Արցախի Հանրապետության հարթավայրային գոտում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է հացահատիկայինների բերքահավաքը։ Հնձին ձեռնամուխ են եղել Մարտունու, Մարտակերտի, Քաշաթաղի եւ Հադրութի շրջանների հացագործները։ Գարու ցանքատարածքներից հեկտարից միջին հաշվով 17.9 ցենտներ բերք է ստացվում, իսկ առանձին դաշտերում 20 ցենտներից էլ ավելի հացահատիկ է հնձվում։
Բերքահավաքը, աշխարհագրական ընդգրկման առումով, շարունակ ընդլայնում է շրջանակները եւ հետզհետե լայն թափ է առնում։ Ու, բնականաբար, գյուղնախարարությունում եւ բերքահավաքի ընթացքը վերահսկող գերատեսչություններում ավելի են կարեւորում այն առաջնահերթությունները, որոնց ապահովմամբ են պայմանավորված հացահատիկի անկորուստ հավաքումն ու մթերումը։
Արդյոք, կոմբայնների պակաս չի՞ զգացվում, դաշտերում օգտագործվող գյուղատնտեսական մեքենաները սարքին վիճակու՞մ են, պահեստամասերի ձեռք բերման ժամանակ խոչընդոտներ չե՞ն ծագում, ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում արտերը հրդեհներից զերծ պահելու համար, ինչպե՞ս են համակարգվում բերքի պահեստավորման եւ խոզանավարի կազմակերպման աշխատանքները։ Այս եւ «Հունձ—2020»—ի հետ փոխկապակցված մյուս հարցերն են Արցախի գյուղնախարար Աշոտ Բախշիյանի մտահոգության առարկան, ով ամեն օր գերատեսչության պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարում հացագործությամբ զբաղվող համայնքներում, հետեւում աշխատանքների ընթացքին ու դիտարկումների արդյունքները տեղում քննարկում հողի սեփականատերերի հետ։
Ընդհանուր առմամբ, նախարարը գոհ է իրականացվող աշխատանքներից։ Եղանակային անբարենպաստ պայմանների պարագայում ստացվող բերքը բավարար կարելի է համարել։ Ինչպես աշնանը, այնպես էլ ձմռան առաջին ամիսներին, տեղումների բացակայության պատճառով, արտերը նորմալ չթփակալեցին, եւ աճը դանդաղ էր ընթանում։ Գարնան սկզբներին տեղացած անձրեւները նպաստեցին հացահատիկայինների սնուցմանը եւ խոնավացման ապահովմանը։
Ու, չնայած նախորդ տարվա ցուցանիշները ավելի գոհացուցիչ էին, ուսումնասիրությունները վկայում են, որ դեռ վաղ է որեւէ ճշտգրիտ եզրահանգում կատարել, մանավանդ, մասնագետների կարծիքով, «բերքառատ գոտիներում հունձը դեռ չի մեկնարկել, եւ ռեկորդային բերք է ակնկալվում»։
Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ կատարած այցից հետո Ա. Բախշիյանը շրջվարչակազմերի ու համայնքների ղեկավարների, գյուղատնտեսների եւ հացագործների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել Նոր Մարաղայում եւ քննարկել առաջիկա անելիքները։
Գոհունակություն հայտնելով բարձր կազմակերպվածության համար, նա հորդորել է պահպանել բերքահավաքի ներկա տեմպերը եւ խրախուսել է լավագույն կոմբայնավարներին։ Գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է նաեւ դաշտային օթեւաններում գտնվողների կենցաղային պայմաններով, անհրաժեշտության դեպքում՝ պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց։ Նա այցելել է պահեստներ եւ տեղեկացել հացահատիկի մթերման ընթացքով։
Հունիսի 12–ի դրությամբ հնձվել է ավելի քան 7 հազար հեկտար ցանքատարածք։ Կալսվել է շուրջ 12 տոննա գարի։ Բերքահավաքին ներգրավված է մոտ 150 կոմբայն, որից 15–ը՝ Հայաստանից։
Նախարարը վերստին ընդգծել է գների հստակ պահպանման անհրաժեշտությունը։ Արցախում գարին, կիլոգրամի հաշվով, կմթերվի 100, իսկ Հայաստանում՝ 115 դրամով՝ հաշվի առնելով տեղափոխման ծախսերը։ Նախարարը գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանին հանձնարարել է ուսումնասիրել շրջաններում առկա պահեստների ծավալները եւ, անհրաժեշտության դեպքում, հարմարավետ նոր շինություններ ապահովել։
«Տունդարձի» ճանապարհին նորանշանակ գյուղնախարարը հետաքրքրվել է բանջարանաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող մենատնտեսների հոգսերով եւ խոստացել օգնել։ Նրան ոգեւորել է հողի սեփականատեր Սամվել Հարությունյանի խնամքով մշակված ձմերուկի եւ լոլիկի ցանքատարածքը, որտեղ հարուստ բերք է սպասվում։
Մենատնտեսը հավաստիացրել է, որ շուտով քաղցրահամ ձմերուկի առաջին տոննաները կհասցվեն սպառողներին։ Նա միաժամանակ նախարարին է դիմել ոռոգման վերահսկողությունն անձամբ իր «ձեռքում պահելու» առաջարկով, այլապես օրենքը խախտողները անարգել, առանց չափ ու սահմանի (ցանկացած պահի) ջրի հունը իրենց դաշտերն են ուղղում, եւ ոչ ոք չի պատժվում։
Նախարար Ա. Բախշիյանն ասաց, որ հարցը մշտապես իր ուշադրության կենտրոնում է եւ այդ մասով կոնկրետ հանձնարարականներ տվեց իր տեղակալներին։ Բացի այդ, իրեն ուղեկցողների հետ այցելեց Խաչենի ջրամբար եւ պատասխանատուներին զգուշացրեց ոռոգման ջուրը համաչափության սկզբունքով տրամադրելու մենատնտեսներին եւ շռայլումներ թույլ չտալու։






