Աղաւնի
Աղաւնին լեզու չունի եւ միայն կարողանում է «Վո՜ւ, վո՜ւ» անել: Երբ Նոյը տապանից բաց է թողել նրան լուր բերելու, նրանից առաջ արձակուած ագռաւը յարձակուել է աղաւնու վրայ եւ կծել նրա լեզուն: Չնայած դրան, աղաւնին գտել է հնարը Նոյին աւետիս տալու, կտրել է ծառի կանաչ մի ճիւղ եւ տարել, որից Նոյը հասկացել է, որ ջուրն արդէն ցամաքել է: Այդ պատճառով էլ Նոյը անիծել է ագռաւին եւ օրհնել աղաւնուն:
Անահիտի աղբիւրը
Անահիտի աղբիւրը գտնւում է Արցախի Մարտունու շրջանի Հացի գիւղում: Ասում են թէ Աղուանից Վաչագան թագաւորը այս աղբիւրի մօտ է առաջին անգամ հանդիպել Հացիի գիւղացի ու իմաստուն Անահիտին եւ սիրահարուել նրան: Այդ օրուանից էլ աղբիւրը կոչուել է Անահիտի աղբիւր:
Ապարան
Ա.
Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախուած է Գրիգոր Լուսաւորիչի արտասուքներով լի կանթեղը: Այս կանթեղը մշտավառ է եւ միայն արդարներին տեսանելի: Դրա համար էլ այս գաւառը կոչուել է Անպարան, որը բերանից-բերան դարձել է Ապարան:
Բ.
Արագածի լեռնագագաթները յաճախ ամպամած են լինում, դրա համար էլ գաւառը կոչւում է Ամպարան – Ապարան:
Հարիսա
Երբ Գրիգոր Լուսաւորիչը Խոր Վիրապից դուրս գալով, գնում է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրութեամբ լսում են նրան: Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գիւղացիներին շատ իւղ ու ոչխար բերել: Երբ բերում են իւղն ու ոչխարը, Լուսաւորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրայ, միսը լցնում մէջը եւ կորկոտն (ձաւարը) էլ վրան: Այնուհետեւ նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարէք զսա: Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա:
Ձմերուկ
Գագիկ թագաւորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետին էր քսում եղջիւրները: Թագաւորը կարգադրում է կտրել օձի եղջիւրները: Դրանից յետոյ օձը հանգստանում է եւ գոհ հեռանում: Ժամանակ անց նա նորից է երեւում պալատի մօտ, եւ բերանից մի կորիզ գցելով, անյայտանում է: Գագիկի ցուցմունքով կորիզը ցանում են եւ հետեւում նրան: Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում: Փորձելու համար մի կտոր ուտելու են տալիս մի մահամերձ ծերուկի: Նա անմիջապէս կազդուրւում է եւ երիտասարդանում: Գագիկն ու պալատականները վայելում են պտղի մնացած մասն ու նոյնպէս կազդուրւում ու երիտասարդանում են: Դրանից յետոյ այդ պտղի անունը դնում են չմեռուկ, որը բերնէբերան անցնելով, դառնում է ձմերուկ:
Մոկք կամ Մոկս
Արեւելքի երեք մոգեր (մոգք), երբ այցելութեան են գնում նորածին Քրիստոսին, երեք ամիս մնում են այնտեղ: Նրանցից մէկը՝ Գասպար անունով, մեռնում ու թաղւում է նոյն տեղում, ուր եւ ցոյց են տալիս նրա գերեզմանը: Ի յիշատակ այդ մոգերի, գաւառի անունը դնում են Մոկք, որը յետոյ բերնէբերան դառնում է Մոկս:
Արաքս
Ա․
Հայոց Արաքս թագաւորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ քրմերի միջոցով նախազգուշացւում է, որ ինքը միայն այն ժամանակ յաղթանակ կը տանի, երբ աստուածներին զոհ կը մատուցի երկու լաւագոյն ու գեղեցիկ կոյսերի: Խնայելով իր դուստրերին՝ Արաքս թագաւորը զոհաբերում է հպատակներից մէկի աղջիկներին: Սրանց հայրը որոշ ժամանակ խեղդում է իր մէջ դառնութեան ու վիրաւորանքի զգացումը, սակայն հենց որ յարմար առիթ է ներկայանում, սպանում է Արաքսի աղջիկներին ու լքում հայրենիքը, գնում օտարութեան: Իմանալով այդ մասին՝ Արաքս թագաւորը նետւում է Հալմոս գետը, որն այնուհետ նրա անունով կոչում են Արաքս:
Բ.
Այլազգի բռնաւորը փախցնում է հայ երիտասարդի սիրած աղջկան: Երիտասարդը գնում է նրան ազատելու: Երկար որոնումներից յետոյ նա սիրած աղջկան գտնում է բռնաւորի գրկում: Տեղն ու տեղը սպանելով նրան՝ երիտասարդը ազատում է աղջկան: Վրայ են հասնում բռնաւորի ծառաներն ու սպանում են թէ՛ տղային եւ թէ՛ աղջկան: Տեսնելով որ որդին ուշանում է, տղայի մայրը գնում է նրան որոնելու եւ գտնում է որդու եւ հարսնացուի դիակները: Վշտահար մայրն ընկնում է դիակների վրայ եւ ինքն էլ աւանդում է իր հոգին:
Ասում են թէ Արաքս գետը գոյացել է սպանուած երիտասարդի, նրա սիրած աղջկայ ու մօր արիւն-արցունքներից, որոնք հազարաւոր աղբիւրներ են դարձել եւ ցած իջել հայոց լեռներից:
Պատրաստեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ