Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանցից 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս պահի դրությամբ մենք ունեք 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ։ Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, սակայն, միևնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել ընդհանուր թվի քչացման արդյունքում»,- նշեց նա։
Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 70 000 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 211 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 72 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։






