Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Տեսակէտ. Ռուսական Գործօնն Արեւելեան Հայաստանում

Ուիլսընեան Քարտէզ

Պատմութիւնը շարունակական է բոլորի համար, պատմութեան մէջ նոյն կամ համանման սխալի կրկնութիւնը տուեալ հասարակութեան, խմբի կամ խմբերի  անգիտութեան արդիւնք է, որի վերջնական պատասխանատուութեան բեռը չպէտք  է մնայ տարածաշրջանի ժողովուրդների եւ նրանց սերունդների ուսերին։

Հիմքերը խարսխւում են հայ-ռուսական, պոլշեւիկեանն, հայ-Խորհրդային միութիւն յարաբերութիւններում։ Հայ-ռուսական յարաբերութիւնները 100 տարի առաջ խոստանում էր միացեալ Հայաստանի վերականգնում, սակայն պոլշեւիկեան յեղափոխութիւնը խանգարեց այն իրականացնելու համար։ Հայ-պոլշեւիկեան յարաբերութիւններն էլ կարող էին հանգեցնել միացեալ Հայաստանի ստեղծմանը, եթէ պոլշեւիկները չհամագործակցէին պարտուած Թուրքիայի անօրինական ղեկավարների հետ։ Իսլամական աշխարհում յեղափոխութիւն անելուց առաջ պոլշեւիկները կարող էին Արեւմտեան Հայաստանը միացնել պոլշեւիկեան Ռուսաստանին, յետոյ յեղափոխութիւնը տարածէին։ Յետագայում պոլշեւիկներն իրենց խաբուած զգացին, սակայն արդէն ուշ էր։ Արդիւնքում կնքուեցին անօրինական պայմանագրեր, որոնք իրաւական հիմքերից զուրկ են եւ ՌԴ-ի այժմեան ղեկավարութիւնն էլ չի ցանկանում դրանք վերանայել։ Պատմութիւնն այժմ, կարծես, կրկնւում է։ Եթէ ՌԴ-ի ղեկավարութիւնը ցանկանայ, կարող է մեզ վերադարձնել մեր կորցուած հողերը եւ ամրապնդուել Հայկական Լեռնաշխարհում՝ կարեւորագոյն դեր ստանձնելով Մերձաւոր Արեւելքում։

          Առաջին աշխարհամարտը դեռ չաւարտուած, Ռուսաստանը 1918 մարտի 3-ին Գերմանիայի կայսրութեան, Աւստրո-Հունգարիայի, Թուրքիայի եւ Պուլղարիայի հետ կնքեց Պրեստ-լիտովսկի անօրինական ու անվաւեր հաշտութեան պայմանագիրը՝ Առաջին աշխարհամարտում Ռուսաստանի պարտութեան եւ հեռանալու մասին։ Այդ պայմանագրի 4-րդ յօդուածի 2-րդ եւ 3-րդ պարբերութիւնների համաձայն, պոլշեւիկները պարտաւորուեցին թուրքերին վերադարձնել պատերազմի ընթացքում գրաւած ոչ միայն Արեւմտեան Հայաստանի տարածքները («Արեւելեան Անատոլիայի նահանգները»), այլեւ 1978 թուականից Ռուսական կայսրութեան մաս հանդիսացող Արտահանի, Կարսի, Պաթումի մարզերը։ 1918 թուականի մայիսի 28-ին անկախութիւն ձեռք բերած Հայաստանի Հանրապետութիւնը Անտանտի միջոցով հետ վերադարձրեց Կարսի եւ Արտահանի մարզերը։ Չնայած Պրեստ-լիտովսկի պայմանագիրը 1918 թուականի սեպտեմբերի 20-ին չեղեալ է համարուել Ռուսաստանի կողմից, իսկ 1918 թուականի հոկտեմբերի 30-ին՝ Թուրքիայի  (նոյն օրը՝ Մուտրոսի զինադադարի 11-րդ յօդուածի համաձայն), Առաջին աշխարհամարտի արդիւնքում Հայաստանը, որպէս յաղթող կողմ ոչ մի թիզ հող չստացաւ, միայն վերականգնուեց 1914 թուականի սահմանը եւ ՀՀ-ի տարածքը կազմեց 55 000 քառ․ կմ։ Իսկ մինչ այդ, 1917 թուականի դեկտեմբերի 29-ին ՌԽՖՍՀ ժողկոմխորհը տեկրեդ ընդունեց Թուրքահայաստանի մասին՝ «Ռուսաստանի կառավարութիւնը պաշտպանում է Ռուսաստանի կողմից գրաւուած «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրաւունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախութիւն»։

          1919 թուականի Յունուարի 18 -ից Փարիզի կոնֆերանսին թէեւ հայկական երկու պատուիրակութիւնը («Ազգային պատուիրակութիւնը»՝ Պօղոս Նուպարի եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը՝ Աւետիս Ահարոնեանի գլխաւորութեամբ) չմասնակցեցին, սակայն վեհաժողովը 1920 թուականի Յունուարի 19-ին «de facto» ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը, չնայած ներկայացուել էր նախագիծ՝ հայկական 7 վիլայէթների եւ Կիլիկիայի սահմաններում։

             1920 թուականի ապրիլի 19-26-ին Սան Ռեմոյի կոնֆերանսում Թուրքիայի հետ հաշտութեան նախագիծը հիմք հանդիսացաւ Սեւրի դաշնագրի համար։ Ըստ այդ նախագծի՝

             Արեւմտեան Հայաստանի տարածքը պէտք է կազմեր 90 հազար քառ. քիլոմեթր: Ընդ որում, չորս վիլայէթների տարածքների բաժանումը կատարուեց հետեւեալ կերպ. 

«1. Վանի ամբողջ տարածութիւնը՝ 39.300 քառ. քմ., Հայաստանի մասը՝  20 հազար,

  1. Էրզրումի ամբողջ տարածութիւնը՝ 49.700 քառ. քմ, Հայաստանի մասը՝  40 հազար,
  2. Բաղեշի (Պիթլիս) ամբողջ տարածութիւնը՝ 27.100 քառ. քմ, Հայաստանի մասը՝ 15 հազար,
  3. Տրապիզոնի ամբողջ տարածութիւնը՝ 32.700 քառ քմ, Հայաստանի մասը՝ 15.000:

1920 թուականին Արեւելեան Հայաստանի տարածքը կազմում էր 71,330 քառ. քմ: Այսպիսով Հայաստանի ընդհանուր տարածքը կազմելու էր 161,330 քառ. քմ:

 1920 թուականի օգոստոսի 10-ին Սեւրում (Ֆրանսիա) ստորագրուեց հաշտութեան պայմանագիր, օսմանեան  կառավարութեան եւ 1914-18 թուականներին Առաջին աշխարհամարտում յաղթած դաշնակից պետութիւնների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճափոնիայի, Պելկիայի, Յունաստանի, Լեհաստանի, Փորթուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի (այժմ՝ Չեխիա եւ Սլովակիա), Սերպերի, խորուաթների եւ սլովենների թագաւորութիւնների,  Հեժազի (այժմ Սաուտեան Արաբիա) միջեւ։

Ըստ այդ պայմանագրի՝ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Պիթլիսի նահանգներում (վիլայէթներ) երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ բոլոր առաջարկները`   Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին հարող օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ: 

1920 թուականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Ուոտրօ Ուիլսոնը կայացնում է «Իրաւարար վճիռ», որը վերջնական է եւ պարտադիր կատարման համար։ Այն պարտադիր է բոլոր հայցուորների համար, որոնք ներկայումս հետեւեալ երկրներն են՝ Մեծ Բրիտանիա, Գանատա, Աւստրալիա, Նոր Զելանտիա, Հարաւային Աֆրիկա, Հնդկաստան, Փաքիստան, Պանկլատեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճափոնիա, Պելկիա, Յունաստան, Լեհաստան, Փորթուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերպիա, Խորուաթիա, Սլովենիա, Պոսնիա-Հերցոկովինա, Մագետոնիա եւ Չեռնոգորիա։

Սակայն, 10 օր անց պոլշեւիկներն գրաւեցին ՀՀ-ը եւ կնքուեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան միջեւ։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գաւառը, իսկ Նախիջեւանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները յայտարարւում էին ժամանակաւորապէս Թուրքիայի հովանաւորութեան ներքոյ գտնուող տարածքներ, որոնց յետագայ ճակատագիրը պէտք է որոշուէր հանրաքուէի միջոցով։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը պէտք է վաւերացուէր կնքումից մէկ ամիս յետոյ, սակայն Հայաստանի խորհրդային կառավարութիւնը, որն անցել էր իշխանութեան գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թուականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինուեց 1921 թուականի մարտի 16-ին Մոսկուայի պայմանագրով, իսկ յետոյ՝ 1921 թուականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքուած պայմանագրով։

«Իրաւարար վճիռն» իրականացման դէպքում տարածաշրջանային պետութիւնները կ՛ապրէին խաղաղ ու համերաշխօրէն։ Իսկ արդի ժամանակաշրջանում միացեալ Հայաստանը «պատնէշի» դեր կարող է ստանձնել Թուրքիայի կողմից «Մեծ Թուրան» յորջորջուող կայսրութեան ճանապարհին, որը բխում է տարածաշրջանի եւ մեծ տէրութիւնների շահերից։

ՌԽՖՍՀ կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ 1921 թվականի մարտի 16-ին կնքուեց «եղբայրութեան եւ բարեկամութեան պայմանագիր»։ Սոյն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանութիւնը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարւում էր Պաթումից` փոխարէնը ստանալով Սուրմալուի գաւառը (Մասիս սարի հետ միասին)։ Սակայն թուրքական պատուիրակութիւնը չի բաւարարւում այդքանով եւ պահանջում է, որպէսզի Նախիջեւանի մարզը չմնայ Հայաստանին, այլ դրուի Ատրպէյճանի հովանաւորութեան տակ, վերջինս էլ պէտք է պարտաւորուէր ապագայում չզիջել այդ հովանաւորութիւնը մի երրորդ պետութեան, այսինքն՝ Հայաստանին։

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչուած պետութիւն, հետեւաբար՝ միջազգային իրաւունքի առարկայ։ Բնականաբար նրա կառավարութիւնը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որեւէ իրաւասութիւն։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն էլ իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), եւ նրա մէջ միաւորուած էին նախկին պատգամաւորներ, պաշտօնանկ զինուորականներ ու պաշտօնեաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որեւէ իրաւական հիմք չուներ միջազգային յարաբերութիւններում ներկայացնելու թուրքական պետութիւնը։ 

Այսինքն՝ կնքուած պայմանագիրն անօրինական է եւ համարւում է առոչինչ։

Այնուհետեւ կնքուեց Կարսի պայմանագիրը, որը նոյնպէս անօրինական էր։ Այն ստորագրել են, ինչպէս գրուած է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարութիւնը, միւս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆետերադիւ Սոցիալիստական Հանրապետութեան մասնակցութեամբ»։ Պայմանագիրը, յաջորդելով Մոսկուայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրոյթները եւ սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի եւ Անդրկովկասեան հանրապետութիւնների միջեւ։

Կարսի պայմանագրի վաւերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երեւանում։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթէ ամբողջութեամբ եւ Սուրմալուի գաւառը (որը նախկինում երբեք չէր գտնուել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ատրպէյճանին՝ Նախիջեւանի շրջանը, որը սահմանուել է որպէս ինքնավար կազմաւորում։ Արդիւնքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթէ կէսը։ Պայմանագրի դրոյթները պարտադրուել են խորհրդային Հայաստանի կառավարութեանը ռուս պոլշեւիկեան կառավարութեան եւ անձամբ Ստալինի ճնշման տակ։

Նախիջեւանի հարցը հայ ժողովրդի համար արտաքին կապի՝ երկաթուղու միջոցով, միջոց է, շրջափակումից ազատուելու միջոց է իր ռազմավարական նշանակութեամբ։ Այդ «կոյր աղիքի» ճակատագիրը հայ ժողովրդի համար հսկայական նշանակութիւն ունի։

Իսկ մինչ այդ, 1921 թուականի յուլիսի 4-ին Քաւբիւրոն որոշում է կայացնում՝ Լեռնային Ղարաբաղը միացնել Խորհրդային Հայաստանին, սակայն յուլիսի 5-ին, Ատրպէյճանի Յեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի ճնշմամբ, Քաւբիւրոյի նախագահ Սերգօ Օրջոնիկիձէի ու նրա տեղակալ Սերգեյ Միրոնովի անօրինական որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը բռնակցւում է Ատրպէյճանին։

Իսկ եթէ չլիներ այդ որոշումը, չէր լինի Արցախեան գոյամարտը, այդքան մարդ չէր զոհուի եւ Արեւելեան Հայաստանի հարցը երեւի չբարձրացուեր։

Վերը շարադրուած փաստաթղթային տեղեկութիւններն ապացուցում են ու վկայում, թէ ինչպիսի որոշիչ գործօն է եղել ռուսների, բոլշեւիկների (որոնց մէջ քիչ չէին հայ պոլշեւիկները), ՌԽՍՖ-ի միջնորդութիւնը հայկական տարածքների օտարման գործում։ Ամբողջ աշխարհում հասկանում են, որ հայկական տարածքների, Արցախի հարցը կարող է եւ իրաւասու է լուծել միայն Ռուսաստանի դաշնութիւնը։ Իստականան Կովկասն արդէն 300 տարի ռուսների ազդեցութեան գօտին է։ Ուստի, հարկաւոր է համապատասխան բանակցութիւններ վարել ՌԴ-ի ղեկավարութեան հետ, իրենց միջնորդութեամբ օտարուած հայկական տարածքների վերադարձման ուղղութեամբ։ 300 տարի հայ ժողովուրդը բազմաթիւ անգամ մասնակցել է ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին, աջակցել է ռուսական կայսերապաշտական նկրտումներին, սակայն հազարաւոր զոհուածների գինն այդ պատերազմներում չեն արդարացուել։ Մեր պահանջն արդարացի է՝ չնայած ուշացած։ Հարկաւոր է պատմութիւն կերտել, ժամանակը չի սպասում․․․

Հարկաւոր է հաւատալ, պայքարել եւ յաղթել։

 

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Լրագրողների միջազգային միութեան անդամ   

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին