Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Փուլային Տարբերակ

Քաղաքականութեան մէջ եթէ կողմերը համաձայնեցնում են իրենց տեսակէտները կամ կողմերից մէկը յաղթող է եւ ուժի դիրքերից է խօսում, նա թելադրում կամ պարտադրում է համաձայնութեան տարբերակ, որը կարող է արտայայտուել բարի կամքի դրսեւորումով՝ պարտականութիւնների կատարումով, կամաց-կամաց տուգանքների վճարումով, հարկերի վճարում փուլային տարբերակով եւ այլն։ Սակայն լինում են դէպքեր, երբ հարցը լուծւում է անմիջապէս։ Օրինակ՝ Ալեքսանդր Մակեդոնացին «Գորդեան հանգոյց»-ի խնդիրը լուծեց թրի հարուածով՝ կտրելով, ոչնչացնելով այդ հանգոյցը։ Իսկ սովորաբար, յաղթող պետութիւնը՝ նայած թէ ինչ սահմանների է հասել իր զինուորը, այդ տարածքը գրաւում է, իւրացնում կամ էլ ստիպում, որ այդ տարածքում բնակուող բնակչութիւնը իրեն հարկատու լինի՝ պահպանելով իր պետականութիւնը։

            Արցախեան հակամարտութեան ժամանակ, որը մեզ պարտադրուեց (մենք ցանկանում էինք հարցը լուծել խաղաղութեամբ` համապատասխան ատեանների որոշման արդիւնքում), սակայն ազերիները մեզ պարտադրեցին պատերազմ, որի արդիւնքում մենք ոչ միայն ազատագրեցինք Արցախի տարածքները (մի փոքր տարածք առայժմ ազատագրուած չէ), այլ նաեւ հարակից շրջանները, որի մասին, կարծում եմ, սկզբում  չէինք էլ մտածում։

Այժմ մենք ազատագրել ենք Արցախ աշխարհի պատմական տարածքների զգալի հատուածներ, որոնք հայկական տարածքներ են եղել հազարամեակների ընթացքում, եւ հիմա նրանք մեզ ուզում են պարտադրել արցախեան հարցի լուծման փուլային տարբերակ։ Այսինքն՝ կամաց-կամաց, շրջան-շրջանի հետեւից յանձնւում են ազատագրուած տարածքները, յետոյ Արցախի ժողովրդի (նաեւ վերադարձած փախստականների, ուրիշ տարբերակով՝ Ադրբեջանի ժողովրդի) կամաարտայայտման միջոցով Արցախը ստանում է յատուկ կարգավիճակ կամ անկախութիւն։

Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարար Սերգեյ Լավրովի (Քալանթարեան) յայտարարութիւնը, թէ Արցախի կարգաւորման հարցը պէտք է լուծուի փուլային տարբերակով, իրարանցում առաջացրեց ՀՀ-ի եւ Արցախի քաղաքական շրջաններում։ Սակայն, կարծում եմ, որ այս հարցին մեր քաղաքագէտներն ու իշխանաւորները պէտք է անդրադառնային, կանխատեսէին դեռեւս Ալիեւ- Փաշինեան բանավէճից յետոյ։ Բանավէճի վերջնամասում հարցերից մէկը, որ տրուեց «Комерсант» թերթի լրագրողի կողմից (ատրպէյճանցի էր, հաւանաբար), հենց այդ փուլային տարբերակի մասին էր, որն իր խօսքում հաստատեց նաեւ Ալիեւը։ Ուրեմն՝ կարելի է ենթադրել, որ այդ հարցի ձեւակերպումը նախապէս պայմանաւորուած է եղել (դա նաեւ կողմնակի երեւում էր), որի շարունակութիւնն էլ արտայայտուեց Լավրովի ելոյթում։ ՀՀ-ի արտգործնախարար Զոհրապ Մնացականեանը հերքեց, որ այդ տարբերակը բանակցային գործընթացի մաս է կազմում՝ նշելով, որ Քի Վեսթից մինչեւ 2014-16-18 թուականներն այդ մօտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմի համար, սակայն, երեւի միտումնաւոր չնշեց 2019 թուականի պայմանաւորուածութիւնը, որի մասին իր խօսքում յիշատակեց Լավրովը։

Հարց է առաջանում, ինչի՞ մասին են խօսել մէկ տարի առաջ։ Մնացականեանը գաղտնի՞ է պահում այդ պայմանաւորուածութիւնը։ Չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ասել էր, որ բանակցային գործընթացը հրապարակային է լինելու, ոչ ոք ոչինչ չի թաքցնելու, եւ ամեն հարցի վերաբերեալ որոշում կը կատարուի հենց Հանրապետութեան հրապարակում։

Նիկոլ Փաշինեանի «Սա Հայաստան է» շատ կարեւոր արտայայտութիւնը, որ հնչեցրեց Արցախում, յետագայում, կարծես, անհասցէ էր, որովհետեւ արտգործնախարարը դրանից յետոյ տրուած երկու հարցազրոյցներում խուսափեց դրան պատասխանելուց եւ նոյնիսկ, թէկուզ դիւանագիտական լեզուով այն չհաստատեց։ Եւ այն խօսակցութիւնները, որ Արցախը պէտք է միանայ Հայաստանին, որովհետեւ արցախեան շարժումը սկսուել է «Միացում» կարգախօսով, որի գաղափարը տիրում էր խորհրդային 70 տարիների ընթացքում, չպահպանուեց եւ մոռացուեց Արցախի նախագահական ընտրութիւնների ժամանակ։ Այդ մասին խօսում էր միայն նախագահի թեկնածու Վահան Բադասեանը, ով էլ անհրաժեշտ ձայների քանակ չհաւաքեց։

Սակայն, քանի որ մենք այս հակամարտութեան մէջ հանդիսանում ենք յաղթող պետութիւն, ուրեմն, ինչպէս նշեցի վերեւում, յաղթող պետութիւնն է թելադրում կանոնները։ Մենք ոչ մի փուլային, փոխզիջման տարբերակին էլ համաձայն չենք։ Փոխզիջում արդեն արել ենք 1994 թուականին, երբ պարտադրուած կամ յամոզման տարբերակում համաձայնուեցինք զօրքերը դուրս չբերել Քուռ գետի ափ։ Մենք դեռ պահանջատէր ենք՝ Ատրպէյճանի նկատմամբ մեր տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու հարցում։ Խօսքս դեռեւս 1920 թուականին կայացրած ուիլսոնեան «Իրաւարար վճռի» մասին է, երբ գծուեց հայ-թուրքական սահմանը։ Իսկ դրանից յետոյ միայն 1921 թուականի յուլիսի 4-5-ին Քաղբիւրոն անհիմն, անօրինական, ապօրինի որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանին բռնակցելու վերաբերեալ։ Հայաստանի Հանրապետութիւնը մինչեւ 1921 թուականը ճանաչուած է եղել պետութիւնների կողմից, իսկ Ատրպէյճան պետութիւն գոյութիւն չուներ եւ չէր էլ կարող ճանաչուել։

Այս եւ մի շարք այլ հիմնաւոր փաստերի առկայութեան պայմաններում էլ դեռ փոքրիկ սուլթանիկը յաւակնում է Արցախին, նոյնիսկ Զանգեզուրին ու Երեւանին։ Ժամանակն է բացատրել, հասկացնել, որում մեղմ ասած թերացել ենք, որ մենք ենք յաղթող պետութիւնը եւ մենք ենք թելադրելու պայմանները։ Միացումը, ըստ Արցախի Հանրապետութեան սահմանադրական դրոյթների (տարածքների վերաբերեալ), անխուսափելի է, եւ այն պէտք է իրականացնել։

ԱՀ-ի նորընտիր նախագահը, շահադիտական, կարերիստական ձգտումներից ելնելով, այդ մասին չի խօսում։ Ձգտում են պահպանել բիւրոկրատական աշխատակազմ՝ նախարարներ, վարչութեան պետեր, պատգամաւորներ․․․ ովքեր օգտւում են պետական՝ ՀՀ-ի պիւտճէթային միջոցներից։

Արցախեան խնդրի լուծումը մեր բազմադարեան պայքարի արդիւնքը պէտք է հանդիսանայ։ Դա այն խնդիրն է, որով պէտք է արժեւորուի հայ ազգը։ Անկախութեան տարիների նախագահները պարտուողական կամ թաքնուած հակազգային դիրքորոշումներ են ունեցել եւ չեն կարողացել, միգուցէ չեն թողել կամ չեն ցանկացել հայ ազգի շահերից հանդէս գալ։ Նոյնիսկ ցանկացել են Արցախի անկախութիւնը փոխանակել Մեղրիի շրջանով։ Ինչպիսի՞ ոչ հայ պէտք է լինել, որ համաձայնութեան գայ այս հարցի շուրջը։

Արցախի անկախութիւնը եւ նրա հետ մեր անվտանգութիւնը ապահովող տարածքները մեր ամենամեծ ձեռքբերումներն են 600 տարուայ պետականութեան կորստից յետոյ։ Մենք չենք կարող զիջել ազատագրուած տարածքները, որովհետեւ դրանք Արցախի գոյութեան անվտանգութեան գօտին են (միակ ճիշտ գնահատականը Նիկոլ Փաշինեանի կողմից)։

Իսկ առաւել ճիշտ մօտեցումն այս հարցի վերաբերեալ՝ Ուտրօ Ուիլսընի «Իրաւարար վճռի» իրականացումն է, որը կը լուծի բոլոր հարցերը։

Հայրենազրկուած ազգը պէտք է ձգտի հայրենատիրութեան։ Ուրիշ ճանապարհ չկայ։

Մեր բոլոր ուժերն ուղղենք պահանջատիրութեան ուղղութեամբ՝ արդարութեան վերականգնմանը․․․

 

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Լրագրողների միջազգային միութեան անդամ

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին