Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ն՝ ինքնամեկուսացած են, իսկ 20-ն արդեն ապաքինվել են COVID-19-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մեր համակարգում ևս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ընդհանուր առմամբ ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ն արդեն բուժվել են և վերադարձել շարք, 15-ը դեռ գտվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,- ասաց նախարարը:
Ցոլակյանը նշեց, որ համակարգի ներսում վարակի բռնկում չեն ունեցել, քանի որ անմիջապես մեկուսացրել են վարակվածների հետ շփված աշխատակիցներին:
Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 71 405 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպք: Արձանագրվել է մահվան 74 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ–ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:






