ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց հրաժարվել ընդհատակյա հարսանիքներ ու զանգվածային հուղարկավորություններ անցկացնելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:
«Մեր ամենամեծ խնդիրն այսօր կապված է թաղումների ու հոգեհանգիստների հետ: Դրանք նույն ձևով են ըստ էության տեղի ունենում ու դառնում են վարակի աղբյուրներ: Մեկ մարդը ՀՀ տարբեր մասերում թաղումների մասնակցելով՝ վարակը տարել է երեք տարբեր տեղ, որի արդյունքում Գեղարքունիքի Ձորագյուղ գյուղն ընդհանրապես փակվեց: Այս շրջանում ներմուծվել է ընդհատակյա հարսանիքի ինստիտուտը, զուռնա-դհոլով ընդհատակյա հարսանիք ենք մենք ներմուծել: Կոչ եմ անում հրաժարվել ընդհատակյա հարսանիքի ինստիտուտից, զանգվածային թաղումների ինստիտուտից, քանի որ դրանով վտանգի տակ ենք դնում մեր տարիքով մեծ հարազատների կյանքը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ ոստիկանության հետհեղափոխական ընկճվածությունն ավելի է խորացնում այս խնդիրը:
Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:






