ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն է:
«Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների հեղինակած օրենքի նախագծով որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին (դատավորներին):
Օրինագծի ընդունման դեպքում կդադարեցվի ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց հունիսի 22-ի ԱԺ արտահերթ նիստում՝ 89 «կողմ» ձայնով: Նիստին մասնակցեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն պատրաստվում մասնակցել այդ հարցի քննարկմանը:
Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է ներկայացրել ՍԴ-ի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին:
Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց:






