժանդակության, տան վարձքը վճարելու, կոմունալ վճարումների խնդիր, որն առաջացել է աշխատանքի բացակայության պատճառով։ «Այս ընթացքում սկսեցինք տեսնել նաև ընտանիքների, որոնք գտնվում են հոգեպես ոչ լավ վիճակում։ Դրա համար ստիպված եղանք Կենտրոնում բացել համապատասխան բաժանմունք, որոնք կզբաղվեն հոգեբանական հարցերով ու օգնություն կցուցաբերեն այդ անհատներին»,- ընդգծեց Սերոբ Օհանյանը։
Կարագյոզյան կենտրոնում նաև ստեղծվել է երեխաների հոգեբանական աջակցության բաժանմունք, որի մասնագետները հայ երեխաներին օգնում են հարթել սթրեսային իրավիճակները, հոգեբանական խնդիրները, որոնք մեծ մասամբ ի հայտ են եկել կորոնավիրուսային համավարակի պատճառով տանը մնալուց։
Սերոբ Օհանյանի տեղեկացմամբ՝ Լիբանանում բարեսիրական կազմակերպությունները այս պահին ունեն մոտավոր 8000 հայ ընտանիքների տվյալ, որոնք մշտապես ստանում են սոցիալական աջակցություն։ Լիբանանահայ գաղութն այսօր 50-60 հազար է կազմում։ Քննարկման մասնակիցները թեմայի վերաբերյալ տարբեր հարցումներ ուղղեցին բանախոսին, որը դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը սիրով համադրեց ու ներկայացրեց։ Հարցումների հիմնական մասը վերաբերվում էին լիբանանահայության խնդիրներին, նրանց տրվող աջակցությանը, բարեսիրական կազմակերպությունների գործունեությանը։
Անդրադառնալով հարցին, թե այս իրավիճակից ելքերն ինչպե՞ս է տեսնում, Սերոբ Օհանյանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ Լիբանանի կառավարությունը անկարող է շարունակել օգտակար լինել լիբանանցուն բժշկական, սոցիալական հարցերը հոգալու համաւր։ «Լիբանանում բարձր տոկոս է կազմում անգործությունը։ Լիբանանի լիրան արժեզրկվել է։ Դրա հետրանքով, մենք տեսնում ենք հայ ընտանիքներ, որոնք կարիքավոր են դառնում, երեխաները դպրոց չեն կարողանա գնալ, ուսանողները՝ համալսարաններ։ Դա իր հերթին արտագաղթի նոր ալիք կարող է բարձրացնել ու հիմնականում արտագաղթ դեպի Հայաստան»,- մանրամասնեց բանախոսը։
Օհանյանը նշեց, որ որպես Սփյուռքում գործող հայկական բարեսիրական ընկերություններ, իրենք պետք է միասնական աշխատեն, որպեսզի հայությանը տրվող օժանդակությունը ավելի արդյունավետ լինի։ Դրա համար անհրաժեշտ է նաև ֆինանսական միջոցներ։ «Հայկական կազմակերպությունները առանձին չեն կարող ֆինանսական օժանդակությունները ներգրավել։ Այդ պատճառով մենք պետք է միասնական լինենք ու թակենք միջազգային կազմակերպությունների դռները»,- ասաց նա։ Նշենք, որ Կարագյոզյան կենտրոնի տարեկան բյուջեն 700 հազար դոլար է և այս ամբողջ աշխատանքը կատարվում է այդ գումարի շրջանակում։
«Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով Սերոբ Օհանյանին հետաքրքիր և բովանդակալից քննարկման ու զեկույցի համար, մի քանի կարևոր շեշտադրում կատարեց թեմայի վերաբերյալ։ Հակոբյանը նախ նշեց, որ ինքը այնքան լավատես չէ, ինչպես Սերոբ Օհանյանը ու կարծում է՝ միասնականության, համախմբվածության դժվար է հասնել։ Սևակ Հակոբյանը հիշեցրեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը, որից հետո լիբանանահայ գաղութն այսքան ծանր կացության մեջ չի եղել։ «Հանկարծ ի՞նչ պատահեց, որ լիբանանահայ գաղութն այսքան վատ վիճակում հայտնվեց։ Դրա պատասխաններից մեկը հետևյալն է։ 1975-ին երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, 60-ականների վերջ 70-ականների սկզբին հայյական գաղութը ապրում էր իր ոսկեդարը։ Այն ժամանակ համայնքում տնտեսական որոշակի հիմք կար, դեպի երկիր դրամի մուտք կար ու հավասարակշռում էր իրավիճակը։ Իհարկե, պատերազմը նոսրացրեց գաղութ։ Երիտասարդը, դրամ ունեցողը արտագաղթեց ու մնաց այն, ինչ մնաց։ Այսօրվա պայմանները տարբեր են։ Մեր հաշվարկով սա կարող է ավելի երկար տևել ու գնալով ավելի վատթարանալ»,- ասաց Սևակ Հակոբյանը, ապա կարծիք հայտնեց, որ այսօրվա իրավիճակը ունի նաև քաղաքական ենթատեքստեր ու քաղաքական պայքար է ընթանում։
Անդրադառնալով Կարագյոզյան կենտրոնի աշխատանքին, որի մասին մանրամասն խոսեց ն Օհանյանը, Սևակ Հակոբյանը նախ զարմանք արտահայտեց, որ այդքան մեծ աշխատանքը հնարավոր է եղել տարիներ շարունակ իրականացնել ընդամենը 700 հազար դոլարով բյուջեով, այնինչ Սփյուռքում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք տարեկան բյուջեն հասնում է մինչև 50 մլն դոլարի։ Ինչևէ, Սևակ Հակոբյանն իր շնորհակալությունը հայտնեց Կենտրոնի ղեկավարին կատարած աշխատանքի համար։
Քրիստինա Աղալարյան