Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Թուրքիային ձեռնտու է Լիբանանում ապրող տարբեր համայնքներին իրար դեմ հանելը. Հակահայ ցույցերի դրդապատճառները

Լիբանանի հայկական «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հարցազրույցը՝ հայրենի «Առաջին լրատվական»-ին։ 

Պարոն ՀակոբյանԼիբանանում ընդհանուր առմամբ վիճակն ինչպիսի՞ն է:

-Ինչպես ձեզ արդեն ծանոթ է, Լիբանանն անցյալ տարվա հոկտեմբերի 17-ից ի վեր ապրում է տնտեսական սուր ճգնաժամ, ինչի հետևանքով երկրում տեղի են ունենում ժողովրդական ցույցեր կառավարության և ընդհանրապես փտած իշխանության դեմ: Օրվա կառավարությունը հրաժարական տվեց՝ տեղի տալով ցույցերին: Կազմվեց նոր կառավարություն, որի կազմությունն ու գործելաոճը, ըստ մեզ, ո՛չ մի լուրջ տարբերություն չունի նախկինից: Կորոնավիրուսի պարտադրած իրավիճակը մի պահ ցույցերը դադարեցրին: Հազիվ էր վիրուսի վտանգն անցել, համեմատաբար թեթևացել հավաքների հակաառողջական իրավիճակը երկրում, երբ ցույցները վերսկսվեցին նույն թափով: Մանավանդ, որ Լիբանանի ազգային արժույթը աննախադեպ անկում արձանագրեց՝ ժողովուրդին մեծամասնությանը հասցնելով կենցաղային լուրջ ճգնաժամի:

-Վերջին օրերին Լիբանանում հակահայկկան բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Ո՞րն է դրդապատճառըՈվքե՞ր են բողոքի ակցիայի կազմակերպիչներըմասնակիցները։ Թուրքական ի՞նչ ազդեցություն եք նկատում ցույցերի կազմակերպման գործում։

-Մինչ երկիրն ապրում է նման տնտեսական քաղաքական ճգնաժամ, բացառված չէ, որ արտաքին ուժերը սկսեն իրենց նպատակները հետապնդեն տվյալ երկրի մեջ: Թուրքիան անմասն չէ այս բոլորից: Այն մշտական ախորժակ ունի իր քաղաքական ազդեցությունը տարածելու շրջանում՝ մերթ զինվորական միջամտություններով, ուրիշ անգամ տնտեսական օժանդակությամբ կամ այսպես կոչված մարդասիրական օգնություններով: Պետք է նշել, որ Լիբանանն ու ամբողջ տարածաշրջանը մինչև 1918 թվականը մի ամբողջ 400 տարի եղել է օսմանյան տիրապետության տակ: Թուրքիայի նախագահ Էրդողանն, իրեն համարելով օրինական ժառանգորդը օսմանցիների, ամեն առիթ օգտագործում է  ներկա Թուրքիայի տիրապետությունը  տարածաշրջանում տարածելու համար: Դրա վկայությունն է իր ռազմական միջամտությունները Սիրիայի և Լիբիայի մեջ:

Կարևոր է շեշտելոր Թուրքիան ունի իր ցեղակիցներն ու կրոնակիցները Լիբանանումորտեղ պակասում է  արաբական ավանդական հովանավորությունը (սուննի արաբական երկիրներ՝ Սաուդիան ԱրաբիաԱրաբական ԷմիրություններԵգիպտոսև այլն)որոնք չեն ուզում համագործակցել Լիբանանի այսօրվա կառավարության հետ՝ նկատելով շիա Իրանի գործակատարները (Իրանն էլ իր հերթին ունի նկատառումներ շրջանում՝ գլխավոր հանձնակատար ունենալով Հեզբոլահը):

Հետևաբար ստեղծված է սուննի արաբ հովանավորի վակուում, որը սիրով է ուզում լցնել պատեհապաշտ Թուրքիան, մանավանդ, որ ենթահողն էլ օգնում է (սուննի եղբայրակիցներ, որոնք Լիբանանում ունեն կենցաղային և ապահովական լուրջ խնդիրներ և հասարակաց «թշնամի»՝ Իրանը):

Մինչ վերոհիշյալն առկա է, պատահեց միջադեպ, որ ըստ մեզ, կարելի էր շրջանցել նկատի ունենալով իրավիճակի լրջությունը:

Լիբանանահայ ծանոթ հաղորդավարներից մեկը տեղական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող իր հաղորդման ընթացքում նամակ ստացավ, որտեղ իրեն ու հայերին վարկաբեկում էին: Նա, հասկանալի անմիջականությամբ և զգացական պոռթկումով եթերի ընթացքում նվաստացուցիչ խոսքեր հայտնեց Էրդողանի և Թուրքիայի հասցեին՝ մարտահրավեր նետելով նամակագիրին:

Հակազդեցությունը չուշացավ: Թրքական «նուրբ մատներով» շարժվող Լիբանանում գրանցված միություն հայտնվեց «Արաբ-Մերտինցիների Միություն», որի, այսպես կոչված նախագահը, ամենագռեհիկ ոճով լուտանքներ թափեց նշյալ հաղորդավարի հասցեին և ընդհանրապես հայության հասցեին: Ազդանշանը տրված էր: Հանկարծ փողոցների մեջ հայտնվեցան խմբավորումներ, որոնք թուրքական դրոշակներով երթեր կազմակերպեցին՝  հակահայ լոզունգներ արձակելով:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս բողոքի ցույցերը։ Թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներն  ինչպե՞ս են դա օգտագործում հակահայկական քարոզչության նպատակներով։

-«Պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ» հասկացողությունը վստահ եմ ծանոթ է ձեզ և ձեր ընթերցողներին: Կատարվածը հենց դա է: Թուրքիան լավագույնս փորձում է օգտագործել Լիբանանի ճգնաժամը իր ձեռքերը այստեղ էլ երկարացնելու նպատակով: Հայկական թեման լավ պատճառաբանություն է իրեն և շահագործման կարևոր առիթ:

Թուրքիան Լիբանանի նկատմամբ նկրտումներ ունի: Նրան ձեռնտու է Լիբանանում լարված իրավիճակը: Թուրքիային ձեռնտու է Լիբանանում ապրող տարբեր համայնքներին իրար դեմ հանելը, միմյանց միջև լարվածություն առաջացնելը: Այդ թվում հայերի ու երկրում ապրող մյուս համայնքների ներկայացուցիչների: Եթե Լիբանանի այս համայնքների միջև խնդիր առաջանա, դա կվտանգի Լիբանանի ազգային անվտանգությունը: Այս առիթով Լիբանանի մեջ գործող Հայ երեք ավանդական կուսակցությունները միացյալ հաղորդագրություն հրապարակեցին ի տես այս վերջին պատահածին, շեշտելով Լիբանանում համակեցության կարևորությունը, որ հիմնված է համայնքների փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության վրա: Հիշեցնելով, որ թուրքական այս արարքը լոկ հակահայ արարք չէ, նպատակ է հետապնդում Լիբանանը թուլացնել: Բարեբախտաբար և ինչպես միշտ լիբանանցի մեր եղբայրակիցները բոլորն անխտիր լավ հասկանում են նպատակն ու զորավիգ են մեր համայնքին, որոնց հասկացողությանն ու գործակցությանն ապավինելով՝ մենք պիտի շարունակենք մեր գոյությունն ու աշխուժությունը Լիբանանում՝ ի հեճուկս թուրքական նկրտումների:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին